«Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ» մեծ ընտանիքը` ի դեմս «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի, արդեն երկու տասնամյակ իր աուդիտորական եւ խորհրդատվական առաքելությունն է իրականացնում հայաստանյան շուկայում: Banks.am-ը նախաձեռնել է հրապարակումների շարք, որում ներկայացնում է ընկերության հիմնադրման պատմությունը, ընթացիկ գործունեությունն ու հեռանկարային ծրագրերը: «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի Բիզնես ռիսկերի ծառայությունների ղեկավար Վլադիսլավ Մուրադյանը Banks.am-ին պատմել է ընկերության մատուցած բացառիկ խորհրդատվության մասին, խոսել հաճախորդների հիմնական ռիսկերից եւ ներկայացրել դրանք կառավարելու արդյունավետ տարբերակները: Բիզնեսի աշխարհը լի է ռիսկերովԱյսօրվա արագ փոփոխվող գործարար աշխարհում ռիսկերի արդյունավետ կառավարումը հիմնարար նշանակություն ունի ընկերության գործունեության անընդհատության եւ զարգացման տեսանկյունից: «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ն իր խորհրդատվական ծառայությունների լայն շրջանակում ընդգրկում է գործարար ռիսկերի կառավարման եւ խորհրդատվության ծառայություններ: 14.04.2017 | 08:03 «Գրանթ Թորնթոն Հայաստան». Խորհրդատվություն Հայաստանին ու աշխարհին Բիզնես ռիսկերի ծառայությունների ղեկավար Վլադիսլավ Մուրադյանը նշում է, որ ընկերությունն առաջարկում է ծառայություններ տարբեր ուղղություններով, այդ թվում` տեխնոլոգիաների աուդիտ եւ ռիսկերի կառավարում, ձեռնարկությունների ռիսկերի կառավարում, ներքին հսկողություն եւ ներքին աուդիտ, կորպորատիվ կառավարման խորհրդատվություն, ՏՏ անվտանգություն եւ տվյալների պաշտպանություն:«Խորհրդատվության ոլորտը ներառում է ծառայությունների բավական բազմազան սանդղակ: Ընդ որում, դրանց դասակարգումը պայմանական է, քանի որ իրական կյանքում երբեմն հաճախորդներին մատուցվում է ծառայություն, որն ունի բաղադրիչներ միանգամից մի քանի ավանդական համարվող ծառայությունների տեսակներից, եւ դժվար է տարանջատել մի գործընթացը մյուսից»,- նշում է նա:Վլադիսլավ Մուրադյանը հպարտությամբ պատմում է, որ ԱՊՀ տարածաշրջանում, ինչպես նաեւ «Գրանթ Թորնթոն» ցանցի եվրոպական մասում, ամենաշատ ISO 27000 տեղեկատվական անվտանգության համակարգի ներդրում իրականացրել է հենց իրենց ընկերությունը. իրականացվել է նման 12 աշխատանք: Վլադիսլավ Մուրադյանը` «Գրանթ Թորնթոն» ցանցի անդամ ընկերությունների ԱՊՀ տարածաշրջանային կոնֆերանսին Լուսանկարը՝ Անձնական արխիվ «ISO ստանդարտի ներդրման խորհրդատվության հիմնական պահանջարկը մեզ մոտ ներկայացնում են բանկերը: Հայաստանի բանկերի կեսին (9-10 բանկ) արդեն մատուցել ենք նման ծառայություն: «Պատճառը», լավ իմաստով, թերեւս, Կենտրոնական բանկն է, որը Հայաստանի ֆինանսաբանկային ոլորտի գրեթե բոլոր կազմակերպություններից պահանջում է ներդնել ISO 27000 եւ, ընդհանուր առմամբ, խիստ վերահսկողություն իրականացնում այս ոլորտում»,- ընդգծում է նա:Այդուհանդերձ, ընկերության գործունեության ընթացքում եղել են սերտիֆիկատի ներդրման խորհրդատվության կամավոր դիմումներ՝ թելադրված շուկայի պահանջներով: Ընկերության ներկայացուցիչը հիշում է, որ նման ծառայություն ժամանակին մատուցել են «Վիվարո» ընկերությանը, որն ունի գործակիցների հաշվարկման եւ խաղադրույքների սեփական ալգորիթմը եւ արտերկրում գործունեություն ծավալելու կապակցությամբ ունեցել է նման սերտիֆիկատի ստացման կարիք: Տեղեկատվական անվտանգության համակարգի ներդրման հետաքրքիր դեպք է արձանագրվել նաեւ Տաջիկստանում՝ National testing center կազմակերպությունում:Ընկերությունը ՀՀ բանկային համակարգում իրականացրել է նաեւ գործառնական, վարկային եւ այլ ռիսկերից պաշտպանության համակարգերի ներդրում, իսկ 4-5 տարի առաջ էլ տրամադրել է կորպորատիվ կառավարման ոլորտի խորհրդատվություն «Երեւանի մետրոպոլիտեն»-ին:«Բացառիկ» ծառայության մասին Որպես վճարային քարտերի շուկայի Անվտանգության ստանդարտների խորհրդի կողմից Անվտանգության որակավորված գնահատողի լիազորություն ունեցող ընկերություն՝ «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ը մատուցում է PCI DSS ստանդարտին համապատասխանության աուդիտի ծառայություն:PCI DSS-ի համաձայն՝ ցանկացած ընկերություն, որն ուղղակի կամ անուղղակի կերպով մասնակցում է վճարային քարտի տվյալների (քարտի համար, հաշվեհամար, ծածկագիր, անուն-ազգանուն եւ այլն) մշակման, պահպանման եւ փոխանցման գործընթացին, պետք է անցնի համապատասխան աուդիտ: Ստանդարտը մշակվել եւ ընդունվել է 2004թ.՝ 5 հիմնական վճարային համակարգերի (MasterCard, Visa, American Express, Discover Financial Services, JCB International) կողմից: Հայաստանում, օրինակ, 4 ընկերություն (ArCa, ՎՏԲ-Հայաստան Բանկ, Յունիբանկ եւ Հայբիզնեսբանկ) ուղղակիորեն հաշվետու է Visa-ին եւ MasterCard-ին: «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի կողմից մատուցվող այս ծառայությունը եզրակացություն է տալիս նման կազմակերպությունների ներկայացրած հաշվետվությունների հավաստիության վերաբերյալ: Վլադիսլավ Մուրադյանը` «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի տնօրեն-բաժնետեր Գագիկ Գյուլբուդաղյանի հետ Լուսանկարը՝ Անձնական արխիվ «Այս ծառայությունը բացառիկ է ինչպես մեր շուկայում, այնպես էլ ԱՊՀ տարածաշրջանում: ԱՊՀ շրջանակում նման լիազորություն ունի 4 ընկերություն` մենք եւ 3 ռուսական կազմակերպություն: Ծառայության այս տեսակը մեզ հնարավորություն է տալիս այն արտահանել այլ երկրներ՝ Եվրոպայի, ԱՊՀ, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի տարածաշրջաններում գործող ցանկացած կազմակերպություն, որն առնչվում է տվյալների մշակմանը, պահպանմանը կամ փոխանցմանը, մեր պոտենցիալ հաճախորդն է»,- նշում է Վլադիսլավ Մուրադյանը: Ներթափանցման փորձ՝ բարի նպատակներովՀաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գլոբալ միտումներն ու կիբերանվտանգության կարեւորությունը Հայաստանի համար՝ այս ոլորտի խնդիրները գերակա են համարվում պետական մակարդակով: «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ն առաջարկում է կիբերանվտանգության հատուկ ծառայություն՝ penetration testing, որը ենթադրում է ընկերության տեղեկատվական բազաներ փորձնական ներթափանցում, դրա միջոցով խոցելիության բացահայտում եւ շտկում:«Սա, կարելի է ասել, «հաքերային հարձակում» է՝ բարի նպատակներով. դրա միջոցով մենք օգնում ենք կազմակերպություններին բացահայտել թույլ կետերը եւ առաջարկում տարբերակներ՝ դրանք շտկելու ուղղությամբ»,- նշում է Վլադիսլավ Մուրադյանը: Նրա խոսքով՝ «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի համար տեղեկատվական անվտանգության ապահովումը ոչ միայն ծառայության տեսակ է, այլեւ կարեւոր ասպեկտ՝ սեփական գործունեության տեսանկյունից: «Մենք տիրապետում են հազարավոր ընկերությունների ֆինանսական տվյալների. հաճախորդը պետք է վստահ լինի, որ դրանք որեւէ իրավիճակում չեն բացահայտվի: Հետեւաբար, մենք նույնպես տարեկան մեծ գումարներ ենք ներդնում այս ուղղությամբ»,- ամփոփում է նա: Մաս 1-ին՝ «Գրանթ Թորնթոն Հայաստան». առաջին դժվարություններն ու հաղթանակները Մաս 2-րդ՝ «Գրանթ Թորնթոն Հայաստան». Ոլորտի խնդիրներն ու հնարավոր լուծումներըՄաս 3-րդ՝ «Գրանթ Թորնթոն Հայաստան». Խորհրդատվություն Հայաստանին ու աշխարհինՇարունակելիՊատրաստեց Սիրանուշ Սիմոնյանը Tweet Դիտում՝ 7335