Հունաստանի դեսպանատունը պատրաստ է օգնել հայ գործարարներին դրսեւորվել հունական շուկայում

03.10.2014 | 10:15 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Հայաստանի եւ Հունաստանի միջեւ արտաքին առեւտրաշրջանառությունը 2014թ. հունվար-հուլիս ամիսներին կազմել է մոտ $9 մլն 270 հազ.: Հայաստանից արտահանումը կազմել է $44.9 հազ., իսկ ներմուծումը՝ $9 մլն 225 հազ.:

Հայ եւ հույն գործարարների շփումներն ակտիվացնելու եւ հետագայում բիզնես համագործակցությունը խթանելու նպատակով սեպտեմբերի 30-ին Երեւանում կայացել է Հայաստան-Հունաստան գործարար համաժողովը: Այն կազմակերպել են Զարգացման հայկական գործակալությունը, ՀՀ-ում Հունաստանի դեսպանատունը եւ Էնթերփրայզ Գրիս հունական ընկերությունը:

Banks.am-ը  գործարար համաժողովի ավարտին զրուցել է Հայաստանում Հունաստանի դեսպանատան տնտեսական եւ կոմերցիոն հարցերով առաջին խորհրդական Լեոնիդաս Պապակոնստանտինիդիսի հետ:

- Հունաստանի պատվիրակության կազմում մեկ տասնյակից ավելի ընկերություններ են մասնակցել համաժողովին: Ի՞նչ ոլորտներ են նրանք ներկայացնում:   

- Ցանկանում եմ նշել, որ նման բիզնես-ֆորումներ նախկինում եւս կազմակերպվել են, բայց Հայաստանում իմ աշխատելու ընթացքում սա հայ-հունական առաջինն է: Մեր դեսպանատունն իր գործունեությամբ ցանկանում է ավելացնել երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը, քանի որ, ինչպես Երեւանում իրենց ելույթներում նշեցին Հայաստանի եւ Հունաստանի նախագահները, մենք բավարարված չենք երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալներով:

Հայաստան ժամանած հույն գործարարները եւ ընկերությունների ներկայացուցիչները ներկայացնում են տարբեր ոլորտներ: Ներկայացված են ընկերություններ գյուղատնտեսության, սննդի եւ խմիչքի արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, տուրիզմի, շինանյութերի ոլորտներից: Նրանք դեռ մի քանի օր մնալու են Երեւանում եւ շարունակելու են հանդիպումների շարքը, փորձելով հայկական ընկերությունների հետ նոր կապեր հաստատել:

Նախատեսված են երկկողմանի հանդիպումներ հայկական ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում քննարկվելու է հետագա համագործակցության հնարավորությունը: Այն հունական ընկերությունները, որոնք այստեղ արդեն իսկ հանդիպումներ են ունեցել հայ գործընկերների հետ, ասում են, որ դրական են տրամադրված եւ որ արդեն իսկ արդյունավետ հանդիպումներ են ունեցել:

Կարող եմ վստահ ասել, որ թե հայկական, թե հունական կողմն անչափ հետաքրքրված է եւ ձգտում է, որ բիզնես-ֆորումի ընթացքում ձեռք բերված արդյունքներն ունենան շարունակություն, իսկ կապերը ջերմանան: Դեսպանատունը եւս մեծ ուշադրություն է դարձնելու արդյունքներին, քանի որ մեր նպատակը ոչ միայն ֆորում կազմակերպելն է, այլեւ ապահովել դրա շարունակությունը: Մենք կփորձենք օգնել այդ նախագծերի իրականացմանը: Կարծում եմ, շատ կարճ ժամանակ անց արդեն կկարողանանք խոսել կոնկրետ արդյունքների մասին:  

-Ձեր կարծիքով, որո՞նք են այն հիմնական ոլորտները, որտեղ համագործակցությունը շահավետ կլինի երկու երկրների գործարարների համար:

- Հունական ընկերությունները հետաքրքրված են հատկապես գյուղատնտեսության  ոլորտում համագործակցությամբ: Ինչպես գիտեք, Հունաստանի նախագահի այցի շրջանակում ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ Հունաստանի գյուղական զարգացման եւ պարենի նախարարության միջեւ ստորագրվել է համաձայնագիր: Մենք ակնկալում ենք, որ այս համաձայնագիրը կնպաստի ոլորտում համագործակցության ընդլայնմանը, որն էլ կհանգեցնի ներդրումների աճին:
 
Հույն գործարարների հետաքրքրության հաջորդ ոլորտը տեղեկատվական տեխնոլոգիաներն են, որի զարգացումը, ինչպես նշվեց նաեւ ՀՀ նախագահի ելույթում, շատ է կարեւորվում Հայաստանի կողմից:
 
Հույն գործարարների մեծ մասն այս օրերին կայցելի նաեւ սահմանամերձ գոտի, հասկանալու համար, թե ինչպես կարելի է օգտվել այնտեղ ներդրումների գործընթացը դյուրացնող նոր կանոնակարգերից:

Հետաքրքրված ենք նաեւ օգնել հայ գործարարներին դրսեւորել իրենց հունական շուկայում: Հայաստանում Հունաստանի դեսպանատունը կաջակցի այն հայկական ընկերություններին, ովքեր կցանկանան գործունեություն ծավալել Հունաստանում:

-Կարո՞ղ եք ներկայացնել հունական ընկերությունների կողմից Հայաստանում եւ հակառակ ուղղությամբ գործունեության հաջողված օրինակներ:

- Հայաստանում այս պահին երկու ծրագրեր են իրականացվում, որոնք ֆինանսավորվել են Հունաստանի կառավարության կողմից: Դրանցից մեկը «Աջակցություն Հայաստանում սպանդանոցների զարգացմանը» ծրագիրն է: Այն նախատեսում է կառուցել ժամանակակից սարքավորումներով հագեցած 5 սպանդանոց հանրապետության տարբեր շրջաններում:

Մյուս ծրագիրը նախատեսում է մինչեւ տարեվերջ թունաքիմիկատների որակի վերահսկողություն իրականացնող նոր լաբորատորիայի շինարարություն:

Ի դեպ, որպես հաջողված օրինակ կարող եմ նշել Հայաստանում հեռահաղորդակցման եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ծառայությունների մատակարար «Ինտրաքոմ» հունական ընկերության գործունեությունը:

Տեղյակ եմ, որ վերջերս Հայաստանից Հունաստան թանկարժեք քարերի եւ ժամացույցների արտահանման առումով ակտիվություն է նկատվում:  Հուսանք, որ Երեւանում կայացած բիզնես-ֆորումի արդյունքում շուտով կլսենք մի շարք նոր հաջողված պատմությունների մասին:

Լեոնիդաս Պապակոնստանտինիդիսի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը

Դիտում՝ 6478
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai