ՎԶԵԲ-ը գործարար կանանց համար Երեւանում հատուկ դասընթաց կանցկացնի

20.11.2015 | 11:59 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

ՎԶԵԲ-ի Փոքր բիզնեսի աջակցության ազգային ծրագրի՝ Հայաստանում 2015թ. մեկնարկած «Գործարար կանայք» ծրագրի շրջանակում նոյեմբերի 26-ին, 27-ին ու դեկտեմբերի 10-ին,11-ին Երեւանում կանցկացվի «Գործնական առաջնորդություն» թեմայով վերապատրաստման հատուկ դասընթացը:

Դասընթացի անցկացման մանրամասների շուրջ Banks.am-ը զրուցել է կառավարման խորհրդատու, առաջնորդության, բիզնես հաղորդակցման, անձնական զարգացման ոլորտների թրեյներ, ՎԶԵԲ-ի «Գործնական առաջնորդություն»  թեմայով վերապատրաստման կուրսի դասընթացավար Արտակ Ալոյանի հետ:

- Պրն Ալոյան, կպատմե՞ք առաջիկա  դասընթացի  մասին. ի՞նչ ուղղվածությամբ է լինելու, ո՞րն է նպատակը եւ ո՞ւմ  համար է նախատեսված:

- ՎԶԵԲ-ի «Գործնական առաջնորդություն» թեմայով այս դասընթացը կին ձեռներեցների համար հատուկ մշակված ծրագիր է՝ կազմված երկու փուլից՝ երկուական ամբողջական օրով: Նոյեմբերի 26-27-ին առաջին մասն է, դեկտեմբերի 10-11-ին՝ անհատական եւ գործնական մասը: Այն գերմանական Applicatio վերապատրաստման ու կառավարման ընկերության հեղինակային կուրսն է, թրեյներներին՝ ինձ եւ Մարինա Պողոսյանին, եւս ընտրել են նրանք:

Այնուհետեւ սեպտեմբեր ամսին մենք Մինսկում անցել ենք եռօրյա վերապատրաստում` TOT (Training of Trainers), ավելի խորքային ծանոթացել ծրագրին, ուսումնասիրել բոլոր գործիքները, որից հետո այդ դասընթացի առանցքային կառուցվածքի հիման վրա այն ադապտացրել ենք հայաստանյան շուկային եւ դարձրել ավելի թիրախային:

-Նշեցիք՝  վերապատրաստումն ընթանալու է երկու փուլով: Կխնդրեմ ավելի մանրամասն պատմել դրանցից յուաքանչյուրի մասին:

- Դասընթացի ժամանակացույցի այս ձեւաչափը եւս առաջարկվել է թրեյնինգների իրականացման ոլորտում մեծ փորձառնություն ունեցող Applicatio-ի կողմից: Դասընթացի փուլերն իրականացվելու են որոշակի ժամանակային ընդմիջումով՝ նախ եւ առաջ հաշվի առնելով գործարար կնոջ աշխատանքային խիստ գրաֆիկը, երկրորդ, ժամանակային այս ընդմիջումը թույլ կտա մասնակիցներին յուրացնել, վերհիշել առաջին փուլում ստացած գիտելիքները, դրանք կիրառել գործնական առաջադրանքների շրջանակում եւ նախապատրաստվել հաջորդ փուլին:

- Որո՞նք են հիմնական թեմաները:  

-Ինչպես գիտեք, թեման «Գործնական առաջնորդությունն» է, անգլերենում՝ Leadership in Action, որը ինքնին շատ ծավալուն է եւ պարադոքսներով լի. շատ հաճախ բոլորին թվում է, որ գիտեն՝ ինչ է առաջնորդությունը, սակայն թեման այնքան խորքային է, կիրառելիությունն այնքան ընդարձակ, որ ես ինքս՝ որպես թրեյներ, կարծում եմ, որ դրա մասին հնարավոր է անվերջ խոսել:

Երկու փուլերի ընթացքում էլ ամեն օր առանձին թեմաներ ենք ուսումնասիրելու: Առաջին փուլում կներկայացնենք «Առաջնորդություն», «Առաջնահերթությունների եւ թիրախների սահմանում» թեմաները, որոնք ավելի կմանրամասնենք գործնական աշխատանքների ժամանակ, իսկ երկրորդ փուլում կանդրադառնանք հաղորդակցային եւ բանակցությունների հմտություններին, կապերի հաստատմանը (networking) եւ սոցիալական մեդիաների հետ աշխատանքին:

Վերոնշյալ թեմաները Applicatio-ի կուրսի պարտադիր մասն են, բայց մենք, ՎԶԵԲ-ի հաստատումը ստանալով, որոշեցինք անդրադառնալ նաեւ այսօր շատ արդիական մի թեմայի՝ աշխատանքի եւ անձնական կյանքի կապի հավասարակշռմանը, որը մասնակիցներին կօգնի հասկանալ՝ ինչպես լինել հաջողակ գործարար կին՝ բավարար ժամանակ տրամադրելով աշխատանքին եւ երկրորդ պլանում չթողնելով անձնական կյանքը, ընտանիքն ու առողջությունը:

- Կխնդրեմ մի փոքր մանրամասնեք դասընթացի ձեւաչափը:

-Գիտեք, տեսություն ներկայացնելով՝ ոչ մի փորձառու դասընթացավար մեծ արդյունք եւ կիրառելիություն ապահովել չի կարող: Այդ իսկ պատճառով տեսական մասին զուգահեռ լինելու են գործնական աշխատանքներ՝ հիմնված մասնակիցների սեփական բիզնես-դեպքերի վերլուծությունների վրա: Ներկայացվելու են հաջողված պատմություններ (success story) բիզնեսի տարբեր ոլորտներում մեծ նվաճումների հասած գործարար կանանց մասնակցությամբ:

Կուրսի յուրահատկությունն այն է, որ կենտրոնում լինելու է գործարար կինն իր գործով, խնդիրներով, վելուծություններով: Իսկ մենք՝ թե ես, թե Մարինան, համատեղելով մեր փորձը, մասնակիցներին կփոխանցենք մեր քոուչինգ խորհրդատվական հմտությունները եւ կփորձենք գտնել նրանց մտահոգող հարցերի պատասխանները:

Կցանկանայի հավելել, որ դասընթացի աշխատանքային լեզուն հայերենն է, եւ բոլոր նյութերը, որոնք տրամադրելու ենք մասնակիցներին, նույնպես հայերեն են:

- Որո՞նք են դասընթացին մասնակցելու նախապայմանները:

- Նախ եւ առաջ մասնակիցը պետք է բիզնես ունեցող, գործադիր պաշտոն զբաղեցնող, բիզնեսի կառավարման ոլորտում տարիների հարուստ փորձի տեր, տվյալ բիզնեսի բոլոր գործընթացներին տիրապետող գործարար կին լինի, որի՝ արդեն առկա կառավարչական փորձը մենք բարձր օղակի ղեկավարների (executive) համար նախատեսված այս դասընթացի միջոցով կհամալրենք նոր հմտություններով:

Ծրագրի առավելություններից է նոր գիտելիքների եւ հմտությունների ձեռքբերումը, ինչպես նաեւ հետագայում գործարար կանանց ցանցի՝ այսպես կոչված network-ի ստեղծումը: Բացի գործնական ցանցում ներգրավվելուց կին գործարարները հնարավորություն կստանան համագործակցության եզրեր գտնել ՎԶԵԲ-ի հետ տարբեր ծրագրերի շրջանակում եւ հետագայում օգտվել ֆինանսական միջոցների հասանելիության հնարավորություններից:

-Իսկ ե՞րբ է դասընթացին դիմելու վերջնաժամկետը:

- Մասնակցել ցանկացողները կարող են մինչեւ նոյեմբերի 24-ը իրենց հայցադիմումներն ուղարկել knowhowarmenia@ebrd.com էլեկտրոնային հասցեով:

Կարծում եմ՝ այս դասընթացը գործարար կանանց համար կառավարչական հմտությունները զարգացնելու, նոր կապեր եւ գիտելիքներ ձեռք բերելու բացառիկ հնարավորություն է:

Արտակ Ալոյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը

Դիտում՝ 7818
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai