Արկադի Փինաչյան. 2018-ին ծրագրել ենք կայուն աճ բոլոր ծառայությունների գծով

29.06.2018 | 09:18 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#Արկադի Փինաչյան #Արմսվիսբանկ
Banks.am-ը զրուցել է Արմսվիսբանկի տնօրինության անդամ, գործադիր տնօրենի տեղակալ-բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արկադի Փինաչյանի հետ:

- Պրն Փինաչյան, 2017-ին Արմսվիսբանկի ֆինանսական ցուցանիշները բավական տպավորիչ են եղել. գրանցվել է շահույթի՝ 12%, ինչպես նաեւ ակտիվների եւ պարտավորությունների 25%-ին մոտ աճ: Ինչի՞ հաշվին է բանկին հաջողվել նման արդյունքներ գրանցել:

- Արմսվիսբանկի համար 2017-ը հաջողված է եղել մի շարք առումներով: Ունենք ձեռքբերումներ ինչպես ֆինանսական արդյունքների, այնպես էլ խիստ մրցակցային միջավայրի պայմաններում դիրքերի ամրապնդման եւ զարգացման տեսանկյունից:

Բանկն արձանագրել է շուրջ 3,67 մլրդ դրամի զուտ շահույթ՝ ապահովելով ՀՀ բանկային համակարգի ընդհանուր ցուցանիշի շուրջ 9,6%-ն ու զբաղեցնելով 6-րդ տեղը: Համակարգի ընդհանուր ակտիվների եւ կապիտալի ծավալների համատեքստում սա բավական տպավորիչ ցուցանիշ է: Հետեւաբար, Արմսվիսբանկը ROA եւ ROE ցուցանիշներով (ակտիվների եւ կապիտալի շահութաբերություն – խմբ.), որոնք կազմել են համապատասխանաբար 2,26% եւ 9,9%, նույնպես համակարգի առաջատարներից է:

2017-ին արժեթղթերի եւ վարկային պորտֆելներն աճել են շուրջ 36%-ով, իսկ ֆակտորինգային պորտֆելը՝ 92%-ով: Նմանատիպ աճ են գրանցել նաեւ բանկի ավանդային պորտֆելը, սեփական կապիտալն ու այլ ֆինանսական ցուցանիշները:

Ինչ վերաբերում է որակական ցուցանիշներին, ապա այս ուղղությամբ Արմսվիսբանկը ՀՀ բանկային համակարգում գրեթե միշտ առաջատար է եղել: Խոսքը մեկ աշխատակցին բաժին ընկնող հասույթի եւ մեկ աշխատակցին բաժին ընկնող շահույթի ցուցանիշների մասին է, որոնք աճել են 35,4%-ով եւ 8,5%-ով:

Նման տպավորիչ արդյունքների գրանցումը պայմանավորված է բանկի որդեգրած հստակ ռազմավարական արժեքներով եւ մոտեցումներով, ինչպես նաեւ դրանց հիման վրա մշակված գործնական ծրագրերի իրագործմամբ: Նման հաջողության մյուս գրավականը տարիների ընթացքում բանկի կառավարման մարմինների եւ աշխատակիցների ցուցաբերած ջանքերն են:

- Ինչպես հայտնի է, առեւտրի, հատկապես՝ արտահանման ֆինանսավորումը Ձեր բանկի թիրախային ուղղություններից է: Հատկանշական է, որ 2017-ին Հայաստանում գրանցվել է արտահանման ծավալների շուրջ 25%-անոց աճ: Այս ցուցանիշն արդյոք արտացոլվե՞լ է Արմսվիսբանկի առեւտրի ֆինանսավորման գործիքներում:

- Անշուշտ, 2017-ը բանկի համար բավական հետաքրքիր է եղել նաեւ արտահանման ֆինանսավորման եւ, առհասարակ, առեւտրի ֆինանսավորման ծառայությունների տեսանկյունից: Իսկ արտահանման ոլորտը, ինչպես գիտեք, մեր բանկի համար առանձնահատուկ ռազմավարական նշանակություն ունի:


2017-ին իրականացված արտահանման ֆինանսավորման (հետարտահանման եւ նախաարտահանման ֆինանսավորման) գործարքների ծավալն աճել է շուրջ 2,6 անգամ: Այս ոլորտում բանկն ակտիվ համագործակցում է Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության (ՀԱԱԳ) հետ եւ հանդիսանում նրա ամենաակտիվ գործընկերը: 2017-ի վերջի դրությամբ՝ ՀԱԱԳ-ի կողմից ապահովագրված ֆինանսավորումների պորտֆելը գրեթե կրկնապատկվել է: Բացի այդ, բանկը չափազանց ակտիվ գործունեություն է իրականացնում ներքին եւ արտաքին ֆակտորինգային գործառնությունների ընդլայնման եւ, առհասարակ, ֆակտորինգային շուկայի զարգացման ուղղությամբ:

Կցանկանայի խոսել այս ոլորտին առնչվող եւս մեկ կարեւոր իրադարձության մասին: 2018-ի հունիսի 15-ին կայացավ «Հայաստանի արտահանման կատալոգ 2017-2018» շնորհանդեսը, որը նպատակ ունի հայաստանյան շուրջ 120 արտահանող ընկերությունների ապրանքներն ու ծառայությունները ներկայացնել արտաքին շուկաներում: Կատալոգը ՀՀ արտաքին գործերի նախարարության աջակցությամբ տարածում կգտնի շուրջ 90 երկրում: Բանկն ունեցավ իր ակտիվ մասնակցությունը նշված նախաձեռնությանը, քանի որ դարձել է կատալոգի նախագծի գործընկերը եւ հովանավորը:

Անդրադառնանք առեւտրի ֆինանսավորման ոլորտի, այդ թվում՝ ֆակտորինգային ծառայություններին վերաբերող ցուցանիշներին: Բանկն առեւտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակում 2017-ին ֆինանսավորել է շուրջ $18,5 մլն-ի 235 գործարք՝ նախորդ տարվա $9,3 մլն-ի 138 գործարքի փոխարեն: Բանկի ֆակտորինգային պորտֆելը 2017թ. վերջին կազմել է 1 770 մլն դրամ:

Առեւտրի ֆինանսավորման ոլորտում բանկն ակտիվ համագործակցում է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) եւ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ:

- Վերջերս Արմսվիսբանկը հայտարարեց երկու տրանշով (3 մլրդ դրամ եւ $6 մլն) պարտատոմսերի թողարկման եւ տեղաբաշխման մասին: Տեղաբաշխումների արդյունքները գոհացուցի՞չ էին արդյոք բանկի համար: Ո՞րն է եղել, ի սկզբանե, թողարկման գլխավոր նպատակը՝ միջոցների ներգրավո՞ւմ, թե՞ պարտավորությունների կառուցվածքի դիվերսիֆիկացիա:

- Արժեթղթերի շուկայում բազմազան ծառայությունների առաջարկումը բանկի ռազմավարական ուղղություններից է, որը կյանքի է կոչվում ինչպես սեփական ներդրումային քաղաքականության իրականացման եւ ներդրումային ծառայությունների մատուցման, այնպես էլ, որպես թողարկող՝ միջոցների ներգրավման շրջանակում գործառնությունների իրականացման եղանակով:

Նշեմ, որ բանկը սեփական պարտատոմսերի թողարկումներ իրականացրել է դեռեւս 2015-ից եւ հանդիսանում է այդ շուկայի ակտիվ մասնակիցներից մեկը: Ներկայում շրջանառության մեջ են գտնվում բանկի 7 տրանշի պարտատոմսեր, իսկ պարտատոմսերով ներգրաված ընդհանուր պորտֆելը գերազանցում է $45 մլն-ը:

Բանկը 2018թ. մայիսի 24-ից շուկային ներկայացրեց պարտատոմսերի եւս երկու նոր տրանշների տեղաբաշխման ծրագրեր՝ 3 մլրդ դրամ եւ $6 մլն ընդհանուր անվանական ծավալով: Դրամային պարտատոմսերը տեղաբաշխվել են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում՝ դասական աճուրդի եղանակով:

Պատկերացրեք՝ արդյունքները բավական տպավորիչ են եղել, մասնավորապես՝ ներկայացվել են կրկնակի ավելի գնման հայտեր՝ 4 970 737 835 դրամ ծավալով՝ տեղաբաշխման ենթակա 2 350 000 000 դրամ ծավալի պարտատոմսերի համար, իսկ մնացած 650 000 000 դրամի ծավալը նախատեսված է եղել շուկա ստեղծողների ձեռքբերման համար: Տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 11,1147%՝ 11,5% արժեկտրոնային տոկոսադրույքի պարագայում: Այսինքն՝ պարտատոմսերը տեղաբաշխվել են հավելավճարով: 2018թ. հունիսի 20-ին արդեն պարտատոմսերը ցուցակվել են ֆոնդային բորսայում:

Ինչ վերաբերում է դոլարային պարտատոմսերին, ապա դրանց տեղաբաշխումն իրականացվել է բաց բաժանորդագրության եղանակով՝ տարեկան 6,5% անվանական արժեկտրոնային եկամտաբերությամբ: Տեղաբաշխումն ավարտվել է 2018թ. հունիսի 22-ին: Նախատեսված ծավալն ամբողջությամբ տեղաբաշխվել է: Ներկայում ընթանում են ֆոնդային բորսայում ցուցակման աշխատանքները:

Ուշագրավ է, որ դրամային եւ դոլարային պարտատոմսերը տեղաբաշխվել են համապատասխանաբար 5 եւ 7 տարի մարման ժամկետներով, ինչը կորպորատիվ պարտատոմսերի շուկայի համար աննախադեպ է:


Պարտատոմսերի միջոցով դրամական միջոցների ներգրավումը բանկի համար լուծում է մի շարք խնդիրներ, այդ թվում՝ դիվերսիֆիկացնում ներգրավված միջոցների կառուցվածքն ու ժամկետայնությունը: Բացի այդ, այն նոր հնարավորություններ է բացում բանկի համար՝ ներգրավելու լրացուցիչ միջոցներ հետագայում ավելի խոշոր ծրագրերի իրականացման համար: Ավելին, ֆինանսական խնդիրներից բացի՝ պարտատոմսային ծրագրերի ակտիվ իրագործումը նպաստում է հասարակության առավել լայն շրջանակում բանկի վստահության վարկանիշի բարձրացմանը:

Արմսվիսբանկը բավական հարուստ փորձ է կուտակել հաճախորդների համար արժեթղթերի թողարկման եւ տեղաբաշխման կազմակերպման, ինչպես նաեւ բորսայական առեւտրի հարթակում շուկա ստեղծողի ծառայությունների ոլորտում՝ այդ ծառայությունների գծով ցուցաբերելով շարունակական ակտիվություն հետագայում: Ներկայում բանկը կորպորատիվ 10 արժեթղթերի երկկողմանի գնանշումներ է ապահովում ֆոնդային բորսայում, որոնցից 1-ը՝ բաժնետոմս, 9-ը՝ պարտատոմս: Ընդ որում, բանկն իրականացնում է 3 այլ բանկերի պարտատոմսերի երկկողմանի գնանշումներ:

- Բանկը չէր բացառում զանգվածային շուկա մուտք գործելու հնարավորությունը՝ պլաստիկ քարտերի թողարկման եւ մասնաճյուղերի բացման միջոցով: Ի՞նչ զարգացումներ կան այս ուղղությամբ:
    
- Ռազմավարական ծրագրերում ներկայումս չունենք զանգվածային շուկա մուտք գործելու նպատակ եւ շարունակում ենք ապավինել այն տեսլականին, որը եղել է բանկի հիմնադրման պահից ի վեր: Այսինքն՝ Արմսվիսբանկը շարունակում է իր գործունեությունը կառուցել եւ զարգացնել կորպորատիվ եւ ներդրումային բանկային ծառայությունների ոլորտում:


Ինչ վերաբերում է պլաստիկ քարտերի թողարկմանը, ապա բանկը 2018-ի սկզբից սկսել է թողարկել Mastercard Business, Mastercard Standart եւ Mastercard Gold տեսակի քարտեր, որոնք տրամադրվում են միայն բանկի կորպորատիվ հաճախորդներին, նրանց սեփականատերերին եւ ղեկավարներին, ինչպես նաեւ անհատ հաճախորդներին: Քարտերի թողարկման նպատակը ելնում է բացառապես բանկի ռազմավարությունից՝ ապահովելով գործող հաճախորդներին բանկային ժամանակակից եւ ամբողջական ծառայությունների փաթեթ:

- Բանկերը թեւակոխել են մրցակցության նոր՝ տեխնոլոգիական փուլ: Ունե՞ք մտահաղացումներ այս առումով:

- Անշուշտ, ՀՀ բանկային համակարգում մրցակցային ներկա իրավիճակը եւ տեխնոլոգիական զարգացումների միտումներն իրենց հետ բերում են նոր մարտահրավերներ, որոնք չեն կարող զերծ մնալ որեւէ բանկի, այդ թվում՝ մեր ուշադրությունից: Միաժամանակ, պետք է փաստեմ, որ Արմսվիսբանկը մինչ այժմ նույնպես մեծ ուշադրություն է դարձել ՏՏ լուծումներին՝ հնարավորինս արագացնելով եւ ավելի որակյալ դարձնելով ծառայությունները: Ավելին, ներկայիս տեխնոլոգիական զարգացման միտումները հաշվի առնելով՝ բանկը շարունակում է մշակել եւ ներդնել ծառայությունների մատուցման որակի բարձրացման, ընթացակարգերի ավտոմատացման, հաճախորդների սպասարկման, նրանց կարիքների բացահայտման եւ այլ գործընթացներում տեխնոլոգիական նոր լուծումներ:

- Ի դեպ, Ռուսաստանի ԿԲ-ի կողմից կարգավորվող հարթակում նախատեսվում է փորձարկել կրիպտոարժույթների վրա հիմնված մի քանի private banking պրոդուկտներ: Հետաքրքիր է լսել Ձեր կարծիքն այս զարգացումների շուրջ:

- Ինչքանով հետեւում եմ ՌԴ-ում կրիպտոարժույթների՝ կարգավորվող դաշտում շրջանառության հնարավորությանը, ապա դրա շուրջ քննարկումները տեղի են ունենում շուկայի մասնակիցների կողմից մի շարք հարթակներում, եւ դեռեւս բացակայում է պետական կարգավորման որեւէ նախաձեռնություն:

Ինչ վերաբերում է կանխատեսումներին, միայն կարող եմ ասել, որ կրիպտոարժույթների թեման մնում է արդիական, եւ հետաքրքիր է հետեւել հետագա զարգացումներին:

- Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանում նոր քաղաքական եւ դրանից բխող տնտեսական իրողությունը՝ բանկային համակարգի տեսանկյունից: Այս համատեքստում խնդրում եմ ներկայացնել նաեւ Ձեր մեկնաբանությունը՝ անհուսալի վարկերի տույժերը ներելու օրինագծի հետ կապված:

- Պետք է փաստեմ, որ Հայաստանում ստեղծված նոր քաղաքական իրողության պայմաններում բանկային համակարգը սկզբունքորեն ցուցաբերեց լիարժեք կայունություն եւ չենթարկվեց որեւէ ցնցման: Բնականաբար, նման արդյունքներն ունեն բավական տեսանելի հիմնավորումներ, որոնք բազմիս հրապարակայնորեն քննարկվել են:

Ակնկալում ենք տեսնել էական բարելավում տնտեսության եւ բանկային հատվածի հարաբերությունների համատեքստում դատական համակարգի աշխատանքներում, ինչը լավ ազդակներ կհաղորդի ներդրումների խթանման, բանկային ծառայությունների արդյունավետ մատուցման եւ իրավական ռիսկերի կառավարման տեսանկյունից:

Միաժամանակ, առաջնահերթ եմ համարում նաեւ տնտեսվարող սուբյեկտների միջեւ վճարային հարաբերությունների թափանցիկությանն ու կարգապահությանն ուղղված գործուն միջոցառումների ձեռնարկումը, այդ թվում՝ կարգավորումը:

Ինչ վերաբերում է անհուսալի վարկերի տույժերը ներելու օրինագծին, ապա իմ վերաբերմունքը դրական է: Օրինագծի գործածումը կնպաստի բանկերի եւ խնդրահարույց հաճախորդների միջեւ ավելի գործնական եւ ճկուն փոխհարաբերությունների ձեւավորմանը, եւ այդ մասով հարկային պարտավորությունների բացակայությունը կապահովի բանկերի կողմից ավելի հաճախորդամետ որոշումների կայացմանը: Բացի այդ, կարծում եմ՝ օրինագծի սահմանումն ունի հստակ սոցիալական կողմնորոշվածություն:

- Պրն Փինաչյան, 2018-ի առաջին կիսամյակը մոտենում է ավարտին. ի՞նչ դինամիկա է նկատվում բանկի հիմնական ֆինանսական ցուցանիշների մասով: Միաժամանակ, որո՞նք են Ձեր այս տարվա հիմնական թիրախներն ու միջնաժամկետ ծրագրերը:

- 2018-ի առաջին կիսամյակի ֆինանսական ցուցանիշների միտումները նույնպես դրական են եւ զարգանում են մեր պլանավորած սցենարների ներքո:

Ինչ վերաբերում է 2018-ի թիրախներին, պետք է նշեմ, որ ծրագրել ենք բոլոր հիմնական ծառայությունների կայուն աճ արձանագրել: Բանկը կշարունակի իր ակտիվ դերակատարումն ունենալ պետական պարտատոմսերի շուկայում՝ հանդիսանալով պետական պարտատոմսերի շուկայի գործակալ, եւ կորպորատիվ արժեթղթերի շուկայում՝ առաջարկելով ներդրումային ծառայությունների լայն շրջանակ: Վարկային ծրագրերի մասով կցանկանայի ընդգծել առեւտրի ֆինանսավորման ծրագրերի եւ վերականգնվող էներգիայի զարգացման հեռանկարը, այդ թվում՝ արեւային կայանների տեղադրմանն ուղղված վարկավորման միջոցով:

Մեր հիմնական թիրախներն ուղղված են առաջանցիկ կերպով պրոդուկտների պայմանների բարելավմանը, հաճախորդների սպասարկման եւ ծառայությունների որակի բարձրացմանը, ինչպես նաեւ մատչելի ֆինանսական ռեսուրսների հնարավոր ներգրավմանն ու նոր պրոդուկտների մշակմանը:

Արկադի Փինաչյանի հետ զրուցել է Սիրանուշ Սիմոնյանը
Դիտում՝ 12760
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW