ԿԲ-ի “քնքուշ” ձեռագիրը

15.01.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

"168 ժամ" (Երեւան), 13 հունվարի, 2007թ.

ՀՀ ԿԲ-ն հունվարի 11-ին հրապարակել է 2007թ. դրամավարկային քաղաքականության ուղղությունների վերաբերյալ դեկտեմբերի 30-ի ԿԲ խորհրդի նիստի արձանագրությունը: Երկրի գլխավոր ֆինանսական կառույցի ղեկավարությունն, իր սովորության համաձայն, շարունակում է հավատալ հեքիաթային կյանքին: Լավատեսությունը լավ բան է, բայց դառն իրականությունն ընդունելը, ինչպես հայտնի է, օժանդակում է յուրաքանչյուր քաղաքականությանը:

Ըստ ԿԲ-ի, 2006թ. դեկտեմբերին 2005թ. դեկտեմբերի նկատմամբ արձանագրվել է գնաճի 5,2%-անոց մակարդակ` նպատակային 5%-ի պարագայում: Հիշեցնենք, որ անցյալ տարվա ընթացքում գնաճի նպատակային 3%-ը վերանայվեց և շատ հեշտությամբ դարձավ 5%, որովհետև ԿԲ-ն ի զորու չեղավ պահպանել նախօրոք ամրագրված ցուցանիշը: Այս փաստը քննադատության արժանացավ նաև Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից: Վերջինս իր զեկույցում նշել էր, որ ԿԲ-ն պետք է խուսափի գնաճի նպատակադրված մակարդակը հաճախակի վերանայելուց: Ըստ ԿԲ կանխատեսումների, 2007թ. դեկտեմբերին 2006թ. դեկտեմբերի նկատմամբ գները կաճեն շուրջ 4,1%-ով: Եթե տնտեսական զարգացումների ԿԲ-ի քաղաքականության սցենարը շարունակվի նախորդ տարվա նման, ապա կարելի է ենթադրել, որ այս տարվա գնաճը կկազմի նվազագույնը 6%:

Անցյալ տարվա գնաճի ցուցանիշի վրա, ըստ ԿԲ-ի, ամենամեծ բացասական ազդեցությունը թողել է տնտեսության արտաքին հատվածը, հետո` իրական հատվածն ու աշխատանքի շուկան, իսկ հարկաբյուջետային հատվածը զսպել է գների աճը: Այսինքն, ԿԲ-ն ուզում է ասել, թե գների աճի ուղղակի կամ անուղղակի մեղավորներն արտասահմանցիները, տեղական գործարարներն ու բնակչությունն են, իսկ իշխանությունները գործ են անում ու պայքարում նրանց արածների դեմ: Օրինակ, ԿԲ-ն նշում է այն, որ դոլարի նկատմամբ եվրոյի արժևորումը թանկացրել է եվրոգոտուց ներմուծվող ապրանքների դոլարային գները: Մյուս կողմից, չնայած կանխատեսվածից ցածր նավթամթերքների միջազգային գների մակարդակին, այնուամենայնիվ, 2006թ. չորրորդ եռամսյակում, 2005թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ, վերջինս աճել է 7,1%-ով, որը նույնպես նպաստել է Հայաստանում գների աճին: Ըստ ԿԲ-ի, ընդհանուր առմամբ ներմուծվող ապրանքների դոլարային գները 2006թ. չորրորդ եռամսյակում 2005-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել են 16,5%-ով, իսկ դոլարի նկատմամբ դրամն արժեքավորվել է 17,3%-ով` ՙներմուծվող ապրանքների գները պահպանելով գրեթե նույն մակարդակի վրա՚: Այստեղից էլ կարելի է ենթադրել, որ ԿԲ-ի նշած ՙգրեթե՚ բառի ետևում թաքնված է այն անտրամաբանական փաստը, որ իրականում Հայաստանում աճել են նաև ներմուծվող ապրանքների գները, այն դեպքում, երբ նման տեմպերով դրամի արժևորումը հակառակ երևույթին պետք է հանգեցներ:

Ինչպես նշեցինք, ԿԲ-ն գների աճը բացատրում է նաև տնտեսության իրական հատվածի զարգացումներով: ԿԲ խորհուրդը հավատում է, որ 2006թ. վերջին 3 ամիսներին ՀՀ տնտեսությունն աճել է 13,9%-ով` հիմնականում շինարարության և ծառայությունների ոլորտների հաշվին: Դրա արդյունքում, ըստ ԿԲ-ի, էապես ավելացել են բնակչության եկամուտները, աշխատուժի նկատմամբ պահանջարկն աճել է, ավելացել են միջին աշխատավարձերը. այս ամենը նպաստել է գների աճին: ԿԲ-ն, իհարկե, չի մոռացել իշխանությունների սիրած փաստարկը` մասնավոր տրանսֆերտների մեծ ծավալները (2006թ. հունվար-նոյեմբեր ամիսներին աճը կազմել է 32,2%), որոնք գնաճային ճնշումներ են առաջացնում սպառողական շուկայում, բայց “մասնակիորեն մեղմվում են անվանական փոխարժեքի շարունակվող արժևորմամբ”: Նկատենք, որ ԿԲ-ն, “շառից-փորձանքից՚ հեռու մնալու համար օգտվում է հայերեն լեզվի ճկունությունից և շատ է օգտագործում այնպիսի նուրբ և անորոշ բառեր, ինչպիսիք են` “գրեթե”, “փոքր-ինչ”, “մասնակիորեն” և այլն:

Հետաքրքիր են նաև ԿԲ-ի կանխատեսումները 2007-ի համար: Թեև ԿԲ նախագահը բազմիցս նշել է, որ աշխարհում ոչ ոք չի կարող փոխարժեք կանխատեսել, այնուամենայնիվ, ԿԲ խորհուրդը դա անում է: Դեռ ավելին, կանխատեսում է դոլարի և եվրոյի հարաբերակցությունը: Ըստ ԿԲ-ի, 2007թ. ընթացքում կշարունակվի “եվրոյի սահուն արժեքավորումը և տարեվերջին կձևավորվի 1,35 դոլար մեկ եվրոյի դիմաց փոխարժեք”: Անդրադառնալով ՀՀ արտաքին միջավայրի կանխատեսումներին` ԿԲ-ն ենթադրում է նաև, որ նավթի գինը կհասնի 1 բարելի դիմաց 80 դոլարի` այժմյան 61 դոլարի փոխարեն:

2007թ. ընթացքում ՀՀ տնտեսությանը ԿԲ-ն թերահավատորեն է վերաբերվում: Ըստ ԿԲ-ի կանխատեսումների, տնտեսական աճի տեմպերն այս տարի կնվազեն, հիմնականում` կապիտալ շինարարության ոլորտում: ԿԲ-ի գնահատմամբ, գյուղատնտեսության և ծառայությունների աճի տեմպերը կպահպանվեն, իսկ արդյունաբերության ճյուղում ակնկալվում է աճի տեմպի ՙորոշ չափով՚ ավելացում: Թեև արտահանողները շարունակում են դժգոհել դրամի արժևորումից և նրանից, որ չեն կարող միջազգային շուկաներում մրցակցությանը դիմանալ, ԿԲ-ն կանխատեսում է, որ արտահանումը տարվա ընթացքում կաճի: Ի դեպ, այդ աճն, ըստ ԿԲ-ի, ապահովվելու է արդյունաբերության ճյուղի վերականգնմամբ և “ադամանդագործության ենթաճյուղում կառուցվածքային խնդիրների լուծմամբ”:

ԿԲ-ն կանխատեսում է ամեն ինչ, նույնիսկ այն, որ 2007թ. ընթացքում ՀՀ ուղարկվող մասնավոր տրանսֆերտների աճի տեմպերը “փոքր-ինչ” կնվազեն: ԿԲ խորհուրդը չի հրապարակում, թե ինչ է ընկած այս կանխատեսման հիմքում. միգուցե ԿԲ ղեկավարությունն արտասահմանում ապրող ու աշխատող հայերից ինֆորմացիա± է ստանում:
ԿԱՐԱՊԵՏ ԹՈՄԻԿՅԱՆ

Դիտում՝ 6373
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai