Նոր լուծումներ՝ հայկական ավիացիայում

03.12.2018 | 09:31 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Տաթեւիկ Ռեւազյան #Քաղավիացիա
Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն 2018թ. հուլիսի 10-ից ղեկավարում է Տաթեւիկ Ռեւազյանը: Պաշտոնը ստանձնելուց հետո նա հայտարարեց, որ մտադիր է ակտիվորեն զարգացնել Հայաստանի ավիացիոն շուկան։ Banks.am-ը փորձել է պարզել Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարից՝ կոնկրետ ինչ քայլեր են կատարվում ավիաշուկայի զարգացման ուղղությամբ եւ առաջիկա ինչ նոր ծրագրեր կան։

Ավիատոմսների գների նվազեցում

Քաղաքացիական ավիացիայի նոր ռազմավարության շնորհիվ՝ քայլեր են կատարվում նոր ավիաընկերություններ ներգրավելու, ինչպես նաեւ առկա երթուղիների հաճախականությունն ավելացնելու ուղղությամբ։

Գործուն քայլեր են կատարվում ավիատոմսների գների նվազեցման ապահովման համար՝ մրցակցության ընդլայնման շնորհիվ:

Այս ուղղությամբ հաջողության հասնելու համար առաջիկայում Քաղավիացիան նոր աշխատակից է ունենալու, որը զբաղվելու է ուղիների զարգացմամբ։ Նա ապահովելու է առավել սերտ համագործակցություն «Զվարթնոց» օդանավակայանի, կառավարության եւ մասնավոր հատվածի միջեւ:


Օրենսդրական փոփոխություններ

Կոմիտեն շարունակական աշխատանք է կատարում փոքր ավիացիայի զարգացմանն ուղղված օրենսդրական դաշտի կարգավորման համար։

Տաթեւիկ Ռեւազյանը

Անօդաչու թռչող սարքերի շահագործման արագ զարգացումն հաշվի առնելով՝ կարգավորվել է անօդաչու թռչող սարքերի շահագործման գործընթացը, որի նպատակն է ապահովել քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունը:

Կոմիտեի նախաձեռնությամբ ներկա պահին իրականացվում են աշխատանքներ՝ կապված գործող համակարգի արդիականացման հետ:

Փոքր ավիացիայի զարգացում

Հայկական նոր «Արմենիան հելիքոփթերս» եւ «Ատլանտիս Արմենիան էյրլյանզ» ավիաընկերությունների ստեղծմամբ Հայաստանում սկիզբ է դրվել փոքր ավիացիայի զարգացմանը։


«Արմենիան հելիքոփթերս» ավիաընկերությունը ներկայում շահագործում է Robinson R66 տիպի եւ Airbus Helicopters EC 130T2 տիպի ուղղաթիռներ եւ առաջիկայում նախատեսում է կատարել շուրջ $10 մլն-ի ներդրում:

«Ատլանտիս Արմենիան էյրլյանզ» ավիաընկերությունը ձեռք է բերել մեկ չեխական L-410 օդանավ եւ առաջիկայում նախատեսում է չվերթներ իրականացնել ինչպես Հայաստանում, այնպես էլ դեպի Վրաստանի տարբեր քաղաքներ:


Փոքր ավիացիայի թռիչքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով նվազեցվել են «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններում թռիչք/վայրէջքների աէրոնավիգացիոն սպասարկումների սակագները՝ օդային երթեւեկության սպասարկում, կապ, նավիգացիա, դիտարկում, աերոնավիգացիոն տեղեկատվության ապահովում։


Նվազեցվել է նաեւ «Զվարթնոց» օդանավակայանի թռիչք/վայրէջքների աէրոդրոմային սակագինը:

Հաշվի առնելով, որ փոքր ավիացիան իրականացնում է ցածր թռիչքներ՝ կոմիտեի նախաձեռնությամբ սկսվել են աշխատանքներ՝ ուղղված Հայաստանում 60 մետրից բարձր խոչընդոտների հավաքագրմանը, որի ավարտից հետո այն կտրամադրվի շահագրգիռ կազմակերպություններին:

ԵՄ-ի հետ ավիացիոն համաձայնագիր

2017-ին քննարկվել է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ միասնական ավիացիոն գոտու մասին համաձայնագրի նախագիծը։


Կոմիտեն ուսումնասիրել է համաձայնագրերից բխող անհրաժեշտ միջոցառումները եւ Հայաստանի կողմից ԵՄ-ին ներկայացվել է համաձայնագրի վերջնական նախագիծը, որը ներկայում ԵՄ պետությունների հետ համաձայնեցման փուլում է։

Այս տարվա նոյեմբերի վերջին նախատեսվում է համաձայնագրի ստորագրման գործընթացի քննարկում:

Եվրոպական ավիափոխադրողներ

Միջազգային ավիափոխադրողների համար հայկական շուկան դիտվում է որպես փոքր շուկա։


Վերջին 6 ամսում կոմիտեն փորձել է համագործակցության եզրեր գտնել ավելի քան 20 ավիաընկերության հետ։ Դրանց ներկայացուցիչները հիմնականում նշում են, որ հայկական շուկան փոքր է եւ այդ պատճառով նրանք գումարներ են պահանջում նոր ուղղություններ գովազդելու համար: Այսօրվա դրությամբ Հայաստանը մարքեթինգային բյուջե չունի: Այդուհանդերձ, կոմիտեն ուսումնասիրում է բոլոր հնարավորությունները:

Ուշագրավ է, որ վերջնական որոշում կայացնելիս ավիաընկերությունների համար շատ կարեւոր դեր են խաղում ծախսերը, օրինակ՝ օդանավակայանի սակագները, օդի տուրքը, վերգետնյա սպասարկման վճարը եւ այլն:

Ամերիկյան ավիափոխադրողներ

Երբ խոսքը դեպի ԱՄՆ ուղիղ չվերթների մասին է, ապա հարկ է նշել, որ ոչ միայն ամերիկյան ավիափոխադրողները կարող են թռիչքներ իրականացնել այդ ուղղությամբ, այլեւ ոչ ամերիկյանները:

Որպես պոտենցիալ ուղղություն հաճախ դիտարկվում է Լոս Անջելեսը, սակայն այստեղ կան կոմերցիոն խնդիրներ, որոնք բարդ է լուծել, բայց ոչ անհնարին:


Նոր համակարգերի ներդրում

Մի շարք քայլեր են ձեռնարկվել Հայաստանի քաղավիացիան միջազգային պահանջներին համապատասխանեցնելու համար։ Վերջերս ներդրվել է «Բնութագրերի վրա հիմնված նավիգացիա» (PBN) համակարգը: Ի դեպ, Հայաստանն առաջին պետությունն է, որն ամբողջովին ներդրել է այս համակարգը։

Միաժամանակ, Հայաստանում ներդրվել է Օդային տարածք առանց մայրուղիների համակարգը (Free Route Air Space), որը նախատեսված է իրականացնել մի քանի փուլերով։ Սա հնարավորություն կտա օդանավ շահագործողներին պլանավորել եւ իրականացնել թռիչքն ամենակարճ հետագծով, ինչպես նաեւ կնվազեցի արտանետումները:

Միջազգային քաղաքացիական ավիացիոն կազմակերպությունը (ICAO) վերջերս աուդիտ է անցկացրել, որի արդյունքներով՝ արձանագրվել է 84-85% ցուցանիշ. սա եվրոպական միջին գնահատականից բարձր արդյունք է:

Պատրաստել է Թագուհի Հովհաննիսյանը
Դիտում՝ 12230
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai