IDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասին

18.02.2026 | 16:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #կեղծ հարցում
Սոցիալական ցանցերում աճել են ֆինանսական խարդախության դեպքերը՝ իբր մարքեթինգային հետազոտությունների անվան տակ։ Զեղծարարները, օգտագործելով տարբեր հայկական բանկերի եւ այլ խոշոր առեւտրային կազմակերպությունների բրենդները, քաղաքացիներին խոստանում են մի քանի տասնյակ հազար դրամի պարգեւատրություն՝ կարճ սոցիոլոգիական հարցմանը մասնակցելու դիմաց։

Խաբեության մեխանիզմը․ մեկ քլիքից մինչեւ գողություն

Սխեման սկսվում է Facebook, Instagram կամ TikTok հարթակներում տարածվող գովազդային հայտարարությունից, որ որեւէ բանկի կամ ընկերության կորպորատիվ ոճով ու գույներով է ձեւավորված։ Օգտատերերին առաջարկում են անցնել հղումով, որը տանում է ֆիշինգային կայք։ Բոնուսը ստանալու համար օգտատիրոջից պահանջվում է մուտքագրել իր հեռախոսահամարը, առցանց բանկինգի գաղտնաբառը եւ, ամենակարեւորը, SMS հաղորդագրությամբ ստացված մեկանգամյա գաղտնաբառը (OTP)։

Կարեւոր է հիշել․ օգտատիրոջ զգոնությունը թուլացնելու նպատակով զեղծարարներն անհրաժեշտ տվյալները ստանալուց հետո կարող են բանկային հավելվածում հեռավար փոխել ծանուցումների լեզուն։ Ստանալով նոր SMS-ը օտար լեզվով՝ օգտատերը հաճախ կրկին մուտքագրում է OTP-ն՝ չգիտակցելով, որ հաստատում է ոչ թե «պարգեւատրություն ստանալը», այլ իր միջոցների փոխանցումը օտար հաշվեհամարին կամ թույլ է տալիս իր անունով նոր վարկ ձեւակերպել։  

Միաժամանակ զեղծարարները կարող են շտապեցնել օգտատիրոջը՝ թույլ չտալով սթափ գնահատել իրավիճակը։ Բանկը կամ որեւէ այլ կազմակերպություն երբեք չի պահանջի շատ շտապ, հենց նույն վայրկյանին որեւէ տվյալ տրամադրել կամ գործարք կատարել․ սա արդեն իսկ զեղծարարության առաջին նշանն է։

Իրավական ծուղակ. Օրենքի տեսանկյունից գաղտնի տվյալների (գաղտնաբառերի եւ SMS-կոդերի) կամավոր փոխանցումը երրորդ անձանց ֆինանսական կորուստների պատասխանատվությունը թողնում է հենց հաճախորդի վրա։ Բանկերը չեն կարող հետ կանչել այն գործարքը, որը հաստատվել է մեկանգամյա գաղտնաբառով՝ OTP-ով, քանի որ այն հավասարազոր է հաշվեհամարի տիրոջ անձնական ստորագրությանը։

IDBank-ը խորհուրդ է տալիս․ «Հեշտ գումար վաստակելու» տարբերակների հետեւից գնալու պատճառով ձեր խնայողությունները չկորցնելու համար պահպանեք հետեւյալ կանոնները․

•    Անտեսեք վճարովի հարցումները։ Բանկերն ու մնացած ընկերությունները սոցիալական ցանցերում հարցմանը մասնակցելու համար գումար չեն վճարում։ Ցանկացած նման առաջարկ զեղծարարության առաջին նշանն է։
•    Ստուգեք URL հասցեն։ Բանկի միակ պաշտոնական կայքը www.idbank.am-ն է։ idbank-promo.am, bonus-20000.am եւ նմանատիպ հղումները տանում են կեղծ հարթակներ։ Սա վերաբերում է նաեւ այլ բանկերի եւ ընկերությունների կայքերին։ URL հասցեում ցանկացած ավելորդ նշան տագնապի ազդանշան է։
•    Պահպանեք SMS հաղորդագրության գաղտնիությունը։ Երբեք մի մուտքագրեք հաստատման կոդերը չստուգված կայքերում։ Այդ թվերը նախատեսված են բացառապես այն գործարքների համար, որոնք դուք եք նախաձեռնել։
•    Օգտագործեք պաշտոնական աղբյուրները։ Եթե մարքեթինգային արշավը ձեզ գրավիչ է թվում, ստուգեք տեղեկատվությունը բանկի պաշտոնական հավելվածում, կայքում կամ զանգահարեք կոնտակտային կենտրոն։ Եթե պաշտոնական հարթակներով եւ աղբյուրներով չեք ստանում արշավի իրական լինելու մասին հաստատում, նշանակում է՝ գործ ունեք հերթական զեղծարարության հետ։

Բանկից հիշեցնում են, որ ֆինանսական անվտանգությունը սկսվում է ձեր զգոնությունից. մի՛ մուտքագրեք ձեր անձնական տվյալները կասկածելի հարթակներում, եւ ձեր միջոցները կմնան պաշտպանված։

IDBank-ը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 1788

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW