Մի շարք հայկական ընկերություններում աշխատում են էքսպատներ, կամ այլ կերպ ասած, արտասահմանցի աշխատակիցներ: Նրանք, իհարկե, այդքան շատ չեն, որքան զարգացած երկրներում, կամ թեկուզ հարեւան Վրաստանում, բայց, այնուամենայնիվ, որոշակի ավանդ ունեն հայկական բիզնես-մշակույթի ձեւավորման մեջ: Մենք խնդրեցինք երեք էքսպատների պատասխանել մի քանի հարցի, մասնավորապես, հեշտությա՞մբ են արդյոք որոշել Հայաստան գալ, ինչո՞վ է տարբերվում աշխատանքը Հայաստանում իրենց հարազատ միջավայրից, արդյոք մե՞ծ խոչընդոտ է հայոց լեզվի չիմացությունը ու մտադի՞ր են կրկին Հայաստան այցելել՝ աշխատանքային պայմանագրերի լրանալուց հետո: Լալի Սվիմոնիա. ՎՏԲ-Հայաստան Բանկի Գովազդի եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ ՎՏԲ-Հայաստան Բանկում աշխատում եմ 2010-ից: Չեմ կարող ասել, որ հեշտությամբ համաձայնեցի Հայաստանում աշխատել: Երբ ընդունում ես որոշում, որը կտրուկ փոխում է կյանքիդ սովորական ընթացքը, պետք է հաշվի առնես շատ գործոններ, չնայած առաջին անգամ չէր, որ Վրաստանի սահմաններից դուրս էի ապրելու: 4 տարի սովորել եմ Գերմանիայում, որից հետո պրակտիկա եմ անցել Sparkasse բանկում: Վերադառնալով Վրաստան՝ սկսեցի աշխատել միջազգային բանկում որպես PR-մենեջեր: Որոշ ժամանակ անց ստացա առաջարկ՝ աջակցելու Հայաստանում բացվող նույն բանկային խմբի բանկին՝ թիմի ձեւավորման, փորձի փոխանակման, PR եւ մարքետինգային արշավների անցկացման հարցում: Այդ ժամանակահատվածում ձեռք բերված փորձը ինձ համարձակություն տվեց ուժերս փորձելու ՎՏԲ-Հայաստան Բանկում: Կարող եմ ասել, որ ՎՏԲ-ն իմ ամենամեծ փորձն է՝ ինչպես աշխատանքային, այնպես էլ կյանքի: Լալի ՍվիմոնիանԼուսանկարը՝ անձնական արխիվիցՄարքետինգի եւ PR-ի ոլորտում շատ կարեւոր են մտածելակերպի առանձնահատկությունները: ՎՏԲ խումբն ունի իր մարքետինգային քաղաքականությունը, բրենդբուքը, ընդհանուր սկզբունքներ, որոնք կիրառվում են այն երկրներում, որտեղ խումբը ներկայացված է: Բայց, իհարկե, այս ամենը` տեղի մտածելակերպին համապատասխան: Շատ կարեւոր է ճիշտ համատեղել դա ամեն երկրում: Օրինակ, ՎՏԲ-ն Հայաստանում եւ Վրաստանում ունի տարբեր կարգախոսներ վարկային կամ ավանդային պրոդուկտների համար, իսկ իմիջային հաղորդակցման մասով մենք կիրառում ենք նույն մեսիջները: Դուք նաեւ չեք գտնի մեծ տարբերություն Հայաստանում եւ Վրաստանում մեր մասնաճյուղերի միջեւ (երկու բանկերն էլ ունիվերսալ են), նրանք դիզայնի, ձեւավորման եւ զոնավորման առումով նույնն են, բայց մենք տարբեր գովազդային արշավներ ենք անցկացնում, եւ տարբեր շեշտադրումներ ենք անում: Վրաստանում աշխատանքի վերաբերյալ կցանկանայի նշել, որ այնտեղ լիարժեք եւ պրոֆեսիոնալ աշխատանքին նպաստում է տեխնոլոգիական լավ հնարավորությունների առկայությունը, տեղական եւ միջազգային մարքետինգային, հետազոտական կազմակերպությունների, կրեատիվ գործակալությունների մեծ ընտրությունը: Մեր աշխատանքի մեջ շատ կարեւոր համարվող առցանց մեդիամոնիտորինգը եւ գովազդի առցանց մոնիտորինգը Վրաստանում ներդրվել է դեռեւս 15 տարի առաջ, իսկ Հայաստանում, ցավոք սրտի, այն մինչ այժմ չկա: Հեռուստատեսությունում մեդիապլանավորման գումարային վարկանիշի համակարգը ներդրվել է երկու տարի առաջ, իսկ Վրաստանում GRP համակարգով աշխատում են արդեն երկար տարիներ: Անշուշտ, այս ամենը դժվարացնում է աշխատանքը ճիշտ պլանավորման եւ բանկերի մրցունակության բարձրացման տեսակետից: Հայաստանում բարձ մակարդակի վրա է բանկային համակարգի պրոֆեսիոնալ վերլուծությունը, անց են կացվում մանրակրկիտ հետազոտություններ եւ տրամադրվում է բանկային գործունեության լիարժեք վերլուծություն: Կան շատ առցանց լրատվամիջոցներ, տեղեկատվական գործակալություններ, որոնք ճիշտ ֆիլտրում են եւ թողարկում շատ որակյալ նյութեր, ինչպես նաեւ պրոֆեսիոնալ ֆինանսական լրագրողներ. դա, իհարկե, շատ է օգնում ԶԼՄ-ի հետ կառուցել ճիշտ եւ գործընկերային հարաբերություններ: Չէի ասի, թե ընդհանրապես չեմ տիրապետում հայերենին՝ հասկանում եմ գրեթե ամեն ինչ, բայց խոսել չեմ կարող, չնայած գիտեմ շատ արտահայտություններ, որոնք կարող եմ համարձակ օգտագործել: Լեզու չիմանալը ինձ համար խոչընդոտ չէ աշխատանքի մեջ, քանի որ բանկում բոլորը լավ տիրապետում են ռուսերենի: Իսկ բանկից դուրս ազատ շփվում եմ հաճախորդների, լրագրողների եւ բանկի գործընկերների հետ ռուսերենով կամ այլ լեզուներով: Վստահ եմ, որ Հայաստանում գտնվելու իմ ժամանակահատվածը ավարտից հետո անպայման կվերադառնամ այստեղ: Հայաստանը շատ հետաքրքիր երկիր է ճամփորդության սիրահարների համար: Այս տարիների ընթացքում ես եղել եմ Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում: Բացի այդ, ես ու դուստրս այստեղ շատ ընկերներ ունենք: Մենք անպայման կգանք ձմռանը դահուկ քշելու, իսկ ամռանը` Սեւանում հանգստանալու:Մաքսիմ Խալմատով, ԱրմենՏել ընկերության IT-տնօրենԱշխատում եմ Հայաստանում 2013թ. հոկտեմբերից: Աշխատանքի առաջարկին արձագանքեցի թեթեւ սրտով ու ուրախությամբ, քանի որ այնպես է ստացվել, որ մինչեւ Հայաստան տեղափոխվելս իմ ամենամտերիմ ընկերները հայերն էին: Այնպես որ, որեւէ խնդիր չծագեց: Եթե համեմատեմ Հայաստանը Ուզբեկստանի հետ (Մաքսիմը երկար տարիներ աշխատել է Տաշքենդում-խմբ.), ապա պետք է նկատեմ, որ այստեղ մարդիկ շատ բարեհամբյուր են: Չեմ ուզում ասել, որ Տաշքենդում այդպես չէ, ուղղակի երբ Հայաստանում մոտենում ես մեկին ու սկսում ես զրուցել, այնպիսի տպավորություն է, որ այդ մարդուն վաղուց ճանաչում ես: Եթե խոսենք աշխատանքի մասին, ապա այստեղ ես սկսեցի մի փոքր այլ կերպ ընկալել խոսքի տեր լինելու ասածը: Հայաստանում, եթե մեկն ինչ-որ բան է խոստանում, պարտադիր կատարում է: Մաքսիմ ԽալմատովըԼուսանկարը՝ անձնական արխիվիցԱյստեղ նաեւ մի փոքր այլ կերպ է ընկալվում «ընկերություն» եւ «ծանոթություն» հասկացողությունները: Ինձ կարող են ասել երրորդ մարդու մասին՝ մենք կարող ենք գնալ, միասին ժամանակ անցկացնել, զրուցել, սեղան նստել, բայց նա իմ ընկերը չէ, նա իմ լավ ծանոթն է: Այսինքն, ընկերը Հայաստանում դա այլ կատեգորիա է: Տարբեր երկրներում կյանքի հիմնական սկզբունքներն այդքան էլ չեն տարբերվում: Եթե կրկին համեմատական անցկացնենք Հայաստանի եւ Ուզբեկստանի միջեւ, ապա այնտեղ էլ, այստեղ էլ ընտանիքը առանձնահատուկ տեղ է զբաղեցնում, ինչը շատ եմ հավանում: Բայց մեկ տարբերություն ես, այնուամենայնիվ, կառանձնացնեի: «ԱրմենՏել»-ի հայկական թիմն իմ կարիերայում տեսած լավագույն թիմերից է, այստեղ աշխատում են շատ բարձրակարգ մասնագետներ: Չգիտեմ, դա Հայաստանի առանձնահատկությունն է, թե «ԱրմենՏելի», բայց դա այդպես է: Հայերեն չիմանալն ինձ դեռ չի խանգարել, քանի որ, ինչպես արդեն նշեցի, մարդիկ այստեղ շատ բարեհամբյուր են: Երբ նոր էի ժամանել, գնացի շուկա միս գնելու, եւ վաճառողը ռուսերեն ընդհանրապես չէր հասկանում, բայց մեր կողքին կանգնած մարդիկ միանգամից օգնության հասան եւ նրանց շնորհիվ մենք վաճառողի հետ շատ լավ իրար հասկացանք: Պատկերը նույնն է անգամ հեռավոր շրջաններում: Որեւէ մեկը կարող է չհասկանալ ռուսերեն, բայց միանգամից կգտնվեն մարդիկ, որոնք կփորձեն ամեն ինչ բացատրել, օգնել, ուղեկցել: Այնպես որ, լեզուն չիմանալու պատճառով ես երբեւէ ինձ անհարմար չեմ զգացել:Մեծ աղջիկս 14 տարեկան է եւ արդեն շատ ընկերուհիներ ունի Երեւանում: Փոքր աղջիկս 6 ամսական է, նա ծնվել է Հայաստանում: Հունվարին, երբ ընտանիքով վերադառնում էինք արձակուրդից, սահմանապահը հարցրեց՝ ի՞նչ նպատակով ենք գալիս Հայաստան, ինչին պատասխանեցի՝ «ես աշխատելու, իսկ աղջիկս հայրենիք է վերադառնում»: Թոնի էլ Խուրի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի մարկետինգի եւ հաղորդակցության ստորաբաժանման ղեկավար Հայաստանում ապրում եւ աշխատում եմ արդեն 8 տարի: Բնականաբար, օտարերկրացու համար Հայաստանում աշխատելն ավելի բարդ է, քանի որ այստեղ մշակութային տարբերությունները, լեզուն եւ աշխարհընկալումը կարեւոր դեր են խաղում: Թոնի էլ ԽուրինԼուսանկարը՝ անձնական արխիվիցՄեծ ընկերության մաս լինելն ինձ դրական գործարար փորձառություն է տալիս, կորպորատիվ կառավարման լավ իմացություն: Յուրաքանչյուր աճող տնտեսություն ունենում է վերելքներ եւ վայրէջքներ: Ես հակված եմ դա անվանել «ուսումնական կոր», որը համակրանքի կամ հակակրանքի տեղ չի թողնում, այլ ուղղակի առողջ փորձառություն է:VivaCell-MTS-ն ամեն օր փոխում է Հայաստանի գործարար մշակույթը՝ ներքին եւ արտաքին մակարդակներում:Լեզուն չիմանալը խոչընդոտ չի հանդիսանում ինձ համար, քանի որ շրջապատված եմ անգլերեն իմացող գործընկերներով, եւ այնպիսի մարդկանցով, որոնք այնքան բարեհամբյուր են, որ միշտ էլ եղանակներ կգտնեն իրենց մտքերն ու գաղափարներն ինձ հասցնելու համար: Վստահորեն կարող եմ ասել, որ անպայման կվերադառնամ Հայաստան՝ այստեղ աշխատանքս ավարտելուց հետո: Այստեղ ես ոչ թե սոսկ աշխատում եմ, Հայաստանն ինձ համար երկրորդ տուն է դարձել, որտեղ ես բազմաթիվ ընկերներ ձեռք բերեցի: Արամ Արարատյան Tweet Դիտում՝ 39726