Հայաստանի հանքարդյունաբերության եւ մետալուրգիայի ասոցիացիան մտահոգություն է հայտնում «Հայաստանում կասկած հարուցող արտերկրյա կառույցների գործունեության վերաբերյալ»:Հայաստանի հանքարդյունաբերության եւ մետալուրգիայի ասոցիացիան (ՀՀՄԱ) ուսումնասիրել է չեխական «Առնիկա» հասարակական կազմակերպության վերջին հրապարակումներն ու գործունեությունը Հայաստանում, եւ լուրջ մտահոգություն է հայտնում դրանց մասնագիտական մակարդակի, թափանցիկության եւ նպատակների վերաբերյալ։ՀՀՄԱ-ն կարեւորում է անկախ բնապահպանական հետազոտությունները, սակայն ընդգծում է, որ նման գործունեությունը խստորեն պետք է համապատասխանի ազգային օրենսդրությանը, գիտական էթիկային, թափանցիկության չափանիշներին եւ ծառայի ՀՀ ժողովրդի շահերին։«Արդեն մի քանի տարի շարունակ չեխական «Առնիկան» «հետազոտություններ» է իրականացնում, թիրախ ընտրելով հատկապես Հայաստանը, եւ ոչ օրինակ՝ Ադրբեջանը։ Տպավորություն է, որ այս կազմակերպությունը նպատակ է դրել ներկայացնել Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտը` որպես տարածաշրջանը «աղտոտող» աղբյուր, այս անհիմն նարատիվը ծառայեցնելով ոչ թե բնապահպանական, այլ՝ երրորդ կողմերի քաղաքական շահերին։Առավել մտահոգիչ է, որ միջազգային գրանտային ծրագրերով ֆինանսավորվող տեղական հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ վերջերս «Առնիկան» կենսաբանական նմուշներ է վերցրել Սյունիքի մարզում` հողից, ջրից եւ բնակիչներից։ Մի կողմ թողնելով նման ընտրովի գործունեության քաղաքական եւ աշխարհաքաղաքական դրդապատճառներն ու հնարավոր հետեւանքները` անդրադառնանք մասնագիտական լրջագույն խնդիրներին։«Առնիկայի» հրապարակումներում բացակայում է հստակ տեղեկություն տվյալների հավաքագրման ընթացակարգերի, չափորոշիչների, վերահսկման եւ վավերացման մեխանիզմների, ինչպես նաեւ ներկայացվող եզրակացությունների գիտական հիմնավորման մասին։ Նման հետազոտության ու առավել եւս եզրակացության համար անհրաժեշտ է տարիների աշխատանք՝ ելակետային տվյալների հավաքագրում, հնարավոր աղտոտման բոլոր աղբյուրների ուսումնասիրություն, համեմատական անալիզ, տարբեր սեզոնների եւ տարածքների մոնիտորինգ՝ տարիների ընթացքում հնարավոր փոփոխության արձանագրում եւ համոզիչ գիտական փաստարկներ՝ այս կամ այն արդյունքի իրական պատճառների եւ աղբյուրների վերաբերյալ։ Սա տարիների աշխատանք է պահանջում։ Դժվար է պատկերացնել, որ իրեն որպես մասնագիտական կազմակերպություն ներկայացնող «Առնիկան» չգիտի, որ հնարավոր չէ հետազոտություն անել մի քանի օր նմուշ հավաքելով ու առավել եւս հնարավոր չէ դրա հիման վրա եզրակացություն անել։ Հետեւաբար, նման գործելաոճը հուշում է հնարավոր այլ նպատակների մասին»,- ասվում է ՀՀՄԱ հայտարարությունում:Ասոցիացիան հատկապես մտահոգիչ է համարում փաստը, որ «Առնիկայի» չստուգված տվյալները ակտիվորեն օգտագործվում եւ տարածվում են ադրբեջանական լրատվամիջոցների եւ քարոզչական հարթակների կողմից՝ Հայաստանի հասցեին տարածաշրջանային բնապահպանական վնաս հասցնելու վերաբերյալ մեղադրանքներ ներկայացնելու համար.«Նման նյութերի պարբերական հայտնվելը քաղաքական եւ աշխարհաքաղաքական բնույթի հարթություններում լուրջ կասկածներ է առաջացնում, որ, այսպես կոչված, հետազոտությունները դուրս են գալիս զուտ գիտական շրջանակից եւ կարող են ծառայել այլ նպատակների։ՀՀՄԱ-ն հրավիրում է Հայաստանի համապատասխան պետական մարմինների ուշադրությունը այս խնդրին։ Կենսաբանական եւ բնապահպանական նմուշների հավաքագրումը եւ արտահանումը, հատկապես, երբ խոսքը վերաբերում է մարդու կենսաբանական նյութերին, պետք է գտնվեն պետական խիստ վերահսկողության, իրավական կարգավորման եւ ամբողջական թափանցիկության ներքո»:ՀՀՄԱ-ն կոչ է անում խստացնել վերահսկողությունը Հայաստանում գործող օտարերկրյա ՀԿ-ների գործունեության նկատմամբ, հատկապես, երբ այն վերաբերում է «առանց պատկան վերահսկողության եւ թույլտվությունների՝ կենսաբանական եւ բնապահպանական նմուշների հավաքագրմանը, որը հանգեցնում է չստուգված, կամայական մեկնաբանությամբ տեղեկատվության տարածմանը՝ վնասելով Հայաստանի ազգային շահերին»։ Tweet Դիտում՝ 324