Տոպրակների խնդիրը կլուծվի կառավարության մակարդակով

25.08.2016 | 12:16 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Մեկ ամիս առաջ Երեւանի մի շարք սուպերմարկետների ցանցերում ու որոշ խանութներում հայտարարություններ փակցվեցին, որոնցով տնտեսվարողները սպառողներին տեղեկացնում էին, որ մեկանգամյա օգտագործման տոպրակներն այլեւս անվճար չեն տրամադրվելու: Բնապահպանական նկատառումներով դրանց համար սահմանվեց 10-20 դրամ գին: Banks.am-ը փորձել է պարզել, թե որտեղից սկսվեց այս շղթան եւ ուր է այն ձգվում:

Ինչպես սկսվեց  


Լուսանկարը՝ Հակուկ Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Մայրաքաղաքում առաջինը տոպրակները վճարովի դարձրեց «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցը: Ցանցի գրանսենյակից հրաժարվեցին պատասխանել մեր հարցմանն ու տեղեկացնել, թե ինչն է դրդել նման որոշման:

Իսկ «Պարմա» սուպերմարկետների ցանցի տնօրեն Դավիթ Կարապետյանը մեզ հետ զրույցում ասաց հետեւյալը․

«Հետեւելով որոշ սուպերմարկետների օրինակին` որոշեցինք մենք էլ վճար սահմանել տոպրակների համար` 20 դրամ: Սա անում ենք բացառապես շրջակա միջավայրի պահպանության նպատակով, որպեսզվի սպառողները սովորեն տոպրակների բազմակի օգտագործմանը»:

Ինչ արձագանք եղավ

Այս որոշմանը սպառողների արձագանքը միանշանակ չէր: Մի մասը սա համարեց գումար խնայելու հնարամիտ քայլ, մյուս մասը` բնությունը հարյուրավոր տարիներ չքայքայվող թունավոր պոլիէթիլենից գոնե մի փոքր պահպանելու փորձ:

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն այս փոփոխությունը համարում է խելացի քայլ բնապահպանական տեսանկյունից, բայց նկատում, որ սահմանված գնի դիմաց տոպրակների որակը պետք է բարձրացվի:

«Այսօր մեզ վաճառվող տոպրակները մի քանի կիլոգրամ ապրանք տեղափոխելուց հետո պատռվում են` անհնարին դարձնելով դրանց բազմակի օգտագործումը: Կարծում եմ, պետք է որակը բարձրացվի, նաեւ առաջարկվեն այլընտրանքային տարբերակ` խանութներում վաճառելով կտորից տոպրակներ, ինչն այժմ չի արվում: Եթե տոպրակների վաճառքը պատճառաբանվում է բնապահպանությամբ, ապա պետությունը պետք է համակարգի հարցը` լավագույն տարբերակը մշակելով ու առաջարկելով»,- ասում  է Բաբկեն Պիպոյանը:

Ինչ է անում պետությունը

Քանի որ որոշ տնտեսվարողներ ու խանութների աշխատակիցներ տոպրակների վաճառքը պայմանավորում էին մեկ քաղաքապետարանի, մեկ նախարարություններից մի քանիսի ինչ-որ որոշմամբ, մենք հարցում ուղարկեցինք Երեւանի քաղաքապատերան, բնապահպանության եւ էկոնոմիկայի նախարարություններ:

Բնապահպանության նախարարությունից մեզ պատասխանեցին, որ հարցը գերատեսչությունում քննարկվել է, առաջարկով դիմել են էկոնոմիկայի նախարարություն:


Սեղմել նկարի վրա՝ մեծացնելու համար

Պատասխանում, մասնավորապես, ասվում է.

«ՀՀ-ում պոլիէթիլենային տոպրակների հսկայական ծավալներով օգտագործումը հանդիսանում է շրջակա միջավայրի աղտոտման պատճառ, ինչի արդյունքում կենդանական, բուսական աշխարհի օբյեկտներին, հողային եւ ջրային ռեսուրսներին հասցվում են զգալի, հիմնականում անվերականգնելի վնասներ եւ կորուստներ:

Հաշվի առնելով վերոգրյալը եւ միջազգային փորձի լավագույն օրինակները՝ ՀՀ բնապահպանության նախարարությունը նպատակահարմար է գտել առեւտրի օբյեկտներում պոլիէթիլենային տոպրակների օգտագործման մասով որոշակի սահմանափակումներ կիրառել` արգելելով տոպրակի պատի հաստության 50 միկրոնը  չգերազանցող միանգամյա օգտագործման տոպրակների վաճառքը: Այդ նպատակով  ոլորտի լիազոր մարմնին առաջարկվել է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում  կատարել համապատասխան լրացումներ:

Նույն նախարարությունից մեզ պարզաբանեցին, որ հաստության մինչեւ 50 միկրոնը չգերազանցող տոպրակները հենց խանութներում օգտագործվող պոլիէթիլենային տոպրակներն են, որոնք նախատեսված են մեկանգամյա օգտագործման համար եւ տրվում էին անվճար: Պատասխանի մեջ «վաճառքը արգելել» եզրույթը վերաբերում է խանութներում դրանց մասսայական օգտագործմանը առհասարակ, այլ ոչ թե դրանց դիմաց վճարներ սահմանելուն: Ոլորտի լիազոր մարմին էկոնոմիկայի նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ հարցի շուրջ վերջերս քննարկում է կազմակերպվել, որին մասնակցել են բնապահպանության նախարարության, տոպրակ արտադրող ընկերությունների եւ խոշոր ու միջին խանութների եւ սուպերմարկետների ներկայացուցիչները:


«Պարմա» սուպերմարկետում փակցված գրությունը
Լուսանկարը՝ Մարիամ Լորեցյանի

Էկոնոմիկայի նախարարության առեւտրի եւ շուկաների կարգավորման վարչության սպառողական շուկայի կարգավորման բաժնի պետ Նաիրա Մուշեղյանը Banks.am-ի հետ զրույցում ասաց, որ կողմերի հետ քննարկվել են տոպրակների սպառման ներկա քանակը նվազեցնելու մի քանի տարբերակներ:

«Թե պետական գերատեսչությունները, թե մասնավոր հատվածը միակարծիք են, որ պետք է խնդրին լուծում տալ: Բնապահպանության նախարարության առաջարկը` շրջակա միջավայրի պահպանության նկատառումներով արգելել տոպրակների օգտագործումը, մի փոքր իրատեսական չէ: Նախ պետք է այլընտրանք գտնենք ու առաջարկենք սպառողին: Էկոնոմիկայի նախարարությունը խնդրի լուծման փուլային տարբերակ է մշակել, որը պատրաստվում ենք ուղարկել կառավարություն»,- ասաց Նաիրա Մուշեղյանը:

Սոցիալական շարժում` «Տոպրակ պետք չի»


Նախաձեռնության հեշթեգով այլընտրանքային տոպրակները
Լուսանկարը՝ toprakpetqchi.com

Տարբեր ուղղություններով մեկնարկած այս գործընթացին միացան նաեւ Սփյուռքից Հայաստան վերադարձած երիտասարդներ Կարինե Վանն ու Ֆլորենս Լոուն: Երիտասարդները որոշեցին գնումներ կատարելիս իրենց օգտագործած պարզ նախադասությունը` «Տոպրակ պետք չի»-ն դարձնել սոցիալական նախաձեռնություն ու մարդկանց հորդորել օգտվել կտորից տոպրակներից:

«Առօրյայում օգտագործվող պոլիէթիլենային տոպրակները շատ հեշտությամբ կարելի է փոխարինել կտորից կարված պայուսակներով: Մենք ծրագրում ենք տարբեր նախաձեռնությունների միջոցով մարդկանց մեջ սերմանել բնությունը պոլիէթիլենով չաղտոտելու գաղափարը: Այդ նպատակով ծրագրում ենք ստեղծել տաղավար, որտեղ մարդիկ կկարողանան նկարազարդել սպիտակ կտորից տոպրակներն ու սկսեն օգտվել դրանցից»,- ասում է Կարինե Վանը:

Սուրեն Ստեփանյան

Դիտում՝ 14558
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai