Հայկական փողի անցած ուղին՝ ԿԲ այցելուների կենտրոնում. մաս 2-րդ

21.03.2015 | 00:00 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Դրամը ոչ միայն առեւտրային հարաբերությունների, այլեւ տեղեկության փոխանցման լավագույն տարբերակ է եղել դեռ հին ժամանակներից: Հռոմեական կայսրության տիրապետության տարիներին, օրինակ, Հայաստանին վերաբերող մի քանի մետաղադրամ է հատվել, որոնք կրում են հայկական տարածքների զավթման մասին տեղեկություն: Արքաներն իրենց պատկերում էին մետաղադրամների վրա՝ այդպիսով ապահովելով իրենց հայտնիությունը:

ՀՀ կենտրոնական բանկի (ԿԲ) այցելուների կենտրոնում հայկական դրամաշրջանառության ամբողջ պատմությունը հավաքված է մոտ երկու տասնյակ ցուցափեղկի տակ: Banks.am-ն արդեն ներկայացրել է կենտրոնի ստեղծման պատմությունը, այժմ առաջարկում է ծանոթանալ առավել ուշագրավ ցուցանմուշներին:

Դրամի նախահայրերը



Փողը՝ մետաղադրամի տեսքով, առավելագույնը 3 հազ. տարվա պատմություն ունի: ԿԲ այցելուների կենտրոնում դրամի պատմությունը սկսում է նախադրամյան ժամանակահատվածի՝ բարտերային տնտեսության շրջանի ցուցադրությամբ, երբ փողի փոխարեն ժամանակին արժեքավոր համարվող տարբեր իրեր էին օգտագործում: Մարդիկ երկար ժամանակ ապրանքները փոխանակում էին աղով, ցորենով, մետաղից պատրաստված իրերով: Որսորդական ցեղերի մոտ դրամի գործառույթը մորթեղենն էր կատարում, ձկնորսների մոտ՝ խեցեղենը: Առաջին մետաղադրամը, որի վրա դրոշմ կար, հատվել է Ք.ա. 7-րդ դարում, Լիդիա անունը կրող պետությունում, որը գտնվում էր Էգեյան ծովի ափին եւ հունական քաղաքակրթության մասն էր:

Հայկական առաջին մետաղադրամները



Հայերն այն եզակի ազգերից են, որ կարող են հպարտանալ իրենց փողի շատ հին պատմությամբ:

Այցելուների կենտրոնում ցուցադրվող հայկական ծագմամբ առաջին մետաղադրամները վերաբերում են Ք.ա. 3-րդ դարին: Կոմմագենե եւ Ծոփք՝ այստեղ են հատվել հայկական առաջին մետաղադրամները:

Տիգրան Մեծի մետաղադրամները



Հայկական դրամաշրջանառությունը ծաղկում է ապրում Արտաշիսյանների թագավորության ամենավառ ներկայացուցչի՝ Տիգրան Մեծի օրոք: Այցելուների կենտրոնում ներկայացված մետաղադրամները հիմնականում օրիգինալներն են, որոնք մեզ են հասել տարբեր պեղումների արդյունքում: Այդպիսիններից են մեր օրեր հասած Տիգրան Մեծի պղնձյա եւ արծաթյա մետաղադրամները: Պեղումների ընթացքում արծաթ եւ պղինձ է հայտնաբերվում, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ ոսկի, ըստ ամենայնի, չի հատվել:

Տիգրան Մեծը մի քանի քաղաքներում է դրամ հատել, դրանք համապետական են եղել: Արծաթյա մետաղադրամներն օգտագործվել են հարեւանների հետ առեւտուր անելու համար, իսկ պղնձյա մետաղադրամները՝ ներքին շուկայում: Տիգրան Մեծի արծաթյա դրամները կոչվում են դրախմաներ եւ տետրադրախմաներ (քառադրախմաներ), գրառումները դրանց վրա հունարեն են:

Քաղաքային դրամները



Հնում կային փողեր, որոնք միայն քաղաքային օգտագործման էին: Այդպիսինները եղել են Մետաքսի ճանապարհին գտնվող Արտաշատ քաղաքում, որը սեփական փողն է ունեցել:

Առաջին հայատառ մետաղադրամները



Հայկական դրամաշրջանառությունն Արշակունիների դինաստիայի ժամանակ ընդհատվում է: Հայաստանում առեւտուր են անում պարթեւական եւ հռոմեական փողերով, քանի որ հայ արքաները կախման մեջ էին նրանցից, եւ միայն ուժեղ արքաները կարող էին դրամ հատել: Հետագայում Հայաստանը կորցնում է պետականությունը, ինչի պարագայում հայկական դրամներ չեն հատվում: Ուշագրավ է, որ չնայած դրան, Հայաստանում դրամահատարանները գործում էին եւ արաբական մետաղադրամներ հատում էին, օրինակ, Դվինում:

Հայաստանում երկար ընդմիջումից հետո դրամ է սկսում հատել Բագրատունիների տոհմից Կյուրիկե 2-րդ արքան: Այս արքայի օրոք հատված դրամը մեծ կարեւորություն ունի, քանի որ դրա վրա առաջին անգամ հայտնվում են հայերեն գրեր: Պղնձյա մետաղադրամները նման են բյուզանդականներին. դրանց վրա Հիսուս Քրիստոսի պատկերն է, դարձերեսին գրված՝ «Տեր, օգնիր Կյուրիկե Բ Կյուրողապատին»:

Այցելուների կենտրոնում ներկայացված են նաեւ Կիլիկյան թագավորության, մոնղոլ-թաթարական, պարսկական եւ Օսմանյան կայսրության ժամանակահատվածի մետաղադրամներ, որոնք շրջանառվել են Հայաստանի տարածքում, ինչպես նաեւ Ռուսական կայսրության մետաղադրամներն ու թղթադրամները:  

Հայատառ գրառումով թղթադրամները



1917թ. փետրվարյան հեղափոխությունից հետո ստեղծվեց Անդրկովկասյան սեյմը, որը 1918թ. թողարկեց թղթադրամներ, որոնց վրա առաջին անգամ հայտնվեցին  հայատառ գրառումներ: Այդ փողերի վրա, բացի հայերենից, ռուսերեն, վրացերեն եւ ադրբեջաներեն գրառումներ կային (Ադրբեջանն այդ ժամանակ օգտագործում էր արաբական տառերը):  

Առաջին Հանրապետության փողերը



Հայաստանում Հայոց ցեղասպանությունից հետո ծանր պայմաններում ստեղծված Առաջին Հանրապետությունն ունեցավ նաեւ փող: Հայկական առաջին հանրապետությունում թողարկվեցին երեք անվանական արժեքի թղթադրամներ՝ 50, 100 եւ 250 ռուբլի:  250-ռուբլիանոցին ժողովուրդը տվեց «ճախարակ» անունը: Դրա վրա պատկերված էր կին՝ երիտասարդ Հայաստանը, որը ճախարակով թել է մանում: Գրառումները հայերեն են, ռուսերեն եւ ֆրանսերեն: Դրանք տպագրվել են Լոնդոնում, ինչի համար նաեւ ստացել են «լոնդոնյան ռուբլիներ» անունը: Հայաստանի խորհրդայնացմամբ այս փողը չշրջանառվեց:

Այցելուների կենտրոնում ներկայացված են նաեւ Խորհրդային Հայաստանի թղթադրամները, Անդրֆեդերատիվ միության եւ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության թղթադրամներն ու մետաղադրամները:

Երրորդ Հանրապետության դրամը



Հայաստանն անկախացել է 1991թ.: Անկախությունից երկու տարի երկու ամիս անց՝ 1993թ. նոյեմբերի 22-ին, շրջանառության մեջ է մտել հայկական դրամը: Այն երկար ճանապարհ անցնելուց հետո արդեն ձեռք է բերել ներկայիս տեսքը:

Հայկական թղթադրամի երկու թողարկում է եղել: Առաջինը 1993-98/99 թթ. է շրջանառվել: Տպագրվել է Գերմանիայում: Պաշտպանական հատկանիշներով թույլ էր, քանի որ որակյալ թղթադրամ տպելու համար միջոցներ էին հարկավոր, իսկ պատերազմական վիճակում գտնվող Հայաստանը նման շռայլություն թույլ տալ չէր կարող: Առաջին թղթադրամներն ունեցել են 10, 25, 50, 100, 200 եւ 500 դրամ անվանական արժեքներ: Այնուհետեւ տպագրվել են 1000 եւ 5000 դրամ անվանական արժեքով թղթադրամները: Շրջանառության մեջ է մտել նաեւ հայկական մանրադրամը՝ լուման (1 դրամը հավասար է 100 լումայի): Շրջանառվել են 1,3,5,10 դրամ եւ 10,20,50-լումայանոց մետաղադրամները:

Տնտեսության կայունացումից հետո՝ 1998թ. վերջից, շրջանառության մեջ են դրվել այսօրվա թղթադրամները, որոնց պաշտպանական հատկանիշները պարբերաբար զարգանում են:



50000-դրամանոց թղթադրամը նվիրված է Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակին եւ շրջանառության մեջ է մտել 2001-ից: Թղթադրամը հոբելյանական թողարկում է. դիմերեսին պատկերված է Մայր Աթոռը, իսկ դարձերեսին՝ Գրիգոր Լուսավորիչը եւ Տրդատ թագավորը, որոնք վեր են խոյացնում Հայ եկեղեցին: Թղթադրամի վրա գրված է «Աստված ընդ մեզ է»:  

100000-դրամանոց թղթադրամը շրջանառվել է 2009թ., դրա վրա պատկերված է 1-ին դարում ապրած հայկական Եդեսիայի Աբգար 5-րդ թագավորը, որը, տառապելով բորոտությամբ, օգնության խնդրանքով նամակ է հղում Տեր Հիսուս Քրիստոսին: Փրկիչը պատասխան նամակ է ուղարկում թագավորին, որը բժշկվում, մկրտվում եւ դառնում է աշխարհում առաջին քրիստոնյա թագավորը:  

Ամենամեծ եւ ամենափոքր հուշադրամները



Կենտրոնական բանկը 1994-ից հուշադրամներ է թողարկում, որոնք սահմանափակ քանակությամբ են հատվում: Այս հուշադրամների թեման պատմական իրադարձություններն են, հայ ժողովրդի կրոնը, հայտնի մարդիկ, գործիչները, հայկական մշակույթը: Եկեղեցական թեմայով հուշադրամներ կան նվիրված հայ սրբերին, խաչքարերին, ճարտարապետությանը: Հուշադրամներ են թողարկվել նվիրված հայոց արքաներին, Հայաստանի պետականությանը, բանակին, Շուշիի ազատագրմանը, հայկական դրամին, տառերին, հայ նկարիչներին եւ այլն: ԿԲ թողարկած մի շարք հուշադրամներ արժանացել են պատվոգրերի եւ միջազգային մրցույթներում հաղթող ճանաչվել:




Առանձնահատուկ է 1 կգ կշռող հուշադրամը, որը նվիրված է Հայաստանի 20-րդ դարի կաթողիկոսներին: Հատվել է 25 օրինակ:  

ԿԲ-ն նաեւ ամենափոքր հուշադրամն է թողարկել, որի վրա նուռ է պատկերված: Այս հուշադրամը կշռում է 1,2 գ:

Ցեղասպանության 100-ամյակի հուշադրամը



ԿԲ-ն վերջերս շրջանառության մեջ է դրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշադրամ: Այս հուշադրամի վրա արտացոլված են աշխարհի տարբեր ծայրերում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշակոթողներից պատկերներ: Հուշադրամը թողարկվել է 1000 տպաքանակով:

Մարի Թարյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Դիտում՝ 9085
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo