Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC)`Հայաստանի զարգացման գործում ունեցած դերի, Որոտան ՀԷԿ-ի բաժնետոմսերի ձեռքբերման, ՀՀ ներդրումային միջավայրի եւ այլ հարցերի շուրջ Banks.am-ը զրուցել է IFC-ի՝ Հարավային Կովկասի գծով տնօրեն Յան Վան Բիլսենի հետ:- Պրն Բիլսեն, ի՞նչ դեր ունի IFC-ն ՀՀ տնտեսության զարգացման գործում, ո՞րն է նրա առաքելությունը Հայաստանում:- Համաշխարհային բանկի (ՀԲ) խմբի անդամ համարվող IFC-ն զարգացման խոշոր գործակալություն է, որի գործունեությունն ուղղված է զարգացող շուկաների մասնավոր հատվածին:Հայաստանում մեր գործունեության նպատակն է խթանել երկրի մրցունակությունն ու աշխատատեղերի ստեղծումը: Տարածաշրջանի՝ մարտահրավերներով լի տնտեսական միջավայրի պայմաններում մենք նաեւ աջակցում ենք հայաստանյան բանկերի աճին՝ նպաստելով երկրի բանկային հատվածի հանդեպ վստահության բարձրացմանը, ինչը կարեւորագույն նշանակություն ունի տնտեսության հետագա զարգացման գործում:Այս քաղաքականության շրջանակում մենք անցած տարվա դեկտեմբերին $50 մլն ստորադաս վարկ ենք տրամադրել Ամերիաբանկին՝ ուղղված կապիտալի պահանջի բավարարմանն ու վարկավորման հնարավորությունների աճին: Բացի այդ, եւս $20 մլն տրամադրել ենք Ինեկոբանկին՝ Պրոկրեդիտ Բանկը ձեռք բերելու նպատակով:Ի լրումն ներդրումների` մենք տրամադրում ենք խորհրդատվական ծառայություններ, ինչն օգնում է մեր հաճախորդներին բարելավել ռիսկերի կառավարումը, ամրապնդել կորպորատիվ կառավարման ոլորտում իրականացվող գործունեությունն ու տրամադրել նորարարական լուծումներ ՓՄՁ-ներին: Հայաստանը IFC-ին անդամակցում է 1995-ից: Այս ընթացքում կազմակերպության երկարաժամկետ ներդրումային պարտավորությունները կազմել են $233 մլն, որից $22,8 մլն-ը մոբիլիզացվել է այլ վարկատուներից: Այս միջոցներով ֆինանսավորվել է 47 ծրագիր տարբեր ոլորտներում: IFC-ն շուրջ $130 մլն է ուղղել նաեւ Հայաստանում արտաքին առեւտրի ֆինանսավորմանը:Բացի այդ, IFC-ն ՀՀ կապիտալի շուկայում առաջին ոչ ռեզիդենտ կազմակերպությունն է, որը 2013թ. թողարկել է օտարերկրյա կորպորատիվ պարտատոմսեր:- Ի՞նչ գործիքներ է կիրառում IFC-ն՝ ՀՀ գործարար միջավայրին աջակցելու համար: Ֆինանսավորումը տրամադրվում է փոխառությունների՞, թե՞ դրամաշնորհների տեսքով:- IFC-ն ոչ Հայաստանում, ոչ էլ այլ վայրում ձեռնարկություններին դրամաշնորհներ չի տրամադրում: Մենք առաջարկում ենք փոխառություններ մասնավոր հատվածին, ինչպես նաեւ սեփական կապիտալով ներդրումներ ենք իրականացնում ընկերություններում՝ տրամադրելով աջակցություն զարգացման հարցում եւ երկարաժամկետ աճի համար անհրաժեշտ կապիտալ, որի կարիքը մասնավոր ձեռնարկություններն ունեն:IFC-ի աջակցության նպատակն է բավարարել արդյունաբերության տարբեր ճյուղերին առանձնահատուկ մի շարք կարիքներ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ենթակառուցվածքներին, արտադրությանը, ագրոբիզնեսին, ծառայություններին եւ ֆինանսական շուկաներին:Մեր ֆինանսական պրոդուկտներն ընկերություններին թույլ են տալիս ներգրավել ֆինանսական միջոցներ, կառավարել ռիսկերն ու ընդլայնել օտարերկրյա եւ տեղական կապիտալի շուկաների հասանելիությունը: Մեր տրամադրած խորհրդատվության շնորհիվ մասնավոր հատվածը դառնում է ավելի բաց ներդրումների համար, ինչը կարեւոր նշանակություն ունի բիզնեսի ընդլայնման, աշխատատեղերի ստեղծման եւ տնտեսական աճի համար: Բացի այդ, մենք խորհրդատվական ծառայություններ ենք մատուցում ՀՀ կառավարությանը՝ ներդրումային քաղաքականության եւ տեսչական ստուգումների ոլորտի բարեփոխումների ուղղությամբ:- Անցած տարվա հունիսին հայտնի դարձավ, որ IFC-ն ձեռք է բերել Որոտանի ՀԷԿ-ի բաժնետոմսերի մի մասը: Ո՞րն էր գործարքի նպատակը: - Ինչպես անցյալ ամառ հայտարարվել էր հայաստանյան եւ միջազգային լրատվամիջոցներով, այդ թվում՝ Մեդիամաքս լրատվական գործակալության միջոցով, IFC-ն համաձայնագիր էր կնքել «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ»-ի հետ (որի սեփականատերն ամերիկյան «Քոնթուր գլոբալ»-ն է)` ընկերության փոքր մասնաբաժինը (20%) գնելու վերաբերյալ: Ներդրումը նախատեսված էր ձեռք բերելու, գործարկելու եւ վերականգնելու «Որոտան հիդրոէլեկտրակայան»-ը:Որոտանի ՀԷԿ-ը Հայաստանի էներգաարտադրող հիմնական հզորություններից է, եւ մեր ներդրումների նպատակն է ամրապնդել երկրի էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիությունը: Ծրագիրը կօգնի նաեւ կրճատել Հայաստանի կախվածությունը էներգիայի օտարերկրյա աղբյուրներից:Մասնավոր հատվածը կարող է էական դեր ունենալ ՀՀ ենթակառուցվածքներին սպառնացող հիմնական մարտահրավերները հաղթահարելու գործում, եւ գործարքն այդ ուղղությամբ կատարված կարեւոր քայլ էր:- Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի ներդրումային գրավչությունը: Ըստ Ձեզ՝ ո՞ր ոլորտներն ունեն աճի առավելագույն ներուժ:- Մենք հավատացած ենք, որ Հայաստանի մասնավոր հատվածը մեծ ներուժ ունի: Ֆինանսական հատվածին ցուցաբերվող ընթացիկ աջակցությունից բացի, IFC-ն նպատակ ունի ավելացնելու իրական հատվածի իր պորտֆելը՝ ներդրումներ կատարելով արդյունաբերության տարբեր ճյուղերում, այդ թվում՝ ագրոբիզնեսի ոլորտում, ինչը կօգնի բարելավել գյուղական բնակավայրերի կենսապայմանները:- ՀՀ կառավարությունը, ինչպես նաեւ միջազգային կազմակերպություններն այս տարի Հայաստանում ակնկալում են շուրջ 2% տնտեսական աճ: Ըստ Ձեզ՝ որքանո՞վ է այս կանխատեսումն իրատեսական: - Համաշխարհային տնտեսական իրավիճակը շարունակում է մնալ փխրուն, ինչն իր ազդեցություն է թողնում Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների, այդ թվում՝ Հայաստանի վրա, որը դեռ հարմարվում է տնտեսական նոր իրողություններին:Այդուհանդերձ, ՀՀ-ի որոշ մրցունակ ոլորտներ՝ ագրոարդյունաբերությունն ու հանքարդյունաբերությունը, ունեն զարգացման մեծ ներուժ: Արդի տնտեսական պայմաններում ՀՀ ներդրումային միջավայրի բարելավման գործում դեռեւս շատ անելիքներ կան: «Ներդրումային միջավայրի բարեփոխման ծրագրի» շրջանակում IFC-ն շարունակում է ներդրումային քաղաքականության եւ տեսչական ստուգումների բարեփոխման վերաբերյալ խորհրդատվություն տրամադրել ՀՀ կառավարությանը:- Հայաստանի հետ կապված ի՞նչ հետագա ծրագրեր ունի IFC-ն:- Հայաստանում IFC-ի ռազմավարությունը ՀԲ խմբի՝ «Երկրի հետ գործընկերության ռազմավարության» մի մասն է: Դրա հիմնական խնդիրներից է աջակցել երկրի մրցունակության բարձրացմանն ու աշխատատեղերի ստեղծմանը: IFC-ն այդ նպատակների իրագործմանը նպաստում է հետեւյալ միջոցներով՝ խթանում է ֆինանսների հասանելիության բարձրացումը ՓՄՁ-ների համար, ֆինանսավորում տեղական մրցունակ ընկերություններին, աջակցում Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի կայուն զարգացմանը, ձեւավորում շուկա էներգաարդյունաբերության եւ վերականգնվող էներգիայի ներդրումների համար, բարելավում երկրի ներդրումային միջավայրն ու նվազեցնում բիզնես վարելու հետ կապված ծախսերը, հատկապես՝ ագրոբիզնեսի ոլորտում:IFC-ի ֆիսկալ տարին ավարտվում է 2016թ. հունիսի 30-ին. մինչ այդ նախատեսում ենք շուրջ $85 մլն ներդնել ՀՀ մասնավոր հատվածում: Հուսով եմ՝ կկարողանանք մոտավորապես նույն չափով ներդրումներ իրականացնել նաեւ հաջորդ ֆիսկալ տարում:Յան Վան Բիլսենի հետ զրուցել է Սիրանուշ Սիմոնյանը Tweet Դիտում՝ 1740