Կորպորատիվ կառավարման արդյունավետությունը Հայաստանում

20.12.2018 | 10:35 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#«Կորպորատիվ կառավարման կենտրոն» #Նարինե Մելիքյան
Ամբողջ աշխարհում լայնորեն կիրառվող կորպորատիվ կառավարման սկզբունքները Հայաստանում թեեւ ներդրվում են, սակայն սպասված արդյունավետությունը դեռ չունեն:

2002-ից Հայաստանում գործող «Կորպորատիվ կառավարման կենտրոն» հիմնադրամը համակարգի կայացումը դիտում է որպես տնտեսական ժողովրդավարության անհրաժեշտ նախադրյալ: Այդ նպատակով կենտրոնը տարիներ շարունակ աշխատանքներ է տանում հասարակության տարբեր հատվածների հետ՝ կորպորատիվ կառավարման սկզբունքների կարեւորությունը հասանելի դարձնելու նպատակով:

Banks.am-ը կենտրոնի տնօրեն Նարինե Մելիքյանի օգնությամբ ծանոթացել է կորպորատիվ կառավարման հենասյուներին, պարզել՝ ինչ քայլեր են ձեռնարկված եւ ինչ է դեռ անհրաժեշտ՝ Հայաստանում դրա արդյունավետությունը բարձրացնելու համար:

Ինչ է կորպորատիվ կառավարումը

Կորպորատիվ կառավարումն ընկերությունների կառավարման եղանակ է, որը ընկերությանը պարգեւատրում է ներդրումային գրավչությամբ, գործունեության արդյունավետության բարձրացմամբ, շահառուների վստահությամբ, եթե նրա գործունեությունը հիմնվում է արժեքային հետեւյալ հենասյունների վրա՝ արդարություն, պատասխանատվություն, հաշվետվականություն եւ թափանցիկություն:

Թափանցիկություն

Ընկերության բաժնետերերն ու շահառուները պետք է տեղեկացված լինեն ընկերության գործունեության ֆինանսական եւ ոչ ֆինանսական արդյունքների մասին: Ընդ որում, այդ տեղեկատվությունը պետք է բացահայտվի կանոնավոր հիմունքներով եւ այնպիսի ձեւաչափով, որ հասկանալի ու հասանելի է ընկերության բաժնետերերին ու շահառուներին:

Պատասխանատվություն

Ընկերությունը պատասխանատու է իր բաժնետերերի ու շահառուների առջեւ եւ նրանց նկատմամբ պետք է ցուցաբերի հավասար եւ արդար վերաբերմունք: Վերջին շրջանում ամբողջ աշխարհում ավելի է կարեւորվում շահառուների դերը, քանի որ ընկերությունների գործունեությունը կոլեկտիվ աշխատանքի արդյունք է, որտեղ մասնակցություն ունեն ոչ միայն բաժնետերերը, կառավարման մարմինները, այլեւ ընկերության շահառուները՝ աշխատակիցներ, հաճախորդներ, գործընկերներ, տեղական համայնք եւ այլն:

Հաշվետվողականություն

Ընկերությունների անունից հասարակության առջեւ հաշվետու է տնօրենների խորհուրդը: Եթե տնօրենների խորհուրդը հաշվետու է ընկերության բաժնետերերի ու լայն հասարակության առջեւ, ուրեմն այն պետք է ձեւավորի որոշակի հաշվետվողական համակարգ, որպեսզի ընկերության կողմից բացահայտվող հաշվետվությունները եւ տեղեկատվությունը լինեն հավաստի ու էական օգտատերերի համար:

Արդարություն

Ընկերությունը պետք է երաշխավորի, որ կառավարման յուրաքանչյուր մակարդակում որոշում կայացնողներն առաջնորդվում են կորպորատիվ էթիկայի հիմնարար սկզբունքներով եւ արժեքներով:

Ավելի պատկերավոր ասած՝ կորպորատիվ կառավարման հիմնարար սկզբունքները ընկերությունների կառավարման համակարգում կանխարգելում են այնպիսի արատավոր երեւույթների ծագումը, ինչպիսիք են ագահությունը, ծուլությունը, վախը: Եթե սրանք փորձենք մեկնաբանել կորպորատիվ կառավարման լեզվով, ապա ագահությունը, ընկերության, բաժնետերերի ու այլ շահառուների շահն անտեսելով եւ իրավունքները ոտնահարելով, կորպորատիվ որոշումների կայացումն է: Ծուլությունը խնդիրների բացառումն է, անգործությունը կամ պարտականությունների ոչ պատշաճ կատարումը: Վախն անկախ դատողության կորուստն է, տեղեկատվություն թաքցնելը, որոշումներ կայացնելիս առանց խնդրի էության մեջ խորանալու մեծամասնության նման քվեարկելը եւ այլն:

Հայաստանում

Հայաստանում արդյունավետ կորպորատիվ կառավարման հիմքերը դրվել են առաջին հերթին ֆինանսական հատվածում, որովհետեւ այն առնչվում է հանրային շահի հետ, եւ այստեղ ռիսկերն ավելի մեծ են:

ՀՀ Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ առաջին հերթին փոփոխվեց բանկային օրենսդրությունը՝ նրանում որդեգրելով Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) կորպորատիվ կառավարման սկզբունքները: Հիմնական փոփոխություններից էր այն, որ տնօրենների խորհուրդը եւ գործադիր մարմինը չպետք է փոխկապակցված լինեն, կարեւորվեց տնօրենների խորհրդի վերահսկողական գործառույթը եւ որ բանկերը պետք է ապահովեն թափանցիկության որոշակի մակարդակ:

Բանկերի համար այս սկզբունքներն ընդունելով՝ ԿԲ-ն դրանք աստիճանաբար տարածեց ֆինանսական հատվածի այլ մասնակիցների՝ապահովագրական ընկերությունների, վարկային կազմակերպությունների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների վրա:

«Հետեւի՛ր կամ բացատրի՛ր»

Հայաստանն ունի կորպորատիվ կառավարման իր կանոնագիրքը: Այն մշակվել է՝ առաջնորդվելով ՏՀԶԿ կորպորատիվ կառավարման սկզբունքներով: Կանոնագիրքը «փափուկ կարգավորում» է, քանի որ չունի պարտադիր բնույթ: Այն հիմնված է «հետեւի՛ր կամ բացատրի՛ր» սկզբունքի վրա: Այսինքն` այն ընկերությունները, որոնք միացել են Կանոնագրքին, պարտավոր են ներկայացնել տարեկան հայտարարագիր, թե կանոնագրքի որ սկզբունքներն են իրենց կողմից իրագործվում եւ բացատրություն տալ այն սկզբունքների մասին, որոնց իրենք դեռեւս չեն հետեւում:

ՀՀ կառավարության որոշմամբ՝ կանոնագիրքը տարածվեց պետական որոշակի ընկերությունների վրա: Նախաձեռնությունը դրական էր, բայց արդյունքները՝ ակնկալիքներից ցածր, ինչն ուներ իր օբյեկտիվ պատճառը: Կանոնագրքի ընդունմանը չնախորդեցին բացատրական եւ իրազեկման աշխատանքներ: Կորպորատիվ կառավարման ցածր իրազեկվածությունը հնարավորություն չտեւեց ընկերություններին ըմբռնել, որ կանոնագիրքն ընդունելով, կորպորատիվ կառավարման նկատմամբ գիտակցված մոտեցում ցուցաբերելով՝ իրենք հնարավորություն են ստանում բարելավել կառավարման իրենց համակարգը, կատարելագործել իրենց գործունեության ֆինանսական ու ոչ ֆինանսական արդյունքները:

Արդյունքում ընկերությունները (հատկապես պետականները) սկսեցին կանոնագրքին հետեւելու իմիտացիոն գործընթացը՝ իրենց համար փակելով կորպորատիվ կառավարմամբ ընձեռվող հնարավորությունները:

Անցած տարի Հայաստանը Եվրոպական միության հետ կնքեց Համապարփակ եւ Ընդլայնված Գործընկերության համաձայնագիր (CEPA), որում նախատեսվում է կորպորատիվ կառավարման միջավայրի հետագա զարգացում՝ միջազգային եւ մասնավորապես՝ ՏՀԶԿ-ի ստանդարտներին համապատասխան: Այսինքն՝ կանոնագրքին հետեւելու թեման չի կորցնում իր արդիականությունը:

Տնօրենների խորհուրդ

Ընկերությունների կորպորատիվ կառավարման համակարգի պատասխանատուն տնօրենների խորհուրդն է, իսկ վերջինիս արդյունավետությունը պայմանավորվում է դրա կազմով եւ կառուցվածքով: Այս հարցն այսօր, քան երբեւէ արդիական է նաեւ հայաստանյան ընկերությունների համար:

Շրջանառության մեջ է դրված բաժնետիրական ընկերությունների մասին օրենքի փոփոխության նախագիծը, ըստ որի՝ բաց բաժնետիրական ընկերությունների խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդը պետք է լինի անկախ (օրինագիծը տալիս է նաեւ անկախ տնօրենի սահմանումը): Անկախ տնօրենների դերը կարեւորվում է ընկերությունների երկարաժամկետ զարգացման, ռազմավարական առաջնորդման, վերահսկման միջավայրի ձեւավորման, իրավական ու հակակոռուպցիոն համապատասխանության, մինորիտար բաժնետերերի ու շահառուների իրավունքների պաշտպանության հարցերում:

Անկախ տնօրենների պատրաստման աշխատանքներով այսօր Հայաստանում ակտիվորեն զբաղվում է Տնօրենների հայկական ինստիտուտը:


Օրինագիծը բաց ընկերություններում նախատեսում է նաեւ աուդիտի հանձնաժողովի ձեւավորում, որը պետք է կազմված լինի բացառապես խորհրդի անդամներից, իսկ աուդիտի հանձնաժողովի նախագահը պետք է լինի խորհրդի անկախ անդամ: Աուդիտի հանձնաժողովը ընկերությունների ներքին հսկողության համակարգի կարեւոր բաղկացուցիչն է, որը երաշխավորում է ընկերության կողմից բացահայտվող տեղեկատվության արժանահավատությունը:

Այնուամենայնիվ, պարտադիր դրույթները չեն կարող լիարժեք արդյունավետ լինել, քանի դեռ ընկերությունները չեն գիտակցում կորպորատիվ կառավարման կառուցակարգի տնտեսական անհրաժեշտությունը: Այս ուղղությամբ դեռ շատ անելիքներ կան:

Կորպորատիվ կառավարման կենտրոնի գործունեությունը

Կենտրոնը հայաստանյան շուկայի մասնակիցներին առաջարկում է կորպորատիվ կառավարման համակարգի գնահատման (վերլուծության) ծառայություններ, համակարգի բարելավմանն ուղղված գործարար խորհրդատվության մատուցում, ուսուցումներ կորպորատիվ կառավարման թեմաներով, մասնագիտական գրականություն եւ հարակից այլ ծառայություններ:

Կենտրոնը սերտորեն համագործակցում է տեղական եւ միջազգային կառույցների հետ՝ Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիա (IFC), Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոն (CIPE), Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն (ԳՄՀԸ/GIZ):

Կենտրոնը ներկայում CIPE-ի աջակցությամբ իրականացնում է բիզնեսի հակակոռուպցիոն համապատասխանության վերաբերյալ ծրագիր, որի հիմնական բաղկացուցիչներն են խնդրի վերաբերյալ հայ գործարարների իրազեկության մակարդակի բարձրացումը, ինչպես նաեւ նրանց կողմից հակակոռուպցիոն համապատասխանության սեփական ծրագրի ներդրմանն աջակցումը:

Պատրաստեց Վիկտորյա Անդրեասյանը
Դիտում՝ 10882
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai