Ինչ է կատարվում Ջեք Դորսիի ֆինտեխ ընկերության շուրջ

24.03.2023 | 09:59 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Block #Ջեք Դորսի #Hindenburg Research
Ամերիկյան Block (նախկին Square) ֆինտեխ ընկերության բաժնետոմսերը մարտի 23-ին փլուզվել են ավելի քան 20%-ով. Նյու Յորքի ֆոնդային բորսայում օրվա նվազագույն մակարդակում մեկ արժեթուղթն արժեցել է $56,5:

Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ դա 22,2%-ով ավելի էժան է, քան մարտի 22-ի առքուվաճառքի փակման ժամանակ։ Երեկոյան արժեթղթերի անկումը դանդաղել է մինչեւ 13%։

Block-ի գնանշումներն ընկան Hindenburg Research ընկերության զեկույցի հրապարակումից հետո։ Այն ակտիվիստ ներդրողներից բաղկացած ընկերություն է, ովքեր պրոֆեսիոնալ կերպով «մերկացնում» են հանրային ընկերությունները: Hindenburg Research-ը հայտարարել է, որ երկու տարի հետաքննել է Block-ի գործունեությունը եւ արդյունքում կարճ դիրք է գրավել բաժնետոմսերի նկատմամբ (այսինքն՝ կանխատեսել է դրանց անկումը)։ Ընկերության զեկույցում նշվում է, որ Block-ի կողմից մշակված Cash App հավելվածը բաց է թողել հնարավոր խարդախության մասին «կարմիր դրոշները», ինչը նպաստել է համավարակի ընթացքում միլիարդավոր դոլարների նպաստների հետ կապված խարդախություններին:

Hindenburg Research-ի զեկույցի հեղինակները պնդում են, որ Cash App-ն ուշադրություն չի դարձրել այն փաստի վրա, որ միեւնույն հաշվեհամարն օգտագործվել է մի քանի մարդկանց կողմից պետական վճարումներ ստանալու համար։ Մասաչուսեթս նահանգի վարչակազմը Hindenburg Research-ին հայտնել է, որ փորձում է հետ բերել ավելի քան 69 000 գործազրկության նպաստ, որոնք վճարվել են Cash App-ի հաշիվների վրա: Վիճելի գործարքների քանակով Cash App-ն առաջ է անցել այնպիսի խոշոր բանկերից, ինչպիսիք են JPMorgan-ը եւ Wells Fargo-ն, որոնք շատ ավելի մեծ թվով հաճախորդներ ունեն, նշվում է զեկույցում։

Hindenburg Research-ը նաեւ պնդում է, որ Block-ն ուռճացնում է Cash App-ի օգտատերերի թիվը: Block-ը չի պատասխանել մեկնաբանությունների մասին հարցմանը, հայտնում է Bloomberg-ը:

Block վճարային ընկերությունը, որը մինչեւ 2021 թվականը կոչվում էր Square, գլխավորում է Twitter-ի համահիմնադիր Ջեք Դորսին։ Ընկերության հիմնական պրոդուկտներն են վաճառողների համար վճարային ծառայությունը եւ Cash App բջջային հավելվածը։



2021 թվականին Block-ը $29 միլիարդով ձեռք բերեց ավստրալիական Afterpay ստարտափը: Այդ տարի առավելագույն մակարդակում Block-ի շուկայական կապիտալիզացիան կազմեց գրեթե $130 միլիարդ, նշում է Bloomberg-ը: Սակայն այդ ժամանակից ի վեր ընկերությունը կորցրել է իր արժեքի մեծ մասը: Մարտի 23-ին առքուվաճառքի փակման ժամանակ Block-ի կապիտալիզացիան կազմում էր $41 միլիարդ:

Hindenburg Research ընկերությունը հայտնի դարձավ 2020 թվականին այն բանից հետո, երբ հրապարակեց էկոլոգիական բեռնատարներ մշակող Nikola ստարտափում «հնարամիտ խարդախության» մասին հետաքննությունը: Հրապարակումից հետո իշխանությունները սկսեցին իրենց հետաքննությունը, եւ 2022 թվականին Nikola-ի հիմնադիր Թրեւոր Միլթոնը մեղավոր ճանաչվեց խարդախության մեջ։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 43112
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW