Երբ ապահովագրում են «անապահովագրելին»

22.07.2016 | 14:42 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Ապահովագրել այսօր կարելի է ամեն ինչ՝ սկսած մարմնի մասերից՝ մինչեւ մշակութային արժեքներ: Վերջերս, օրինակ, հայտնի դարձավ, որ աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի դիրիժորական փայտիկն ապահովագրվել է «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունում:  

Banks.am-ը «Ռոսգոսստրախ Արմենիա»-ից հետաքրքրվել է գործարքի մանրամասների, ինչպես նաեւ ապահովագրական այլ հետաքրքիր դեպքերի մասին:

Արամ Խաչատրյանի դիրիժորական փայտիկի ապահովագրությունն իրականացվել է այն տուն-թանգարանից մի քանի ժամով Ար. Խաչատրյանի անվան համերգասրահ տեղափոխելու համար: Փայտիկը տրամադրվել էր Արամ Խաչատրյանի միջազգային մրցույթի հաղթողին՝ փակման արարողությանը նվագախումբը ղեկավարելու համար:

«Ռոսգոսստրախ Արմենիա»-ն իրականացնում է հայաստանյան շուկայի համար «ոչ ստանդարտ» այլ ապահովագրություններ եւս՝ կապված երաժշտական գործիքների եւ թանգարանային նմուշների տեղափոխման հետ:

«Մեծ երաժիշտների՝ տարբեր երկրներում համերգային արշավների ժամանակ երկրից երկիր են տեղափոխվում նաեւ թանկարժեք եւ հազվագյուտ գործիքներ ու սարքավորումներ: Անհրաժեշտություն է առաջանում ապահովագրել դրանց փոխադրման եւ օգտագործման ռիսկերը»,- նշել են ընկերությունում:

Օրինակ, 2015թ. ապրիլի 24-ին Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում  Հանրապետության հրապարակում կայացած՝ SOAD-ի համերգի համար Հայաստան էին բերվել սարքավորումներ, որոնց արժեքը գերազանցում էր $8 մլն-ը:

Ընկերությունն ապահովագրել է նաեւ 2012թ. Ազատության հրապարակում տեղի ունեցած աշխարհահռչակ «Կոհար»-ի համերգի ավելի քան £1,5 մլն (շուրջ $2 մլն) արժողությամբ սարքավորումները, որոնք Երեւան էին բերվել Լոնդոնից:

«Ռոսգոսստրախ Արմենիա»-ն 2014թ. ապահովագրել էր Steinway & Sons համերգային ռոյալը, որը Շառլ Ազնավուրի համերգի համար տեղափոխվել էր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր:

Ընկերության իրականացրած թանկարժեք այլ երաժշտական գործիքների ապահովագրությունների թվում են հայտնի իտալացի վարպետներ Գվարներիի, Դիդիեի, Բերգոնցիի 18-րդ դարի գործիքները, ինչպես նաեւ հայ վարպետ Շահեն Երիցյանի աշխատանքները:

«Ռոսգոսստրախ Արմենիա»-ում պատմել են նաեւ թանգարանների նմուշների ապահովագրության մասին, որոնք, բացի թանկարժեք լինելուց, ունեն պատմական եւ մշակութային մեծ նշանակություն.

- 2011թ. Վենետիկի «Կոռեր» թանգարանում տեղի ունեցած հայ գրատպության 500-ամյակին նվիրված «Հայաստան. Քաղաքակրթության դրոշմներ» ցուցահանդեսի 200 թանգարանային նմուշներ՝ հազվագյուտ ձեռագրեր, հնատիպ գրքեր, մանրանկարներ, խաչքարեր, հուշարձանների մանրակերտներ, գորգեր, քարտեզներ,

- 2014թ. Սերգեյ Փարաջանովի ցուցանմուշների փոխադրումը ԱՄՆ՝ ցուցադրության համար,

- 2015թ. Տիգրան Ձիթողցյանի նկարները,

- 2016թ. Մոսկվայում կայացած «Հայաստան. Լինելիության լեգենդներ» ցուցահանդեսին ներկայացված Հայաստանի պատմության թանգարանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանի եւ Մատենադարանի եզակի ցուցանմուշներ:

«Չնայած այս գործարքների «ոչ ստանդարտ» լինելու հանգամանքին՝ դրանք ներառված են սովորական գույքի կամ բեռի ապահովագրության դասի ներքո»,- ընդգծել են «Ռոսգոսստրախ Արմենիա»-ում:

Սիրանուշ Սիմոնյան

Դիտում՝ 9951
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai