Չինական UnionPay-ն արտասահմանում օգնության է հասնում ՌԴ օգտատերերին

13.01.2023 | 17:29 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Ռուսաստան #UnionPay #վճարումներ
Չինական UnionPay վճարային համակարգը նախորդ տարի բազմակի աճ է գրանցել ինչպես ռուսաստանյան բանկերի կողմից թողարկված քարտերի քանակի, այնպես էլ գործարքների ծավալների առումով, հաղորդում է «Կոմերսանտ»-ը։

Ընդ որում, վճարային գործարքների ճնշող մեծամասնությունը, ինչպես նաեւ այս վճարային համակարգի քարտերով կանխիկացման գործարքները կատարվել են արտասահմանում (90%)։ Եվ եթե առաջին կիսամյակում դրանց օգնությամբ հիմնականում իրականացվում էին փոխանցումներ էլեկտրոնային դրամապանակների վրա եւ կանխիկացումներ բանկոմատներից, ապա երկրորդ կիսամյակի ընթացում ավելի շատ վճարումներ են եղել։

Մասնավորապես, ռուսաստանյան «Փոստ Բանկ»-ի («Почта Банк») տվյալներով՝ 2022 թվականի արդյունքներով վերջինս արդեն թողարկել էր ավելի քան 254 հազար UnionPay քարտ։ ՌԴ մեկ այլ խոշոր բանկում նախորդ տարի թողարկված քարտերի ընդհանուր թիվը գերազանցել է 200 հազարը։ «Միաժամանակ, երկրորդ կիսամյակում քարտերի պահանջարկն առաջին կիսամյակի համեմատ աճել է գրեթե 40%-ով»,- նշել են բանկում։

Եվս մեկ խոշոր ռուսաստանյան բանկում տեղեկացրել են, որ մարտից մինչեւ տարեվերջ այս վճարային համակարգի քարտերի թողարկումն աճել է 20 անգամ։ Բանկերում նաեւ նշում են, որ անցած տարի UnionPay քարտերով գրանցվել է շրջանառության զգալի աճ։

«Ֆինանսական նորարարություններ» ասոցիացիայի վարչության ղեկավար Ռոման Պրոխորովի խոսքով՝ UnionPay-ը միակ միջազգային վճարային համակարգն է, որը շարունակել է աշխատել Ռուսաստանում։ «Անցած տարի Ռուսաստանի քաղաքացիների կողմից նկատվել է այս համակարգի քարտերի նկատմամբ մեծ պահանջարկ՝ անդրսահմանային գործարքներ իրականացնելու համար»,- նշել է նա։

Իսկ UnionPay քարտերի թերությունները (տարբեր երկրներում ընդունման անկանխատեսելիությունը, ոչ բոլոր արտասահմանյան առցանց խանութների հետ աշխատելը), ըստ նրա, շատ ռուսաստանցիների համար փոխհատուցվում էին միջազգային վճարային համակարգի «լիարժեք» քարտեր ստանալու համար բարեկամական երկրի օտարերկրյա բանկում հաշիվ բացելու եւ սպասարկելու անհրաժեշտության բացակայությամբ:



Փորձագետների կարծիքով՝ ժամանակի ընթացքում զգալի ծավալների կարող է հասնել նաեւ այս վճարային համակարգի քարտերի շրջանառությունը Ռուսաստանի ներսում։ Իսկ մինչ այդ, բանկիրների խոսքով, այն հիմնականում բաժին է հասնում քոբրենդինգային քարտերին, որոնք Ռուսաստանում աշխատում են որպես «Միր» քարտեր։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 62936
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW