Զբոսաշրջության զարգացում, կրթության եւ գիտության բարձր մակարդակ. Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղում հասկացել են՝ որոնք են համայնքի զարգացման կարեւորագույն չափանիշները: Կալավանի զարգացման 10-ամյա ծրագիրն իրագործվում է «Թայմ լենդ» հիմնադրամի նախաձեռնությամբ եւ ամբողջ գյուղի բնակիչների ջանքերով: Ծրագրի մանրամասների շուրջ Banks.am-ը զրուցել է հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղուկասյանի հետ: Ռոբերտ Ղուկասյանը 36-ամյա էնտուզիաստ Ռոբերտ Ղուկասյանը մասնագիտությամբ հնագետ է, բնույթով՝ երազկոտ: Նրա մոտ, սակայն, երազանքները կարողանում են դուրս թռչել երազանքի կաղապարից, վերածվել մանրամասն մշակված ծրագրի եւ քայլ առ քայլ բռնել իրականություն դառնալու ուղին: Համայնքի զարգացմամբ, որպես կանոն, զբաղվում են (կամ չեն զբաղվում) պատկան մարմինները, համայնքի ղեկավարը, նրա հավաքած թիմը: Ռոբերտի համար համայնքի զարգացումը թիմային աշխատանք է, ընդ որում, որոշում կայացնելու եւ դրանք իրականացնելու աշխատանքներում էլ պետք է ներգրավված եւ շահագրգռված լինեն հենց համայնքի անդամները: Համոզված է՝ Կալավանն ունի բոլոր հնարավորությունները՝ վերածվելու օրինակելի համայնքի, որտեղ կարող են վերաբնակվել անգամ մայրաքաղաքից: Համայնքի զարգացման աշխատանքներում ամենափոքր բջիջը մարդն է, հետո՝ ընտանիքը: Ռոբերտի մոտ էլ ամեն ինչ սկսվել է ընտանիքի բարեկեցության ծրագրից, սեփական հաջողությունների ու անհաջողությունների փորձի վրա ինքնակրթվել է, հետո ուսերին է վերցրել նաեւ համայնքի զարգացման պատասխանատվությունը: Լուսանկարը՝ Անձնական արխիվից Զրո ներդրումԿալավանի զարգացման աշխատանքները մեկնարկել են 3 տարի առաջ. նախնական ծրագրերում որեւէ մեկի կողմից որեւէ ֆինանսական ներդրում չի իրականացվել: «Հենց դա է եղել մեր ուզածը՝ ցույց տալ որ ներքին ռեսուրսներով՝ առանց ֆինանսավորման էլ հնարավոր է զարգացնել համայնքը»,- ասում է Ռոբերտ Ղազարյանը: Աստիճանաբար դա հանգեցրել է 10-ամյա զարգացման ծրագրի, որի առաջին երեք տարին ֆինանսական ներդրումներ չեն նախատեսում: «Ոչ մեկ ոչ մի տեղ չի շտապում». անհրաժեշտ է նախ համայնքը նախապատրաստել զարգացմանը՝ խոսել մարդկանց հետ, նրանց մեջ ոգեւորությունը բարձրացնել, ուսումնասիրել եղած ռեսուրսներն ու դրանցից բխող հնարավորությունները, այլ կերպ ասած՝ առաջին երեք տարին ստուգողական աշխատանք է: «Ինչպես գյուղատնտեսության մեջ է. եթե ուզում ես լավ բերք ստանալ, պետք է հողը մշակես ու նախապատրաստես: Այդ նույն գործընթացը մենք արել ենք, եւ 2018-ից կթեւակոխենք ներդրումային փուլ, ժողովուրդը պատրաստ է հետագա տարիներին, որոնք, ըստ երեւույթին, կլինեն ծաղկման շրջանը»,- հույս է հայտնում Ռոբերտ Ղուկասյանը: «Անժամանակ» հաջողություն2017թ. զբոսաշրջային բումը կալավանցիների համար անսպասելի էր: Ստացվեց այնպես, որ Կալավանով սկսեցին հետաքրքրվել ոչ միայն քարտեզի վրա գյուղի տեղը հազիվ գտնող հայաստանցիները, այլեւ զբոսաշրջիկները: «Մինչեւ 2017-ը որոշել էինք, որ գովազդ չենք անում, նախապատրաստական փուլում էինք, ստուգում էինք յուրաքանչյուր ծրագիր՝ արդյոք դա կունենա՞ համապատասխան պահանջարկ, թե՞ ոչ: Բայց 2017-ին ամեն ինչ դուրս եկավ վերահսկողությունից, եւ մեծ գովազդ գնաց Կալավանի շուրջ»,- պատմում է Ռոբերտ Ղուկասյանը: Առաջին զբոսաշրջիկները Կալավանի մասին տեղեկացել են ընկերներից, ծանոթներից, հետո պատմել իրենց ընկերներին ու ծանոթներին: Կալավանով սկսել են հետաքրքրվել անգամ զբոսաշրջային գործակալությունները, մինչդեռ գյուղի դռներն առայժմ լայն չեն բացվում նրանց առջեւ: «Սպասարկման ոլորտը շատ ցածր մակարդակի վրա էր, պահանջարկն էլ շատ մեծ էր, ինչը բերելու էր որակի անկման, դրա համար որոշեցինք, որ պետք է լավ պատրաստվենք այդ ամեն ինչին ու նոր բացենք դռները»,- նկատում է հիմնադրամի ղեկավարը: Լուսանկարը՝ Անձնական արխիվից ԵնթակառուցվածքներԶբոսաշրջիկներ ընդունելու համար կարեւոր նախապայման է նրանց գիշերակացի խնդիրը: Կալավանն այսօր ունի 3 հյուրատուն, մինչեւ տարեվերջ շահագործման կհանձնվեն եւս 4-ը: Բացի այդ, եթե ցանկանում ես զբոսաշրջություն զարգացնել, կարեւոր է ունենալ գոնե առաջին բուժօգբնության կետ. Հետեւաբար՝ 2018-ին արդեն նախատեսվում է լուծել բուժկետի վերանորոգման հարցը եւ վերազինել այն՝ համապատասխանեցնելով 21-րդ դարի պահանջներին: Ներդրումային փուլի առաջին տարվա կարեւորագույն հարցերից մեկն էլ ճանապարհների բարեկարգումն է: Բայց... միշտ չէ, որ բարեկարգումը ենթադրում է ասֆալտապատում: Ռոբերտ Ղուկասյանի խոսքով՝ Գեղարքունիքի մարզպետի կողմից իրենք առաջարկ ստացել են ասֆալտապատել գյուղի ճանապարհները, ինչը տարիներ շարունակ եղել է գյուղի բնակիչների երազանքը: Մինչդեռ դա կարող է լուրջ վնաս հասցնել օրգանական գյուղատնտեսության զարգացմանը: Ուստի համաձայնության են եկել՝ որոշ ժամանակ սպասել, հետո կառուցել ոչ թե ասֆալտապատ, այլ խճապատ ճանապարհ: Ներդրումներ գտնելու հարցում հիմնադրամի ղեկավարը լավատես է. իրենց առաջարկած ծրագրերը տարբեր պաշտոնյաների հետ հանդիպումներում մեծ հետաքրքրություն են առաջացնում: Այդուհանդերձ, եթե աջակցություն էլ չլինի, ամեն ինչ կանեն սեփական ուժերով, ավելի դանդաղ, բայց կհասնեն իրենց երազանքին: Օրգանական գյուղատնտեսություն«Այն ամենը, ինչ աճում է Կալավանում՝ սկսած բանջարաբոստանային կուլտուրաներից՝ մինչեւ մրգեր, պետք է լինի էկոլոգիապես մաքուր»,- ասում է Ռոբերտ Ղուկասյանը: Նրա խոսքով՝ խոշոր համայնքներից տարիներ շարունակ մեկուսացված լինելը եւ ճանապարհների անբարեկարգ վիճակը դրական են անդրադարձել իրենց վրա: Կալավանն այսօր ունի բոլոր պայմանները՝ օրգանական գյուղատնտեսության զարգացման համար: Առաջիկայում նախատեսվում է սերտիֆիկացնել համայնքի հողերը՝ որպես օրգանական, ինչպես նաեւ հիմնել արտադրամաս, որտեղից արդեն «Կալավան» ապրանքանիշի տակ շուկա դուրս կգա էկոլոգիապես մաքուր արտադրանք: «Մենք կլինենք առաջին գյուղը, որն իրոք էկոլոգիապես մաքուր կլինի եւ կտա 100-տոկոսանոց մաքուր օրգանական արտադրանք՝ ամբողջ գյուղով: Դա մեր կարեւորագույն նպատակներից մեկն է»,- ասում է «Թայմ լենդի» հիմնադիրը: Լուսանկարը՝ Անձնական արխիվից Համայնքի ընդլայնում. ներգաղթ2013թ. Կալավանում բնակեցված է եղել 24 ընտանիք, այսօր նրանց թիվը հասել է 32-ի՝ ներգաղթի հաշվին: «Մարդիկ ցանկանում են գալ այստեղ, հիմնականում Երեւանից, բավականին կրթված մարդիկ, եւ ուզում են մասը դառնալ այն գործընթացի, որ կատարվում է այսօր Կալավանում»,- ասում է մեր զրուցակիցը: Ընդ որում, յուրաքանչյուր ընտանիք, որն ընդգրկվում է համայնքի զարգացման գործընթացում, դառնում է հիմնադրամի, այսպես կոչված, «հոգաբարձուների խորհրդի անդամ» եւ ընդունվող որոշումների մասն է կազմում: «Նրանց ամեն խոսք, իհարկե, քննարկվում եւ ուշադրության է արժանանում: Ըստ էության, փորձում ենք անել այնպես, որ յուրաքանչյուրի կարծիքը լինի կարեւոր, եւ ինքը զգա, որ մի մասն է այդ գործընթացի, այլ ոչ թե զուտ կատարող»,- ասում է Ռոբերտ Ղուկասյանը: Այդուհանդերձ, կալավանցիների համար գյուղի մեծացումը գերնպատակ չէ. նախատեսվում է, որ գյուղում ընտանիքների թիվը կարող է հասնել առավելագույնը 100-ի: Այնուհետ նրանք կփորձեն աշխատել միայն որակի վրա, որովհետեւ գյուղի կարեւորագույն առավելություններից եւ հետաքրքրություններից մեկը հենց իր փոքր լինելն է, որն էլ ապահովում է տեղացիների միասնականությունը: Ավելին, համայնքի ընդլայնումն իր հետ բերում է այդ միասնականությունը կորցնելու ռիսկեր: Բայց Ռոբերտ Ղուկասյանը վստահ է իր գործում. «Ռիսկեր, իհարկե միշտ էլ կան: Բայց եթե ամեն ինչ սկզբից ճիշտ է մշակվում եւ նախագծվում, հետո շատ դժվար է դա քանդել»,- ասում է նա: Կալավանցի լինելու հպարտությունը Այս ամենի կողքին Ռոբերտ Ղուկասյանը շատ ավելի մեծ երազանք ունի. hեռահար ապագայում Կալավանը պետք է դարձնել մի վայր, որտեղ կգան գիտնականներ աշխարհի ամենատարբեր երկրներից եւ կզբաղվեն գիտական հետազոտություններով: Վստահ է ՝ դրա համար իրենց գյուղն ունի բոլոր հնարավորությունները: «Գիտական եւ կրթական տարբեր ծրագրեր ունենք՝ կենդանիների, բույսերի, թռչունների ուսումնասիրություն, ինչպես նաեւ հնագիտական, երկրաբանական տարբեր ծրագրեր»,- ասում է նա: Այդ ծրագրերն իրականացնելու համար նախ պետք է հիմնել գիտաուսումնական կենտրոն, որտեղ կկենտրոնանան աշխարհի մասնագետները: Բայց մինչ այդ պետք է սեփական համայնքի ներսում պահել երիտասարդներին: Պետք է նրանց համար պայմաններ ստեղծել, որպեսզի կրթություն ստանալուց հետո վերադառնան սեփական գյուղ, քաղաք, երկիր: Լուսանկարը՝ Անձնական արխիվից «Բոլոր երիտասարդները, ուսանողները, երբ ավարտում են համալսարանը, չեն վերադառնում իրենց գյուղ, լավագույն դեպքում մնում են Երեւանում, վատագույն դեպքում՝ հեռանում երկրից: Պատկերացրեք՝ եթե բոլոր ուսանողները վերադառնային իրենց գյուղ եւ օգնեին ներսում, իրենց գյուղերը հիմա ուրիշ տեսք կունենային... ու մեր երազած վաղվա Հայաստանն այսօր արդեն եկած կլիներ»,- նեղսրտում է երիտասարդ էնտուզիաստը:Ռոբերտ Ղուկասյանը վստահ է՝ 7 տարի հետո Կալավանը միգուցե այնքան էլ գրավիչ չլինի զբոսաշրջիկների համար, փոխարենը գրավիչ կլինի գիտնականների եւ հասարակ ընտանիքների համար: «Կալավանում ձեզ կարող է գրավել այն միջավայրը, որտեղ կրթությունն ունի բարձր մակարդակ, եւ հայ գյուղական ընտանիքն ապրում է ապահովված վիճակում, ոչ թե աղքատ: Միջավայր, որտեղ կարող եք տեսնել, թե ինչպես է համայնքն ապրում որպես մեկ միասնական օրգանիզմ, որտեղ գյուղացիները ոչ միայն գոհ են, այլեւ հպարտ, որ ապրում են այդ գյուղում... Կարելի է ասել, որ սա իմ հիմնական երազանքն է. որ ցանկացած մարդ, Հայաստանի տարածքում որտեղ էլ ապրի, հպարտ լինի, որ ապրում է հենց այդ վայրում»,- ասում է Ռոբերտ Ղուկասյանը՝ վստահություն հայտնելով, որ իր երազանքները մի օր իրականություն են դառնալու: Վիկտորյա Անդրեասյան Tweet Դիտում՝ 34999