Լիա Մխիթարյան. Ամուսնուց «թեւեր ստանալը» շատ կարեւոր է

08.03.2019 | 10:00 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#Լիա Մխիթարյան
Մարտի 8-ին ընդառաջ Banks.am-ը զրուցել է «Էյվա» արվեստների հիմնադրամի տնօրեն եւ համահիմնադիր Լիա Մխիթարյանի հետ: Նա պատմել է, թե ինչպես է 24 տարեկանում հիմնել Eiva Arts Foundation-ը եւ որքանով է նրան հաջողվում համատեղել աշխատանքն ու ընտանիքը:

Eiva Arts Foundation-ը հիմնադրվել է 2012-ին, նպատակն է արժեւորել արվեստի դերը, նպաստել Հայաստանում արվեստի զարգացմանը ու դրա գլոբալ ճանաչմանը: «ԱՐՎԵՍՏ» հայկական խաղ-գիրքը հիմնադրամի նախաձեռնություններից է:

- Յոթ տարի ղեկավարում եք «Էյվա» արվեստների հիմնադրամը: Կպատմե՞ք Ձեր հիմնադրամի մասին:

- Ինձ միշտ թվում է, որ ես անընդհատ ինչ-որ բան չեմ հասցնում եւ պետք է ավելին անեմ, քան անում եմ:

15 տարեկանում եմ ընդունվել Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան: Ընդունվելուց մեկ ամիս անց հասկացա, որ պետք է այլ գործերով եւս զբաղվել, որովհետեւ լեզուն կարելի էր այլ ձեւով էլ սովորել: Սկսեցի շատ ակտիվ ուսանողական կյանք վարել ու մասնակցել տարբեր ծրագրերի: Քանի որ նկարչի ընտանիքից եմ, որոշեցի նաեւ խորանալ արվեստի ոլորտում: Հաճախում էի լուսանկարչության, կավագործության, նկարչության դասերի, զուգահեռ նաեւ աշխատում էի:

2011-ին ընկերուհուս հետ դիմեցի Եվրասիա համագործակցության հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթին, որն իրականացվում էր «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում եւ ֆինանսավորվում էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից: Ստացանք մոտ $ 15 000 գումար: Ներկայացրած գաղափարն արվեստի միջոցով հանրային կարեւորության խնդիրների բարձրաձայնումն էր, այսինքն՝ լրատվության այլընտրանքային ռեսուրսն արվեստն էր:


Ինձ համար դա շատ մեծ պատասխանատվություն էր ու շոկ. մեզ վստահել էին գումար մեր գաղափարն իրականացնելու համար: Մինչեւ մեկ տարի տեւեց ծրագիրը, թիմ հավաքեցինք ու հաջողությամբ իրականացրինք այն: Մինչեւ ծրագրի ավարտը հասկացանք, որ այս ոլորտում շատ բացեր կան եւ որոշեցինք շարունակել գործը, կառույց ստեղծել: Գրանցեցինք որպես հիմնադրամ, խորհուրդ հավաքեցինք. մեկ ամիս անց արդեն մի քանի ծրագրեր հաստատվեցին ու դրամաշնորհներ ստացանք նոր նախագծերի համար:

- Նման մեծ գումար ստանալ, թիմ հավաքել, հիմնադրել, ղեկավարել, ծրագրեր իրականացնել. այս գործառույթները Ձեր բնավորության վրա ինչպե՞ս են ազդել: Ղեկավար լինելու ունակություններն աշխատելո՞ւ ընթացքում եք ձեռք բերել:

-Ինձ համար շատ կարեւոր էր ստեղծել այնպիսի աշխատանք, որը կլինի իմ երազանքների «գործի տեղը»: Եթե ես ինձ բավարարված զգայի այլ աշխատավայրերում, հնարավոր է՝ հիմնադրամը չլիներ: Ես շատ անկախ եմ ու ձգտում եմ ազատ լինելուն, գիտեի, որ ինչ-որ պահի ստեղծելու եմ իմ գործը, բայց չէի կարող անգամ մտածել, որ դա կլինի այդքան շուտ:

Ամալի Խաչատրյանը զրուցում է Լիա Մխիթարյանի հետ

Ղեկավարելու հետ կապված ոչ մի վախ կամ մտային սահմանափակում չեմ ունեցել: Դեռ շատ վաղ տարիքից մեծ փառատոններ կամ ծրագրեր էի ղեկավարել, որոնք մեծ ֆինանսներ էին ներառում: Կարեւորը ճիշտ թիմ ունենալն է. մեզ մոտ միանձնյա որոշումներ չեն լինում, միշտ քննարկումների արդյունքում ենք ընդհանուր հայտարարի գալիս:

- Որպես արվեստների հիմնադրամ՝ համագործակցում եք ոչ միայն երեւանյան ու մարզային կազմակերպությունների հետ, այլեւ հաճախ արտերկրում եք հայկական արվեստը ներկայացնում: Եթե ոչ ձեր թիմում, ապա նման տարբեր կառույցների հետ համագործակցության արդյունքում կին ղեկավար լինելու փաստը երբեւէ՞ խնդիրներ առաջացրել է:

- Ոչ թե կին ղեկավար լինելը, այլ երիտասարդ լինելն էր դժվարություն ստեղծում, իհարկե՝ միայն Հայաստանում: Արտասահմանում հիացմունք է առաջացնում, որ այսքան երիտասարդ թիմ ենք եւ այսքան մեծ գործ ենք անում:

Այստեղ շատ էին թերահավատորեն մոտենում ինձ՝ որպես երիտասարդ կնոջ: Մեր թիմը նույնպես երիտասարդ է: Գործնական հանդիպումների ժամանակ դիմում էին՝ «ազիզ ջան» կամ «աղջիկ ջան»:


«Էյվա»-ի հիմնադրման ժամանակ նոր էի մայրացել, պատկերացրեք՝ գիշերը չես քնում, առավոտյան ամեն ինչ կազմակերպում ես, տեսքդ տեղն ես բերում, որ հանկարծ անլուրջ չերեւաս: Հոգեբանորեն «աղջիկ ջան» չես, մայր ես ու գործարար կին, եւ հանկարծ գործնական լուրջ հանդիպման ժամանակ քեզ «աղջիկ ջան» են ասում. մազերս «բիզբիզ» էին կանգնում:

Ժամանակի ընթացքում սովորեցինք շատ հաճախ «ոչ» լսել, նաեւ չհուսահատվել ու միշտ առաջ շարժվել. երբեւէ կանգ չենք առել: Թիմում 6 հոգի ենք, ծրագրերի համագործակցության ժամանակ 16 ենք լինում:

Կանանց մասին կարծրատիպերը յուրաքանչյուրն իր փորձով պետք է կոտրի:

- Սիրո տոնի կապակցությամբ ռեպորտաժ էին նկարել Ձեր ընտանիքի մասին. շատերի երազած ընտանիքի մոդելն էր ներկայացված: Ինչպե՞ս է հաջողվում համատեղել աշխատանքը եւ անձնականը:

- Ընտանիքն էլ գործի նման մի բան է՝ ճիշտ որոշումներ կայացնելու արդյունք, ճիշտ զուգընկեր ընտրելու որոշում:

Ես եւ ամուսինս իրար շատ աջակցում ենք: Ամուսնու կողմից «թեւեր ստանալը» շատ կարեւոր է: Քո թեւերը տանը չեն կտրում. տանն ինքնավստահություն ունես, քեզ «թեւեր են դնում», դրսում են փորձում քարկոծել ու կտրել դրանք:

Լիա Մխիթարյանը՝ ամուսնու եւ դստեր հետ

Իմ հարաբերություններն ինձ համար միշտ առաջնային են: Ցանկացած որոշում կայացնելիս զգոն եմ ու հաշվի եմ առնում, թե ինչքանով է այն ազդելու մեր հարաբերությունների վրա:

Ես համարում եմ, որ ամուսնական կյանքն առօրյա աշխատանք է: Շատ հեշտ է հաջողվում համատեղել աշխատանքը եւ ընտանիքը, քանի որ ես եւ ամուսինս համակարծիք ենք. մենք հավատում ենք այս մոդելին: Մենք հավատում ենք, որ մենք ունենք գործ եւ տուն, նույնիսկ հաճախ գործը տուն կարող ենք բերել, բայց հաստատ օրը հինգ րոպե կունենանք զրուցելու եղանակից, գրքերից եւ ոչ մի բանից:

Երբ սկսում էի հիմնադրամի գործերը, ոչ ոք ինձ չէր քաջալերում, ստեղծման կապակցությամբ շատ քիչ մարդ է ինձ շնորհավորել: Նույնիսկ ընկերներն ասում էին՝ ինչիդ է պետք, ինչու գործից դուրս եկար, ստուգել ես հիմնադրամ փակելու տարբերակները, գիտես՝ ինչ բարդ է փակելը, դեռ մի սկսիր…

Ես այդ ժամանակ շատ էի հավատում այդ մտքին. մենք նոր էինք ամուսնացել: Ուզում էի աշխատանքից դուրս գալ եւ ամբողջությամբ զբաղվել հիմնադրամի գործերով, բայց չէի համարձակվում: Երբ այդ միտքն ասացի ամուսնուս, «ստիպեց», որ նույն օրը նամակ գրեմ տնօրենիս ու ասեմ՝ երկու շաբաթից դուրս եմ գալու աշխատանքից:

- Այսինքն՝ ընտանիքը կնոջը ոչ թե խանգարում է կարիերա ստեղծել, այլ օգնում է:

- Եթե գիտես, թե ինչպես պահպանել բալանսը:

Աղջիկս երկու շաբաթական էր, երբ ես սկսեցի աշխատել: Մինչեւ նրա մեկ տարեկան դառնալը, գրկիս կապած գնում էի հանդիպումների. տատիկներն անգամ նեղանում էին, որ ես նրանց չեմ ներգրավում երեխային խնամելու հարցում:

Լիա Մխիթարյանը

Եթե ՄԱԿ-ի գրասենյակում հանդիպման էի, նրանք գիտեին, որ երեխայի հետ եմ լինելու եւ հատուկ անկյուն էին պատրաստում, որ երեխան զբաղմունք ունենա: Ամեն ինչը մտածված էր. այդ մեկ ու կես տարում ավելի շատ գիրք եմ կարդացել, քան հինգ տարվա ուսանող լինելու տարիներիս: Երբ ճիշտ ես կառավարում ժամանակդ, ամեն ինչ կարողանում ես հասցնել:

- Ինչպե՞ս եք կազմակերպում ձեր օրը:

- Առավոտյան բոլորս նախաճաշում ենք միասին ու զրուցում ենք. յուրաքանչյուրս մեր ուտելիքն ունենք, այն շատ սիրուն տեսք ունի, եւ ինձ համար ամենահամով ճաշն է, ու օրվա ամենահաճելի ժամանակը: Դրանից հետո երեխայի հետ կամ որեւէ մշակութային տեղ ենք գնում (նա շատ է սիրում թանգարաններ այցելել), կամ պարզապես ինքնագնա է քշում:

Լիա Մխիթարյանը՝ դստեր հետ

Աշխատանքային օրերին աղջիկս մի քանի ժամ մնում է տատիկ-պապիկների տանը, մինչ երկուսս աշխատում ենք կամ պարզապես իրար հետ ենք ժամանակ անցկացնում:

-Ի՞նչ խորհուրդ կտաք գործարար կանանց, որոնք նույնպես կցանկանային Ձեզ նման սեփական գործը սկսել:

-Կարեւոր է հավատալ սեփական ուժերին ու չվախենալ սխալվելուց: Պետք է որոշել ու անել: Եթե դու քո մտքին, գաղափարին ու կարողություններին այնքան չես հավատում, որ գաղափարներդ իրականացնես, միգուցե պետք չէ սկսել, իսկ եթե հավատում ես, թերարժեքության հետ կապված մտքերը թող չխանգարեն. ափսոս է չանելը:

Լիա Մխիթարյանը

Քննադատական միտք ունենալը նույնպես շատ լավ է, խորհուրդ կտամ բաց լինել նաեւ պրակտիկ եւ օբյեկտիվ քննադատություն լսելու համար: Հաճախ ինքներս չենք նկատում մեր սխալները: Ես երբեք չեմ փորձի դիմացինին մեղադրել այն ամենում, ինչն ինձ մոտ չի ստացվել, միշտ փորձում եմ հասկանալ, թե ես ինչ կարող էի այլ կերպ անել, որ հաջողության հասնեի:

- Մարտի 8-ի կապակցությամբ ստացե՞լ եք այնպիսի նվեր, որ երբեւէ չեք մոռանա:

- Տարիներ առաջ ամուսինս (այն ժամանակ՝ ընկերս) նվիրել էր արծաթե ծխամորճ: Ես չեմ ծխում ու երբեւէ չեմ ծխել, բայց երբ Տիգրանը տեսել էր այդ ծխամորճը, շատ էր հավանել, պատկերացրել էր, որ եթե ես 20-ականների ԱՄՆ-ում լինեի, լայնեզր, ծուռ գլխարկով, երկար զգեստով ինչ-որ մի մութ գինետանը կնստեի ու կծխեի դա:

Երբ նվերը բացեցի ու տեսա ծխամորճը, ոգեւորությամբ պատմեց նախապատմությունը, հետո անմիջապես խնդրեց, որ չսկսեմ ծխել:

Լիա Մխիթարյանի հետ զրուցել է Ամալի Խաչատրյանը

Նկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ Լիայի անձնական արխիվից
Դիտում՝ 12258
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW