ԼեգալԼաբ՝ արդար դատական համակարգն առանցքային է բիզնեսի համար

14.08.2018 | 09:20 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#ԼեգալԼաբ #Ստեփան Խզրթյան #Նարեկ Աշուղաթոյան
Banks.am-ի հարցազրույցը ԼեգալԼաբ ընկերության հիմնադիր բաժնետերեր Ստեփան Խզրթյանի եւ Նարեկ Աշուղաթոյանի հետ

- Որոշ ժամանակ առաջ ԼեգալԼաբը ընկերություն հիմնեց Միացյալ Նահանգներում: Որո՞նք էին ԱՄՆ-ում գրասենյակ ունենալու հիմնական նպատակները:

Ստեփան Խզրթյան - ԼեգալԼաբի հիմնադիր առաքելության հիմնական նպատակներից են հայկական բիզնեսի միջազգայնացումը («Հայաստանից աշխարհ») եւ օտարերկրյա բիզնեսի համար Հայաստանն ավելի հասանելի դարձնելը («աշխարհից Հայաստան»)։ ԱՄՆ-ում՝ Կալիֆորնիայում գրասենյակ հիմնելը գործընկերս եւ ես ընդունեցինք որպես այս նպատակների իրականացման բնական հաջորդ հանգրվան։

Հայաստանից աշխարհ.  Կալիֆորնիայի գրասենյակի անհրաժեշտությունը գիտակցեցինք դեռեւս 2015 թվականին, երբ նկատեցինք հայկական ընկերությունների, մասնավորապես՝ ՏՏ ոլորտում գործող ընկերությունների համար բացեր. հայկական ընկերությունը պատրաստում է միջազգայնորեն մրցունակ արտադրանք, սակայն հաճախ դժվարանում է այդ արտադրանքը օտարերկրացի սպառողին մատուցել ու վաճառել, բիզնեսի ընդարձակման համար օտարերկրյա ներդրումներ ներգրավել եւ, ինչու ոչ, ընկերության կայացման համար կառավարման եւ մարկետինգի ոլորտներում արտասահմանյան փորձառու մասնագետների հմտություններից օգտվել։


Ցանկացանք նպաստել այս բացերը լրացնելուն՝ աջակցելով հայկական ընկերություններին ավելի սահուն մուտք գործել արտասահմանյան շուկաներ, մասնավորապես՝ ԱՄՆ, եւ կապեր հաստատել։  Մի բան է, երբ իբրեւ իրավախորհրդատու գործընթացն իրականացնում ես հիմնականում Հայաստանից. այլ է, երբ ֆիզիկապես ներկա ես երկու երկրներում։ Սա մեզ թույլ է տալիս մեր հաճախորդների աշխարհագրական ընդլայնմանը նպաստել այբից ֆե։  Հաճախորդն իրեն ավելի վստահ է զգում եւ ստանում է իրավաբանական սպասարկման միատարր որակ։

Աշխարհից Հայաստան. Կարեւոր էր նաեւ հակառակ գործընթացը՝ արտասահմանյան ներդրողի եւ ձեռներեցի համար Հայաստանն ավելի հասանելի եւ «հասկանալի» դարձնելը։  Այս առումով մեր հիմնումից ի վեր ջանացել ենք բարեփոխել Հայաստանի օրենսդրությունը եւ օտարերկրյա բիզնեսին մատուցել մեր օրենսդրությունն ու պրակտիկան իրենց «հարազատ» լեզվով եւ ոճով։  Կրկին 2015 թվականին հասկացանք, որ այդ գործունեությունը կարելի է ավելի արդյունավետ դարձնել եւ դեպի Հայաստան ներդրումների հոսքն ավելի հարստացնել՝ ֆիզիկապես այդ ներդրողի եւ ձեռներեցի կողքին գտնվելով եւ մասնավոր զրույցների միջոցով հայաստանյան տնտեսության եւ իրավական ու հարկային դաշտի առավելություններն ու բացթողումները մատնանշելով։

Նպատակը հավասարակշռված խորհրդատվության միջոցով Հայաստանի վերաբերյալ ավելի գրագետ եւ առասպելներից զերծ պատկեր ձեւավորելն է եղել, որի արդյունքում ներդրողն ու ձեռներեցն իրենց ավելի վստահ եւ պաշտպանված կզգան Հայաստանում ներդրում անելիս կամ ձեռնարկ սկսելիս։

- Որո՞նք են ամերիկյան ընկերության աշխատանքի առաջին արդյունքները, ի՞նչ ծավալի գործարքներ եք սպասարկել:

Ստեփան Խզրթյան - Ինչպես եւ նպատակները, այնպես էլ աշխատանքի արդյունքները դիտում ենք երկու վեկտորով՝ Հայաստանից աշխարհ եւ աշխարհից Հայաստան։

Ուրախ եմ հայտնել, որ մեկ տարվա ընթացքում մեր Կալիֆորնիայի գրասենյակը սպասարկել է մի շարք հայաստանյան ընկերությունների, մասնավորապես՝ ՏՏ ոլորտի ընկերությունների ԱՄՆ-ում ընկերություն հիմնելու, իրենց արտադրանքը սպառողին իրավաբանորեն գրագետ ձեւով եւ պրակտիկային համապատասխան ներկայացնելու, մտավոր սեփականությունը պաշտպանելու, իրենց աշխատակիցներին բաժնետոմսերի օպցիոնների միջոցով խրախուսելու հարցերում, ինչպես նաեւ բանակցել եւ սպասարկել է միլիոնավոր դոլարների ներդրումային փաթեթներ, որոնք պետք է էական մասով ուղղակի եւ անուղղակի հոսեն դեպի Հայաստանի տնտեսություն։

Ուրախ եմ հայտնել նաեւ, որ այս մեկ տարվա ընթացքում մեր Կալիֆորնիայի գրասենյակը հանդիպել է բազմաթիվ հայ եւ օտարերկրացի ներդրողների եւ ձեռներեցների հետ՝ համեմատական համատեքստում ներկայացնելով Կալիֆորնիայի եւ Հայաստանի իրավական ու հարկային դաշտերը, աշխատանքային միջավայրերը եւ աշխարհագրական դիրքերը։  Այս տեղեկատվության հիման վրա առնվազն մեկ կալիֆորնիական ընկերություն արդեն հիմնել է հայաստանյան դուստր ընկերություն՝ ստեղծելով նոր աշխատատեղեր, եւս մեկն ընդարձակել է իր հայաստանյան ներկայությունը, եւ եւս երեք՝ խոշորագույն ձեռնարկներ սկսել են նմանատիպ գործընթաց, որոնց հաջողության դեպքում ակնկալում ենք առաջիկա տարիների ընթացքում միլիոնավոր դոլարների հասնող ներդրումներ եւ նոր աշխատատեղերի ստեղծում Հայաստանում։

Իհարկե, նմանատիպ գործունեությունը մեզ համար նորություն չէ, եւ նշված ուղղություններով աշխատել ենք նաեւ նախքան ԱՄՆ-ում գրասենյակ հիմնելը՝ մեր արտասահմանյան գործընկերների հետ համատեղ։ Այժմ, երբ արդեն ֆիզիկական ներկայություն ունենք երկու երկրներում էլ, սա մեզ թույլ է տալիս նոր որակով եւ համապարփակությամբ ծառայել մեր հիմնադիր առաքելությանը։

Ամփոփելով՝ նշեմ, որ այս երկվեկտոր գործունեությանը զուգահեռ շարունակում ենք սպասարկել հաճախորդների, որոնց իրավական եւ բիզնես հետաքրքրությունները կենտրոնանում են միայն տեղի՝ Հայաստանի կամ ԱՄՆ-ի շուկայի վրա՝ առանց միջազգային բաղադրիչի։

- Այսօր կա՞ն օրենսդրական սահմանափակումներ, որոնք խոչընդոտում են ամերիկյան ներդրումների ներգրավմանը: Եթե այդպիսիք կան, ի՞նչ քայլեր են անհրաժեշտ դրանք վերացնելու համար եւ ինչ դերակատարություն կարող է ունենալ ԼեգալԼաբը:

Ստեփան Խզրթյան - Ամենամեծ խոչընդոտներից մեկը ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ կրկնահարկումը բացառող ժամանակակից պայմանագրի բացակայությունն է։ Նման պայմանագիրը կվերացնի այն կրկնահարկման բեռը, որն առկա է երբ մի երկրի ռեզիդենտը եկամուտներ է ստանում մյուս երկրից։  Որպես օրինակ՝ ԱՄՆ-ում բնակվող անձն ով բաժնեմաս ունի հայկական ընկերությունում եւ շահաբաժին է ստանում, այդ շահաբաժնի նկատմամբ հարկ է վճարում թե Հայաստանում եւ թե ԱՄՆ-ում, ընդ որում՝ Հայաստանում վճարված հարկի դիմաց նվազեցում չի ստանում ԱՄՆ հարկային պարտավորության նկատմամբ։ Միաժամանակ այդ շահաբաժինն ԱՄՆ-ում հարկվում է իբրեւ սովորական շահաբաժին՝ ավելի բարձր դրույքաչափով (առավելագույնը՝ 39.6%), եւ ոչ որակավորված շահաբաժնի (qualified dividend) նկատմամբ կիրառվող նվազեցված տոկոսադրույքով, որը գրեթե կիսով չափ նվազ է (առավելագույնը՝ 23.8%)։


Խնդիրն այն է, որ ըստ ԱՄՆ կառավարության 1973 թվականին ԱՄՆ-ի եւ ԽՍՀՄ-ի միջեւ կնքված կրկնահարկումը բացառող պայմանագիրը դեռ ուժի մեջ է. մոտեցում, որը չի ընդունում Հայաստանի կառավարությունը։  Նույնիսկ եթե ընդունենք, որ այն գործում է, այդ պայմանագիրը կարելի է համարել «ժամկետանց». այն չի կարգավորում շահաբաժինների եւ գլոբալացված աշխարհում լայն տարածում գտած եկամուտի տեսակների հարկումը, ինչպես նաեւ չի ներառում հարկային մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակման լիարժեք հոդվածներ։ Այս թեմայի վերաբերյալ հոդված եմ գրել, որը հասանելի է այստեղ։

Կրկնահարկումը բացառող ժամանակակից պայմանագրի ընդունմանն ուղղությամբ Հայ դատի հանձնախումբն (Armenian National Committee of America) ավելի քան մեկուկես տասնամյակ է համակարգված եւ խորը գործունեություն է վարում ՝ աշխատելով ԱՄՆ կոնգրեսականների, կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների եւ Հայաստանի Հանրապետության պետական այրերի հետ։  Անցյալ տարի պատիվ ունեցա այս աշխատանքներին ներգրավել նաեւ ԼեգալԼաբին՝ հաշվի առնելով ԱՄՆ եւ հայկական օրենսդրության եւ պրակտիկայի մեր իմացությունը։  Ներկա պահին ապահովված է ԱՄՆ գանձապետարանի քարտուղարի խոստումը ՀՀ-ի հետ նոր պայմանագիր բանակցելու վերաբերյալ, ինչպես նաեւ ՀՀ կառավարության պատրաստակամությունն այդ պայմանագրի հիմք ընդունել ԱՄՆ կառավարության մշակած կաղապարը (U.S. Model Income Tax Convention)։  Հաջորդ քայլը կլինի երկու կառավարությունների լիազոր ներկայացուցիչների հանդիպումն ու բանակցությունների մեկնարկը, որի ուղղությամբ էլ սերտորեն աշխատում ենք Հայ դատի հանձնախմբի հետ վերջինիս առաջնորդած ռազմավարության շրջանակներում։

- Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո հավասար մրցակցային դաշտ ապահովելու, տնտեսական հովանավորչության դեմ պայքարի հարցերը դուրս են եկել առաջին պլան: Նկատո՞ւմ եք արդյոք, որ գործարարներն այսօր ավելի պատրաստակամ են իրենց երբեմնի խախտված իրավունքների համար պայքարել իրավական դաշտում:

Նարեկ Աշուղաթոյան - Իշխանափոխությունից հետո մթնոլորտում փոփոխություններն ակնհայտ են: Սակայն այս պահին սպասումները դեռ գերազանցում են առկա փոփոխություններին: Դա բնական է, դեռ ժամանակ է պետք իրական գնահատական տալու համար: Այդուհանդերձ, դրական փոփոխություններից մեկն այն է, որ մարդիկ պատրաստ եւ հուսով լցված են պայքարելու իրենց իրավունքների համար: Սա շատ կարեւոր ազդակ է: Կարծում եմ, մեկ տարի անց հնարավոր կլինի դատաիրավական ոլորտի որոշ փոփոխությունների վերաբերյալ տալ ավելի անաչառ գնահատականներ:

- Այսօր նաեւ շատ է խոսվում տնտեսական զարգացման եւ ներդրումների ներգրավման հարցերում դատական համակարգի առանցքային դերի մասին: Հնչում են նաեւ անսպասելի առաջարկներ, օրինակ, առեւտրային վեճերը փոխանցել դատական մարմնին, որն առաջնորդվում է բրիտանական իրավունքի սկզբունքներով: Այս փորձը կիրառել են Սինգապուրում, Հոնկոնգում, արաբական որոշ երկրներում: Վերջերս այդպիսի դատարան ստեղծել են Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում, որտեղ գործունեությունը ծավալում են բրիտանացի անկախ իրավաբանները: Հնարավոր համարո՞ւմ եք նման փորձի կիրառությունը Հայաստանում:

Նարեկ Աշուղաթոյան - Բոլոր հնարավոր առիթներով բարձրաձայնել եմ, որ արդար դատական համակարգն առանցքային երաշխիքն է մեր երկրի տնտեսության զարգացման համար: Եթե մեր դատարաններն աշխատեն ավելի արդյունավետ, թե՛ ժամանակի կառավարման, թե՛ արդարադատության իրացման առումով բիզնես միջավայրը կենթարկվի ահռելի դրական փոփոխությունների: Ի վերջո՝ դատարանն է այն պետական վեմը, որի վրա պետք է հենվի ձեռներեցը կամ ներդրողը, երբ բիզնեսի կամ ներդրման պաշտպանության այլ մեխանիզմները չեն հաջողում։ Այս առումով ամենակարեւոր հանգամանքը Հայաստանում դատարանների համար անկախության երաշխիքների ապահովումն է:

Տնտեսական վեճերի համար դատարաններ ստեղծելու համար պետք է նախեւառաջ հաշվի առնել մեր երկրի սահմանադրությունը, որով ուղղակի կերպով սահմանվում է ՀՀ-ում գործող դատարանները: Մայր օրենքը նաեւ սահմանում է, որ «Օրենքով նախատեսված դեպքերում կարող են ստեղծվել մասնագիտացված դատարաններ»: Ինչ վերաբերում է արբիտրաժներին, մեր երկրում այն նորություն չէ, անգամ տեղական շատ բիզնեսներ իրենց վեճերի կարգավորման համար պայմանագրով սահմանում են հնարավոր վեճը արբիտրաժներում լուծելու պայման: Կարեւոր է իմանալ նաեւ այն, որ հայաստանյան բիզնեսները կարող են իրենց պայմանագրերում կիրառել օտար իրավունքի նորմեր` հաշվի առնելով Հայաստանի օրենսդրության առանձնահատկությունները:

Ժամանակին առիթ ունեցել եմ ուսումնասիրելու Դուբայի օրինակները, որտեղ որոշ դատարաններում կիրառվում են անգլիական օրենքը: Այսպիսի դատարանները մեծ նշանակություն ունեն հատկապես ազատ տնտեսական գոտիներում, որտեղ ընդդատյա են միայն այդ գոտում ծագած տնտեսական վեճերը:

Հայաստանում նախեւառաջ անհրաժեշտ է ինստիտուցիոնալ հենքի վրա դնել դատարանների անկախությունը, համակարգը համալրել բարձր պրոֆեսիոնալներով` հատկապես տնտեսական/կորպորատիվ հարցերով եւ գտնել հնարավոր լուծումներ դատարանների ծանրաբեռնվածությունները թեթեւացնելու համար: Այս քայլերը մեզ հնարավորություն կտան առանց Աստանայի եւ այլ օրինակներին հետեւելու երկրում ունենալ այնպիսի միջավայր, որը կազդի բիզնես ներդրումների կտրուկ աճի վրա:

Ստեփան Խզրթյան - Շատ ոգեւորված չեմ արտասահմանյան օրենսդրության սկզբունքներ կիրառող դատարանի ստեղծմամբ։ Վերջինս կարող է փառահեղորեն ձախողվել, եթե հաշվի չառնվեն մեր երկրի, հասարակության եւ տնտեսության առանձնահատկությունները, եւ սա բնական է. ի վերջո, օրենքն ու իրավաբանական միտքը ծնվում են երկրի եւ դրա մշակույթի բովից եւ ոչ դրանից անկախ։  

Արտասահմանյան փորձը կարող է լուսավորել եւ ուղղորդել մեր օրենքն ու միտքը, բայց ոչ՝ փոխարինել։ Ավելի շատ հակված եմ մասնագիտացված առեւտրային դատարանի ստեղծմանը, որի անդամները կունենան նմանատիպ գործերի քննման գիտելիք եւ փորձ։ Նպատակը դատարանների պրոֆեսիոնալիզմի բարձրացումն է, որն անկախ օրենքից կարող է ներդրողին եւ ձեռներեցին «որակյալ դատավարություն» մատուցել։

Ստեփան Խզրթյանի եւ Նարեկ Աշուղաթոյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

Վերոգրյալը չպետք է դիտել իբրեւ իրավաբանական խորհրդատվություն, եւ այս հարցազրույցի հրապարակումն ինքնին չի ստեղծում իրավաբան-հաճախորդ հարաբերություններ Ձեր եւ ԼեգալԼաբի միջեւ։  Քանի որ յուրաքանչյուր իրավիճակ կարող է լինել յուրօրինակ, ԼեգալԼաբը հորդորում է կապվել փորձառու իրավաբանի հետ նախքան գործելը։
Դիտում՝ 7925
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai