Դրամը սահուն կերպով թուլանում է

04.04.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

"Հայոց Աշխարհ" (Երեւան), 4 ապրիլի, 2007թ.

Վերջին շրջանում Հայաստանի արժութային շուկայում դրամը սահուն կերպով արժեզրկվում է: Այս երեւույթը Կենտրոնական բանկը պայմանավորում է առաջարկի եւ պահանջարկի գործոնով: Այլ կերպ ասած, սա նշանակում է, որ շուկայում նվազել է դոլարի հոսքը կամ պարզապես ավելացել է դրամի առաջարկը:

Արժութային շուկայում նկատվող այս դրսեւորումները տեղի են ունենում միջազգային ֆինանսական դաշտում արձանագրվող հակառակ միտումներին զուգընթաց: Այստեղ դոլարը շարունակում է թուլանալ եվրոյի նկատմամբ: Այսինքն` Հայաստանում տեղի ունեցող զարգացումները կապված չեն արտաքին շուկաների հետ եւ պայմանավորված են զուտ ներքին գործոններով: Դրամը թուլանում է բոլոր արժույթների նկատմամբ:

Այս երեւույթը արժութային շուկայում նկատվեց մարտի սկզբից: Երկար արժեւորումից հետո դրամը սկսեց արժեզրկվել: Կենտրոնական բանկի միջամտությունից հետո փոխարժեքները որոշ ժամանակ կայունացան, սակայն վերջին օրերին գործընթացը դարձյալ վերսկսվել է: Նշված գործընթացը նկատվեց այն բանից հետո, երբ ԿԲ¬ն դադարեց կամ խիստ սահմանափակեց իր մասնակցությունը արժութային բորսայում (նշենք, որ վերջին շրջանում նկատվող դրամի թուլացման պայմաններում Կենտրոնական բանկի մասնակցությունն այստեղ արտահայտվում էր դոլարի վաճառքի տեսքով): Անցած օրվա բորսայական առեւտրի տվյալներով, գնվել եւ վաճառվել է ընդամենը 250 հազար դոլար: Այսինքն` արժութային բորսան եղել է պասիվ վիճակում:

Դրամի թուլացումը չնայած հակասում է Կենտրոնական բանկի այն հավաստիացումներին, որ ազգային արժույթի ուժեղացման միտումները երկարատեւ բնույթ ունեն եւ առաջիկայում պահպանվելու են, այնուհանդերձ դրանք ամբողջությամբ տեղավորվում են ԿԲ¬ի այն պարտավորությունների սահմաններում, որոնք առնչվում են գնաճի նախատեսված սցենարի ապահովմանը:

Այս առումով, Կենտրոնական բանկը բավականաչափ լավ վիճակում է: Մարտի տվյալներով, Հայաստանում 12¬ամսյա գնաճը եղել է 4,3 տոկոս: Մի բան, որ լիովին տեղավորվում է սղաճի նախատեսված ցուցանիշների մեջ, որոնց համաձայն, այն կարող է հասնել մինչեւ 5,5 տոկոսի: Առավել եւս, մարտին արձանագրվել է սպառողական գների որոշակի նվազում` բարենպաստ պայմաններ ստեղծելով Կենտրոնական բանկի համար: Հատկանշական է, որ դա տեղի է ունեցել դրամի թուլացմանը զուգընթաց: Սա նշանակում է, որ այդ երեւույթը հիմնականում ազդեցություն չի թողել գների մակարդակի վրա:

Այնպես որ, այդ առումով գոնե մարտին ԿԲ¬ն բավական հանգիստ վիճակում է եղել: Գնաճը զսպելու համար դրամն ուժեղացնելու եւ շուկայում ավելի ակտիվ մասնակցելու անհրաժեշտություն չի առաջացել:

Ազգային արժույթի թուլացումը տեղի է ունեցել այս պայմաններում: Դրա պատճառներից մեկը կարող էր լինել տարադրամային միջոցների ներհոսքի նվազումը, որը միանգամայն բնական է ընտրական գործընթացների պայմաններում: Այնպես որ, ընտրությունների մոտենալուն զուգընթաց, այդ երեւույթը, ըստ ամենայնի, ավելի կխորանա: Մի բան, որը փոխարժեքի շուկայում կարող է դրանց արժեւորման պատճառ դառնալ:

Բայց այստեղ, իհարկե, կա մեկ այլ ավելի ազդեցիկ գործոն, որը կարող էր դառնալ դրամի թուլացման պատճառ: Ակնհայտ է, որ այդ երեւույթը շուկայում տեղի է ունենում բոլոր արժույթների նկատմամբ, ընդ որում, համարժեքորեն: Սա խոսում է այն մասին, որ նկատվող զարգացումներն ավելի շատ պայմանավորված են շրջանառության մեջ զուտ ազգային փողի ավելացումով, որը դարձյալ կարող է կապված լինել ընտրական գործընթացների եւ շուկայում լրացուցիչ ֆինանսական միջոցների ներհոսքի հետ:

Թե վերջին շրջանում կոնկրետ ինչպիսի փոփոխություններ են կրել փողի ցուցանիշները, դժվար է ասել, որովհետեւ մարտի սկզբից Կենտրոնական բանկը դադարեցրել է հրապարակել այդ տվյալները: Մինչդեռ դա հնարավորություն է տալիս որոշակի պատկերացում կազմել տեղի ունեցող տեղաշարժերի մասին, որոնց ազդեցությունն այս կամ այն կերպ արտահայտվում է նաեւ փոխարժեքների դաշտում:

Ինչեւէ, մինչ ֆինանսական շուկայում արձանագրվում է դրամի որոշակի թուլացում, տնտեսության առանձին հատվածներում տարեսկզբին արձանագրվել են դրական տեղաշարժեր: Մասնավորապես նկատվել է արտահանման ծավալների զգալի աճ: Անշուշտ դժվար է ասել, որ դա անմիջականորեն կապված է դրամի թուլացման հետ, բայց որ այն նպաստավոր ազդեցություն է ունենում արտահանման վրա, անկասկած է:

Կանխատեսել, թե ինչպիսին կլինի դրամի վարքագիծը առաջիկայում, առավել եւս նախընտրական գործընթացների պայմաններում, բավականին դժվար է: Սակայն, ըստ ամենայնի, առայժմ դրամի ճնշումը շուկայի վրա կպահպանվի:

Մանավանդ որ Կենտրոնական բանկը դրանից մտահոգվելու հիմքեր կարծես այնքան էլ չունի:

ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ

Դիտում՝ 6244
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai