Ռուսաստանյան Ozon առցանց ռիթեյլերը որոշել է զբաղվել ֆինտեխով
13.04.2021 | 10:44 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /


Ռուսաստանյան Ozon առցանց ռիթեյլերը նախատեսում է բանկային լիցենզիա ստանալ, ինչը կօգնի ընկերությանը զարգացնել ֆինտեխ ուղղվածության ծառայությունները:
Ozon-ը նախատեսում է ստանալ բանկային լիցենզիա ֆինտեխ ծառայությունների զարգացման, ներառյալ՝ վաճառքով զբաղվող ընկերություններին վարկավորելու համար: Rusbase-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է մարկետփլեյսի գլխավոր տնօրեն Ալեքսանր Շուլգինը Financial Times-ին տված հարցազրույցում:
«Փոքր եւ միջին բիզնեսի համար դժվար է ֆինանսավորում ստանալ ընդունելի պայմաններով: Դա կամ շատ թանկ է, կամ էլ հասանելի չէ»,- հայտարարել է Շուլգինը:
Նրա խոսքով՝ Ozon-ի տրամադրության տակ եղած տեղեկատվությունը թույլ կտա հիմնավորված որոշումներ կայացնել այն մասին, թե որքան վարկ է անհրաժեշտ մարկետփլեյսի հարթակում իր ապրանքը ներկայացնող վաճառողին: Հարցազրույցում, սակայն, չի մանրամասնվում՝ տեխնիկապես ինչպես է նախատեսվում մուտք գործել բանկային շուկա:
Ավելի վաղ Ozon-ը հիմնել էր միկրոֆինանսավորման սեփական ընկերություն: Ծառայություններ մատուցելու մեկնարկի համար ընկերությունը պետք է անդամակցի Կենտրոնական բանկի կողմից վարվող միկրոֆինանսական կազմակերպությունների պետական ռեեստրին: Ընկերությունն ունի նաեւ Ozon.Invest ծառայությունը, որը վաճառողներին վարկային հնարավորություններ է առաջարկում:
Այսօր հայտնի դարձավ, որ Ozon-ը պայմանագիր է ստորագրել Սովկոմբանկից «Օնեյ բանկ»-ը ձեռք բերելու մասին: Ընկերության տվյալներով՝ գործարքի սպասվող արժեքը չի գերազանցի $10 մլն-ը, վերջնական գումարը կախված կլինի գործարքի փակման պահին «Օնեյ բանկ»-ի ակտիվների արժեքից: Բացի այդ, գործարքը պետք է հաստատի ՌԴ Կենտրոնական բանկը:
Անցած տարվա վերջին Սովկոմբանկը ձեռք էր բերել Ռուսաստանում «Օնեյ բանկ»-ի բաժնետոմսերի 100%-ը:
«Բանկի ձեռքբերումը Ozon-ին հնարավորություն կտա իրականացնել ֆինտեխ պրոդուկտի մեր տեսլականը: Մեր նպատակն էր ձեռք բերել ակտիվ, որը կարող է նպատակահարմար եւ արդյունավետ ինտեգրվել մեր ֆինտեխ բիզնեսի մեջ: Բացի այդ, ձեռքբերման նպատակի թափանցիկությունն ու հուսալիությունը Ozon-ի համար այս գործարքի կնքման հիմնական չափանիշներն էին: Սովկոմբանկը մեր վաղեմի գործընկերն է, եւ մենք արդեն մի քանի տարի է, ինչ ունենք կառուցողական գործարար կապեր՝ զարգացնելով B2B եւ B2C պրոդուկտները: Այս գործարքը մեզ լրացուցիչ ճկունություն կտա շուկայում մեր հաճախորդների եւ վաճառականների համար ֆինանսական ծառայություններ գործարկելու գործում: Սա ներառում է ավելի արագ վճարման ծառայություններ՝ ավելի ցածր միջնորդավճարներով»,- Ozon-ի թվային ֆինանսական ծառայությունների գծով փոխնախագահ Վահե Հովասափյանի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: