Կապիտալի շուկան շնչակտուր վիճակում է
Օ Էմ Էքս-ը պատրաստվում է այն վերակենդանացնել

07.06.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

“Հայոց աշխարհ” (Երեւան), 07.06.07.

Հայաստանի կապիտալի շուկան դժվար է շնչում, եւ սիրտը շատ վատ վիճակում է: Ուստի անհրաժեշտ է նրան վերակենդանացնել: Այս մասին Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հեռանկարների վերաբերյալ երեկ Կենտրոնական բանկում տեղի ունեցած կլոր սեղանի ժամանակ հայտարարեց բորսայական արդյունաբերության առաջատար փորձագետ, Օ Էմ Էքս ընկերության ավագ փոխնախագահ ՀԵՆՐԻ ԲԵՐԳՍՏՐՈՄԸ:

Ինչպես հայտնի է, այս տարվա ապրիլին Օ Էմ Էքս-ը կառավարության եւ Կենտրոնական բանկի հետ ստորագրեց Հայաստանի ֆոնդային բորսայի եւ կենտրոնական դեպոզիտարիայի ձեռքբերման վերաբերյալ հուշագիր, համաձայն որի այս ոլորտում պետք է իրականացվեն համապատասխան բարեփոխումներ: Դրանից հետո բորսան եւ կենտրոնական դեպոզիտարիան մասնավորեցվելու եւ տրվելու են Օ Էմ Էքս-ին: Մինչ այդ միջազգային այս կազմակերպությունը փորձելու է վերակենդանացնել Հայաստանի կապիտալի շուկան:

Վերջին տարիներին երկրի ֆինանսական համակարգի այս կարեւոր օղակը ենթարկվեց բազում փորձարարությունների: Սակայն դրանք, ըստ էության, որեւէ արդյունք չտվեցին. այդպես էլ չհաջողվեց համակարգը տեղից շարժել: Այն դեպքում, երբ այս կառույցը կարեւոր դեր ունի տնտեսության մեջ ներդրումների եւ էժան փողերի ներգրավման համար: Նամանավանդ, եթե նկատի ունենանք, որ Հայաստանի բանկային համակարգի միջոցները թույլ չեն տալիս օգտվել այդ ֆինանսական ինստիտուտի հնարավորությունից: Անգամ այն դեպքում, երբ վարկային տոկոսադրույքները շատ բարձր են:

Այս առումով հրատապ է դառնում արդյունավետ կապիտալի շուկայի ձեւավորումը: Ինչպես հայտնի է, անցած տարի ֆոնդային բորսան եւ կենտրոնական դեպոզիտարիան անցան Կենտրոնական բանկի ենթակայության տակ, այնուհետեւ խնդիր դրվեց դրա կառավարումը հանձնել այդ ոլորտում աշխատանքի փորձ ունեցող միջազգային որեւէ ընկերության:

Ի դեմս Օ Էմ Էքս-ի, այժմ Հայաստանի կապիտալի շուկան ունի միջազգային ճանաչում ունեցող կառավարիչ: Վերջին մի քանի ամիսներին այդ ընկերության ներկայացուցիչները հանդիպել են շուկայի հնարավոր մասնակիցների հետ եւ որոշակի պատկերացում կազմել այս ոլորտում առաջիկայում անհրաժեշտ ձեռնարկների իրականացման մասին:

Ըստ Հենրի Բերգստրոմի, որքան էլ Հայաստանի կապիտալի շուկան վատ վիճակում է, այնուհանդերձ կարեւորն այն է, որ կառավարությունն ու Կենտրոնական բանկը այն վերակենդանացնելու պատրաստակամություն են հայտնել.

- Ուստի մեր նպատակն է այդ մարմնին նոր կյանք հաղորդել:

Կապիտալի շուկայի տխուր վիճակը Օ Էմ Էքս-ի ներկայացուցչի կարծիքով, պայմանավորված է առաջին հերթին նրանով, որ գործառույթներն այստեղ շատ խրթին են. “Շատ մեծ ժամանակ է պահանջվում անգամ հաշիվ բացելու համար: Միջնորդներն առաջարկում են ծառայությունների սահմանափակ տեսականի”:

Կապիտալի շուկայի վերակենդանացման համար Օ Էմ Էքս-ի ներկայացուցիչը կարեւոր է համարում մասնակիցներին շահագրգռելը, որ նրանք արժեթղթեր թողարկեն.

- Նման շարժառիթներից կարող է լինել հարկային որոշակի արտոնությունների տրամադրումն այն ձեռնարկություններին, որոնք պատրաստ են դրան: Մեկ ուրիշ շարժառիթ կարող է լինել շուկայի այնպիսի կառուցվածքը, որին մասնակցեն միջազգային հեղինակավոր ընկերություններ:

Բարեփոխումների շնորհիվ Օ Էմ Էքս-ը ակնկալում է 10 տարի հետո ունենալ արդյունավետ գործող շուկա` “միջազգային համեմունքներով”, դրանով իսկ հնարավորություն ստանալով ապահովել ձեռնարկությունների, հետեւաբար նաեւ տնտեսության աճը: Ներդրողների կազմը պետք է լինի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին: Տեխնիկապես շուկան պետք է ապահովի արտասահմանյան ընկերությունների մուտքը այնտեղ: Մյուս կողմից` տեղական ընկերությունները պետք է հնարավորություն ունենան հանդես գալու ամերիկյան եւ եվրոպական զարգացած շուկաներում:

Այնպես որ.

- Հուսով ենք, որ 10 տարի հետո հիվանդից անջատած կլինենք վերակենդանացման սարքավորումները, եւ այն աշխույժ կյանք կվարի:

Հայաստանի կապիտալի շուկայի առողջացման հարցում լավատես է նաեւ Էյչ էս Բի Սի բանկի ներկայացուցիչը.

- Հիվանդը միգուցե ծանր է, բայց այն ապաքինվելու եւ լավ էլ ապրելու է,- նշեց ԷՆԹՈՆԻ ԹԵՐՆԵՐԸ:

Հայկական որոշ ձեռնարկություններ արդեն պատրաստ են թողարկել արժեթղթեր եւ տեղաբաշխել ֆոնդային բորսայում: Մասնավորապես, մոտ ժամանակներս նման նախաձեռնությամբ հանդես գալու մտադրություն ունի "ՀայՌուսգազարդը": Այս մասին կլոր սեղանի մասնակիցներին հայտնեց ընկերության գործադիր տնօրեն ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, որի կարծիքով, աշխատանքները ճիշտ ժամանակին են սկսվում:

Դրան համաձայն չէ ԱԺ պատգամավոր ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ, որը հակված է կարծելու, թե գործընթացն ուշացած է.

- Ունենք արդյունաբերական ձեռնարկություններ, որոնք այսօր արդեն կարող էին բաժնետոմսեր թողարկել:

ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ

Դիտում՝ 6651
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai