Անցնցում սերնդափոխություն բիզնեսում

13.11.2018 | 10:11 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Սամվել Գեւորգյան #BSC
Հայաստանում 1990-ականներին ձեւավորված բիզնես ընկերությունները մոտ երեք տասնամյակ անց կանգնել են լուրջ մարտահրավերի առջեւ՝ սերնդափոխություն: Արդեն որոշակի հաջողություններ գրանցած եւ լուրջ հիմքերի վրա դրված բիզնեսը երկրորդ սերնդին փոխանցելու ռիսկերի, ինչպես նաեւ այդ ռիսկերը հաղթահարելու եւ անցնցում սերնդափոխություն ապահովելու շուրջ Banks.am-ը զրուցել է «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն (BSC) խորհրդատվական ընկերության հիմնադիր տնօրեն, «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գրքի հեղինակ Սամվել Գեւորգյանի հետ:

90-ականներ. առաջին սերունդ

1990-ականների առաջին տարիներին՝ խորհրդային կարգերի փլուզումից հետո, Հայաստանի տնտեսության մեջ առաջացած նոր իրականության, գործարար հարաբերությունների, բիզնես մշակույթի եւ գործիքակազմի բացակայության պայմաններում առաջ եկավ երիտասարդ գործարարների մի շերտ, որն էլ ձեւավորեց հայկական բիզնեսի միջուկը:

Հաշվի առնելով այդ տարիներին երկրի շրջափակումը եւ ապրանքների դեֆիցիտը՝ երիտասարդ գործարարների զգալի մասը սկսեց զբաղվել ապրանքների ներկրումով: Հաջորդ խումբը կազմում էին փոքր արտադրողները, որոնք հենվում էին խորհրդային տարիներից մնացած արտադրամասերի մնացուկների վրա կամ հիմնում նորերը եւ իրենց ապրանքն արտահանում հետխորհրդային պետություններ:

Հատկանշական է, որ իրենց առաջին քայլերն անող այս գործարարներն անգամ համապատասխան բիզնես կրթություն չունեին:


«Այդ տարիներին բիզնես գրականություն, որպես այդպիսին, գրեթե հասանելի չէր, արտասահմանի հետ շփումներ չկային, նոր՝ շուկայական հարաբերությունների իրականության պայմաններում անգամ խորհրդատուներ չկային, համացանցի մասին խոսելն էլ դեռ վաղ էր: Արդյունքում նրանք ստիպված էին զբաղվել ինքնակրթությամբ, սովորել սեփական բիզնես գործունեության, սեփական փորձի, սեփական սխալների վրա»,- պատմում է BSC ընկերության հիմնադիր տնօրեն Սամվել Գեւորգյանը:

1990-ականների կեսերից որոշակի կրթական շփում սկսվեց արտասահմանի հետ, այդ թվում՝ շնորհիվ Հայաստանում բացված Ամերիկյան եւ ավելի ուշ արդեն Ֆրանսիական համալսարանների: Նրանց գրադարանները դարձան նոր բիզնես իրականությանը ծանոթանալու հնարավորություն, գործարարների առաջին սերունդը սկսեց ինքնակրթվել՝ մասնագիտական գրականություն կարդալով: Եվրամիությունը եւ USAID-ն սկսեցին Հայաստանում իրականացնել խոշոր ծրագրեր, որոնց շրջանակում Հայաստան էին այցելում փորձագետներ եւ գործարարներ ու կիսվում փորձով: Ավելի ուշ սկսեց զգացվել համացանցի շունչը, որն ապահովեց գրականության եւ ինֆորմացիայի մեծ հոսք: Բացի այդ, տեղում բացվեցին բիզնես խորհրդատվական կազմակերպություններ, որոնք սկսեցին տարբեր թեմաներով թրեյնինգներ կազմակերպել:

Արդյունքում, 90-ականներին ձեւավորված բիզնեսների հիմնադիրները կուտակեցին լուրջ գիտելիք՝ հիմնված հիմնականում սեփական փորձի վրա, եւ այսօր նրանց մի մասը զգալի հաջողությունների է հասել:
 
Քառորդ դար անց

Իրենց բիզնեսի հիմնադրումից մոտ 25 տարի անց, սակայն, արդեն փորձառու գործարարների առջեւ նոր մարտահրավերներ են կանգնած, երբ փոխվել են բիզնեսի կանոնները, մոտեցումները, գործիքները, տարեցտարի կտրուկ փոփոխությունների է ենթարկվում արտաքին ու ներքին միջավայրը:

Նոր իրականությունում այլ է հաճախորդների մտածելակերպը, փոխվել են նրանց  պահանջմունքները, կարիքները, փոխվել են մրցակիցները: Փոխվել է ամեն ինչ…

Օրինակ, 21-րդ դարում հյուրանոցային ոլորտի ամենակարեւոր դերակատարներից է Booking.com-ը, որը, ինչպես ասում են, «աշխարհի ամենամեծ հյուրանոցային ցանցն է՝ առանց մեկ հյուրանոցի»: Ավանդական տաքսի ծառայություններին մրցակցային առումով ճնշում է Uber-ը, իսկ Հայաստանում gg-ն՝ «տրասնպորտային ծառայություններ առանց մեկ մեքենայի» սկզբունքով:

«Ֆորմատն ամբողջությամբ փոխվել է. «օդից» հայտնվում են այդպիսի մրցակիցներ, եւ այս ավանդական բիզնեսմենները չեն պատկերացնում՝ ինչպես կարողացան մյուսներն իրենցից առաջ անցնել»,- ասում է Սամվել Գեւորգյանը՝ հավելելով, որ որոշակի կոնցեպտով հիմնադրված փոքրիկ սրճարանն այսօր կարող է մրցակից դառնալ լուրջ ներդրման արդյունքում բացված ավանդական ռեստորանի համար:

Արդյունքում նման իրավիճակը երկընտրանքի առջեւ է կանգնեցրել որոշակի փորձ կուտակած գործարարների առաջին սերնդի ներկայացուցիչներին: Բացի առաջ եկած նոր իրավիճակից, մոտ 25 տարվա ակտիվ գործունեությունից հետո նրանք ունեն իրենց սեփական ակնկալիքները:

50-ից հետո. ակնկալիքներ

«90-ականներին ձեւավորված գործարարների առաջին սերունդն այսօր հասել է որոշակի տարիքի եւ նախընտրում է առավել հանգիստ բիզնես կյանք վարել»,- ասում է Սամվել Գեւորգյանը:

Մասնավորապես, նրանք ակնկալում են իրենց տարիների փորձը կիսել երիտասարդների հետ եւ զերծ մնալ օպերացիոն կառավարումից՝ աշխատակիցների հետ անմիջական շփումներից, արտադրական գործընթացից:

Փոխարենը նրանք ցանկանում են իրենց հիմնադրած ընկերությունում ստանձնել խորհրդատուի կամ վերահսկողի դեր, որը ենթադրում է ավելի հանգիստ, սակայն դեռեւս պատասխանատու միջավայր:

Հայաստանում ձեւավորված կորպորատիվ կառավարման նոր մշակույթի պայմաններում հիմնվում են խորհուրդներ, եւ հիմնադիրները մոտ 30 տարվա ակտիվ գործունեությունից հետո ակնկալում են նման խորհուրդներում ստանձնել նախագահի դեր:

Այս ամենին զուգահեռ, հիմնադիրներն ակնկալում են, որ արդեն որոշակի հիմքերի վրա դրված բիզնեսը կընթանա անխափան հունով, ինչը ստեղծված նոր իրականության պայմաններում չափազանց ռիսկային է:

Ի վերջո, նրանք ունեն ժառանգներ, որոնց նախատեսում են փոխանցել իրենց տարիների աշխատանքը: Հենց այստեղ առաջ են գալիս լուրջ ռիսկեր եւ վախեր: Ինչպե՞ս ապահովել անցնցում սերնդափոխություն:

Միջազգային փորձ

Որպես օրինակ՝ մեր զրուցակիցը ներկայացնում է եվրոպական, մասնավորապես Իտալիայի փորձը. այստեղ մեծ թիվ են կազմում ընտանեկան բիզնեսները, որոնք ունեն ավելի քան 100 տարվա պատմություն:

Ինչպե՞ս է իրականացվում սերնդափոխությունը: «Նախ ժառանգը ստանում է համապատասխան կրթություն: Այնուհետեւ, գալիս է գործարան, եւ անկախ այն բանից, թե ինչ համալսարան է ավարտել, սկսում է փաթեթավորումից, այսպես ասած՝ «բեռնակիր» աշխատանքից, ստորին մակարդակից,- պատմում է Սամվել Գեւորգյանը:- Հաջորդ փուլում ապագա տնօրենը մտնում է արտադրության մեջ, հետո սկսում է հաճախորդերի հետ աշխատել, հետո ֆինանսների: Այդպես, երկու-երեք տարվա ընթացքում պատրաստվում է՝ դառնալու այդ ընկերության կառավարիչ»:

Հայաստանում իրավիճակը կտրուկ տարբերվում է. որպես կանոն (առանձին բացառություններով)՝ ժառանգի տեղն ընկերությունում արդեն սահմանված է, եւ դա հենց տնօրենի պաշտոնն է:

Սա իր հետ բերում է լուրջ ռիսկեր, որովհետեւ երկրորդ սերունդը չունի այն փորձը, որ կուտակել էին իրենց ծնողները տարիների ընթացքում: Մինչդեռ արագ փոփոխվող աշխարհում առանց այդ փորձի՝ սերնդափոխությունը դառնում է լուրջ մարտահրավեր բիզնեսի ապագայի համար:

Լուծումներ

Բիզնեսում անցնցում սերնդափոխություն ապահովելու համար Սամվել Գեւորգյանը գործարարներին առաջարկում է համատեղ աշխատանք իրականացնել մի քանի ուղղություններով:

Մի կողմից, BSC-ն առաջարկում է աշխատել բիզնեսի հիմնադիրների հետ, նրանց  նախապատրաստել, այդ թվում՝ հոգեբանորեն, սպասվող փոփոխություններին: Ընդ որում, նրանց հետ աշխատանքը պետք է լինի ոչ թե գիտելիքի փոխանցման, այլ ավելի շուտ ուղղորդման, փոփոխությունների կառավարման տեսքով:

«Նրանց պետք է նախապատրաստել, որ, միեւնույն է, սերնդափոխությունն անխուսափելի է, եւ որքան շուտ պատրաստվել դրան, այնքան անցնցում կլինի փոխանցման գործընթացը»,- ասում է Սամվել Գեւորգյանը:

Զուգահեռ պետք է աշխատանք տանել հիմնադիրների ժառանգների հետ, այսինքն՝ այն երկրորդ սերնդի, որին պետք է փոխանցվի բիզնեսը: Այս ուղղությամբ պետք է կիրառել լուրջ գործիքակազմ՝ սկսած թրեյնիգների միջոցով փորձառության եւ գիտելիքի փոխանցումից, մինչեւ անհատական խորհրդատվություն:

Արդյունքում, Սամվել Գեւորգյանը համոզված է, որ անհրաժեշտ հոգեբանական պատրաստվածության եւ գիտելիքի առկայության պայմաններում հնարավոր է կանխել բիզնեսում սերնդափոխության գործընթացի՝ հաճախ ցավոտ հետեւանքները:

«Շատ ծնողներ վախենում կամ խուսափում են սերնդափոխությունից՝ մտածելով, որ երեխաները չեն կարող իրենց գործը շարունակել: Մինչդեռ փորձը ցույց է տալիս, որ շարունակում են ու շատ ավելի լավ, որովհետեւ երիտասարդ են, ժամանակակից, որովհետեւ ավելի բաց են եւ ընկալունակ նոր տեխնոլոգիական մոտեցումներին: Ու սա հիմք ընդունելով՝ մենք կապահովենք անցնցում սերնդափոխությունը բիզնեսում»,- ամփոփում է Սամվել Գեւորգյանը:

Վիկտորյա Անդրեասյան
Դիտում՝ 7227
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai