ԱՐՖԻՆ ՈՒՎԿ-ի գործադիր տնօրեն Արարատ Ջաղացպանյանի հարցազրույցը Banks.am-ին- Պարոն Ջաղացպանյան, վերջին տարիներին ֆինանսական ոլորտում լայնորեն կիրառվում է «պատասխանատու վարկավորում» հասկացությունը։ Ինչպե՞ս եք Դուք մեկնաբանում այդ հասկացությունը եւ ի՞նչ նշանակություն ունի այն Ձեր կազմակերպության համար։- Պատասխանատու վարկավորումը մեզ համար միայն ոլորտի կարգավորող պահանջների պահպանումը չէ։ Այն մեր կազմակերպության գիտակցված ռազմավարական ընտրությունն է, որը երբեմն ենթադրում է ավելի բարձր շահույթներից գիտակցված հրաժարում՝ հանուն մեր հաճախորդների ֆինանսական կայունության։Մենք հասկանում ենք, որ հաճախ հնարավոր է հաճախորդին տրամադրել ավելի մեծ վարկ, արդյունքում ստանալ ավելի մեծ տոկոսային եկամուտ, սակայն գիտակցում ենք նաեւ, որ նույն այդ վարկը կարող է հաճախորդին հասցնել վճարունակության կորստի կամ գերբեռնվածության։ Նման դեպքերում մենք ունենք հստակ ռազմավարական մոտեցում՝ տրամադրել հաճախորդին ավելի փոքր գումարի վարկ կամ ընդհանրապես հրաժարվել վերջինիս վարկ տրամադրելուց, միեւնույն ժամանակ գիտակցվելով, որ այդ որոշումը կրճատում է մեր շահույթը։- Այսինքն՝ կարելի՞ է ասել, որ պատասխանատու վարկավորումը ֆինանսական կորուստ է կազմակերպության համար։- Կարճաժամկետ առումով՝ այո։ Պատասխանատու վարկավորումը ենթադրում է, որ մենք միտումնավոր չենք մեծացնում յուրաքանչյուր գործարքից ստացվող հնարավոր եկամուտը։Մասնավորապես, մենք հաճախ սահմանափակում ենք վարկի չափը՝ հիմնվելով ոչ միայն հաշվարկների, այլ նաեւ հաճախորդի սոցիալական վիճակի վրա։ Դա իր հերթին նշանակում է ավելի փոքր վարկեր, ավելի ցածր տոկոսային եկամուտ, երբեմն նաեւ՝ մերժված վարկեր։ Այնուամենայնիվ, դա գիտակցված «կորուստ» է, որը մենք ընդունում ենք՝ փոխարենը ապահովելով երկարաժամկետ կայունություն եւ՛ մեր կազմակերպության, եւ՛ հաճախորդի համար։- Ինչպե՞ս եք հասկանում, որ մեծ գումարը կարող է վտանգավոր լինել հաճախորդի համար։- Մեր փորձը ցույց է տալիս, որ հաճախորդները միշտ չէ, որ կարողանում են օբյեկտիվորեն գնահատել իրենց իրական ֆինանսական հնարավորությունները։ Որոշ դեպքերում նրանք առաջնորդվում են հույսերով, այլ ոչ թե իրական հաշվարկներով։ Այդ պատճառով, նման իրավիճակներում մենք վերցնում ենք այդ պատասխանատվությունը։ Մասնավորապես, մանրակրկիտ վերլուծում ենք հաճախորդի եկամուտները, ծախսերը, սեզոնայնությունը, պարտավորությունների ընդհանուր բեռը եւ եթե տեսնում ենք, որ առաջարկվող գումարը կարող է երկարաժամկետ խնդիրներ առաջացնել, մենք առաջարկում ենք ավելի փոքր չափի վարկ կամ այլ լուծում։- Ի՞նչ արձագանք են տալիս հաճախորդները, երբ մերժվում են կամ ստանում են իրենց սպասվածից ավելի փոքր վարկ։- Սկզբում միշտ չէ, որ դա ընդունվում է դրական վերջիններիս կողմից, սակայն ժամանակի ընթացքում հաճախորդների մեծ մասը վերադառնում է այն համոզմամբ, որ մեր կողմից կայացրած որոշումն այդ հանգամանքներում ճիշտ էր եւ հիմնավոր։Մենք հաճախ լսում ենք՝ «լավ է, որ ինձ ժամանակին կանգնեցրեցիք»։ Սա լավագույն ապացույցն է, որ պատասխանատու վարկավորումը միայն ֆինանսական հաշվարկ չէ, այլ սոցիալական առաքելություն, ինչը, կարծում եմ, շատ կարեւոր է ֆինանսական ոլորտում։- Ինչպե՞ս է այս մոտեցումը ազդում ԱՐՖԻՆ-ի բիզնես մոդելի վրա։- Մեր բիզնես մոդելը կառուցված է ոչ թե արագ աճի, այլ կայունության վրա։ Մենք գիտակցաբար չենք հետապնդում շուկայի ամենաբարձր աճի ցուցանիշները։Պատասխանատու վարկավորումը նշանակում է ավելի դանդաղ, բայց որակյալ աճ, ցածր չվճարման մակարդակ, վստահելի հարաբերություններ հաճախորդների հետ։ Երկարաժամկետ առումով սա ավելի շահավետ է, քան ագրեսիվ վարկավորումը։- Կարելի՞ է ասել, որ պատասխանատու վարկավորումը նաեւ էթիկական դիրքորոշում է։- Անպայման։ Վարկավորումը ուժեղ ազդեցություն ունի մարդկանց կյանքի վրա։ Երբեմն մեկ սխալ վարկը կարող է տարիներով վնասել ընտանիքի ֆինանսական կայունությանը։Մենք չենք կարող շահույթ ստանալ հաճախորդի ֆինանսական խոցելիության հաշվին։ Դա մեր հիմնական սկզբունքներից մեկն է։- Ինչպե՞ս եք ապահովում, որ Ձեր աշխատակիցները նույնպես առաջնորդվեն այս սկզբունքներով։- Մեր աշխատակիցների գնահատման համակարգը հիմնված չէ միայն վարկերի ծավալի վրա։ Մենք կարեւորում ենք վարկերի որակը, հաճախորդների կայունությունը եւ երկարաժամկետ հարաբերությունները։Աշխատակիցը իրավունք եւ պարտավորություն ունի ասել «ոչ», եթե վարկը վտանգավոր է հաճախորդի համար։ Սա մեր կորպորատիվ մշակույթի առանցքային մասերից է։- Ինչպե՞ս է ԱՐՖԻՆ-ը տեսնում իր դերը ֆինանսական համակարգում։- Մենք մեզ տեսնում ենք ոչ միայն որպես վարկատու, այլ որպես պատասխանատու ֆինանսական գործընկեր։ Մեր նպատակը մարդկանց եւ բիզնեսների զարգացումն է՝ առանց նրանց ապագան վտանգելու։Եթե դրա համար պետք է հրաժարվել շահույթի մի մասից, մենք պատրաստ ենք այդ քայլին։- Վերջում, ինչպե՞ս կձեւակերպեք ԱՐՖԻՆ-ի մոտեցումը մեկ նախադասությամբ։- Մենք ընտրում ենք ավելի փոքր շահույթ այսօր՝ հաճախորդների ֆինանսական կայուն ապագան ապահովելու համար։ Tweet Դիտում՝ 905