Հայաստանում, Բելառուսում եւ Ղազախստանում MasterCard ընկերության կառավարիչ տնօրեն Ալեքսանդր Դունաեւի հարցազրույցը Banks.am-ին- Ինչպե՞ս կգնահատեք MasterCard-ի ներկայությունը Հայաստանում եւ արդյոք գո՞հ եք զարգացման դինամիկայից: - MasterCard-ը Հայաստանի շուկայում աշխատում է շուրջ 15 տարի: Ինչպես մյուս երկրներում, վճարային շուկան Հայաստանում եւս զարգացման որոշակի փուլեր է անցնում, եւ մենք կառուցում ենք մեր ռազմավարությունը՝ հիմնվելով զարգացման յուրաքանչյուր փուլի առանձնահատուկ պահանջների ու մեր միջազգային փորձի վրա: Վերջին տարիներին մենք ականատես ենք վճարային շուկայի ակտիվացմանը, եւ մեր կողմից գործադրում ենք բլոր ջանքերը` պահպանելու այդ միտումները եւ օժանդակելու անկանխիկ վճարումների թվի աճին: Բանկերը լուրջ հետաքրքրություն են ցուցաբերում ինչպես պրեմիում դասի, այնպես էլ զանգվածային հատվածի համար քարտային պրոդուկտների զարգացման, քարտատերերին հասանելի ծառայությունների թվի ավելացման եւ վճարային ինովացիոն գործիքների ներդրման նկատմամբ: Մեր զարգացման տեմպերը վստահություն են ներշնչում առ այն, որ մենք ճիշտ ռազմավարություն ենք ընտրել: Անկասկած, այսօրվա տնտեսական բարդ իրավիճակը ինչպես մեր, այնպես էլ հարեւան պետություններում իր ազդեցությունն է ունենում, սակայն հենց այսպիսի ժամանակահատվածներում է դրվում ապագա աճի հիմքը: Այդ պատճառով մենք շարունակում ենք շարժվել մեր ռազմավարության իրականացման ուղղությամբ: Մենք բավական ջերմ եւ պրոդուկտիվ հարաբերություններ ենք հաստատել խոշորագույն բանկերի հետ, ինչը, ես համոզված եմ, դրական ազդեցություն կունենա քարտատերերի թվի ավելացման, բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացման ու անկանխիկ վճարումների թվի աճի վրա: - Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանում MasterCard-ի` մասնավորապես պրեմիում դասի պրոդուկտների զարգացումը: - Հայաստանի բանկերին հասանելի են Maestro եւ MasterCard ապրանքանիշերի բոլոր, այդ թվում` պրեմիում հատվածի 8 պրոդուկտները: Նման մոտեցումը մեր գործընկերներին հնարավորություն է ընձեռում հաճախորդների կոնկրետ ու բավական նեղ հատվածների համար հարմարեցված քարտեր թողարկել: Ժամանակի ընթացքում բանկերն իրենց աշխատանքում անցում են կատարում պորտֆելի ավելի «նուրբ» տեսակավորմանը, որպեսզի ավելի մատչելի կերպով բացատրեն իրենց հաճախորդներին, թե ինչու նրանք պետք է ընտրեն այս կամ այն պրոդուկտը, եւ ցուցադրեն վերջինիս առավելությունները: Ի վերջո, դա բանկերին թույլ է տալիս ավելի արդյունավետ մրցակցել միմյանց հետ, ավելացնել պորտֆելի եկամտաբերությունը եւ հաճախորդներին վճարային նոր լուծումներ առաջարկել: - Իսկ նախատեսո՞ւմ եք ավելի ակտիվ մասնակցություն ունենալ մարկետինգային նախաձեռնություններում՝ ուղղված MasterCard-ի կիրառման ավելի լայն տարածմանը եւ առեւտրային ցանցերում վճարումների շրջանառության ավելացմանը:- Այդ ուղղությամբ մենք բավական ինտենսիվ աշխատում ենք: Վերջերս ամփոփեցինք ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համատեղ իրականացրած ակցիայի արդյունքները, որն ուղղված էր քարտերով կատարվող անկանխիկ վճարումների թվի ավելացմանը: Ամենաշատ գնումներ կատարած եւ ամենամեծ թվով բոնուսային միավորներ կուտակած քարտատերերի միջեւ խաղարկություն անցկացվեց, որի հաղթողները պարգեւատրվեցին: Վերջերս ավարտվեց նաեւ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի հետ համատեղ գովազդային արշավը: Հաղթողները պարգեւներ ստացան UEFA-ի Չեմպիոնների լիգայի խորհրդանիշերով, որն ավելի քան 20 տարի է՝ MasterCard-ի գործընկերն է: Հայաստանում ֆուտբոլը սիրված մարզաձեւ է, եւ հետագայում մենք նախատեսում ենք օգտագործել Չեմպիոնների լիգայի հետ մեր համագործակցությունը մարկետինգային տարբեր գործընթացներում: - Ինչպե՞ս է զարգանում քարտերի ընդունման եւ ինտերնետ-էկվայրինգի ենթակառուցվածքը: - Քարտերի ընդունման ցանցի ընդլայնման նպատակով մենք նախատեսում ենք ավելացնել տերմինալների թիվը, ինչպես նաեւ բարձրացնել դրանց հասանելիության մակարդակը: Իրավիճակը փոխվում է, հիմնականում բանկերի հետաքրքրվածության եւ ակտիվ աշխատանքի շնորհիվ: Ցավոք, դեռ որոշակի բարդություններ կան, քանի որ առեւտրային որոշ ընկերություններ պատրաստ չեն ակտիվորեն քարտեր ընդունել: Մեծ մասամբ, դա ստանդարտ իրավիճակ է, քանի որ շատերն ավելի սովոր են կանխիկ վճարումների հետ գործ ունենալ: Այստեղ կարեւոր է, որպեսզի շուկայի բոլոր մասնակիցները, ներառյալ, իհարկե, Կենտրոնական բանկը, միասին աշխատեն իրավիճակը շտկելու ուղղությամբ: Էլեկտրոնային վճարումների մասին ցանկանում եմ նշել, որ MasterCard-ի վերջին գլոբալ ուսումնասիրությունները վկայում են վճարումների հենց այդ հատվածի ակտիվ զարգացման մասին: Ժամանակակից սպառողը նախընտրում է գնումներ կատարել իր ցանկացած պահին եւ իրեն հարմար ձեւով. տանից դուրս չգալով՝ իր սեփական հեռախոսից կամ ինտերնետին միացած այլ սարքավորումներից: Կարծում եմ՝ կարելի է միջազգային առցանց խանութներից կատարվող գնումների աճ ակնկալել, որից հետո սահուն անցում կլինի սեփական հարթակների զարգացմանը: - Իսկ Հայաստանում նախատեսվո՞ւմ է արդյոք MasterCard PayPass ոչ կոնտակտային համակարգի ներդրումը:- Արդեն 68 երկրների 3 մլն առեւտրային հարթակներում վճարումներն ընդունվում են MasterCard PayPass ոչ կոնտակտային տեխնոլոգիայով: Մենք տեսնում ենք, որ ոչ կոնտակտային վճարումների ներդրումը շուկայի զարգացման տրամաբանական քայլ է, եւ հայաստանյան բանկերում լուրջ հետաքրքություն է առաջանում այդ ուղղության նկատմամբ: MasterCard-ի ոչ կոնտակտային վճարման տեխնոլոգիան ժամանակին հեղափոխություն կատարեց վճարային ինդուստրիայում: Հենց այդ նորարարության շնորհիվ է, որ հնարավոր է դառնում վճարումներ կատարել բջջային հեռախոսների եւ այլ կրիչների օգնությամբ: Օրինակ, չիպը կարող է տեղադրվել ձեռքի ժամացույցի կամ կախազարդերի մեջ եւ այլն: Վճարման բուն ընթացքը ինտուիտիվ է եւ շատ հարմար. բավական է քարտը կամ այլ սարքը մոտեցնել ոչ կոնտակտային տերմինալին: Գնորդը լիովին վերահսկում է վճարման ընթացքը, քանի որ կարիք չկա քարտը փոխանցել գանձապահին: Անցած տարի MasterCard-ի պատվերով Հյուսիսային ու Հարավային Ամերիկայի, Եվրոպայի, Աֆրիկայի, Ասիայի ու Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի 56 շուկաներում ուսումնասիրություն էր անցկացվել: Contactless Payments Report հետազոտությունը, որում շեշտը դրվել էր Եվրոպայի վրա, կոչված էր գնահատել ոչ կոնտակտային վճարման միջոցների կիրառումը եւ սպառողների պատրաստակամությունը՝ ամեն օր օգտվելու այդ միջոցներից, ինչպես նաեւ նրանց վերաբերմունքը առկա առաջարկների նկատմամբ: Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ քարտապաններն արագ են վարժվում մեկ հպումով վճարում կատարելուն եւ հույս ունեն, որ այդ համակարգը տարածում կստանա այլ առեւտրային եւ ծառայություններ մատուցող կազմակերպություններում: Օրինակ, Ռուսաստանում ոչ կոնտակտային տերմինալներ կարելի է գտնել ամենատարբեր առեւտրի կետերում՝ մթերային խանութներում, լվացքատներում, կինոթատրոններում, մարզադաշտերում եւ այլն: Ոչ կոնտակտային վճարումների հաջող զարգացման հիմնական գործոնը քարտերի ընդունման արդյունավետ գործընթացի ներդրումն է, ներառյալ այնպիսի կարեւոր բաղադրիչներ, ինչպիսիք են կապի արագ ալիքների, հաճախորդին հասանելի վայրում գտնվող տերմինալի եւ վառ ու հիշվող բրենդինգի առկայությունը: Հենց դա է հնարավորություն տալիս սպառողներին զգալ այս տեխնոլոգիայի բոլոր առավելությունները եւ որակապես փոխում է ոչ կոնտակտային քարտի օգտատերի սպառողական փորձը: - Ի՞նչ նոր պրոդուկտներ է MasterCard ընկերությունը նախատեսում թողարկել Հայաստանում: - Նոր պրոդուկտների թողարկումը մեր աշխատանքի ամենակարեւոր ուղղություններից մեկն է: Դա վերաբերում է թե՛ զանգվածային, թե՛ պրեմիում կարգի առաջարկներին: Աճի լավ հեռանկարներ ունեն այն պրոդուկտները, որոնք առանձնանում են լոյալությամբ կամ համաբրենդային քարտեր են առաջարկում: Ինչպես ցույց է տալիս այլ շուկաների փորձը, նմանատիպ նախագծերի անցկացումը կարող է բանկերի մրցակցության հերթական փուլ դառնալ, այսինքն` հանգեցնել շուկայի հետագա զարգացմանը: - Ո՞ր գործոններն են ազդում Հայաստանի վճարային շուկայի ներուժի վրա: - Վճարային շուկայի իրավիճակի վրա մի շարք գործոններ են ազդում: Դա ե՛ւ բանկային համակարգի զարգացման մակարդակն է, եւ քարտեր արտադրող բանկերի քանակությունը, ե՛ւ էկվայրինգային ցանցի զարգացումը: Հայաստանյան բանկերի շրջանում բիզնեսի նման տեսակի նկատմամբ մենք կայուն հետաքրքրություն ենք նկատում, որի վկայությունն է մեր համատեղ նախագծերի քանակը: Կարեւոր են այն ջանքերը, որոնք անկանխիկ վճարումների զարգացման ուղղությամբ գործադրում է Կենտրոնական բանկը: Ազդում են նաեւ բնակչության կյանքի որակը, զբոսաշրջության ինտենսիվությունը: Օրինակ, զբոսաշրջիկների մեծ մասը սովոր է քարտեր օգտագործել եւ ակնկալում է, որ Հայաստանում էլ նման հնարավորություն կունենա: Կարեւոր է նշել, որ Հայաստանում քարտերի քանակը դեռ բավականին փոքր է: 2014թ. տվյալների համաձայն` մեկ մարդուն բաժին է ընկնում 0.4 քարտ, այն դեպքում, երբ Ռուսաստանում այդ ցուցանիշը կազմում է 1.5, իսկ եվրոպական երկրներում` 5-ից ավելի: Դրա համար կարեւոր է հետեւողականորեն աշխատել, որպեսզի Հայաստանի յուրաքանչյուր բնակիչ ժամանակակից վճարման գործիք ձեռք բերելու հնարավորություն ունենա ու այն օգտագործելու խթան: Ներկա պահին հանրապետությունում գերակշռում են կանխիկ վճարումները, եւ անկանխիկ վճարումների մասնաբաժինը մեծ չէ, այնպես որ մենք հետագա աճի համար զգալի հնարավորություններ ունենք: Ի վերջո, մեր գլխավոր մրցակիցը կանխիկ դրամն է: Ակնհայտ է, որ հնարավոր չէ անել այնպես, որ քարտատերը, որը սովոր է ամբողջ գումարը միանգամից հանել բանկոմատից, վաղը հանկարծ սկսի իր բոլոր վճարումները քարտով կատարել: Մենք դեռ մեծ աշխատանք պետք է իրականացնենք, որպեսզի մարդկանց մոտ նոր հմտություններ ձեւավորվեն ենթակառուցվածքը զարգացնելու եւ քարտի ամենօրյա օգտագործման հետ կապված: Կարեւոր է այստեղ նաեւ պետության դերը: Բնակչության ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացման համար անհրաժեշտ են շուկայի բոլոր մասնակիցների նպատակաուղղված ջանքերը, որպեսզի մարդիկ հասկանան, որ քարտով վճարում իրականացնելն արագ է, հարմար եւ անվտանգ: Ալեքսանդր Դունաեւի հետ զրուցել է Արամ Արարատյանը Tweet Դիտում՝ 80169