Գյումրվա ջինսը ձգտում է հասնել Dolce&Gabbana-ի որակին

11.03.2019 | 14:30 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Հովիկ Զաքարյան #Գյումրի #ջինս
«Գյումրին ո՞ւր, ջինսը ո՞ւր…». առաջին արձագանքն այսպիսին էր, երբ 2018թ. դեկտեմբերի վերջին կառավարության նիստում հայտարարվեց, որ արտոնություն է տրվել ներդրողին Գյումրիում ջինսի արտադրության համար:

Սակայն, երբ ծանոթանում ես արտադրության ընթացքին ու ջինսե պատրաստի հագուստին, պարզվում է, որ Գյումրին ու ջինսը բավական «մտերիմ են»:

Banks.am-ի թղթակիցն այցելել է արտադրամաս, տեղում ծանոթացել գործընթացի մանրամասներին եւ բիզնեսի հեռանկարներին:

Հիմքում իտալական փորձն է

Ներդրողը «Ռ. Զաքարյան» ՍՊԸ-ն է, արտադրությունը սկսվել է երեք ամիս առաջ: Բայց մինչ մեկնարկը երեք տարի ուսումնասիրել են ջինսի արտադրությունը, շուկայի պահանջարկը, Գյումրիում արտադրություն ստեղծելու հնարավորությունները:


«Մենք գնացել ենք Իտալիա, եվրոպական այլ երկրներ, տեսել, թե ինչպես է արտադրվում ջինսը, նրանց մասնագետներից խորհուրդներ հարցրել: Ջինսի արտադրությունը բարդ է, շատ նրբություններ ունի»,- ասում է «Ռ. Զաքարյան» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Հովիկ Զաքարյանը:

Հովիկ Զաքարյանն ու Օֆելյա Կուռազյանը

Գուլպա-նասկեղենից մինչեւ ջինսեր

Արտադրամասը գտնվում է Գյումրիի նախկին «Գուլպա-նասկեղեն» ֆաբրիկայի տարածքում: Ներդրող ընկերությունը զբաղվում է նաեւ գուլպա-նասկեղենի արտադրությամբ:

Արտադրության նոր տեսակ հիմնելու համար, նախ, ներկրել են ժամանակակից գերմանական սարքավորումներ, որոնք ավտոմատացման լայն հնարավորություններ ունեն:


Արտադրության գլխավոր տեխնոլոգ Օֆելյա Կուրազյանի հավաստմամբ՝ փորձում են որակ ապահովել ձեւվածքից սկսած մինչեւ պատրաստի արտադրանք. արտադրանքը հինգ անգամ որակի ստուգում է անցնում:

Ավտոմատ, առանց մարդակային գործոնի

«Ավտոմատացված ձեւվածքի այս սարքը տարբեր չափսերի հագուստի մասերը ճշգրիտ ձեւում է: Ոչ մի շեղում չի լինում, քանի որ մարդկային գործոն չկա. համակարգչով ձեւը տրվում է, սարքը կտրում-հանում է: Մի քանի մետր երկարությամբ այս մեքենան օրական 20 000 տաբատ կարող է ձեւել։ Մենք կարող ենք նաեւ ընդունել միայն ձեւվածքների պատվերներ»,- շեշտում է Օֆելյա Կուրազյանը, ապա մոտենում հաջորդ սարքին:


Առաջին հայացքից ոչնչով կարի մեքենա չհիշեցնող սարքը վայրկյանների ընթացքում ջինսե տաբատի գրպանի համար նախատեսված կտորը ծալում է, կարում, ապա նաեւ ջինսին հատուկ ընդգծված կարերով գրպանին հետաքրքիր տեսք տալիս: Ու այս ամենի համար կարողն ընդամենը սեղմում է մի կոճակ ու սպասում, երբ մեքենան կավարտի գործը:

Իտալացի մասնագետները՝ վերապատրաստողներ

«Ավտոմատացումը, իհարկե, շատ է օգնում, որ կարողանանք բարձր որակ ապահովել: Փորձառու կարողները, սակայն, մի փոքր դժվարությամբ են լեզու գտնում նոր տեխնոլոգիաների հետ, դժվար են սովորում, բայց հետագայում հեշտ են աշխատում: Դրա համար մենք Իտալիայից մասնագետ ենք հրավիրել՝ աշխատողներին վերապատրաստելու համար»,- նշում է Հովիկ Զաքարյանը:

Գյումրիի ջինսի արտադրամասում երեք ամիս է՝ աշխատում են Իտալիայից հրավիրված երկու մասնագետ:

Մարտիո Ռիդոլֆը

Կարի տեխնոլոգ Մարտիո Ռիդոլֆը 30 տարվա աշխատանքային փորձ ունի, աշխատել է Իտալիայում, Ավստրիայում, Ռումինիայում, Ալբանիայում ու Ռուսաստանում:

Աշխատանքային ամենաերկար փորձառությունը Diesel Jeans եւ Dolce & Gabbana ընկերություններում է եղել:

«Ես այստեղ եմ, որ իմ ամբողջ փորձն ու գիտելիքները փոխանցեմ գյումրեցի աշխատողներին: Սարքավորումներն ավտոմատացված են, բայց նաեւ պետք է իմանալ՝ ինչ հնարավորություններ ունի մեքենան, որը նրանք կարողանան կիրառել ու կատարելագործել աշխատանքը: Արտադրության այս տեսակն ունի իր բարդությունները, կարեւոր նրբություններ, որոնք հարկավոր են լավ որակ ստանալու համար»,- ֆրանսերենով պատասխանում է Մարտիոն:


Բանվորներն արդեն առանց թարգմանչի էլ հասկանում են նրան, որովհետեւ մանրամասն ցույց է տալիս, շտկում ու հետեւում:

Հարցին, թե հնարավոր է հասնել Diesel եւ Dolce & Gabbana ջինսի որակին, Մարտիոն ժպիտով պատասխանում է.

«Դեռ աշխատելու ենք, որ հասնենք այդ որակին, կարծում եմ, որ կկարողանանք հասնել Dolce & Gabbana-ի որակին: Ճիշտ է, ոչ այսօր, ոչ էլ վաղը կլինի դա, բայց կհասնենք այդ որակին: Ասեմ, որ մենք շատ չենք զիջում, պակասում է միայն փորձը»:

Իտալացի մյուս մասնագետն էլ հետեւում է ջինսի ջերմային մշակմանը: Դրա համար եւս հատուկ հաստոցներ են ներկրվել։


Ջինսից կտորը ներկրվում է հիմնականում Պակիստանից, սեւ եւ մուգ կապույտ ջինսեր: Կարելուց հետո, ջինսն անցնում է լվացման ու վերամշակման հատուկ փուլ, որից հետո փոխվում է տեսքը: Սեւ գույնից ստանում են մոխրագույնի տարբեր երանգները, մուգ կապույտից՝ կապույտի տասնյակ երանգներ: Միաժամանակ, նորաձեւությանը հատուկ մաշվածություն կամ կտրվածքներ են անում:

Արտադրամասը փորձում է համագործակցել Գյումրիի միջին մասնագիտական կրթական հաստատությունների հետ՝ համալրելու համար թափուր աշխատատեղերը:


Արտոնություններ

Ներկայում արտադրամասը ջինսե տաբատներ է կարում, որոնք նախատեսված են ռուսական շուկայի համար: Հետագայում, սակայն, աշխարհագրությունն ընդլայնվելու է. եվրոպական երկրներ արտահանելու նախնական պայմանավորվածություններ կան:


Նորաստեղծ արտադրությանն օգնելու համար կառավարությունն արտոնություններ է սահմանել: Կոմերցիոն տնօրեն Լիլիթ Զաքարյանի կարծիքով՝ դա մեծ օգնություն է եղել իրենց համար.

«Որոշ հումքի տեսակ ներմուծելու դեպքում սահմանին ավելացված արժեքի հարկը երեք տարով հետաձգվել է, բայց դա չի նշանակում, որ չենք վճարելու. երեք տարի հետո կուտակվածը վճարելու ենք: Այս արտոնությունը նպաստեց, որ լրացուցիչ վարկային միջոցներ չներդնենք: Երեք տարվա ընթացքում կկայանանք, կկարողանանք վճարել։ Նաեւ մաքսային տուրքից ենք ազատված»:


Կառավարության ներկայացրած ներդրումային ծրագրի համաձայն՝ ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 1,42 մլրդ դրամի չափով ներդրում եւ երեք տարվա ընթացքում ստեղծել 58 նոր աշխատատեղ:

Որտե՞ղ կարելի է գտնել Գյումրիի ջինսը

«Գյումրվա ջինսը կարելի է գտնել Գյումրիում,- ժպիտով պատասխանում է Հովիկ Զաքարյանն ու հավելում. -Վաճառք առայժմ չկա, բայց շուտով կլինի։ Ջինսե հագուստը հասանելի կլինի շատերին, ընդ որում՝ երեք գնային սանդղակով՝ 5000 դրամից մինչեւ 20 000 դրամ: Made in Armenia ջինսերի առանձին խանութ առայժմ նախատեսված չէ, բայց վաճառակետերի մեծ մասում կլինի մեր արտադրանքը»:


Ներկայում մշակվում է Գյումրիի ջինսի լոգոն: Zakaryan բրենդով, նորաձեւության միտումներին համապատասխան, կկարվեն ջինսե տաբատներ, վերնաշապիկներ, բաճկոններ:

Գրաֆիկ դիզայներներն ու մասնագետները աշխատում են, որ ջինսե հագուստը լինի յուրօրինակ՝ երիտասարդների ու ջինսի սիրահարների ճաշակով: Անպայման նշվելու է նաեւ Made in Armenia-ն:


Թիմը պատրաստվում է մասնակցել միջազգային տարբեր էքսպոների, որոնք պատվերների ու առաջարկների նոր հնարավորություններ կընձեռեն:

Անահիտ Հարությունյան (Գյումրի)
Լուսանկարները՝ Կարեն Մկրտչյանի
Դիտում՝ 26540
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai