Հոկտեմբերի վերջին ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնա-հետազոտական կենտրոնում կայացավ FinTech ձեւաչափի առաջին Fintegration հաքաթոնը, որի նպատակն էր միավորել ֆինանսական ծառայությունները եւ թվային տեխնոլոգիաները: Հաքաթոնը կազմակերպվել էր «Դոմ-Դանիել» ընկերության եւ «Մայքրոսոֆթ Հայաստանի» կողմից՝ ՀՀ Կենտրոնական բանկի եւ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի հետ համատեղ:Banks.am-ը զրուցել է հաքաթոնին ներկա գտնվելու նպատակով Հայաստան ժամանած՝ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում Microsoft կորպորացիայի գլխավոր մենեջեր Մայքլ Կոգելերի հետ: - Ծանոթանալով հայկական ստարտափների ներուժին՝ Ձեր կարծիքով՝ ի՞նչպես կարելի է նպաստել տարածաշրջանում ձեռներեցության զարգացմանը: - Խնդիրը ոչ թե ստարտափներ բազմացնելն է, այլ դրանք պահելը: Նկատվում է միտում, որ այն պահին, երբ ստարտափը բավարար միջոցներ ու հաջողություն է ունենում, անմիջապես տեղափոխվում է Սիլիկոնյան հովիտ: Պետք է ստեղծել այնպիսի միջավայր, որ ստարտափները ցանկանան մնալ տարածաշրջանում: Ի՞նչ գիտեք՝ միգուցե այս հաքաթոնի թիմերից մեկն էլ մոտ ապագայում դառնա հաջողակ ընկերություն: Բոլորը խոսում են Սփյուռքի մասին, ասում են՝ Հայաստանը հրաշալի վայր է, եթե դա այդպես է՝ ինչո՞ւ չեք վերադառնում հայրենիք, ասեք ինձ: Սա փաստում է, որ երկրում խնդիրներ, այնուամենայնիվ, կան: Մինչեւ այդ խնդիրները չլուծվեն, ցանկացած ստարտափ, հաջողակ դառնալով, բացելու է պատուհանը եւ դուրս է թռչելու: Լուսանկարը՝ Մեդիամաքս-Ո՞րն է հաջողակ FinTech էկոհամակարգ ստեղծելու գաղտնիքը: - Մի հետաքրքիր եւ գուցե զավեշտալի բան եմ նկատել. ամբողջ աշխարհում բանկերը կարծես իրենց «մահն» են կազմակերպում, քանի որ երբ զարգանում է FinTech ուղղությունը, ավանդական բանկերի բիզնես մոդելը փոփոխության է ենթարկվում: Եվ հինգ տարի հետո այդ բիզնես մոդելն էապես տարբերվելու է նրանից, ինչ ունենք այսօր: Միգուցե այն, որ ավանդական ֆինանսական կառույցները ցանկանում են նման միջոցառումներ կազմակերպել, խոսում է նրանց տեսլականի մասին: Գուցե բանկերը ցանկանում են հաղորդակից լինել նորարարությանը եւ օգտագործել նորարար տաղանդը: Այստեղ խնդիրն այն է, թե ինչ կլինի, եթե այսօրվա ստարտափները վաղը ստեղծեն մի լուծում, որը կփոխարինի բանկերին: Կարծում եմ՝ հաջողված FinTech լուծումները պետք է արտահանել: Եթե տվյալ բիզնես մոդելը լավ է աշխատել Հայաստանում, ապա կարող է աշխատել նաեւ, օրինակ, Բելգիայում: Նման լուծումների առկայության դեպքում արտահանե՛ք դրանք: Կարծում եմ՝ ծրագրավորողներին եւ բիզնես դպրոցներում սովորողներին միավորելը լավ գաղափար է:-Ուզում եք ասել, որ ավանդական բանկերին եւ FinTech ընկերություններին ապագայում կհաջողվի՞ համատեղ աշխատել: -Եթե նրանք բաց են փոփոխությունների համար, ապա այդ համագործակցությունը հնարավոր է: Ինձ դուր են գալիս Հայաստանի բանկային համակարգում առկա ներկայիս տրամադրությունները. նրանք ցանկանում են հասկանալ, թե ինչ է կատարվում, ինչպես են տեխնոլոգիաները փոխում ամեն ինչ: Եթե հետագա քայլերը ճիշտ լինեն, շատ լավ, իսկ եթե սխալ լինեն՝ ոչինչ չի աշխատի: - Մոտ ապագայում կա՞ն Microsoft Հայաստանի հետ համատեղ նախաձեռնություններ, որոնք վերաբերում են հայաստանյան ՏՏ ոլորտին:- Այս պահին էլ ունենք ծրագրեր՝ միտված ստարտափներին աջակցություն տրամադրելուն: Պետք է աշխատել ստարտափներին մենթորություն տրամադրելու ուղղությամբ, ինչն անում ենք այլ երկրներում: ՀՀ-ում արդեն գործում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, որտեղ շատ ստարտափներ կոդ գրել են սովորում եւ ոչ միայն: Հայաստան այցիս ընթացքում խոսել եմ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի ղեկավարության հետ՝ այստեղ ստարտափ ինկուբատոր բացելու հնարավորությունների մասին: Վերջերս նմանատիպ ինկուբատոր բացվեց Բուլղարիայում, որտեղ տարեկան 60 ստարտափ աջակցություն եւ խորհրդատվություն է ստանալու 24/7 սկզբունքով: Կցանկանայի, որ նման մի կառույց գործեր նաեւ Հայաստանում: Կարծում եմ՝ հարկավոր է խոսել ԿԲ-ի, մասնավոր ընկերությունների հետ: Գործընկերներ գտնելու դեպքում դա բավական իրատեսական գաղափար է: Մայքլ Կոգելերի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը Tweet Դիտում՝ 2381