Երիտասարդները Փամբակի լեռներում «հեծանիվ են հորինում»

15.01.2019 | 08:50 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Բու #հեծանվասպորտ #Էմմա Պետրոսյան
«Բու» լեռնային հեծանվապարկ խմբի կամավորները որոշել են հաղթահարել Հայաստանի լեռները ոչ միայն քայլելով, այլեւ հեծանիվ վարելով:

Երիտասարդ հեծանվորդները մտադիր են ակտիվացնել լեռնային հեծանվասպորտը՝ դարձնելով այն տնտեսության զարգացման շահութաբեր ուղղություն: Թե ինչ քայլեր են այս ուղղությամբ ձեռնարկում նրանք, Banks.am-ը փորձել է հասկանալ ծրագրի ղեկավար Էմմա Պետրոսյանի օգնությամբ:

Հեծանվային արահետներ Փամբակում

«Բու» խմբի անդամները երիտասարդ հեծանվորդներ են, որոնք ցանկանում են վերապատրաստվել, որակավորվել ու մրցել հեծանվորդ այլ մարզիկների հետ: Դրա համար, առաջին հերթին, համապատասխան վայր է հարկավոր, մարզական գույք ու աջակցություն, եւ նախաձեռնության անդամները որոշել են ձեռքները ծալած չնստել: Վանաձորում՝ Փամբակ լեռան լանջին, նրանք արդեն սկսել են հեծանվային արահետներ կառուցել:

«Նմանատիպ նախագիծ Հայաստանում չկա, թեեւ եղել են հեծանվորդներ, որոնք նախկինում փորձել են նման բան անել: Յուրաքանչյուր հեծանվորդի երազանքն է երկրում ունենալ այնպիսի տեղ, որտեղ արահետներ կլինեն եւ որտեղ հնարավոր կլինի ակտիվ հանգիստ կազմակերպել: Նաեւ տուրիստների համար է հետաքրքիր բնության մեջ հեծանիվ վարելը, հատկապես՝ Հայաստանում»,- ասում է «Բու» լեռնային հեծանվապարկ ծրագրի ղեկավար Էմմա Պետրոսյանը:

Նա ընդգծում է, որ Եվրոպայում, ԱՄՆ-ում, Կանադայում լեռնային հեծանվասպորտը վաղուց արդեն նոր բան չէ.

«Հայաստանում բարդ է իսկապես, քանի որ հասարակությունը մի տեսակ հեռու է սպորտից, շատերը չեն էլ պատկերացնում, որ սարի վրա կարող է ոչ «բարդ ու մահացու» հեծանվային արահետ լինել, իսկ հեծանիվ վարելուց հնարավոր կլինի հաճույք ստանալ»:

Էմմա Պետրոսյանը

Լեռներին սիրահարված Էմման

Հայաստանի լեռներին Էմման սիրահարվել է դեռ ուսանողական տարիներին, երբ Երեւանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի ուսանող էր:  Ու թեեւ մասնագիտանում էր՝ սպասարկման ոլորտում աշխատելու նպատակով, միեւնույնն է՝ տուրիզմի զարգացման սեփական գաղափարները կյանքի կոչելու միտքը նրան հանգիստ չէր տալիս:

Էմման նաեւ Armenian Extreme Club-ի անդամ է եղել, շատ է ճամփորդել ու ինքն իր համար բացահայտել, որ մարդն ու բնությունն անբաժան են իրարից: Ասում է՝ հիմա արդեն այնպիսի  գործ է ձեռնարկել, որ ընդհանրապես բաժանված չլինի բնությունից:

Գաղափարից դեպի ծրագիր

«2014-ին Հայաստանի եւ գերմանական «Ֆաուդե» կազմակերպության համատեղ ջանքերով նկարահանված կարճամետրաժ ֆիլմում հանդես էի գալիս որպես հեծանվորդ դերասան: Այդտեղ ծանոթացա գերմանական ու ավստրիական թիմերի հետ, որոնց կազմում պրոֆեսիոնալ մակարդակի հեծանվորդ աղջիկներ էին: Նրանք առաջին անգամ էին Հայաստանում եւ տեսնելով մեր լեռները՝ ասացին. «Էմմա՛, դու պետք է այստեղ ծրագիր սկսես»: Եվ նրանցից ոգեշնչվելով՝ որոշեցի նախաձեռնել այս ծրագիրը»,- պատմում է Էմման:

Երկու տարի անց նա արդեն հնարավորություն է ստացել մասնակցելու «Էկոլաբ» հիմնադրամի՝ Վանաձորում անցկացվող դասընթացին ու ներկայացնել լեռնային տուրիզմի եւ հեծանվասպորտի զարգացմանն ուղղված իր ծրագիրը:

Այնուհետ սկսել է կառավարման եւ ծրագիր գրելու հմտություններ սովորել, դիմել դոնորների: Այսօր «Էկոլաբ»-ի հետ ամեն ինչ անում են՝ հասնելու ծրագրի վերջնական արդյունքին:


Թիմում մարդիկ են, որոնք «վառվում» են գաղափարի համար

«Թիմով սովորել ենք, վերապատրաստվել, թե ինչպես կառուցել արահետներ, հեծանվային պարկեր, ուսումնասիրել ենք արկածային տուրիզմն ու   հեծանվասպորտը, ձեռք բերել գործընկեր՝ Շվեյցարիայից, որն անձամբ մասնակցելու է արահետների կառուցմանը, իհարկե, եթե ֆինանսավորում գտնենք»,- ասում է Էմման:  

Ներկայում «Բու»-ն ավելի շատ մարքեթինգի վրա է աշխատում: Բացի այդ, տարբեր միջոցառումներ է իրականացնում:  


«Արդեն 2 տարի է՝ կազմակերպում ենք «Բայք քեմփ» միջոցառումը, որը շատ մասնակիցներ է ունենում: Գալիս են Երեւանից, Վանաձորից, անգամ՝ Վրաստանից: Նպատակ ունենք 2019-ին ավելի շատ կամավորներ ներգրավել տարբեր երկրներից»,- հետագա անելիքների մասին է պատմում թիմի ղեկավարը:

Դրամահավաք՝ ուղղված ծրագրի հանրահռչակմանը

2018-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին «Բու» լեռնահեծանվային պարկ նախագծի թիմը Ֆեյսբուքում դրամահավաք էր կազմակերպել, որի նպատակը, ըստ թիմի անդամների, ծրագիրը լայնորեն տարածելն էր:

Մեկ ամսվա ընթացքում նախաձեռնությունը կարողացել է հավաքել $1434, որից $500-ը նվիրաբերել էր «Էկոլաբ»-ը: Դրամատուները գումարը հենց այնպես չեն հանգանակել, այլ գնել են բաժակներ՝ «Տար ինձ սար» գրությամբ:


«Մինչեւ հիմա մեր ուզած ներդրումները չունենք, քանի որ թեման շատ սպեցիֆիկ է՝ առողջ ապրելակերպ, հեծանիվներ, տուրիզմ, իսկ այս ոլորտում հիմնականում ներդրումներ չեն արվում կամ շատ քիչ են արվում: Բայց սպասում ենք, ակնկալում ենք, որ ծրագիրը կհետաքրքրի, դուր կգա շատերին»,- ասում է Էմման:

Դոնորներ փնտրելու գործին զուգահեռ՝ նախագծի կայքի եւ բրենդբուքի վրա են աշխատում:

Ինչո՞ւ «Բու»

Սկզբում քննարկել են «Փամբակ» եւ «Վանաձոր» անվանումները՝ հաշվի առնելով հեծանվապարկի տարածքը, այնուհետ՝ ընտրել բոլորովին այլ անուն:


«Էկոլաբ»-ը Վանաձորում հայտնի Լոռանց գոմերի մոտ կրթական կենտրոն ունի, որը նախկինում առանձնատուն է եղել: Երբ հիմնադրամը գնել է այդ տունը, առաջին օրը նկատել են, որ տանիքում բուերի բույն կա: Այդպես էլ հետագայում կրթական կենտրոնն անվանել են Boo Alternative House:

«Մենք էլ, որպես գործընկեր, վերցրինք այդ անունը: Բացի այդ, կարեւոր էր, որ անունը հայերեն լիներ եւ հեշտ արտասանվեր բոլոր լեզուներով»,- պարզաբանում է Էմման:

Ի դեպ, 2018թ. նոյեմբերին Boo Mountain Bike Park Project ծրագիրը SAP UP սոցիալական ձեռներեցության մրցույթում հաղթող էր ճանաչվել՝ իր BooBikes: Cafe, Bike shop and more ստարտափով: Մրցանակը 1 000 000 դրամ էր: Այս գումարով ակնկալվում է գարնանը Վանաձորում հեծանվային սրճարան բացել:

Տաթեւիկ Ճուղուրյան
Լուսանկարները՝ Boo Mountain Bike Park Project-ի
Դիտում՝ 8300
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai