Ներդրվում է նախաարտահանման ֆինանսավորման ապահովագրության նոր գործիք

09.02.2016 | 09:48 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /

Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը (ՀԱԱԳ) մոտ մեկ տարի է, ինչ ՀՀ ռեզիդենտ արտահանող ընկերություններին առաջարկում է ապահովագրություն օտարերկրյա գնորդների չվճարման ռիսկից, ինչպես նաեւ աշխատանք է տանում արտահանող ՓՄՁ-ների համար հասանելի եւ մատչելի ֆինանսական ռեսուրսների ստեղծման ողղությամբ:

Կառույցի նպատակների եւ գործառույթների մասին Banks.amպատմել էր անցած տարվա գարնանը: Հետագա զարգացումների շուրջ զրուցել ենք «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ի գործադիր տնօրեն Վազգեն Աբգարյանի հետ:

- Պրն Աբգարյան, 2015-ը տնտեսական բարդ տարի էր, այդ թվում ՝ արտահանողների համար: Որքանո՞վ այս հանգամանքը անդրադարձավ Ձեր մեկնարկային ծրագրերի վրա:

- Ամփոփելով 2015-ը՝ պետք է նշեմ, որ տարին մեզ համար բավական արդյունավետ է եղել։ Արտահանողների դիմումների հիման վրա հաստատվել են շուրջ $7 մլն-ին համարժեք արտահանում սպասարկող ապահովագրական սահմանաչափեր։ Փաստացի կնքվել է 25 պայմանագիր, որոնց գերակշիռ մասը ֆինանսավորվել է գործընկեր բանկերի կողմից առեւտրային ֆակտորինգի տեսքով։

Ընկերության ապահովագրական պոլիսի ապահովվածությամբ մի քանի արտահանողի ՀԱԱԳ գործընկեր բանկի կողմից պիլոտային կարգով տրամադրվել է նախաարտահանման ֆինանսավորում՝ ուղղված արտահանման պայմանագրով նախատեսված ապրանքների պատրաստման համար անհրաժեշտ ծախսերի կատարմանը։

Հաշվի առնելով Հայաստանում արտահանման ապահովագրություն պրոդուկտի մատուցման փորձի բացակայությունը՝ ընկերության առաջնային նպատակներից մեկն է եղել հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված շարունակական միջոցառումների նախաձեռնումը։

Մասնավորապես, 2015թ. ընկերության աշխատակիցներն այցելել են Հայաստանի 10 մարզեր՝ հանդիպումներ ունենալով տեղի գործարար համայնքի ավելի քան 300 ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում մանրամասն ներկայացվել են ընկերության ծառայությունները եւ դրանց ընձեռած հնարավորությունները:

ՀԱԱԳ-ի կայքում հրապարակվել է ՌԴ-ում եւ ԵՄ երկրներում գործող ներմուծում իրականացնող ավելի քան 1000 կազմակերպության ցանկ՝ ըստ ոլորտային պատկանելիության, ինչն արտահանողներին հնարավորություն կտա գտնել նոր օտարերկրյա գործընկերներ եւ ավելացնել արտահանման ծավալները։

- Նշեցիք  նախաարտահանման ֆինանսավորման մասին, խնդրում եմ մանրամասնեք ի՞նչ է իրենից ներկայացնում այդ գործիքը:

- Ինչպես նշեցի, ապահովագրական պոլիսի շնորհիվ արտահանողները հնարավորություն են ստանում նաեւ օգտվելու մի շարք բանկային ֆինանսական ծառայություններից: Ներկայում գործընկեր բանկերը պատրաստ են արտահանողներին ՀԱԱԳ ապահովագրության հիման վրա տրամադրել առեւտրային ֆակտորինգ՝ արտոնյալ պայմաններով եւ առանց կոշտ գրավի պահանջի։

Բանկերի հետ ունեցած արդյունավետ փորձը հիմք է ծառայել վերջիններիս հետ արտահանողների գործունեությունը խթանող նոր պրոդուկտի` նախաարտահանման ֆինանսավորման ապահովագրության մշակման համար: Այս ծառայության առաջնային խնդիրն արտահանման խթանումն է՝ ստեղծելով արտահանողների համար շրջանառու կապիտալի ֆինանսավորման հնարավորություններ ապրանքի արտադրության փուլում:

Վարկը կարող է ուղղվել արտահանման պայմանագրի կատարման համար հումքի եւ նյութերի ձեռքբերման, մաքսային, տրանսպորտային, փաթեթավորման եւ արտադրանքը շուկայական տեսքի բերելու համար իրականացվող ծախսերի ֆինանսավորման ուղղություններով: Ընդ որում, այս պրոդուկտով ապահովագրվում է ֆինանսավորող բանկի կամ վարկային կազմակերպության կողմից տրամադրված վարկի եւ կուտակված տոկոսների մինչեւ 95%-ը, ինչը, մեր կարծիքով, հանդիսանում է բանկի ռիսկերը զսպող եւ միաժամանակ բարձր իրացվելիություն ապահովող արդյունավետ գործիք։ Ծառայության պայմաններն այժմ քննարկվում են շահագրգիռ կողմերի հետ, եւ հուսով ենք՝ այն շուկա կմտնի արդեն ապրիլ ամսից։

- Ի՞նչ ոլորտներ են ներկայացնում Ձեր ծառայություններից օգտվող hաճախորդները, հատկապես ո՞ր երկրների ուղղությամբ են աշխատում, եւ կա՞ արդյոք հետաքրքրվածություն խոշոր արտահանողների կողմից:

- Ծառայության նկատմամբ հետաքրքրություն նկատում ենք գրեթե բոլոր ոլորտներում, սակայն հիմնական ուղղություններն են սննդամթերքը, ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային խմիչքները, թեթեւ արդյունաբերությունը, կենցաղային քիմիան։

Նախկինում կար կենտրոնացում ՌԴ ուղղությամբ, քանի որ այն մեզ համար ավանդաբար մատչելի եւ մոտ շուկա է եղել, սակայն ներկայում, տնտեսական իրավիճակով պայմանավորված՝ նկատվում է արտահանման ուղղությունների դիվերսիֆիկացիա դեպի այլ երկրներ՝ ԵՄ, ԱՄՆ, Չինաստան եւ այլն։ Կարծում եմ՝ այստեղ դեռ առկա է չիրագործված մեծ պոտենցիալ, եւ շուտով կարձանագրենք ավելի շոշափելի արդյունքներ։

Խոշոր արտահանողների կողմից ավելի շատ պահանջարկ ենք տեսնում առեւտրի ֆինանսավորման գործիքների նկատմամբ։ Պատճառը բացատրվում է արտահանողների կողմից այդ գործիքների գնորդների նկատմամբ ունեցած վստահությամբ։ Այնուամենայնիվ, ինչպես ցույց տվեց 2014-2015 թթ. ՌԴ փորձը, նման գնորդների չվճարման ռիսկը նույնպես զգալի է, այդ իսկ պատճառով ապահովագրությունը դիտարկում եմ խելամիտ եւ անհրաժեշտ՝ ցանկացած պարագայում։ Պետք է միշտ հաշվի առնել, որ շոկային ցնցումների ժամանակ նույնիսկ ամենահին եւ ամենահուսալի գործընկերը կարող է օբյեկտիվ պատճառներով հայտնվել ֆինանսական ճգնաժամի մեջ, որի դեպքում կորուստները գրեթե անխուսափելի են։

- Եղե՞լ են արդյոք այս ընթացքում ֆորսմաժորային իրավիճակեր՝ պայմանավորված, առաջին հերթին, Ռուսաստանում տիրող անկայուն տնտեսական դրությունով:  

- Արտահանող ընկերությունից ապահովագրության հայտը ստանալուց հետո մենք կատարում ենք գնորդի համալիր վերլուծություն՝ գնահատական տալով գնորդի ֆինանսական դրությանը, բիզնեսի կառուցվածքին, ուսումնասիրում ենք գնորդի մասնակցությամբ ընթացիկ եւ փակված դատական գործերը։ Արդյունքում գնորդը ստանում է համապարփակ ռիսկային գնահատական, որից եւ կախված է ապահովագրության սահմանաչափը, չհատուցվող գումարը եւ սակագինը։

ՌԴ իրավիճակով պայմանավորված՝ նկատելի է դարձել գնորդ ընկերությունների ֆինանսական դրության որոշակի վատթարացում, ինչը, իհարկե, արտացոլվում է անդերռայթինգի գնահատականում։ Առ այսօր արձանագրել ենք վճարումների մի քանի ուշացումներ, սակայն գնորդի հետ աշխատանքի արդյունքում ի վերջո հաջողվել է մարել ամբողջ պարտավորությունը։  

- Մեր նախորդ զրույցի ժամանակ նշել էիք, որ արտահանման ապահովագրության առավելությունը դասական բանկային գործիքների նկատմամբ այն է, որ գնորդի մասնակցությունը գործընթացին չի պահանջվում։ Այդ դեպքում ինչպե՞ս է համակարգվում աշխատանքը:

- Ավելին, գնորդը հիմնականում նույնիսկ իրազեկ չէ, որ գործարքը ապահովագրված է։ Սա հնարավոր է դառնում մեր անդամակցությամբ միջազգային խոշոր վարկային բյուրոներին, որտեղից էլ մենք կարողանում ենք ստանալ վերլուծության համար անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը՝ առանց գնորդի իմացության կամ համաձայնության։

Անդրադառնալով միջազգային համագործակցությանը՝ կցանկանայի նշել, որ 2015թ. նոյեմբերին Իրան-Հայաստան գործարար համաժողովի շրջանակում ՀԱԱԳ-ը եւ Իրանի արտահանման երաշխավորության հիմնադրամը ստորագրեցին Հայաստանի  եւ Իրանի միջեւ առեւտրի եւ ներդրումների խթանմանն ուղղված համագործակցության փոխըմբռնման հուշագիր: Այն ներառում է համատեղ կազմակերպվող միջոցառումների լայն շարք՝ ուղղված փորձի փոխանակմանը, վերաապահովագրությանը, պարտքերի հավաքագրմանը եւ այլն։

Նմանատիպ փաստաթուղթ հոկտեմբեր ամսին ստորագրվեց նաեւ ՀԱԱԳ-ի եւ Չինաստանի Sinosure արտահանման ապահովագրական կորպորացիայի միջեւ։ Ներկայում պատրաստվում է եռակողմ հուշագիր ՀՀ, ՌԴ եւ Բելառուսի արտահանման ապահովագրական գործակալությունների միջեւ:

Նշեմ նաեւ, որ Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունն իր ստանձնած բոլոր ռիսկերի 90%-ը վերաապահովագրում է շվեյցարական Swiss Reinsurance Company Ltd կազմակերպությունում, որի բարձր վարկանիշը հաստատվել է AA- Standard & Poor's-ի կողմից եւ Aa3 Moody's-ի կողմից։

Վազգեն Աբգարյանի հետ զրուցել է Խորեն Օրմանյանը

Դիտում՝ 9679
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW