Երբ տեսնում են ձեռքերը

25.10.2016 | 00:00 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Աչքերի փոխարեն նրանց մոտ տեսնում են ձեռքերը: Մատների ճկուն շարժումներով մարմնի վրա շոշափում, գտնում են ճիշտ կետերը, թուլացնում մկանները:

«Տեսնող ձեռքեր» մերսման կենտրոնում աշխատում են բացառապես տեսողության հետ խնդիրներ ունեցող մարդիկ՝ հավասար մրցակցության մեջ մտնելով մերսման մնացած սրահների հետ: Banks.am-ը փորձել է պարզել՝ ինչ գաղափարախոսություն է ընկած կենտրոնի ստեղծման հիմքում, եւ ինչպես կարող է փոքրիկ բիզնեսը նպաստել հաշմանդամություն ունեցողների խնդիրների լուծմանը:

Սոցիալական ինտեգրում

25-ամյա Անդրանիկ Քոչարյանը կրթությամբ իրավաբան է, մասնագիտությամբ՝ մերսող, կարգավիճակով՝ ապագա հայր: Պատմում է, որ նոր աշխատանքին սկզբում թերահավատորեն էր վերաբերվում, իսկ այսօր վստահ է՝ եթե աշխատանքը շատ լինի, այլ գործի մասին չի էլ մտածի:  

Կենտրոնի հիմնադիր Մարիամ Դիլբանդյանը Banks.am-ի հետ զրույցում ասում է, որ աշխատանքը հաշմանդամության խնդիր ունեցողներին թույլ է տալիս հավատալ՝ իրենք ունեն ռեսուրս, որն օգտակար է մյուսներին: Նրա խոսքով՝ եթե գործում հաջողություն են ունենում, եթե կարողանում են գումար վաստակել, վստահություն է առաջանում, որ կարող են նաեւ ամուսնանալ, ընտանիք պահել:


Կենտրոնի այցելուն եւ Մարիամ Դիլբանդյանը

«Աղջիկս ամուսնացել է, արդեն երեխա ունի, տղաներիցս մեկն էլ նոր է ամուսնացել, շուտով նրանք էլ երեխա կունենան»,- ժպիտը դեմքին՝ պատմում է Մարիամը՝ խոսելով կենտրոնի աշխատակիցների մասին:

Մարիամի խոսքով՝ աստիճանաբար նրանք դուրս են գալիս ստվերից, ամեն օր գնում են աշխատանքի, շփվում մարդկանց հետ, ընկերներ ձեռք բերում, իրենց զգում են հասարակության լիարժեք անդամ:

Աուդիոգրքերից՝ մերսում

Մասնագիտությամբ հոգեբան Մարիամ Դիլբանդյանի մոտ կույրերին մերսման արվեստը սովորեցնելու գաղափարն առաջացել է 2012թ., երբ աուդիոգրքեր էր ձայնագրում, որոնք տեսողության խնդիրներ ունեցողներին բաժանվում էին անվճար: Համայնքի հետ շփումների ընթացքում Մարիամը զգուշորեն ծանոթացել է նրանց լիարժեք ինտեգրմանը խոչընդոտող խնդիրներին՝ միաժամանակ փորձելով ուղիներ փնտրել նրանց օգնելու համար:

«Երբ առօրյայում տեսա, թե ինչպես են նրանք իրենց ձեռքերն օգտագործում, հասկացա, որ եթե այս մարդիկ 24 ժամ իրենց ձեռքերն օգտագործում են, ուրեմն ունեն գերզարգացած շոշափելիքներ,- պատմում է նա: -Հաջորդ օրը որոշեցի սեփական ուժերով, սեփական գումարով մասնագետ գտնել եւ կրթություն տալ նրանց: Այդպես հավաքվեց առաջին խումբը»:

«Տեսնող ձեռքերը»՝ մերսման կենտրոն

Առաջին խմբում սկզբնապես ներգրավվել է 12 հաշմանդամություն ունեցող անձ՝ 20-35 տարեկան: Այնուհետեւ տարբեր պատճառներով խումբը զտվել է, եւ 8 ամսվա դասընթացն ի վերջո ավարտել է 3 հոգի:

Արդեն որպես բիզնես նախագիծ՝ «Տեսնող ձեռքեր» մերսման սրահը բացվել է 2014թ. փետրվարին՝ ՄԱԶԾ-ի եւ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի կողմից իրականացվող «Կոլբա Լաբս» ինկուբատոր ծրագրի աջակցությամբ:

Մարիամը պատմում է, որ ի սկզբանե սրահ բացելու նպատակ չի ունեցել: Երբ մասնագետները պատրաստ են եղել, դիմել է մերսման սրահներին՝ առաջարկելով նրանց աշխատանքի ընդունել, սակայն պատասխանը միշտ բացասական է եղել:

«Երկար մտածելուց հետո հասկացա, որ ես ինքս պիտի բերեմ այդ փոփոխությունը»,- ասում է Մարիամը:

Դժվարություններ

Խոսելով դժվարությունների մասին՝ Մարիամն առաջին հերթին առանձնացնում է հաշմանդամություն ունեցողների խմբի հետ աշխատանքը: Նրա խոսքով՝ թե՛ պետության, թե՛ հասարակության եւ թե՛ մասնավոր սեկտորի մեղքով հասարակության այս շերտը տարիներ շարունակ մնացել է լուսանցքից դուրս, ինչը բարդացնում էր նրանց հետ շփումը:

«Դժվարությունները շատ էին, բայց ես տեսնում էի դրա ծայրը, ես հավատում էի այդ մտքին եւ հասկանում էի՝ եթե ես չանեմ՝ ով է անելու»,- ասում է Մարիամը:



Անդրադառնալով բիզնեսի դժվարություններին՝ երիտասարդ գործարարը նշում է, որ նախ, Հայաստանում բացակայում է մերսման մշակույթը, երկրորդ, իրենց համար դժվար էր տեղ հասցնել նոր հայեցակարգը: Մասնավորապես, հասարակության համար շատ դժվար էր ընկալել, որ տեսողության հետ խնդիրներ ունեցող անձիք կարող են լիարժեք կերպով ծառայություններ մատուցել սպասարկման ոլորտում:

«Ամենաանհեթեթ բաներն էի լսում, երբեմն անգամ շատ զարգացած մարդկանցից: Հաճախ հարցնում էին՝ կարո՞ղ է հանկարծ մեջքս ջարդի»,- վրդովված պատմում է նա:

Մարիամն ընդգծում է, որ մյուս մերսման կենտրոնների համեմատ իրենց ծառայությունները գրեթե կրկնակի էժան են:

«Ցանկանում ենք, որ բոլորի համար  էլ հասանելի լինի, որպեսզի բոլորն էլ կարողանան փորձել,- ասում է նա: -Ես ի սկզբանե հավատում էի, որ մեկ անգամ մեզ մոտ գալուց հետո հաճախորդը կվերադառնա: Ու այդպես էլ եղավ»:

Սոցիալական բիզնես

Մարիամը փաստում է, որ արտասահմանում սոցիալական բիզնեսն առանձնանում է հասարակական կազմակերպություններից եւ ՍՊԸ-ներից. շատ բիզնեսներ, որոնք սոցիալական բովանդակություն ունեն, օգտվում են հարկային արտոնություններից կամ որոշակի աջակցություն են ստանում սուբսիդավորման տեսքով: Մինչդեռ Հայաստանում, եթե եկամուտ ես հետապնդում, ավտոմատ կերպով հայտնվում ես հարկային դաշտում:

ՀՀ շահութահարկի մասին օրենքով՝ «հարկատուի հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է հարկատուի մոտ վարձու աշխատող յուրաքանչյուր հաշմանդամի համար հաշվարկված աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների 150 տոկոսի չափով»։

Մարիամի խոսքով՝ թեեւ պետության կողմից փոխհատուցման որոշ մեխանիզմներ գործում են, «սակայն դրանք այնքան վատ են մշակված, որ ոչ մի գործարար դրանցից չի օգտվում»:

«Ընդհանրապես ոչ մի բանից չեմ օգտվել, չեմ օգտվում այդ օրենքներից... Պարզապես անիմաստ է. ես չեմ ցանկանում կործանել իմ բիզնեսն այդ օրենքներով»,- կտրուկ ասում է նա:

«Աթոռային մերսում»

Այսօր արդեն «Տեսնող ձեռքերի» շնորհիվ Հայաստանում ոչ միայն փոխվել է մոտեցումը մերսման նկատմամբ, այլեւ աստիճանաբար ներդրվում է աթոռային մերսման մոդելը, երբ աշխատակիցն ինքն է գնում գրասենյակներ եւ 15-րոպեանոց պրոֆիլակտիկ մերսում կատարում:

Համագործակցության առաջին փորձերը սկսվել են ՏՏ ոլորտի կազմակերպությունների հետ, սակայն ամենօրյա հետեւողական աշխատանքն այս ուղղությամբ շարունակվում է, քանի որ Հայաստանում դրա մշակույթը նոր է տարածվում:

«Աթոռային մերսման դեպքում երկկողմանի օգուտ է. մեր մասնագետները գնում են, մի քանի ժամում մերսում, ենթադրենք, 30 հոգու, կազմակերպության աշխատողներն էլ խնայում են իրենց ժամանակը»,- ասում է նա:

GES 2016

2016թ. հունիսին Մարիամ Դիլբանդյանը «Տեսնող ձեռքերը»՝ որպես նորարարական գաղափար, ներկայացրել է Սթենֆորդում կայացած Ձեռներեցության համաշխարհային գագաթաժողովին, որին մասնակցելու համար, ըստ ներկայացված հայտերի, ընտրվել է 300-500 ձեռներեց աշխարհի 170 երկրից:  

«Անչափ ուրախ էի, ոգեւորված, որ ԱՄՆ-ի նման երկրում գնահատվել է իմ կատարած գործը»,- ասում է Մարիամը:

Շփվելով աշխարհի խոշոր ընկերությունների ղեկավարների հետ՝ երիտասարդ գործարարը մեծ քայլեր է կատարել ոչ միայն ներդրողներ գտնելու հարցում, այլեւ առանձնացրել է Հայաստանում սկսնակ բիզնեսների համար պակասող հմտությունները:



ԱՄՆ-ից վերադառնալուց հետո որոշել է օգտագործել արտասահմանում լայն տարածված դրամահավաքի փորձը՝ «Տեսնող ձեռքերի» համար մասնագետներ պատրաստելու նպատակով, որը, նրա խոսքով, առաջին քայլը կլինի Հայաստանում «պատվավոր բիզնեսի» համար դրամահավաք կազմակերպելու մշակույթը զարգացնելու ճանապարհին:

«Մենք հին ձեւով ենք մտածում՝ ներդրող կամ գրանտ. ոչ մեկ չի մտածում, որ աշխարհը միանգամայն այլ ձեւով է առաջ գնում»,- ասում է նա՝ պարզաբանելով, որ ներդրողը շահագրգռված չէ նախատիպի համար գումար փոխանցել: Պետք է ներդրողին ներկայացնել արդեն պատրաստի նախատիպը, նոր միայն գումար ակնկալել:

«Իսկ նախատիպը պատրաստելու համար դրամահավաք է պետք, դրամահավաք ոչ թե բարեգործական, այլ պատվավոր բիզնեսի համար»,- ասում է նա:

Ապագան՝ միջազգային շուկայում

Խոսելով ծրագրերի մասին՝ Մարիամն ասում է, որ առաջիկա տարիներին պատրաստվում է ավելացնել մերսողների թիվը եւ դուրս գալ միջազգային շուկա՝ Ռուսաստան, ԱՄՆ:

Բիզնեսի տեսանկյունից, նրա խոսքով, «Տեսնող ձեռքերն» այս պահին հազիվ թե եկամտաբեր համարվի, բայց վստահ է՝ 5 տարի հետո կհասնի մի մակարդակի, երբ անիվն ինքնուրույն կպտտվի:  

«Ես ուզում եմ հասնել այնպիսի մակարդակի, որ ասեն՝ ձեր մերսողներն ամենալավն են: Ես ուզում եմ հասնել այնպիսի մակարդակի, որ այդ մարդիկ այնքան ինքնուրույն լինեն, որ կարողանան աշխատանք գտնել, նստել հանրային տրանսպորտ եւ գնալ աշխատանքի, որ բոլորը տեսնեն այդ մարդկանց: Կոնցեպտն ավելի մեծ է, քան հենց մերսումը. դա մի ամբողջ կյանքի ձեւավորում է եւ ինտեգրում՝ բառի բոլոր իմաստներով»,- եզրափակում է երիտասարդ գործարարը:

Վիկտորյա Անդրեասյան

Դիտում՝ 8640
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai