«Աշխարհի ծայրը», ավտոբուս-հյուրանոցն ու ագրոտուրիզմը Շամշադինում

18.03.2019 | 14:30 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Գարիկ Փայտյան #«Աշխարհի ծայրը» #Շամշադին
Եթե խոստացել ես, որ նրա հետ կգնաս մինչեւ աշխարհի ծայրը, ապա կատարիր խոստումդ: Գարիկ Փայտյանն իր խոստումը կատարել է. ամուսնանալուց հետո մշտական բնակության է տեղափոխվել Տավուշի մարզի Նորաշեն գյուղ՝ այնտեղ հիմնելով «Աշխարհի ծայրը» հյուրատունը եւ նվիրվելով տեղի զբոսաշրջության զարգացմանը:

Banks.am-ը Գարիկ Փայտյանի օգնությամբ փորձել է բացահայտել՝ զարգացման ինչ ներուժ ունի սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Բերդի տարածաշրջանը, եւ ինչ ծրագրեր են իրականացվում այնտեղ:

Տավուշը՝ ագրոտուրիզմի կենտրոն

25-ամյա Գարիկ Փայտյանը ծնունդով Նորաշենից է, թեեւ կյանքի զգալի մասն անցկացրել է Երեւանում: Տավուշի զարգացման ծրագրով սկսել է զբաղվել 2017-ից:

Գարիկ Փայտյանը

Սկզբնական շրջանում բիզնես նպատակ չի հետապնդել. հիմնականում ընկերների հետ արշավներ է կազմակերպել՝ ներկայացնելու տարածաշրջանի զբոսաշրջային ներուժը:

«Հայաստանյան շուկայում զբոսաշրջության բազմաթիվ ուղղություններ արդեն զբաղեցված են, իսկ ագրոտուրիզմի ոլորտը բաց է, որի համար մեր տարածաշրջանը շատ նպաստավոր է»,- ասում է Գարիկը:

Ներգաղթելով «Աշխարհի ծայրը»

Պարբերաբար կազմակերպվող արշավների ընթացքում Գարիկը հասկացել է, որ կայուն զբոսաշրջության կարեւորագույն բաղադրիչներից մեկը տարածաշրջանում հյուրատների ցանցի զարգացումն է: Առաջին քայլը հենց ինքն է արել:

«Երբ ծնողներիս ասացի, որ ցանկանում եմ տեղափոխվել Նորաշեն, սկզբում լուրջ չէին ընդունում. «Բոլորը Երեւան են գալիս են, դու հետ ես գնում Նորաշե՞ն»»,- պատմում է Գարիկ Փայտյանը:

Գարիկն ու Էսթերը

Խոսքի լրջությունը հասկացել են, երբ ամուսնանալուց հետո 2018թ. աշնանը կնոջ՝ Էսթեր Զաքարյանի հետ տեղափոխվել է Նորաշենի իր հայրական տուն՝ այն վերածելով B&B հյուրատան:

«Կինս Երեւանից է: Երբ նոր էինք ամուսնացել ու պարբերաբար գալիս էինք Նորաշեն, ասում էր՝ ձեր տունն աշխարհի ծերն ա,- պատմում է Գարիկը: -Երբ արդեն տեղափոխվեցինք այստեղ, հյուրատան առաջին անվանումը, որ մտքումս ծագեց, հենց դա էր. «Աշխարհի ծայրը»»:


Գարիկն ասում է՝ հյուրատան վրա վրա կատարել է զրո ներդրում.

«Պարզապես տունը քիչ թե շատ բարեկարգ է եւ ներսում սանհանգույց ունի, ինչը կարեւոր է զբոսաշրջիկների համար»:

Ինչպե՞ս գտնել հյուրատունը

Թեեւ «Աշխարհի ծայրը» գրանցված է Booking.com-ում ու AirBnB-ում եւ երեւում է նաեւ բոլոր թվային քարտեզների վրա, մարքեթինգային հիմնական գործիքները, այնուամենայնիվ, Facebook-ն ու Instagram-ն են:

Առաջին հյուրերն էլ «Աշխարհի ծայրը» գտել են հենց Facebook-ի միջոցով:


Կյանքում երբեւէ բիզնես գործունեություն չծավալած Գարիկին «բիզնես» բառը, սակայն, դուր չի գալիս: Ասում է՝ առաջնային նպատակը համայնքային զարգացումն է: Ավելին, փոքրիկ հյուրատունը շատ ավելի մեծ նախագծի միայն մեկ բաղադրիչն է:

Տարածաշրջանի ներուժը

Նորաշեն անունով համայնք կա Հայաստանի գրեթե բոլոր մարզերում: Տավուշի Նորաշենը Երեւանից ավելի քան 200 կմ հեռավորության վրա է եւ սահմանակցում է Վերին Կարմիրաղբյուր, Մովսես, Արծվաբերդ եւ Չորաթան գյուղերին: Շրջապատված լինելով սահմանապահ գյուղերով՝ ինքը, սակայն, սահմանապահ չէ, թեեւ ադրբեջանական սահմանից գտնվում է ընդամենը 4 կմ հեռավորության վրա:

«Շատերը սա թերություն են համարում, քանի որ գյուղը չի կարող օգտվել սահմանապահ համայնքներին տրվող արտոնություններից, սակայն ինձ համար դա առավելություն է»,- նշում է Գարիկը:


Նրա խոսքով՝ հենց իր դիրքի շնորհիվ Նորաշենը կարող է անչափ գրավիչ լինել զբոսաշրջիկների համար. մի կողմից՝ այն անմիջապես սահմանի վրա չէ եւ զերծ է վտանգից, մյուս կողմից՝ գյուղին բնորոշ է չքնաղ բնություն՝ մեղմ կլիմայով, տարվա բոլոր եղանակների արտահայտությամբ եւ պատմական նշանակության վայրերով:

Հանգստի փաթեթ

Մեզ հետ զրույցում Գարիկը ցավով նշում է, որ Երեւանից Տավուշ միջքաղաքային տրանսպորտը զարգացած չէ, ուստի իրենք կազմակերպում են նաեւ հյուրերի տեղափոխման հարցը:

Մասնավորապես, շաբաթը 5 օր աշխատողների համար Գարիկ Փայտյանը կնոջ հետ մշակել է եռօրյա (երկու գիշերակացով) հանգստի փաթեթ:

Ցլիկ Ամրամի ամրոց

25 հազ. դրամի դիմաց նրանք առաջարկում են ուրբաթ երեկոյան կազմակերպել հյուրերի տեղափոխումը Նորաշեն, իսկ առաջիկա երկու օրերին խոստանում են անմիջական գյուղական առօրյա, էկոլոգիապես մաքուր ու համեղ տնական սնունդ, ինչպես նաեւ ակտիվ քայլարշավ Խրամի ձորով (որը կապում է Նորաշեն եւ Մովսես գյուղերը), պատմական քարանձավներով, այցելություն Ցլիկ Ամրամի ամրոց եւ Նոր Վարագավանք:

Համագյուղացիները՝ հիմնական գործընկերներ

Գարիկ Փայտյանի եւ Էսթեր Զաքարյանի հիմնական գործընկերները համագյուղացիներն են: Հենց նրանք էլ զբոսաշրջիկներին ապահովում են ագրոտուրիզմի «ատրիբուտներով»:


«Մշտական համագործակցություն չունենք: Փորձում ենք հյուրերից նախապես ճշտել՝ ինչ հետաքրքրություններ ունեն, եւ ըստ դրա էլ կազմում ենք նրանց հանգիստը,- պատմում է Գարիկը:- Օրինակ, գյուղում բոլորն էլ փռում հաց են թխում, բայց ոչ ամեն օր: Կախված զբոսաշրջիկի այցելության օրվանից՝ նախապես պայմանավորվում ենք այդ օրը հաց թխող գյուղացիների հետ»:


Զբոսաշրջային ընկերությունների հետ էլ դեռ լայն համագործակցություն չկա: Այս ուղղությամբ Գարիկ Փայտյանը կայուն գործընկեր է համարում «Նեթվորք արշավներ» խումբը:

Փակ շղթա. կոտրել կարծրատիպը

Մշտական բնակություն հաստատելով Նորաշենում՝ Գարիկ Փայտյանն իր առջեւ հստակ նպատակ է դրել՝ տարածաշրջան հնարավորինս մեծ թվով զբոսաշրջիկներ ներգրավել եւ ժամանակի ընթացքում այն դարձնել ագրոտուրիզմի կենտրոն:

Նա նկատում է, որ տարիներ շարունակ այս տարածաշրջանում մեծ թվով դրամաշնորհային ծրագրեր են եղել, հիմնականում՝ գյուղատնտեսության ոլորտում, սակայն երբեք չի գնահատվել տեղի զբոսաշրջային ներուժը: Բերդի տարածաշրջանն ամբողջությամբ ընկալվել է որպես սահմանամերձ վտանգավոր գոտի, մինչդեռ Գարիկի խոսքով՝ զբոսաշրջային ներուժը կենտրոնացած է սահմանից բավականին հեռու:


Նա հույս է հայտնում, որ հատկապես նոր մարզեպետի նշանակումից հետո պետական մակարդակով որոշակի ռազմավարություն կմշակվի՝ տարածաշրջանում զբոսաշրջությունը զարգացնելու ուղղությամբ:

«Այստեղ մենք խնդիր ունենք. մի կողմից մարդիկ ասում են՝ հյուրանոց չկա, գնանք Շամշադին, որտե՞ղ մնանք: Մյուս կողմից, ներդրողներն ասում են՝ զբոսաշրջիկ չկա, հյուրանոց բացենք, ո՞ւմ համար»,- նկատում է Գարիկը՝ հույս հայտնելով, որ անհատական ջանքերով բացված հյուրատները կարող են ներգրավել զբոսաշրջիկների, իսկ դա էլ ի վերջո կարող է գրավիչ լինել խոշոր ներդրողների համար:


Ներուժը վերածել պրոդուկտի

Ներկա փուլում երիտասարդ գործարարի առաջին քայլն է ստեղծել հյուրատների ցանց՝ տարբեր գյուղերում, ընդ որում՝ արդեն կապեր են հաստատել այն մարդկանց հետ, որոնք պատրաստ են իրենց տանը հյուրեր ընդունել:

«Փորձում ենք յուրաքանչյուր գյուղում ունենալ գոնե մեկ հյուրատուն, որպեսզի լուծենք գիշերակացի հարցը,- ասում է նա: -Այն ամենը, ինչը մեզ գյուղական կենցաղում անհետաքրքիր է թվում, հետաքրքիր է զբոսաշրջիկի համար: Հենց դա էլ փորձում ենք վերածել պրոդուկտի»:

Ավտոբուս-հյուրանոց

Հյուրատների ցանցի ընդլայնմանն է ուղղված եւս մեկ նախագիծ՝ ավտոբուս-հյուրանոցը, որի բացումը նախատեսվում է մայիսի 28-ին:

Գարիկ Փայտյանը պատմում է, որ Բերդ քաղաքում խորհրդային տարիներից մնացած հանրային տրանսպորտի ավտոպարկ կա, որտեղ այսօր մնացել են հին ավտոբուսների կմախքները:


«Երկար ժամանակ մտածում էի՝ ինչ կարելի է անել այդ ավտոբուսների հետ, եւ գաղափար առաջացավ դրանք վերածել հյուրանցի, որը ե՛ւ կրեատիվ է, ե՛ւ մետաղյա թափոնի երկրորդային օգտագործման հնարավորություն է տալիս»,- պատմում է Գարիկը:

Հյուրանոցը կտեղադրվի Նորաշեն գյուղում՝ Մովսես տանող ճանապարհահատվածի վրա, որտեղից բացվում է հրաշալի տեսարան դեպի Խրամի ձոր:

Ավտոբուս-հյուրանոցը հագեցած կլինի բոլոր հարմարություններով՝ մահճակալ, բազմոց, լոգարան, սանհանգույց, անգամ փոքրիկ խոհանոց: Մեկ օրվա կացության արժեքը նախատեսվում է սահմանել 10 000 դրամ:

Ակնկալվում է, որ հետագայում նմանատիպ ավտոբուս-հյուրանոցներ կտեղադրվեն տարածաշրջանի նաեւ այլ գյուղերում:


Ծրագիրն իրականացնելու համար, ըստ նախնական հաշվարկների, պահանջվում է առնվազն 3 մլն դրամի ներդրում: Անհրաժեշտ գումարը ձեռք բերելու համար դրամահայթայթման աշխատանքներ են տարվում մի քանի ուղղություններով:
    
Մի կողմից, քայլեր են ձեռնարկվում արտասահմանում ապրող տեղացիներին համախմբելու եւ նրանցից ֆինանսական աջակցություն ստանալու ուղղությամբ, մյուս կողմից՝ բանակցություններ են տարվում միջազգային դոնոր կազմակերպությունների հետ:

Ապագայի հավակնոտ ծրագրեր

Հետագայի համար ծրագրերն ավելի հավակնոտ են: Մասնավորապես, նախատեսվում է տարբեր կազմակերպություններ ներգրավելով՝ «կարգի բերել» Խրամի ձորը:


«Այն ձգվում է Նորաշենից Մովսես եւ հրաշալի վայր է՝ խիտ անտառներով, ջրերով ու գեղեցիկ ժայռերով,- պատմում է Գարիկ Փայտյանը:- Այս պահին այն շատ վայրերում անանցանելի է, եւ հիմա մենք նպատակ ունենք այնտեղ գոնե քայլարշավային արահետ ունենալ, հետագայում նաեւ՝ էքստրեմալ անցումներով»:

Բացի այդ, տարածաշրջանում բազմաթիվ չհետազոտված քարանձավներ ու պատմական նշանակության վայրեր կան, որոնք կարող են զարկ տալ հնագիտական տուրիզմի զարգացմանը:

Կապտավանքը

Գարիկը նկատում է, որ Բերդի տարածաշրջանը մշտապես դիտարկվել է փակուղի, որտեղից այն կողմ զբոսաշրջիկը չի կարող գնալ: Ուստի, ծրագրի ամենահավակնոտ հատվածն է տարածաշրջանը դուրս բերել այդ իրավիճակից եւ այն կապել զարգացող մյուս շրջանների հետ:


«Մենք չենք կարծում, որ սա փակուղի է: Հետագայի համար նախատեսում ենք քայլարշավային արահետ բացել դեպի Կալավան (Գեղարքունիքի մարզ - խմբ.) ու Ենոքավան (Իջեւանի շրջան - խմբ.): Դա կլինի երկար արահետ, որով զբոսաշրջիկները կարող են Ենոքավանից գալ մեզ մոտ եւ այստեղից գնալ Կալավան»,- եզրափակում է Գարիկ Փայտյանը:

Վիկտորյա Անդրեասյան
Դիտում՝ 15786
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW