Մենք ինտեգրվում ենք OMX-ին, եւ ոչ թե “ծախվում” նրան Պարզաբանում է Հայաստանի ֆոնդային բորսայի գործադիր տնօրենը

12.09.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

"Կապիտալ"(Երեւան), 11.09.07.

Զարգացած շուկայական տնտեսություններում ֆոնդային բորսաները կարեւոր նշանակություն ունեցող կառույցներ են եւ, կարելի է ասել, տնտեսական անցուդարձի կենտրոնն են, քանի որ այստեղ են շուկան պայմանավորող հիմնական ազդակները, որոնք շղթայական էֆեկտ են ունենում ողջ տնտեսության վրա: Ավելի բարձր մակարդակում, երբ այդ բորսաները միջազգային են եւ իրենց մասշտաբներով ընդգրկում են տնտեսապես առաջատար երկրների ընկերությունները, այստեղից հաղորդվող ազդակները կարող են պայմանավորել համաշխարհային տնտեսության ընթացքը: Հայաստանն այս առումով առայժմ հետնապահների շարքերում է: Սակայն կապիտալի միջազգային շուկաներին ինտեգրվելու ընդամենը վերջերս սկսած գործընթացը` կապված շվեդական բորսային օպերատոր OMX-ի` մեր երկրի ֆոնդային բորսան ձեռք բերելու մտադրության հետ, իրական հույսեր է արթնացնում, որ հայկական ընկերությունների մասնակցությունը միջազգային տնտեսական կյանքին կարող է նոր ընթացք ստանալ: Միայն թե մասնակցությունից առաջ անհրաժեշտ է շուկան համապատասխանեցնել նոր պահանջներին: Հայաստանի ֆոնդային բորսայի գործադիր տնօրեն Արմեն Մելիքյանի հետ հարցազրույցում մենք փորձել ենք պարզել, թե ի՞նչ կարելի է ակնկալել OMX-ի Հայաստան գալուց, եւ որքանով ենք մենք պատրաստ դրան:

- Շվեդական OMX ընկերության մուտքը Հայաստան մեծ աղմուկ բարձրացրեց, եւ միանգամից հույսեր արթնացան, որ մեր արժեթղթերի շուկան կարող է արագ ակտիվանալ: Որքան են իրական այդ հույսերը, եւ իրականում ի՞նչ կարելի է ակնկալել նոր բորսային օպերատորից:

- Նախ պետք է հասկանալ, որ շուկաները զարգանում են, ինտեգրացման գործընթացներ են տեղի ունենում, որոնց դեմ կանգնել չի կարելի, եւ ինքներս երկու ելք ունենք. կամ զարգանալ ինքնուրույն, որը հայտնի չէ, թե երբ կլինի, կամ մասնակցել ինտեգրման գործընթացներին: Ես ուզում եմ, որ ՙինտեգրվելը՚ ճիշտ հասկացվի եւ չընկալվի որպես ՙծախվել՚: Այսինքն մենք մտնում ենք մի դաշտ, որտեղ կա շուկա: Մենք այսօր խոսում ենք, որ մեր բնակչության մոտ կան խնայողություններ, որոնք ուշ թե շուտ պետք է դուրս գան: Եվ, բնականաբար, եթե մենք չունենք համապատասխան գործիքներ, որ կարողանանք առաջարկել բնակչությանը, մեր ներդրողները կգտնեն այդ գործիքները դրսում: Եթե մենք ինտեգրվենք որեւէ շուկայի, ապա արգելել այդ միջոցների արտահոսքը կամ պայքարել դրա դեմ, չի կարելի, որովհետեւ կապիտալը պետք է անընդհատ շարժվի: Բայց արդեն կապիտալը դուրս է գալիս մեր միջոցով եւ նույն հաջողությամբ այն կարող է նաեւ ներհոսել: Այսինքն` կապիտալի համար լուծվում է սահմանների` երկկողմանի բաց լինելու խնդիրը: Մյուս կարեւոր օգուտը, որ կարելի է քաղել ինտեգրումից, միջազգային պրակտիկայի վրա հիմնված փորձն է: Իհարկե, մենք ինքներս կարող ենք ուսումնասիրել այդ փորձը, եւ ինքնուրույն անել այդ ամենը, բայց դա ահռռելի ներդրումների հետ է կապված: Բացի դրանից, ինտեգրումը OMX-ի նման զարգացող կառույցին արդեն իսկ ենթադրում է համապատասխանություն ընդհանուր խաղի կանոններին, անհրաժեշտ ժամանակակից մեխանիզմների առկայություն եւ, իհարկե, զարգացում եւ առաջընթաց այդ կառույցին համընթաց: Իմ դիտարկմամբ` Հայաստանում կան խոշոր ընկերություններ, որոնք իրենց ռազմավարական խնդիրները լուծելու համար ունեն խոշոր ներդրումների անհրաժեշտություն: Իսկ այդ ներդրումները, ինչպես բոլորիս է հայտնի, ունեն ֆինանսավորման երկու հիմնական աղբյուրներ` բանկեր եւ կապիտալի շուկա: Ֆինանսական ռեսուրսների ներգրավումները Հայաստանի կապիտալի շուկայում իրականացնելու համար առաջին հերթին մեր թողարկողները պետք է կարողանան վստահեցնել ներդրողներին, որ իրենք թափանցիկ ու բաց են աշխատելու եւ ունեն զարգացման հեռանկարներ: Մենք բոլորս հասկանում ենք, որ Հայաստանի պարագայում ներդրողներին վստահեցնելը եւ համոզելը բավական դժվար գործընթաց է լինելու, ինչը պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Առաջին եւ ամենամեծ բացթողումը դեռեւս սեփականաշնորհման ժամանակ մեր բնակչությանը չբացատրելն էր, թե ինչ է բաժնետոմսը եւ դրանից բխող հետեւանքները: Անվստահության մթնոլորտը, որ ստեղծվեց այդ ամենի արդյունքում անցումային տնտեսությանը բնորոշ անխուսափելի գործընթացն էր, որի հետեւանքները, սակայն, կարելի էր նվազեցնել: Հիմա ունենք այն, ինչ ունենք, եւ ընդամենը սխալները հիշել է պետք` դրանք չկրկնելու համար: Այս պայմաններում OMX-ի մուտքը Հայաստան մեր կողմից ողջունելի պետք է լինի, եւ մենք առավել, քան OMX-ի ղեկավարությունը, պետք է շահագրգիռ լինենք այդ գործընթացի հաջող ավարտով: OMX-ը լավ հնարավորություն է մեր ընկերությունների համար, քանի որ OMX-ի հարթակին հայտնված ցանկացած ընկերություն, արդեն իսկ ենթադրվում է, որ պետք է համապատասխանի որոշակի չափորոշիչների: Իսկ դա մեծ հնարավորություններ է ստեղծում ֆինանսական ռեսուրսների ներգրավման համար, որովհետեւ ներդրողին այդքան էլ չի հետաքրքրում, թե որտեղ է տեղակայված այդ ընկերությունը: Նրա համար բավարար է միայն, որ ընկերությունը ցուցակված է տվյալ բորսայում, քանի որ դա ենթադրում է համապատասխանություն անհրաժեշտ պահանջներին, եւ նաեւ թափանցիկ ու հասանելի ձեւով ներկայացված ֆինանսական հաշվետվությունները: Այս տեսանկյունից հատկապես օտարերկրյա ներդրումների մասով OMX-ի ընտանիքին ինտեգրվելը մեզ մեծ հնարավորություններ կտա, որովհետեւ OMX-ը, չնայած իր երիտասարդ տարիքին, արդեն ճանաչված եւ վստահելի անուն է Եվրոպայում: Հիմա խնդիրը հետեւյալն է. արդյո՞ք մեր գործարարները կվստահեն այդ շուկային: Հայաստանի կապիտալի շուկային չէին վստահում, դա հասկանալի է, եւ դրա համար մեծ ժամանակ կպահանջվեր: Վերջին շրջանում պարտատոմսերի թողարկման եւ նաեւ բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխման մտադրությունների հետ կապված մի շարք ընկերությունների ակտիվությունը, իմ կարծիքով, առաջին հերթին հենց OMX-ի գործոնով է պայմանավորված: OMX-ը էապես կհեշտացնի մեր ընկերությունների խնդիրը, որոնք հակառակ պարագայում, ստիպված կլինեին դուրս գալ արտասահմանյան հարթակներ, բայց շատ ավելի մեծ դժվարության եւ ծախսերի արդյունքում: Շվեդական բորսային օպերատորի մուտքը մեր կապիտալի շուկա միանշանակ բարերար ազդեցություն կարող է ունենալ: Ես, համենայն դեպս, որեւէ վտանգ չեմ տեսնում:

- Իսկ զգուշավորություն պետք չէ՞, որպեսզի մեր ընկերությունները սխալ գնահատման արդյունքում ՙոչ շահավետ՚ պայմաններով չվաճառվեն օտարերկրյա ներդրողներին, որի համար հետո զղջանք. չէ՞ որ մենք այդ դառը փորձը ունենք:

- Եթե մենք իսկապես ճիշտ չգնահատենք, թե ինչքան արժեն մեր ընկերությունները, իհարկե հետո զղջալու առիթ կունենանք: Բայց մեր գործարարները լավ գիտեն իրենց ընկերության եւ ընկերության բաժնետոմսերի իրական արժեքը, եւ ինձ չի թվում, որ նրանք կխաբվեն օտարերկրյա կապիտալին: Իսկ արտասահմանյան ներդրողների` հայկական ընկերությունների նկատմամբ ցուցաբերվող ակտիվությունը վերջին շրջանում առավելապես պայմանավորված է հենց այն հանգամանքով, որ մեր ընկերությունների արժեքը այս պահին թերագնահատված է, եւ արտասահմանյան ներդրողները փորձում են օգտվել այդ պահից, քանի դեռ OMX-ը չի հաստատվել Հայաստանում: Սա իհարկե օբյեկտիվ գործընթաց է, եւ անպայման կողմերից մեկը պետք է ավելի շատ շահի: OMX-ի ընտանիքին ինտեգրումը կտա այս բոլոր հարցերի պատասխանները, քանի որ դրա արդյունքում կձեւավորվեն իրական գներ: Ես միայն ողջունում եմ այն փաստը, որ մենք առաջինն էինք տարածաշրջանում, եւ դա մյուս երկների համեմատ մեր ունեցած առավելության արդյունքն է: Վստահ կարող եմ ասել, որ այսօր կապիտալի շուկայի զարգացման համար անհրաժեշտ ենթակառույցների ու կադրային ռեսուրսների ներուժի առումով մենք միանշանակ առաջատար ենք: Այնպիսի ֆոնդային բորսա` իր կադրային պատրաստվածության եւ տեխնիկական զինվածության մակարդակով, այնպիսի կենտրոնական դեպոզիտարիա` իր աշխատանքային մեխանիզմներով եւ այնպիսի կենտրոնական բանկ` իր ֆինանսական վերահսկողության արդյունավետ եւ բարձր մակարդակով, ինչպիսին մերն է, տարածաշրջանում չկա:

- Մոտ ապագայում շեշտակի ակտիվացում ակնկալելը մեր կապիտալի շուկայում որքանո՞վ է իրատեսական, եթե հաշվի առնենք նաեւ վերջին զարգացումները:

- Իմ կարծիքով մի քանի ընկերություններով կապիտալի շուկան չի կայանա: Առաջին հերթին պետք է ունենանք շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցներ, այսինքն բրոքերներ, որոնք պետք է դառնան կապիտալի շուկայի շարժիչ ուժը: Որովհետեւ հենց բրոքերներն են թողարկողին եւ ներդրողին կապող օղակը: Բրոքերները պետք է համոզեն ազատ ֆինանսական ռեսուրսներ ունեցող սուբյեկտներին ներդնել դրանք` կարողանալով միաժամանակ վստահեցնել, որ այդ ներդրումներն արդյունավետ են: Մյուս կողմից` պետք է կայանա նաեւ ներդնելու մշակույթը, այսինքն` պետք է ձեւավորվի նաեւ շուկայի մասնակիցների մյուս խավը: Այս ամենը համալիր գործընթացների փոխկապակցված համակարգ է, առանց որի առանձին բաղկացուցիչների կայացման ակնկալել կապիտալի շուկայի զարգացում հնարավոր չէ: OMX-ը չի մշակելու այս մեխանիզմները: Այն նպաստավոր հրապարակ է դառնալու լավագույնս օգտագործելու մեր հնարավորությունները, իսկ այդ հնարավորությունները պետք է ստեղծենք մենք: Բոլոր անհրաժեշտ նախապայմանները դրա համար կան: Դեռեւս հինգ տարի առաջ մեր ֆոնդային բորսայում տեղայնացվեց այն նույն առեւտրային համակարգը, որով հիմա աշխատում է ռուսական ֆոնդային բորսան` PTC-ը: Այսինքն`տեխնիկական մասով մենք պատրաստ ենք, եւ խնդիրը շուկայի մասնակիցներ ունենալն է:

- Իսկ ո՞վ պետք է լուծի այդ խնդիրը, ո՞վ պետք է բարձրացնի բնակչության շրջանում իրազեկության մակարդակը:

- Խնդիրը համախմբված մոտեցում է պահանջում, եւ մեկ կողմի լուծելիք չէ: Այն պետք է անի ե°ւ կենտրոնական դեպոզիտարիան, ե°ւ ֆոնդային բորսան, ե°ւ կենտրոնական բանկը ե°ւ, ինչու չէ, նաեւ ընկերությունները: Բայց այնուամենայնիվ ես խնդիրը առավելապես տեսնում եմ բրոքերների եւ դիլերների ինստիտուտի կայացման մեջ:

- Կորպորատիվ կառավարման ներկա մակարդակը թույլ կտա՞ մեզ բավարարել միջազգային չափորոշիչների վրա հիմնված պահանջները:

- Կորպորատիվ կառավարման ներկա մակարդակը մեր ցավոտ կողմերից մեկն է, եւ միջազգային շուկաներում մասնակցություն ունենալու առաջնային պահանջներից մեկը հենց դա է: Ցավոք, կորպորատիվ կառավարման ներկա մակարդակը ընդհանուր առմամբ ես կասեի ոչ թե զրոյական, այլ բացասական է: Յուրաքանչյուր ընկերություն, որ ցանկություն կունենա մասնակցել կապիտալի շուկային, առաջին հերթին պետք է բավարարի հենց այդ պահանջը: Դա բորսայում ներկայանալու կարեւոր պայմաններից մեկն է: Իսկ ներդրողի համար արդեն ենթադրելի է, որ եթե ընկերությունը թույլատրված է բորսայում, հետեւաբար նա ապահովել է այդ պայմանը եւս:

- Մենթալիտետի խնդիր կա՞, արդյոք, մի կողմ դնելու “ես եմ”, “իմն է” մոտեցումն ու քայլել ժամանակի իրական պահանջներին համընթաց:

- Այդ բոլոր հարցերի պատասխանը տրվում է կորպորատիվ կառավարման ընձեռած հնարավորություններով: Ամենեւին էլ պարտադիր չէ ունենալ գերակշռող բաժնեմաս: Պատկերացրեք մի ընկերություն, որն ունի հիսուն հազար բաժնետեր: Դա արդեն իսկ մի յուրօրինակ կուսակցություն է եւ հետեւաբար` մի հզոր միասնություն: Ես այդ առիթով միշտ մի օրինակ եմ բերում. եթե հունական OTE ընկերությունը “ԱրմենՏելի” բաժնետոմսերի ասենք տասը տոկոսը վաճառեր բնակչությանը եւ, ենթադրենք, հիսուն հազար հոգի լիներ այդ տասը տոկոսի բաժնետերը, ապա պատգամավորները հազիվ թե հակադրվեին “ԱրմենՏելի” կողմից սակագների բարձրացմանը, որովհետեւ այդ կերպ նրանք գործ կունենային իրենց վստահության քվե տված ընտրողի հետ: Բայց մեր գործարարներին մեղադրել “պահպանողական” մտածելակերպի համար չի կարելի, որովհետեւ անցած տասնհինգ տարիների փորձը ցույց է տվել, որ մանր բաժնետերերը, շատ դեպքերում չգիտակցելով, թե իրականում ինչ է բաժնետոմսը եւ ինչ նպատակի է այն ծառայում, ավելի շատ խանգարել են այդ գործարարներին առաջ տանելու իրենց բիզնեսը, իսկ վերջիններս ստիպված են եղել գնել այդ բաժնետերերի բաժնետոմսերը` ազատվելով նրանցից: Այդպես նրանք վարվել են տվյալ ժամանակի իրավիճակից ելնելով: Դա բերում է նրան, որ կրթել պետք է նաեւ ներդրողին:

- Քանի՞ ընկերություն է ներկայումս ցուցակված Հայաստանի ֆոնդային բորսայում:

Ներկայումս մեր ֆոնդային բորսայում ցուցակված են բաժնետոմսեր թողարկած քսանյոթ ընկերություն եւ պարտատոմսեր թողարկած երեք ընկերություն: Պարտատոմսեր թողարկած եւս երկու ընկերություն գրանցման ընթացքում են:

- Այս տարվա գարնանը տեղեկատվություն տարածվեց, որ OMX-ը կարող է միավորվել ամերիկյան NASDAQ-ին, իսկ բոլորովին վերջերս արաբական Borse Dubai-ը հայտարարեց OMX-ը ձեռք բերելու մտադրության մասին: Ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ այս միավորումները մեր տնտեսության վրա եւ ինչպիսի՞ ելքն է մեզ համար նախընտրելի:

- Սրանք գլոբալ զարգացումների օբյեկտիվ դրսեւորումներ են, եւ ամենեւին էլ պետք չէ ցավագին ընդունել: Ընդհակառակը, այս միավորումների արդյունքում շուկաները մոտենում են իրար եւ դառնում ավելի հասանելի: OMX-ի նկատմամբ հետաքրքրությունը բնական երեւույթ է, քանի որ այն համեմատաբար երիտասարդ կառույց լինելով` մեծ ներուժ ունի: Մեզ համար նշված երկու ելքերն էլ հավասարապես ընդունելի են, որովհետեւ անկախ սեփականատիրոջից` “OMX-ը մնալու է OMX”` իր տեխնոլոգիաներով եւ գաղափարախոսությամբ: Ըստ էության շարժառիթը ոչ թե եղած համակարգը ձեռք բերելն է ` այն վերափոխելու համար, այլ բիզնեսի սահմանների բացումը եւ շուկանների ընդլայնումը:

- Ձեր կարծիքով` ե՞րբ կավարտվի OMX-ի գործարքը: Գործարքի արժեքի մասին ի՞նչ կարող եք ասել:

- Արժեքի մասին ոչինչ չեմ կարող ասել: Ի վերջո այսօր մեզ համար կարեւորը գործարքի արժեքը չէ, այլ վերջնականապես OMX-ի ընտանիքին ինտեգրվելը, որում ամեն գնով պետք է շահագրգռված լինենք: Մենք մեծ ծավալի աշխատանքներ ունենք անելու, մինչեւ նրանց գալը: Դա վերաբերում է ե°ւ օրենսդրական դաշտի, ե°ւ բորսայի կանոնակարգերի համապատասխանեցմանը նոր պահանջներին: Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա ես հուսով եմ, որ մինչեւ տարեվերջ գործարքը կկայանա, որովհետեւ մեծ ցանկություն կա մտնել նոր տարի` իմանալով` ինչ ենք մենք ուզում:

- Որքանո՞վ են իրատեսական մեր մի քանի ընկերությունների կողմից IPO իրականացնելու մասին հայտարարությունները, եթե հաշվի առնենք, որ այդ հայտարարություններից մեկում նշվել է տեղաբաշխումը Լոնդոնի ֆոնդային բորսայում իրականացնելու մասին: Ըստ ձեզ` ե՞րբ կարող է լինել առաջին հայկական IPO-ն:

- Առաջին հայկական IPO-ի ժամկետների մասին կարելի է մոտավորապես խոսել, բայց իմ կարծիքը հետեւյալն է. բորսայի եւ կառույցների ինտեգրվելուց հետո (համարենք OMX-ը արդեն շուկայում է) բոլոր օղակների արդյունավետ աշխատանքի պայմաններում լավատեսական կանխատեսումներով արդեն յոթ-ութ ամիս հետո կարելի է ակնկալել, որ մեր ընկերությունները կանեն իրենց առաջին թողարկումները: Ինտեգրվելուց անմիջապես հետո ակնկալել IPO, սխալ կլինի, որովհետեւ մենք չունենք ավանդույթներ եւ պոտենցիալ: Հետեւաբար ավելի իրատեսական կանխատեսումները վերաբերում են 2008թ. վերջին, եթե OMX-ի` արդեն 2008-ի սկզբից գործարկվելու մեր ծրագրերն իրականանան: Բայց կրկնում եմ` այս ամենը միմիայն կարելի է ակնկալել քրտնաջան եւ հետեւողական աշխատանքի դեպքում, որովհետեւ ապավինել միայն OMX-ի բրենդին սխալ կլինի: OMX-ը հենց այնպես թույլ չի տա օգտագործել իր բրենդը. խաղի կանոնները պետք է համապատասխանեն: Յոթ-ութ ամիսը պատահական չի ասված. այդ ժամանակահտվածը համընկնում է աշնան հետ, որը, իմ կարծիքով, լավագույն ժամանակահատվածն է IPO անելու համար, որովհետեւ ֆինանսական ռեսուրսներն ավելի ազատ են լինում հենց այս ժամանակահատվածում, իսկ հունիսի կեսերից սկսած մինչեւ սեպտեմբեր ծամանակահատվածը պարզապես վտանգավոր է, որովհետեւ այդ ամիսներին սովորաբար շուկաները համեմատաբար պասիվություն են դրսեւորում: Համաշխարհային պրակտիկայում եւս ընդունված է առաջնային տեղաբաշխումն իրականացնել առավելապես փետրվար-մայիս եւ հոկտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածներում: Այս տեսանկյունից` կարելի է ակնկալել, որ առաջին հայկական IPO-ն լավագույն դեպքում կլինի 2008-ի հոկտեմբերին կամ 2009-ի սկզբին:

Դիտում՝ 6265
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai