«Գրանթ Թորնթոն Հայաստան». Պետք է նայել առաջ եւ վերեւ

19.04.2017 | 07:34 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#«Գրանթ Թորնթոն Հայաստան» #աուդիտ #Գագիկ Գյուլբուդաղյան

«Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ» մեծ ընտանիքը՝ ի դեմս «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի, արդեն երկու տասնամյակ իր աուդիտորական եւ խորհրդատվական առաքելությունն է իրականացնում հայաստանյան շուկայում: Banks.am-ը նախաձեռնել է հրապարակումների շարք, որում ներկայացնում է ընկերության հիմնադրման պատմությունը, ընթացիկ գործունեությունն ու հեռանկարային ծրագրերը:

Մասնագիտական եւ մարդկային ի՞նչ արժեքներ են ընկած «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի թիմի հիմքում, ո՞րն է ընկերության բարի համբավի ու հեղինակության գաղտնիքը եւ ռազմավարական ի՞նչ նպատակներ է իր առջեւ դրել այն: Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ Banks.am-ը զրուցել է «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի տնօրեն-բաժնետեր  եւ «Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի» կառավարման խորհրդի անդամ Գագիկ Գյուլբուդաղյանի հետ:

Մարդիկ են ընկերության հարստությունը

Գագիկ Գյուլբուդաղյանը պատմում է, որ «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի հիմնադրման առաջին տարիներին Հայաստանում կադրերի պակաս կար. ընկերությունն ուներ ընդամենը 8 որակավորված աուդիտոր, եւ սկզբնական շրջանում ծառայությունների մեծ մասը տեղական շուկայում մատուցվում էր «Գրանթ Թորնթոն Ֆրանսիա»-ի մասնագետների միջոցով: Հենց այդ տարիներից էլ ընկերությունը սկսեց ակտիվորեն ներդրումներ կատարել իր մարդկային ռեսուրսների զարգացման գործում:


««Գրանթ Թորնթոն Հայաստան»-ը մեծ ներդրումներ է կատարել եւ կատարում աշխատակիցների ուսուցման եւ վերապատրաստման գործում. զարգացման այս ուղիով գնում են միջազգային գրեթե բոլոր կազմակերպությունները: Դրա շնորհիվ է, որ այսօր ունենք նման խոշոր, մասնագիտական գիտելիքներով հագեցած անձնակազմ եւ կարողանում ենք մեր մտավոր, մասնագիտական ծառայությունները արտահանել նաեւ արտասահման: Ըստ իս՝ մարդկային ռեսուրսն է մեր ամենամեծ հարստությունը»,- նշում է ընկերության տնօրենը:

Գագիկ Գյուլբուդաղյանը հպարտությամբ նշում է, որ ներկայում «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ում աշխատում է միջազգային որակավորում ունեցող շուրջ 150 բարձրակարգ մասնագետ, իսկ Վրաստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի ընկերություններում (որոնց հիմնադիրը «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ն է)՝ եւս 80-ը:

Գագիկ Գյուլբուդաղյանը` «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի աշխատակիցուհիների հետ

«Գրանթ Թորնթոն Հայաստան»-ում բավական ակտիվ են կին աշխատակիցները, ընդ որում՝ ոչ միայն ցածր եւ միջին օղակներում. ընկերության ղեկավար պաշտոնների 55%-ը զբաղեցնում են կանայք:

Թիմային արժեքները՝ առաջին պլանում

«Մեր մասնագիտության մեջ շատ կարեւոր է էթիկայի չափանիշների պահպանումը: Աշխատակիցը պետք է «հագեցած» լինի ոչ միայն մասնագիտական գիտելիքներով, այլեւ ունենա որոշակի մարդկային որակներ, այդ թվում՝ ազնվություն: Գիտելիքի պակասը կարելի է լրացնել աշխատանքային պրոցեսում կամ տարատեսակ թրեյնինգների եւ դասընթացների միջոցով, սակայն բնավորության գիծ փոփոխելը շատ բարդ է եւ գրեթե անհնար»,- ասում է Գագիկ Գյուլբուդաղյանը:

«Գրանթ Թորնթոն Հայաստան»-ը կադրերի համալրման հարցում կարեւորում է մասնավոր հատված-բուհ համագործակցությունը՝ իր աշխատանքային գործընթացում ընդգրկելով նաեւ Հայաստանի առաջատար կրթական հաստատությունների ուսանողների. նրանք պրակտիկա են անցնում ընկերությունում, իսկ առավել տաղանդավորները հետագայում տեղավորվում են աշխատանքի:

Կարիերայի աստիճանը «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ում հիմնված է արդարության սկզբունքի վրա: Եզակի չեն այն դեպքերը, երբ աշխատակիցը՝ սկսելով օգնականի գործից, հասել է բաժնետիրոջ կարգավիճակի:

«Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի թիմը՝ Ամանորյա երեկույթին

«Մեր թիմի հիմքում դրված են 6 գլոբալ արժեքներ, որոնք ընդհանուր են «Գրանթ Թորնթոն» ցանցի յուրաքանչյուր ընկերության համար: Դրանք են՝ համագործակցություն, առաջնորդություն եւ նախաձեռնողականություն՝ ամեն մեկն իր տեղում, գերազանցություն՝ միշտ ավելիին ձգտելու սկզբունքով, արագություն՝ հաճախորդների պահանջներին արձագանքելու գործում, հարգանք եւ պատասխանատվություն՝ մեր արած գործի որակի, ժամկետների համար»,- նշում է ընկերության տնօրենը:

Աուդիտի եւ բժշկության կապի մասին

«Աուդիտը նման է բժշկության. բժշկին դիմում են հիվանդություներն ու խնդիրները բացահայտելու ու բուժելու, եւ ոչ թե առողջ լինելու մասին գովեստի խոսքեր լսելու համար: Նույնն աուդիտի դեպքում է. մեր օգտակարությունը խնդիրը գտնելն ու դրա լուծման ճանապարհ առաջարկելն է: Այս առումով մեր մասնագիտությունն ունի ընկալման որոշակի բացասական երանգ. աուդիտն այնքան էլ հաճելի երեւույթ չէ, սակայն կարեւոր է զարգացման համար»,- շեշտում է Գագիկ Գյուլբուդաղյանը:

Նա պատմում է, որ անցած 20 տարիներին ունեցել են ամենատարբեր հաճախորդներ՝ պատրաստվածության զանազան աստիճաններով: Ընկերության ամբողջ գործունեության ընթացքում իրականացվել է 2000-ից ավելի աուդիտ, պատրաստվել են 100-ավոր ներդրումային ծրագրեր օտարերկրյա ներդրողների համար, իրականացվել են ուսումնասիրություններ, կազմակերպվել կոնֆերանսներ եւ սեմինարներ:

Ռազմավարության մասին

«Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի ռազմավարությունն է պահպանել առաջատարի դիրքը շուկայում` ուշադրության կենտրոնում պահելով ծառայության որակն ու արդյունավետությունը, շուկային առաջարկել նորանոր ծառայություններ (մասնավորապես՝ ՏՏ ոլորտի հետ կապված), շարունակել աշխատակիցների ուսուցումը:

«Մեր մասնագիտությունը սերտորեն կապված է տնտեսության զարգացման հետ, յուրաքանչյուր փոփոխություն անմիջապես արտացոլվում է այս ոլորտում. օրինակ՝ ամեն տարի հաշվապահական նոր ստանդարտներ են ներդրվում, եւ մենք պարտավոր ենք առաջինը ստանալ այդ գիտելիքները, որպեսզի հետագայում դրանք փոխանցենք մեր հաճախորդներին: Ես՝ որպես տնօրեն, նույնպես շարունակում եմ կրթվել: Վերջերս ավարտեցի բաժնետերերի եւ տնօրենների համար նախատեսված՝ Օքսֆորդ քաղաքում անցկացվող հատուկ ծրագիրը: Մենք պետք է միշտ տեղյակ լինենք փոփոխություններից»,- նշում է նա:

Գագիկ Գյուլբուդաղյանը` «Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ»-ի ամենամյա գլոբալ կոնֆերանսին

Նորարարական մոտեցումն ընկերության կարեւորագույն ասպեկտներից է, հետեւաբար՝ «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ը մեծ ներդրումներ է կատարում այս ուղղությամբ, ինչը նրան թույլ է տալիս շուկայում ներկայացնել բացառիկ ծառայություններ:

«Ինովացիոն մոտեցումն անհրաժեշտ է հաջողության հասնելու համար. դա եղել է մեր 20 տարիների ռազմավարությունը: Մենք ուշադրություն ենք դարձնում նոր ծառայությունների մշակմանը: ՏՏ զարգացման շնորհիվ յուրաքանչյուր նոր ստեղծված ապրանք հնանում է աչքի առաջ. ոլորտում առաջատար լինելու համար պարտավոր ենք հետեւել համաշխարհային միտումներին:

Միշտ պետք է նայել առաջ եւ վերեւ.. »,- ամփոփում է Գագիկ Գյուլբուդաղյանը:

Մաս 1-ին՝ «Գրանթ Թորնթոն Հայաստան». առաջին դժվարություններն ու հաղթանակները

Մաս 2-րդ՝ «Գրանթ Թորնթոն Հայաստան». Ոլորտի խնդիրներն ու հնարավոր լուծումները

Մաս 3-րդ՝ «Գրանթ Թորնթոն Հայաստան». Խորհրդատվություն Հայաստանին ու աշխարհին

Մաս 4-րդ՝ «Գրանթ Թորնթոն Հայաստան». Ռիսկերի կառավարումը՝ առաջընթացի նախապայման

Պատրաստեց Սիրանուշ Սիմոնյանը

Դիտում՝ 21668
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai