PwC-ն ներկայացրել է վճարումների զարգացման վրա ազդող 6 միտումները

04.06.2021 | 09:48 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#PwC #Payments 2025 & beyond
PwC խորհրդատվական ընկերությունը հրապարակել է «Payments 2025 & beyond» զեկույցը: Վերլուծաբանները կանխատեսում են, որ բանկերը եւ վճարային ընկերությունները կկարողանան ավելացնել իրենց եկամուտները անկանխիկ վճարումների սպասվող աճից:

Ֆինանսական ոլորտը փոխակերպվում է COVID-19 համավարակի պատճառով: Սակայն մինչ համավարակի բռնկումը սկսեցին ակտիվորեն զարգանալ վճարումներ կատարելու նոր եղանակներ՝ QR կոդեր կամ բջջային սարքերի միջոցով վճարումներ: Էլեկտրոնային վճարումների շուկան առաջիկա տասը տարիների ընթացքում արագորեն կաճի. ըստ PwC-ի կանխատեսումների, 2020-2025թթ. անկանխիկ վճարների թիվն աշխարհում կավելանա ավելի քան 80%-ով՝ շուրջ 1 տրիլիոն գործարքից հասնելով գրեթե 1,9 տրիլիոնի: 2030 թվականին դրանց թիվը կաճի եւս 61%-ով՝ կազմելով 3 տրիլիոն գործարք:

Ինչպես գրում է Frank Media-ն, վերլուծաբաններն ակնկալում են, որ անկանխիկ վճարումներն ամենաարագը կաճեն Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում. առաջիկա 5 տարիներին` 109%-ով, իսկ 2030թ.-ին՝ եւս 76%-ով: Շուկան ակտիվորեն կզարգանա նաեւ Աֆրիկայում (ընկերությունն ակնկալում է համապատասխանաբար 78% եւ 64% աճ) եւ Եվրոպայում (վճարումների քանակը կաճի 64%-ով մինչեւ 2025 թվականը եւ 39%-ով մինչ 2030 թվականը):

Զեկույցի հեղինակներն եզրակացնում են, որ արմատական փոխակերպումը ներառում է երկու զուգահեռ միտում: Տեղի է ունենում վճարային տեխնոլոգիաների էվոլյուցիոն զարգացում (որը ներառում է ակնթարթային վճարումներ, հաշիվների վճարում, թվային դրամապանակներ), ինչպես նաեւ հեղափոխական (վճարումների կառուցվածքում եւ էկոհամակարգում կառուցվածքային փոփոխություններ՝ «գնիր հիմա, վճարիր հետո» առաջարկների ի հայտ գալը, կրիպտոարժույթներ, կենտրոնական բանկերի թվային արժույթներ):



Շուկայի փոխակերպումը կհանգեցնի բանկերի եւ վճարային ընկերությունների եկամտի ավելացմանը, նշում են PwC վերլուծաբանները: 2020թ.-ին բանկերի եկամուտները վճարումներից կազմել են $342 մլրդ, 2025 թվականին դրանք կարող են աճել մինչեւ $447 մլրդ, իսկ 2030 թվականին՝ մինչեւ $561 մլրդ:

Վճարումների շնորհիվ բանկերը ստանում են իրենց հաճախորդների վերաբերյալ տվյալների շուրջ 90%-ը՝ տեղեկատվություն իրենց գնումների, վայրի եւ ժամանակի մասին: Բանկերը եւ վճարային ընկերությունները կարող են մոնետիզացնել այդ տվյալները: Միաժամանակ, նրանք պետք է հաշվի առնեն տեղեկատվության գաղտնիության հետ կապված ռիսկերը: PwC-ի հարցման արդյունքները հաստատում են մտահոգությունն այդ ռիսկերի վերաբերյալ. հարցվածների գրեթե կեսը տվյալների գաղտնիությունն ու կիբեռանվտանգությունը նշում է որպես իրենց հիմնական խնդիր առաջիկա հինգ տարվա համար:

Հիմնական միտումները մինչեւ 2025 թվականը: Վերլուծաբանները նկարագրել են 6 մակրոտնտեսական միտումներ, որոնք կազդեն վճարումների զարգացման վրա մինչեւ 2025 թվականը.

Հասանելիություն: 2014թ.-ին Համաշխարհային բանկը նպատակ դրեց՝ մարդիկ, ովքեր չեն կարողանում ծառայություններ ստանալ բանկերում, մինչեւ 2020 թվականը պետք է հասանելիություն ստանան հաշվին՝ միջոցները պահելու համար, ինչպես նաեւ հնարավորություն ունենան կատարել վճարումներ: Նպատակն այդպես էլ չիրականացվեց, նշվում է PwC-ի զեկույցում, սակայն տարբեր երկրներում գնալով ավելի շատ նախաձեռնություններ են ի հայտ գալիս՝ ուղղված ֆինանսական ծառայություններին հասանելիության բարձրացմանը: Զարգացող երկրներում ֆինանսական ծառայություններին հասանելիությունը նախկինի պես կպայմանավորվի բջջային սարքերի ներթափանցմամբ եւ մատչելի ու հարմարավետ վճարման մեխանիզմներին հասանելիության ապահովմամբ: 2025 թվականին սմարթֆոնների ներթափանցումն աշխարհում կհասնի 80%-ի, ինչը պայմանավորված կլինի դրանց տարածմամբ զարգացող երկրներում, ինչպիսիք՝ են Ինդոնեզիան, Պակիստանը եւ Մեքսիկան:

Թվային արժույթներ: Կենտրոնական բանկերի կողմից թվային արժույթների ներդնումը կարող է հանգեցնել վճարային շուկայի կտրուկ փոփոխությունների: Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի ավելի քան $5 մլրդ եկամուտներով խոշորագույն ֆինանսական հաստատությունները թվային արժույթներն անվանել են շուկայում աճող անորոշության հավանական պատճառներից մեկը: Միջազգային հաշվարկների բանկի կողմից վերջերս կատարված հետազոտության համաձայն՝ կենտրոնական բանկերի 60%-ն այժմ դիտարկում է թվային արժույթների օգտագործման հնարավորությունը, իսկ 14%-ն արդեն ակտիվորեն իրականացնում է փորձնական թեստեր:



Թվային դրամապանակներ: Թվային դրամապանակներն օգտատերերին թույլ են տալիս պահել վճարային տվյալները եւ գործարքներ կատարել բջջային սարքերի օգնությամբ: Նման դրամապանակները գնալով ավելի մեծ դեր կխաղան: Որպես օրինակ զեկույցի հեղինակները բերում են Google Pay-ը, վերագործարկված Apple Pay-ը եւ նշում Չինաստանում WeChat Pay եւ Alipay սուպեր հավելվածների աճող ժողովրդականությունը: Իսկ 2024 թվականին թվային դրամապանակներին բաժին կհասնի ամբողջ աշխարհում էլեկտրոնային առեւտրի գործարքների կեսից ավելին, ակնկալում է ամերիկյան Fidelity National Information Services (FIS) ֆինանսական ընկերությունը: Բանկերն ու վճարային քարտեր թողարկող ընկերություններն արդեն սկսել են ներդրումներ կատարել խոշոր վճարային հարթակների համար թվային դրամապանակներ մշակելու բիզնեսում: Ապագայում ավանդական վճարային համակարգերն էլ ավելի ակտիվորեն են համագործակցելու թվային դրամապանակներ մշակող ֆինտեխ ընկերությունների հետ:

Ենթակառուցվածքային փոփոխություններ: Արտաքին փոփոխություններից բացի, վճարային շուկայում տեղի են ունենում նաեւ կառուցվածքային փոփոխություններ: Տեխնոլոգիաների զարգացման եւ անվտանգության նկատմամբ կարգավորիչների պահանջների խստացման հետ մեկտեղ, պրոցեսինգային ընկերությունները սկսել են ճնշում զգալ իրենց բիզնեսի վրա: Ֆինանսական ընկերությունների մի մասն անցնում է աութսորսինգի: Ամպային եւ հարթակային տեխնոլոգիաներն ավելի մեծ նշանակություն կունենան. ֆինանսական ծառայություններ մատուցող 10 հարցված ընկերություններից 8-ը նախատեսում է մինչեւ 2025 թվականը այս ենթակառուցվածքը հանձնել աութսորսինգի:

Անդրսահմանային վճարումներ: Թղթակցային բանկինգի ավանդական մոդելը դարձավ չափազանց մեծ ու թանկ այն շուկայի համար, որտեղ ակտիվորեն զարգանում են ակնթարթային եւ էժան վճարումները. այդպիսի ծառայություններ սովորաբար մատուցվում են ոչ բանկային հաստատությունների կողմից: Այնուամենայնիվ, կարգավորիչները նույնպես հետաքրքրություն են ցուցաբերում. Սինգապուրը եւ Թաիլանդը միավորել են իրենց PayNow եւ PromptPay վճարային ազգային համակարգերը, ինչի շնորհիվ այս համակարգերի գրանցված օգտատերերը կարողացել են ակնթարթորեն փոխանցումներ կատարել երկու երկրների միջեւ՝ օգտագործելով միայն բջջային հեռախոսահամարը: Ըստ PwC-ի հարցման արդյունքների՝ 42%-ը վստահ է, որ մոտակա հինգ տարիների ընթացքում անդրսահմանային ակնթարթային եւ B2B վճարումները կարագանան:



Կիբեռզեղծարարություն: Համավարակի ֆոնին էլեկտրոնային առեւտրի ավելացումը հանգեցրել է զեղծարարության դեպքերի աճի, ասված է թվային զեղծարարության կանխարգելմամբ զբաղվող Sift ընկերության զեկույցում: Կիբեռանվտանգության եւ հաճախորդների տվյալների գաղտնիության ռիսկերը բանկերի, ֆինտեխ ընկերությունների եւ ակտիվների կառավարիչների հիմնական մտահոգությունն էին, վկայում է PwC-ի հետազոտությունը: Բանկերը, վճարային համակարգերն ու կարգավորիչ մարմինները առաջիկա տարիներին ավելի սերտորեն կհամագործակցեն՝ զեղծարարությունը կանխելու եւ փողերի լվացման դեմ պայքարելու համար:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 8075
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW