Մոմիկի զարդանախշերը՝ հագուստի վրա

24.10.2018 | 09:27 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Արմինե Աղաջանյան #Մոշ ստուդիո
Մասնագիտությամբ թուրքագետ Արմինե Աղաջանյանը ժամանակին «սխալմամբ» է հայտնվել այդ ֆակուլտետում: Ի սկզբանե արվեստագետ դառնալ ցանկացողին մինչ օրս դիմում են «Արվեստ» մականունով:

Ճարտարապետ-նկարչի ընտանիքում ծնված լինելը հետագայում թողեց իր հետքը: Արմինեն, որը մանկուց սիրում էր նկարել եւ ձեւել մայրիկի շորերը, արդեն 9 տարի է՝ հայրենի Եղեգնաձոր քաղաքում զբաղվում է սեփական բիզնեսով:

«Մոշ ստուդիո» անունը կրող նորաձեւության սրահում նկարում են հագուստի եւ աքսեսուարների վրա: Ասում է՝ թուրքագետի մասնագիտությունն էլ է որոշ չափով օգնել, քանի որ ամեն անգամ հագուստի պիտակի վրա կարդալով «Պատրաստված է Թուրքիայում»՝ որոշել է անպայման ունենալ իր տեղական արտադրանքը.


«Այն, ինչ ունեմ այսօր, մանկությանս երազանքն է, անգամ շարադրություն ունեմ գրած 2001-ին, թե ինչ կլինի 2010-ին: Այնտեղ նկարագրում եմ հենց այն ամենը, ինչ ունեմ այսօր»,- անկեղծանում է Արմինեն:

Ասում է՝ իր բրենդի սկզբունքն է «հայկական արտադրանք, որի վրա պարտադիր կա ձեռքի գործ»: Մանկուց ունեցել է նախընտրելի գունային գամմաներ, այդ պատճառով էլ դժվար է զանազանել նրա կիրառած գույները. «Գույները խառնած եմ սիրում, հստակ գույներ չեմ սիրում: Ինձ համար այն գույնն է հաճելի, որին նայելով՝ մտածում ես, թե ինչ գույն է»:

«Մոշ ստուդիոն» համագործակցում է Վայոց ձորի վարպետների հետ՝ հելյունագործներ, ասեղնագործներ, ազգագրագետներ: Արմինեն ասում է, որ ունեն ազգագրագետ, որն իրենց օգնում է խորհուրդներով, պատմում, թե որ նախշն ինչ է նշանակում:


Վայոց ձորում ստեղծագործողներին ուզում են հանրությանը ներկայանալու հնարավորություն տալ: «Տանը նստած հելյունագործին, ում ոչ ոք չի գնահատել, ես ցանկանում եմ հարթակ տրամադրել»,- նշում է Արմինեն՝ հավելելով, որ առաջիկայում ունենալու են նաեւ ծիսական տիկնիկներ:

Բիզնեսին հասնելու ճանապարհը լի էր անակնկալներով: Դրանցից էր Արմինեի ստեղծագործական կյանքի մեծագույն բացահայտումը:

«Ես ուսումնասիրեցի մեր վայոցձորյան ճարտարապետության զարդանախշերը ու գտա Մոմիկից կիսաքանդված մի խաչքար, որի վրա եզակի զարդանախշ կար: Ուսումնասիրեցի ամեն մի դետալը, սարքեցի վեկտորային տարբերակները: Զարդանախշը սերմ է, որը ծլում, դառնում է կոկոն, դառնում ծաղիկ, հետո նորից սերմն ընկնում է, ու կրկնվում նույնը: Դա կինն է, պտղաբերությունն ու հավերժությունը: Զարդանախշը նույնությամբ տեղադրեցի իմ կարած զգեստների, պայուսակների վրա»,- պատմում է մեր զրուցակիցը:


Ուշագրավ է, որ պեղումների ժամանակ հենց նրա հայրն է գտել Մոմիկ ճարտարապետի տապանաքարն Ուլգյուրում, որի վրա վերջինիս մոր, եղբոր, քրոջ մահվան թվերն են գրված՝ բոլորինը՝ նույն օրը: Թեպետ նույն զարդանախշը նկարելուց արդեն փոքր-ինչ հոգնել է, սակայն ասում է՝ պահանջարկը գնալով մեծանում է: Հենց դա է պատճառը, որ զարդանախշի շնորհիվ մի քանի ժամում ունեցել են իրենց ամենամեծ եկամուտը. «Ուզում եմ այդպիսով շեշտել Մոմիկի՝ վայոցձորցի լինելը, քանի որ շատ ասեկոսեներ կան, թե նա, օրինակ, չինացի է եղել»:

Արմինեն այժմ ուսումնասիրում է Մոմիկի մյուս զարդանախշերը՝ պատրաստելու մեծ հավաքածու: Առհասարակ որոշել է զբաղվել հայկական ճարտարապետության զարդանախշերի ուսումնասիրությամբ եւ նախընտրում է բուսային-ծաղկային զարդանախշերը. «Ինձ մոտ ծաղկային-ռոմանտիկ թեմատիկա է, ուզում եմ ավելի խորացնել դեպի ազգայինը: Ուզում եմ նռան թեմայից դուրս գալ, այնքան ենք տեսել, որ արդեն անգամ տուրիստներին է տհաճ: Իսկ այդ զարդանախշերը եւ՛ նոր են, եւ՛ ինֆորմացնող»:


Ցուցահանդեսներին հետաքրքրվում են՝ Երեւանում «Մոշ ստուդիոն» մասնաճյուղ ունի՞, թե՞ ոչ: Արմինեի խոսքով՝ զարմանում են, երբ իմանում են, որ այն Եղեգնաձորում է:

Այսօր կանանց ներգրավվածությունը բիզնեսում, ըստ Արմինեի, արդեն որոշ չափով լուծված խնդիր է: Ամեն դեպքում կարծում է, որ փոքր-ինչ բարդ է հատկապես ամուսնացած կանանց համար: Ասում է՝ շատերը դրան որպես երազանք են նայում:

Խոսում է նաեւ մայր լինելու ու բիզնեսը համատեղելու մասին: 12-ամյա որդին նույնպես զարդանախշեր է նկարում, որոնք Արմինեն որոշել է ներառել մանկական հավաքածուի մեջ:

Տեքստն ու լուսանկարները՝ Նելլի Պետրոսյանի
Դիտում՝ 12653
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai