Ինչպե՞ս կառավարել հետամերիկյան գլոբալ տնտեսությունը

22.04.2025 | 23:00 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Ներկայացնում ենք Goldman Sachs Asset Management-ի նախկին նախագահ, Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախկին նախարար Ջիմ Օ'Նիլի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:

Ջիմ Օ'Նիլ

Անցյալ տարի կայացած ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո ես պարբերաբար մեկնաբանում էի Դոնալդ Թրամփի օրակարգի տարբեր կետերը, եւ այն, թե ինչ կարող են դրանք նշանակել Ամերիկայի, ֆինանսական շուկաների եւ մնացած աշխարհի համար: Քաոսը բավականին շատ էր, սակայն հիմնականում սպասելի՝ հաշվի առնելով ԱՄՆ նախագահի քաղաքականություն վարելու անկանխատեսելի «մեթոդը»:

Ինչպես նշել եմ փետրվարին եւ մարտին, այլ երկրների տնտեսությունները կարող են արձագանքել Թրամփի ագրեսիային՝ խթանելով իրենց ներքին պահանջարկը եւ նվազեցնելով կախվածությունը ամերիկյան սպառողներից եւ ֆինանսական շուկաներից: Եթե առկա քաոսի մեջ դրական պահ կա, դա այն է, որ եվրոպացիներն ու չինացիներն արդեն սկսել են նմանատիպ փոփոխություններ կատարել: Գերմանիան թուլացնում է իր «պարտքի արգելակը» եւ խթանում է այդքան անհրաժեշտ ներդրումները, իսկ Չինաստանը ուսումնասիրում է ներքին սպառումը խթանելու տարբերակները:

Միջազգային առեւտրից եւ շուկաներից կախված ցանկացած երկրի համար պարզ է, որ նույնիսկ եթե ստացվի համոզել ԱՄՆ-ին զսպել առեւտրային պատերազմի քաղաքականությունը, անհրաժեշտ կլինեն նոր առեւտրային համաձայնագրեր: Շատերն արդեն ուղիներ են փնտրում միմյանց միջեւ առեւտուրն ավելացնելու եւ նոր համաձայնագրեր կնքելու համար՝ արագ զարգացող ծառայությունների առեւտրում ոչ սակագնային խոչընդոտները նվազեցնելու համար:

G7-ի մնացած մասը (Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա եւ Միացյալ Թագավորություն) գրեթե նույնքան մեծ է, որքան Միացյալ Նահանգները: Եթե Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի «կամեցողների կոալիցիայում» այլ մասնակիցներ ավելացնենք, ապա Ամերիկայի նախկին դաշնակիցները կկարողանան վերացնել Թրամփի հասցրած վնասի մեծ մասը: Նմանապես, եթե Չինաստանը կարողանար վերաիմաստավորել իր «Գոտի եւ ճանապարհ» նախաձեռնությունը՝ սերտորեն համագործակցելով Հնդկաստանի եւ այլ խոշոր զարգացող տնտեսությունների հետ, դա կարող էր փոխակերպիչ ազդեցություն ունենալ:

Նման քայլերը կմեղմացնեին ԱՄՆ-ի սակագնային քաղաքականության եւ սպառնալիքների ազդեցությունը։ Սակայն դրանց հասնելը հեշտ չի լինի՝ եթե հեշտ լիներ, արդեն դրանք ձեռնարկված կլինեին: Այսօրվա առեւտրային եւ ֆինանսական պայմանավորվածությունները արտացոլում են մի շարք քաղաքական, մշակութային եւ պատմական գործոններ, եւ Թրամփի վարչակազմը կփորձի խոչընդոտել ստատուս քվոյի ցանկացած փոփոխություն, որը կարող է օգուտ բերել Չինաստանին:

Ուստի կարեւորն այն է, թե ինչպես են մյուս խոշոր տնտեսությունները խթանում ներքին պահանջարկը, մոբիլիզացնում ներդրումները եւ նոր առեւտրային կապեր կառուցում: «Գլոբալիզացիա եւ աշխարհատնտեսական մասնատում» թեմայով վերջերս կայացած համաժողովում, որը կազմակերպվել էր Բրեյգելի վերլուծական կենտրոնի եւ Նիդեռլանդների կենտրոնական բանկի կողմից, ինձ հիշեցրեցին, թե որքան շեղված էր համաշխարհային ՀՆԱ-ի աճը դարասկզբից ի վեր: 2000-ից 2024 թվականների տարեկան նոմինալ ՀՆԱ-ի թվերի պարզ վերլուծությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն, Չինաստանը, եվրոգոտին եւ Հնդկաստանը միասին ապահովում են ամբողջ աճի գրեթե 70%-ը, ընդ որում ԱՄՆ-ին եւ Չինաստանին բաժին է ընկնում գրեթե 50%-ը:

Այս բացահայտումն ավելի է ընդգծում այն փաստը, որ ԱՄՆ-ի սակագնային սպառնալիքներին պետք է պատասխանել այլ երկրներում ավելի բարձր ներքին պահանջարկով: Բայց իրականությունն այն է, որ Չինաստանը միակ երկիրն է, որը կարող է ինքնուրույն մեծացնել իր պահանջարկը եւ ներմուծումը այնքան, որ փոխհատուցի համաշխարհային տնտեսության մեջ Ամերիկայի նվազող մասնաբաժինը:

Իսկ եթե՞ Չինաստանը միայնակ չի գործում: Ինչպես տեսանք, եվրոպացիներն արդեն քայլեր են ձեռնարկում ներդրումների եւ պաշտպանական ծախսերը մեծացնելու ուղղությամբ, որոնք օգուտ կբերեն ինչպես ԵՄ տնտեսությանը, այնպես էլ այլ երկրներին, ինչպիսին Մեծ Բրիտանիան է: Հնդկաստանի տնտեսությունը վերջին տարիներին ուրիշներից ավելի արագ է աճել, ինչը ենթադրում է, որ այն կարող է որոշակի տեղ ունենալ ներքին պահանջարկն ավելի ակտիվ խթանելու համար: Իսկ ի՞նչ կլիներ, եթե այս բոլոր տնտեսությունները համակարգեին իրենց քաղաքականությունը:

Նման համակարգումը, հավանաբար, կարող է չունենալ նույն գլոբալ ազդեցությունը, ինչ 2009 թվականին Լոնդոնում G20-ի համաձայնագիրը, որը լայնածավալ գլոբալ բարեփոխումներ եւ նոր ինստիտուտներ ներդրեց՝ գլոբալ ֆինանսական ճգնաժամի եւ դրա հետեւանքների պատճառները վերացնելու համար: Բայց եթե այս երկրներն ազդարարեն մնացած աշխարհին, որ իրենք խորհրդակցում են իրենց տնտեսական քաղաքականությունը ներդաշնակեցնելու եւ ընդհանուր նպատակներ առաջ տանելու համար, դա կարող է շատ դրական ազդեցություն ունենալ:

Project Syndicate, 2025.
www.project-syndicate.org
Դիտում՝ 21351
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW