Փորձագիտական զուգահեռներ՝ Երեւանի եւ Թբիլիսիի օդանավակայանների միջեւ

15.02.2019 | 09:10 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Արմեն Մկրտչյան #Զվարթնոց

Հայաստանից արտերկիր մեկնելիս շատերն են նախընտրում ցամաքային ճանապարհով ուղեւորվել հարեւան Վրաստան եւ ինքնաթիռ նստել Թբիլիսիի օդանավակայանից։ Պատճառը, իհարկե, ավիատոմսերի համեմատաբար ցածր գներն են։

Ամիսներ առաջ այս թեման հետաքրքրել է նաեւ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) շրջանավարտ, գիտությունների թեկնածու Արմեն Մկրտչյանին, որի կատարած համեմատական ուսումնասիրությանն է անդրադառնում Banks.am-ը։

Դեպի Ֆրանկֆուրտ՝ Երեւանից ու այլ քաղաքներից

«Շատերից ենք հաճախ լսում, որ Հայաստանում ավիատոմսերը թանկ են եւ ցանկացա պարզել՝ արդյոք դա այդպես է եւ եթե այո, ապա որքանով»,- պատմում է Արմեն Մկրտչյանը։

Ուսումնասիրության առաջին մասում փորձագետը համեմատում է Երեւանի եւ մի շարք այլ քաղաքների՝ Բաքվի, Թբիլիսիի, Վիեննայի, Վարշավայի, Ստամբուլի եւ Մոսկվայի օդանավակայանների գանձած ուղեվարձերը։ Պարզվում է՝ «Զվարթնոց»-ին ավիաընկերությունների կողմից մեկ ուղեւորի համար տրվող վճարն իր թանկությամբ միայն Բաքվին է զիջում։


«Երբ տոմս ես գնում, դրանում նշված են տոմսի գինը, վառելիքի հավելավճարը, օդանավակայանի հետ կապված վճարները եւ այլն։ Ես ընտրեցի եվրոպական մի քաղաք՝ տվյալ դեպքում գերմանական Ֆրանկֆուրտը, եւ ուսումնասիրեցի դեպի Ֆրանկֆուրտ չվերթները հետազոտությունում ներառված քաղաքներից։ Դիտարկեցի միայն մեկ ուղեւորի համար օդանավակայանին տրվող վճարը մեկ չվերթի համար, որպեսզի գնային տարբերություններ չլինեն»,- մանրամասնում է Արմեն Մկրտչյանը։

Ներկայացված են դեպի Ֆրանկֆուրտ միակողմանի չվերթի տվյալները՝ գնահատված 2018թ. հոկտեմբերի 1-ի թռիչքի համար: Փորձագետը վերցրել է դրանք United Airlines ավիաընկերության պաշտոնական կայքից, այնուհետեւ ստուգել այլ ավիաընկերությունների կայքերով։ Հետազոտությունն իրականացվել է 2018թ. սեպտեմբերի 15-16-ը։

Միայն ուղեւորափոխադրումներից ստացված եկամուտը

Հետազոտության երկրորդ մասից երեւում է, թե որքան եկամուտ են ստանում Երեւանի, Թբիլիսիի եւ Բաքվի օդանավակայանները՝ միայն ուղեւորափոխադրումների հաշվին։

Ըստ ուսումնասիրության՝ չնայած Թբիլիսիի օդանավակայանի ուղեւորափոխադրումները 40%-ով գերազանցում են Երեւանի օդանավակայանին, «Զվարթնոց»-ի եկամուտը $8 մլն-ով ավելի է։


«Եթե համեմատենք Թբիլիսիի եւ Երեւանի օդանավակայանների ուղեւորափոխադրումների քանակը, կտեսնենք՝ տարբերությունն այնքան էլ մեծ չէ։ Այսինքն՝ «Զվարթնոց»-ի բարձր վճարի պատճառը դժվար է բացատրել ուղեւորների քանակով: Այստեղ այլ քաղաքականություն է գործում»,- նշում է ուսումնասիրողը։

Նա հավելում է, որ ուղեւորափոխադրումներն օդանավակայանների եկամտի աղբյուրներից միայն մեկն են: Այլ աղբյուրներ են, օրինակ, ինքնաթիռների վառելիքի լիցքավորումը, տեխնիկական սպասարկումը, ուղեւորներին մինչեւ թռիչքը մատուցվող ծառայությունները եւ այլն։

Ավիատոմսի ցածր գինը՝ ՀՆԱ-ի աճի գրավական

«Զբոսաշրջիկների այցելության թիրախում հաճախ միայն Հայաստանը չէ, նրանք այստեղ են գալիս տարածաշրջանային այցի շրջանակում՝ լինելով Վրաստանում եւ Ադրբեջանում։ Շատ ճանապարհորդներ, որպես հիմնական այցելության երկիր, ընտրում են Վրաստանը՝ այնտեղ մեկնելով օդային ճանապարհով եւ ցամաքային ճանապարհով այցելելով նաեւ Հայաստան։ Բնական է, որ այս դեպքում Վրաստանում ծախսված գումարն ավելի շատ է, որն էլ, իր հերթին, կորցրած եկամուտ է Հայաստանի համար»,- նշում է Արմեն Մկրտչյանը։

Հետազոտության վերջնամասում կատարվել է հաշվարկ՝ ինչ կտա Հայաստանին «Զվարթնոց» օդանավակայանի գնիջեցումը։ Ըստ փորձագետի՝ Հայաստանը կունենա այցելուների թվի ավելացում՝ մինչեւ 25 հազ. մարդ եւ ՀՆԱ-ի աճ՝ մինչեւ 14 մլրդ դրամին համապատասխան։


Ուսումնասիրության համար օգտագործվել են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA)՝ Եվրոպական միության ներսում երկար հեռավորության թռիչքները (long haul) բնորոշող գնային էլաստիկության (price elasticity) տվյալները:

Հասցեատերերի արձագանքը

Կատարված հետազոտության վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից եւ «Զվարթնոց» օդանավակայանից։

Banks.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ կոմիտեից հայտնեցին, որ մեկ ուղեւորի դիմաց գանձվող գումար, որպես այդպիսին, սահմանված չէ, քանզի այն պայմանավորված է մի շարք հանգամանքներով, մասնավորապես՝ օդանավի դասով (ըստ նստատեղերի), չվերթի կատարման ժամանակով (ցերեկ, գիշեր), օդանավին հատկացված կայանատեղիով (փոխագուցավոր կամ սովորական շարժասանդուղք):


Կոմիտեն ձեռնպահ էր մնացել անհատ փորձագետի ուսումնասիրության արդյունքները մեկնաբանելուց՝ հավելելով, որ աերոդրոմային եւ օդանավակայանային ծառայությունների դիմաց գանձվող վճարների սակագների մեծությունները կապված են տվյալ օդանավակայանի ընդլայնման եւ արդիականացման խնդիրների հետ:

Կոմիտեն նաեւ նշել էր, որ օդանավակայանային սակագների նվազեցումը կնպաստի ավիաընկերությունների եկամտաբերության աճին, որն էլ, իր հերթին, կարող է հանգեցնել ուղեւորափոխադրումների աճին, սակայն հստակ կանխատեսել ավիաընկերության վարքագիծը հնարավոր չէ:

«Զվարթնոց» օդանավակայանում եւս ձեռնպահ են մնացել անհատ փորձագետի ուսումնասիրության արդյունքները մեկնաբանելուց:

Գայանե Ենոքյան

Դիտում՝ 5773
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW