Չինական UnionPay-ը՝ այլընտրանք Visa եւ Mastercard համակարգերին
08.03.2022 | 17:07 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /


Պլաստիկ քարտերի ազգային համակարգում (НСПК) ռուսաստանցիներին խորհուրդ են տվել արտերկրում գնումների դիմաց վճարելու եւ գումարը կանխիկացնելու համար ձեւակերպել «Mир» եւ չինական UnionPay վճարային համակարգի քոբրենդինգային՝ «Мир»-UnionPay քարտը, որը կընդունվի ինչպես Ռուսաստանում, այնպես էլ շուրջ 180 երկրներում, որոնք աշխատում են UnionPay-ի հետ:
The Bell-ի տվյալներով՝ այդպիսի քարտեր են թողարկում ռուսաստանյան մի քանի բանկեր։ Հավանական է, որ կաճի այն բանկերի թիվը, որոնք կսկսեն թողարկել UnionPay քարտերը։ «Սբեր»-ը, «Ալֆա-բանկ»-ը եւ «Տինկոֆ»-ն արդեն հայտարարել են այս ուղղությամբ աշխատելու մասին, գրում է պարբերականը։
Վերջին իրադարձությունների ֆոնին ներկայացնում ենք չինական UnionPay վճարային համակարգի վերաբերյալ որոշ տվյալներ։
Չինական China UnionPay (CUP) ազգային վճարային համակարգը գործարկվել է 2002 թվականին՝ երկրից դուրս չինական բիզնեսներին աջակցելու համար: Ստեղծման նախաձեռնողներն էին Պետխորհուրդը եւ Չինաստանի Ժողովրդական բանկը։ Դրա բաժնետերերն են ավելի քան 200 ֆինանսական հաստատություններ։
China UnionPay-ն ունի դուստր ընկերություն՝ UnionPay International-ը (UPI), որը կենտրոնացած է Չինաստանից դուրս UnionPay-ի գլոբալ բիզնեսի աճի եւ աջակցության վրա: Համագործակցելով աշխարհի ավելի քան 2500 ֆինանսական հաստատությունների հետ՝ UPI-ը հնարավորություն է տալիս օգտագործել քարտերն՝ ապրանքների, ծառայությունների դիմաց վճարելու եւ գումարը կանխիկացնելու համար աշխարհի 180 երկրում: UnionPay-ի քարտերը թողարկվում են ավելի քան 70 երկրում, այդ թվում՝ Ռուսաստանում:
Finuslugi.ru պորտալի տվյալներով՝ UnionPay քարտեր ընդունող բանկոմատների թիվը գերազանցում է 1 միլիոնը, իսկ թողարկված քարտերի եւ դրանցով գործարքների քանակը համեմատելի է Visa-ի եւ Mastercard-ի հետ։
2007 թվականին Ռուսաստանում սկսեցին ընդունել CUP քարտերը։ 2014-ին ռուսաստանյան բանկերը սկսեցին դրանք թողարկել։ 2016-ին НСПК-ն եւ չինական CUP-ը պայմանավորվեցին գործարկել «Мир»-UnionPay քոբրենդինգային քարտի նախագիծը:
UnionPay քարտերը լինում են դեբետային, վարկային եւ կանխավճարային: Հաճախորդներին առաջարկվում են Classic կատեգորիայի եւ պրեմիում՝ Gold, Platinum ու Diamante քարտերը: Վերջիններիս քարտապանները CUP-ից ստանում են աջակցություն արտասահման մեկնելիս, բժշկական օգնություն, կոնսիերժ ծառայություն, հավատարմության ծրագրերին հասանելիություն եւ այլ արտոնություններ, որոնք նման են Visa եւ Mastercard քարտապաններին տրամադրվող աջակցությանը։
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: