Fintegration-ը Դիլիջանում միավորել է ֆինանսական եւ ՏՏ համայնքներին

31.10.2016 | 11:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հոկտեմբերի 28-29-ին 21 թիմ ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնա-հետազոտական կենտրոնում մասնակցել է FinTech ձեւաչափի առաջին Fintegration հաքաթոնին, որի նպատակն էր միավորել ֆինանսական ծառայությունները եւ թվային տեխնոլոգիաները:

Թիմերը 18-ժամյա հաքաթոնի ընթացքում, օգտագործելով Microsoft-ի BlockChain, Cognitive Services, Cortana Analytics եւ Bot Framework տեխնոլոգիական հարթակները, մշակել են նորարարական լուծումներ եւ ներկայացրել ժյուրիին:

Դիլիջանի ուսումնա-հետազոտական կենտրոնի ղեկավար Մարտին Գալստյանը Banks.am-ի հետ զրույցում նշել է, որ իրեն տպավորել է հաքաթոնին մասնակցող թիմերի որակը:

«Կային լուծումներ, որոնց վրա դեռ անհրաժեշտ էր աշխատել, եւ կային նաեւ այնպիսիք, որոնք կատարելության փուլում էին, պատրաստ են միանգամից դուրս գալ շուկա եւ վենչուրային ներդրումներ ներգրավել: Կարծում եմ` բանկերի համար սա լուրջ հնարավորություն էր՝ ծանոթանալու ստարտափ լուծումների միջավայրին»,- ասել է Մարտին Գալստյանը:

ԿԲ ներկայացուցչի խոսքով՝ եթե թիմերի հետ աշխատեն հմուտ մասնագետներ, ապա այդ լուծումների մի մասը վստահաբար կարող է կյանքի կոչվել:

«Ինձ տպավորել են բոտերի (ավտոմատացված ծրագիր-գործընթացներ-խմբ.) հետ կապված լուծումները: Նույնը կարելի է ասել մեքենայական ուսուցման, արհեստական բանականության եւ BlockChain-ին առնչվող մի շարք լուծումների մասին: Կարծում եմ` անհրաժեշտ է նման միջոցառումներ ավելի հաճախ կազմակերպել»,- նշել է Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավարը:

«Մայքրոսոֆթ»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Լիանա Կորկոտյանն էլ նշել է, որ իրենց տեղեկություններով՝ սա աշխարհում առաջին հաքաթոնն էր, որ կազմակերպվում էր Կենտրոնական բանկի տարածքում, ինչը նրա խոսքով, փաստում է, որ ՀՀ ԿԲ-ն բաց է նոր տեխնոլոգիաների համար:

«Մեծ հույս ունեմ, որ մասնակիցներն ինչ-որ նոր բան սովորեցին այս օրերի ընթացքում: Ուրախ եմ, որ սա նաեւ առաջին խոշոր fintech հաքաթոնն էր Հայաստանում: Հուսամ, որ այն լուծումները, որոնք ներկայացվեցին եւ դեռեւս նախնական փուլում են, զարգացում կստանան եւ իսկապես օգտակար կլինեն ֆինանսական հաստատությունների համար»,- ասել է Լիանա Կորկոտյանը:

Հաքաթոնի կազմակերպիչ «Դոմ-Դենիել» ընկերության տնօրեն Արտաշես Քալանթարյանն էլ ընդգծել է, որ միջոցառումն աննախադեպ էր իր ձեւաչափով:

«Համագործակցությունը ֆինանսական կառույցների` ներառյալ ԿԲ-ի հետ, բովանդակության մասով «Մայքրոսոֆթի» թիմի թրեյնինգները, ինչպես նաեւ եռօրյա նախապատրաստական դասընթացները միջոցառմանը բացառիկություն հաղորդեցին: Այն հանգամանքը, որ հաղթեցին մարդիկ, որոնք ունեին մի քանի ամսվա փորձ, ցույց է տալիս, որ շատ կարեւոր է գաղափարը եւ ցանկությունը: Իրականում հավասար պայքար էր, եւ մի շարք թիմեր շատ մոտ էին մրցանակային տեղերին` գնահատականներով»,- ընդգծել է նա:

Fintegration հաքաթոնը կազմակերպել էին «Մայքրոսոֆթ Հայաստանը» եւ «Դոմ Դանիել» ընկերությունը՝ ՀՀ Կենտրոնական բանկի եւ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի հետ համատեղ:

Դիտում՝ 5291
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai