Հայէկոնոմբանկը Զինվորի տան հետ ամփոփել է զինհաշմանդամների դասընթացների շարքը

24.12.2025 | 12:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ #Զինվորի տուն
Կարեւորելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը՝ 2025 թվականի տարեկան ժողովի շրջանակում Հայէկոնոմբանկը հայտարարել է Զինվորի տան հետ կարեւոր նախաձեռնության մեկնարկի մասին: 

Ինչպես նշել են բանկում, համագործակցությունը երկու հիմնական ծրագիր է ներառում: Առաջինը կրթական ծրագիր է զինհաշմանդամների համար՝ բանկում աշխատանքի անցնելու հնարավորությամբ: Երկրորդ ծրագրի նպատակն է ընդլայնել Զինվորի տան թողունակությունը՝ ստացիոնար բուժման հնարավորությունների բարելավմամբ։ Այս տարի մեկնարկած 50 մլն դրամ ընդհանուր գումարով ծրագիրը շարունակվելու է նաեւ 2026 թվականին:

Հայէկոնոմբանկի եւ Զինվորի տան կողմից անցկացված դասընթացներին մասնակցել է Զինվորի տան մոտ երեք տասնյակ շահառու: Երկամսյա ծրագիրը ներառել է լեզուների իմացության, համակարգչային գիտելիքների, փափուկ հմտությունների, այդ թվում՝ սթրեսակայունության եւ հաղորդակցման կարողությունների բարելավման դասընթացներ: 

«Նախնական փուլում իրականացվել է կրթական կարիքների գնահատում, այնուհետեւ ձեռնամուխ ենք եղել դասընթացների անցկացմանը: Մեծ ուշադրություն է հատկացվել օտար լեզուներով բանկային բառապաշարի հարստացմանը եւ փափուկ հմտությունների զարգացմանը: Տղաները շատ կիրառական գիտելիքներ են ստացել ծրագրի շրջանակում եւ իսկապես ոգեւորված են այս նախագծով»,- Զինվորի տան եւ բանկի ներկայացուցիչների միջեւ տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշել է Զինվորի տան Կրթական բաժնի ղեկավար Սաթենիկ Էլբակյանը:

Հաշվի առնելով ծրագրի մասնակիցների հետաքրքրվածությունը եւ կարեւորելով նրանց պատրաստվածությունը՝ Հայէկոնոմբանկը նախաձեռնել է հավելյալ սեմինար-քննարկում Բանկային գործի վերաբերյալ: Բանկի Մասնաճյուղերի գործունեության պլանավորման եւ հսկողության բաժնի պետ Մարիաննա Մելիքջանյանը ներկայացրեց բանկային համակարգի օրենսդրական դաշտը, Կենտրոնական բանկի հիմնական գործառույթներն ու նպատակները, առեւտրային բանկերի գործունեությունը: Հայէկոնոմբանկի Անձնակազմի կառավարման եւ ուսումնական ծրագրերի բաժնի պետ Մարիամ Գեւորգյանը ներկայացրել է Հայէկոնոմբանկի հիմնական կառուցվածքը, էթիկայի եւ գործարար վարվելակերպի այն հիմնարար նորմերը, որոնք պարտադիր են բանկի բոլոր աշխատակիցների համար: Անդրադարձ է կատարվել բանկում աշխատանքի ընդունման ընթացակարգերին եւ աշխատակիցներին տրվող հիմնական առավելություններին: 

«Մենք անչափ կարեւորում ենք Զինվորի տան հետ իրականացվող այս ծրագիրը: Լիահույս ենք, որ կարող ենք առաջ շարժվել եւ բանկում աշխատանքի հնարավորություն առաջարկել ծրագրի շահառուներին: Մենք երկու հիմնական բաժին ենք դիտարկում աշխատանքի համար՝ մասնաճյուղային ցանցի վարկային բաժնում եւ Հաճախորդների աջակցման կենտրոնում, բայց կախված տղաների հմտություններից եւ նախասիրություններից՝ կարող են դիտարկվել այլ ստորաբաժանումներ եւս», - նշել է Հայէկոնոմբանկի Գործադիր տնօրենի տեղակալ Վահե Ղազարյանը:

«Հայէկոնոմբանկը մեծ պատասխանատվությամբ եւ հոգածությամբ է վերաբերվում Զինվորի տան հետ իրականացվող այս սոցիալական ծրագրին եւ լիահույս է շարունակել համագործակցությունը 2026 թվականին՝ արձանագրելով ավելի շոշափելի արդյունքներ»,- ասված է բանկի հաղորդագրության մեջ: 

Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 521
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW