Հովարդ Սթիվենսոն. «Ամուլսարի հաջողությունը Հայաստանի հաջողությունը կդառնա»

15.12.2014 | 11:15 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /

Մեդիամաքս-ի հարցազրույցը Lydian International ընկերության նախագահ եւ գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնի հետ

- Լիդիանի  դուստր ընկերությունը՝ Գեոթիմը Ամուլսարի ծրագրի համար ստացավ հանքարդյունահանման թույլտվություն: Սա այս պահին ամենախոշոր օտարերկրյա ներդրումն է Հայաստանում: Ինչպե՞ս այն կազդի Հայաստանի տնտեսության վրա՝ հաշվի առնելով երկրում առկա զգալի տնտեսական խնդիրները:

- Առաջին հերթին կցանկանայի նշել, որ թույլտվությունը տրամադրվել է բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ կառավարության, տեղական համայնքների, քաղաքացիական հասարակության, տեղական եւ արտասահմանյան փորձագետների հետ խորը եւ համապարփակ խորհրդակցությունների եւ աշխատանքների արդյունքում: Շնորհակալ եմ բոլոր կողմերին ծրագրի տարբեր փուլերում քննարկումներին մասնակցելու եւ համագործակցության համար:

Ամուլսարը մոտ 420 մլն դոլարի ներդրումային ծրագիր է: Մեր հաշվարկներով հանքի շահագործման ողջ ընթացքում կվճարվի մոտ 200 մլն դոլար աշխատավարձերի տեսքով եւ տասնյակ միլիոնավոր դոլարի հարկեր յուրաքանչյուր տարի: Անկասկած, տնտեսական օգուտները շոշափելի կլինեն երկրի եւ, հատկապես, տեղական համայնքների համար:

Ամենակարեւոր հանգամանքներից մեկն այն է, որ լինելով ամենախոշոր օտարերկրյա ներդրումը՝ միջազգային հեղինակավոր բանկերի եւ հաստատությունների ներգրավմամբ, Ամուլսարը ընդգծում է օտարերկրյա ներդրումների հանդեպ Հայաստանի բաց լինելը: Մրցակցությունը համաշխարհային տնտեսությունում բավական լարված է եւ ներդրումներ ներգրավելը լրացուցիչ ջանքեր է պահանջում: Հույս ունենք, որ Ամուլսարի հաջողությունը կդառնա նաեւ Հայաստանի հաջողությունը, որպես ներդրումային նոր ուղղություն, քանի որ, վստահ ենք, Հայաստանը մեծ ներուժ ունի:  

- Ծրագրի հաստատումը բավական ձգձգվեց. ձեր ընկերությունը ստիպված էր փոխել ծրագրի ենթակառուցվածքները: Այժմ բոլոր անհրաժեշտ թույլտվությունները կա՞ն եւ որո՞նք են հաջորդ քայլերը:

- Ծրագրի ենթակառուցվածքների նախագիծն իսկապես երկու անգամ փոփոխվեց վերջին երկու տարում ընդունված օրենսդրական փոփոխություններին համապատասխանելու համար:  Արդյունքում ծրագրի իրականացումն իրոք հետաձգվեց, սակայն այս ընթացքում մենք համագործակցեցինք բոլոր շահագրգիռ կողմերի հետ, ապահովելով, որ ծրագիրը համապատասխանի օրենսդրական նոր փոփոխությունների պահանջին եւ ապահովի բոլոր մտահոգությունների լուծումները: Այս համագործակցության արդյունքում ընկերությունը ստացավ անհրաժեշտ թույլտվությունները: Այժմ պատրաստվում ենք հաջորդ կարեւոր քայլին՝ խոստացված ներդրումները երկիր բերելուն եւ շինարարության սկզբին՝ 2015 թ. գարուն-ամառ ժամանակահատվածում:

- Ե՞րբ եւ ի՞նչպես այդ ներդրումների ազդեցությունը կզգան շրջակա համայնքները եւ ինչ գործնական օգուտ կտա Ամուլսարի ծրագիրը նրանց:

- Կարծում եմ, արդեն իսկ որոնողահետախուզական աշխատանքների 6-7 տարիների ընթացքում ծրագրի դրական ազդեցությունը զգացվել է: Ծրագրում արդեն ներդրվել է 69 միլիոն դոլար որոնողահետախուզական փուլում՝ ստեղծելով աշխատատեղեր համայնքներում եւ Երեւանում: Միայն անցյալ տարի մոտ 1 միլիոն ԱՄՆ դոլար է վճարվել համայնքներին՝ հողի հարկի տեսքով: Մոտ 400 000 հազար դոլար է տարեկան ներդրվում համայնքային սոցիալական ծրագրերում, որոնք ուղղվում են շրջակա համայնքների կայուն զարգացմանը: Վերանորոգվել են դպրոցներ եւ մանկապարտեզներ, իրականացվել են ջրամատակարարման, գազաֆիկացման, գյուղատնտեսական եւ այլ ծրագրեր:

Սակայն ամենազգալի արդյունքները դեռեւս առջեւում են, երբ սկսվի շինարարությունը եւ արդյունահանումը: Շինարարության փուլը նախատեսում է մոտ 1500 աշխատատեղ, մոտ 700 մշտական աշխատատեղ կլինի հանքի շահագործման ողջ ընթացքում: Նման ծավալի ներդրումային ծրագրի պարագայում կարեւոր է նաեւ բազմապատկման էֆեկտը եւ ստեղծվելիք անուղղակի աշխատատեղերը: Սա կբերի Վայոց Ձորում եւ Սյունիքում զգալի տնտեսական ակտիվացման եւ տեղական բիզնեսների զարգացման հնարավորությունների: 

- Որոշ ակտիվիստներ, սակայն, շարունակում են պնդել, որ բնապահպանական ազդեցությունները հնարավոր չէ կառավարել: Արդյո՞ք տնտեսական զարգացման եւ բնապահպանության, անվտանգության եւ առողջության խնդիրների միջեւ միշտ հակադրություն կա: 

- Մտահոգությունները հասկանալի են: Դժվար է վստահել «պատասխանատու հանքարդյունաբերություն» հայեցակարգին, եթե նախկին փորձը երկրում եւ տարածաշրջանում առանձնապես դրական չի եղել: Ես հանքարդյունաբերության մեջ 30 տարվա փորձ ունեմ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ֆինլանդիան, ԱՄՆ-ը, Ավստրալիան եւ Հարավային Աֆրիկան, եւ կարող եմ վստահեցնել, որ ժամանակակից տեխնոլոգիաները հնարավոր են դարձնում ապահովել հանքային կամ ցանկացած այլ արդյունաբերական ծրագրի բնապահպանական ազդեցության լավագույն կառավարումը, միաժամանակ ապահովելով համայնքների ապահովությունը, անվտանգությունը եւ տնտեսական զարգացումը:
Չեմ կարծում, որ պետք է նախապատվություն տալ տնտեսական զարգացմանը բնապահպանության հաշվին: Հակառակը նույնպես անընդունելի է: Խնդիրը թե՛ տնտեսական զարգացման, թե՛ բնապահպանական խնդիրների լուծման ճիշտ իրականացումն է՝ ոչ ի հաշիվ մեկը՝ մյուսը: Տնտեսական զարգացումն անհրաժեշտություն է: Մարդիկ պետք է աշխատանք ունենան, լավ կրթական, առողջապահական, սոցիալական ապահովության համակարգ: Տնտեսական զարգացումը դրան հասնելու միակ ճանապարհն է, ընդ որում, ոչ միայն Հայաստանի նման զարգացող, այլեւ զարգացած երկրների դեպքում: Հենց այդ պատճառով տեխնոլոգիաների եւ տնտեսական զարգացմանը զուգահեռ արդյունաբերության ճյուղերը արդիականացվեցին՝ հաշվի առնելով նաեւ բնապահպանական խնդիրները: Այսօր Շվեդիայի նման երկրում զարգացած հանքարդյունաբերություն կա, որից շահում է տնտեսությունը, միաժամանակ կիրառվում են ժամանակակից միջոցներ թե՛ նախագծման թե՛ շահագործման փուլում բնապահպանական կառավարումը ապահովելու համար:

Ավստրալիայում 2013-ին իրականացված հարցման համաձայն, ավստրալացիների 90 տոկոսը համարում են, որ հանքարդյունաբերությունը կարեւոր է իրենց երկրի տնտեսության համար, եւ 70 տոկոսը դրական է գնահատում ոլորտը: Ժամանակ, զգալի ջանքեր, ինչպես նաեւ լավ օրինակներ են հարկավոր հասարակության ընկալումները եւ արդյունաբերության մասնակիցների վարքագիծը փոխելու համար: Հուսով ենք, որ Ամուլսարը նման առաջին քայլերից մեկը կլինի:

- Ինչպե՞ս եք մտադիր փոխել ընկալումը: Արդյո՞ք դա հնարավոր է:

- Դա հնարավոր է միայն պատասխանատու մոտեցմամբ մեր ամենօրյա աշխատանքին: Մենք արդեն իսկ մեր բոլոր բնապահպանական հետազոտությունները իրականացրել ենք հայաստանյան եւ միջազգային լավագույն մասնագետների մասնակցությամբ, Միջազգային ֆինանսական կորպորացիայի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի չափանիշներին համապատասխան: Միայն բնապահպանական հետազոտությունների համար ներդրել ենք 5 միլիոն դոլար: Ստորագրված պայմանագրով, մենք պարտավորվել ենք ավելի քան 4 միլիոն դոլար հատկացնել բնության եւ շրջակա միջավայրի դրամագլխին` հանքի փակման ծրագիրը երաշխավորելու նպատակով: Բացի այդ, մի քանի միլիոն դոլար կներդրվի բնապահպանական այլ միջոցառումների ապահովման համար, ներառյալ շրջակա միջավայրի վերականգնումը, ռեկուլտիվացիան, մշտադիտարկումները եւ այլն: Ամուլսարում կիրառվելիք կույտային տարրալվացումը ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Չիլիում, Ռուսաստանում եւ այլուր լայնորեն կիրառվող տեխնոլոգիա է: Այն պոչամբար չունի  եւ կարող է արդյունավետ եւ անվտանգ կառավարվել: Մենք ուզում ենք ցույց տալ, որ Ամուլսարը համաշխարհային մակարդակի հանքարդյունաբերական ծրագիր կլինի եւ վստահ ենք, որ ընկալումները կփոխվեն:

- Լիդիանը ամենախոշոր ներդրողներից եւ հարկատուներից մեկն է լինելու Հայաստանում: Դուք այդ առիթով լրացուցիչ պատասխանատվություն զգո՞ւմ եք:

- Անշուշտ, ընկերության համար սա մեծ պատասխանատվություն է: Մենք պետք է ապահովենք, որ ծրագրից շահեն բոլոր շահագրգիռ կողմերը՝ երկիրը, համայնքները եւ ներդրողները: Մեծ է նաեւ սոցիալական պատասխանատվությունը: Ուզում եմ ընդգծել, որ մեր հայաստանյան թիմը հատուկ մեծ կարեւորություն է տալիս նրան, որ Ամուլսարի շրջակա համայնքներում ծրագիրը զգալի եւ կայուն զարգացում ապահովի:

Ես հատկապես հպարտ եմ երկրաբանների, ինժեներների, բնապահպանական, սոցիալական եւ ֆինանսական մասնագետների մեր բարձրակարգ թիմով Հայաստանում: Նրանք ահռելի ջանք ու ժամանակ են ծախսել ապահովելու, որ ծրագիրը նախագծվի եւ իրականացվի այնպես, որ օգուտ բերի Հայաստանին: Մենք պատրաստվում ենք սկսել մեր այդ խոստման իրականացումը եւ դա իրոք մեծ պատասխանատվություն է:

Դիտում՝ 6490
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW