Վազգեն Քալայջյան. Ցանկանում ենք դրական պատմություն կերտել Հայաստանի մասին

28.10.2014 | 10:35 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Ս.թ. փետրվարի 20-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը փաստաթուղթ է ստորագրել ամերիկյան GK Brand ընկերության հետ՝ Հայաստանի ազգային բրենդի ստեղծման վերաբերյալ: Ամերիկյան ընկերությունը հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում պետք է ներկայացնի երկրի բրենդավորման մրցունակ ռազմավարությունը:

Բրենդավորման ռազմավարությունը կնպաստի Հայաստանի զբոսաշրջային եւ ներդրումային գրավչության բարձրացմանը, տնտեսության զարգացմանը եւ միջազգային հեղինակության բարձրացմանը

Ամերիկյան GK Brand ընկերության տնօրեն Վազգեն Քալայջյանը նախորդ շաբաթ Երեւանում դասախոսություն է կարդացել բրենդինգի եւ Հայաստանի ազգային բրենդի մշակման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին:

Մեդիամաքս-ի թղթակիցը գրի է առել որոշ հետաքրքիր մտքեր:

Արտերկրում շատերը Հայաստանն ասոցացնում են զոհի հետ

Ապրանքները ստեղծվում են գործարանում, իսկ բրենդը՝ մտքում: Արտերկրում շատերը Հայաստանն ասոցացնում են զոհի հետ: Եթե դա իրոք այդպես է, ո՞վ կցանկանա ինչ-որ բան գնել զոհից կամ անհաջողակից… Ո՞վ կցանկանա նման երկիր այցելել, եւ արդեն էական էլ չէ, թե ինչքան լավն է քո բրենդը:  

Ցանկանում ենք նոր դրական պատմություն կերտել Հայաստանի եւ նրա ապագայի մասին:

Հայաստանի ազգային բրենդը կարող է հիմնվել հետաքրքիր պատմությունների վրա՝ նպաստելով Հայաստանի մասին ճանաչողականության բարձրացմանը, տուրիզմի զարգացմանը, ծառայությունների եւ ապրանքների գլոբալ պահանջարկի ավելացմանը եւ երկրում ներդրումների ավելացմանը:

Ֆրանսիացիներն ամենաիրազեկն են Հայաստանի մասին

Այս ընթացքում հետազոտություններ ենք իրականացրել 35 երկրներում, որոնք ընդգրկել են 1000-ից ավելի հարցազրույցներ, հոդվածներ, բիզնեսի եւ տուրիզմի վերաբերյալ զեկույցներ:

Երկրները խմբավորվել են հետեւյալ ձեւաչափով. երկրներ, որտեղ Հայաստանի մասին ոչինչ չգիտեն, երկրներ, որոնք Հայաստանը շփոթում են, օրինակ, Ալբանիայի կամ Ռումինիայի հետ, երկրներ, որտեղ ինչ-որ բան են լսել Հայոց ցեղասպանության մասին, երկրներ, որտեղ կարծում են, որ Հայաստանը մահմեդական կամ նախկին ԽՍՀՄ պետություն է: Ի դեպ, ֆրանսիացիներն ամենաիրազեկն են Հայաստանի մասին…

Հայաստանում խոսել ենք բոլոր շերտերի մարդկանց հետ՝ սկսած նախագահից մինչեւ տաքսու վարորդ: 18 հիմնական եւ մոտ երկու տասնյակ երկրորդական հարցերի միջոցով փորձել ենք պարզել, թե որը կարող է լինել Հայաստանի բրենդը:

Կառավարական շրջանակում, օրինակ, հարցումները ցույց են տվել, որ ամենատարածվածը հետեւյալ գաղափարն է՝ Հայաստանը առաջին պետությունն է, որն ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն: Սրան հաջորդում են գոյատեւման եւ ազգային հպարտության գաղափարները: Ինչ վերաբերվում է սփյուռքին, ապա այստեղ գերիշխողը միասնություն եւ ընտանիք գաղափարներն են:

Չես կարող բացահայտողին ստիպել միշտ նույն տեղում մնալ

Հայերը կառուցող են եւ բացահայտող: Այս հատկանիշները ճիշտ են բնորոշում հայերին: Այո, հայերը կառուցող են. դա են վկայում այն եկեղեցիները եւ մշակութային մյուս կոթողները, որոնք պահպանվել են դարեր շարունակ:

Հայերը նաեւ բացահայտող են, սիրում են նորանոր գաղափարներ եւ վայրեր բացահայտել: Կան մարդիկ, ովքեր անհանգստանում են այն փաստից, որ հայերը հեռանում են Հայաստանից: Իրականում պետք չէ այդքան անհանգստանալ. նրանք հեռանում են, այնտեղ գումար վաստակում եւ զբաղվում իրենց բացահայտումներով:

Հայերն այդպես միշտ են արել՝ նույնիսկ դարեր առաջ: Թույլ տվեք, որ նրանք գնան, բայց գնան դրական էմոցիաներով, որպեսզի հետո կապը հայրենիքի հետ չխզվի, եւ արդյունքում այստեղ բերեն իրենց նոր եւ թարմ գաղափարները, գումարը, փորձառությունը…

Մենք խոսում ենք, որ հայերը տեղահանվել են Ցեղասպանության հետեւանքով: Այո, եղել է նման բան, բայց դեռ դարեր առաջ հայերն իրենց կամքով գնում էին Չինաստան եւ Հնդկաստան, Մետաքսի ճանապարհին հսկայական բիզնեսներ էին վարում, խոսում էին 4-5 լեզուներով: Փաստը մնում է փաստ. չես կարող բացահայտողին ստիպել միշտ նույն տեղում մնալ:

Լինելով բացահայտողներ՝ հայերը կարող են երկիր այցելած հյուրերին հնարավորություն տալ բացահայտելու Հայաստանը եւ հայերին՝ նրա մշակութային եւ տնտեսական ներուժը:

Վազգեն Քալայջյանի մտքերը գրի է առել Նարինե Դանեղյանը:

Դիտում՝ 4710
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW