«Սբեր»-ը հաստատել է արհեստական բանականության էթիկայի սկզբունքները

02.03.2021 | 13:55 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#«Սբեր» #արհեստական բանականություն #Գերման Գրեֆ
«Սբերբանկ»-ի Վարչությունը հաստատել է «Սբեր»-ի խմբում արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիաների մշակման եւ կիրառման էթիկայի սկզբունքները:

Ինչպես հաղորդում է «Սբերբանկ»-ի մամուլի կենտրոնը, մասնավորապես, հաստատվել է հինգ սկզբունք. «ԱԲ համակարգերի վերահսկելիություն եւ կառավարելիություն» (Secure AI), «ԱԲ տեխնոլոգիաների աշխատանքի թափանցիկություն եւ կանխատեսելիություն» (Explainable AI), «ԱԲ համակարգերի կայունություն եւ հուսալիություն» (Reliable AI), «ԱԲ-ի պատասխանատու օգտագործում» (Responsible AI), «Անաչառ ԱԲ» (Fair AI):

Նշված սկզբունքները կյանքի կոչելու համար ստեղծվել է ԱԲ տեխնոլոգիաների զարգացման եւ կիրառման էթիկայի հարցերով աշխատանքային խումբ:

Այս սկզբունքները պարտադիր են «Սբեր» խմբի բոլոր մասնակիցների համար եւ մշակված են՝ հաշվի առնելով մինչեւ 2030թ. ընկած ժամանակահատվածում Արհեստական բանականության զարգացման ազգային ռազմավարության պահանջները: Տվյալ սկզբունքների պահպանումը կօգնի ապահովել անվտանգությունը եւ բարձրացնել հասարակության եւ «Սբեր»-ի հաճախորդների վստահությունը ԱԲ-ի նկատմամբ, որն արդեն օգտագործվում է ընկերության գործընթացների, պրոդուկտների եւ ծառայությունների մեծ մասում:



«Ինչպես ցանկացած այլ տեխնոլոգիա, արհեստական բանականությունն իր մեջ ներառում է ոչ միայն հնարավորություններ, այլեւ ռիսկեր: Հաստատելով ԱԲ տեխնոլոգիաների մշակման եւ կիրառման էթիկայի սկզբունքները, ինչպես նաեւ ստեղծելով դրանց իրականացման մեխանիզմներ՝ մենք գործում ենք աշխարհի լավագույն փորձին եւ ԱԲ-ի զարգացման ազգային ռազմավարությանը համապատասխան: Սա լայնածավալ եւ բարդ խնդիր է, ուստի մեր կանոններն ու սկզբունքները կբարելավվեն եւ կհստակեցվեն:

Մենք բաց ենք փորձագիտական հանրության կարծիքի համար, որը մենք հաշվի կառնենք մեր սկզբունքները թարմացնելիս: ԱԲ-ի կիրառումից բխող էթիկայի մի շարք խնդիրների համար մենք դեռ պատասխաններ չենք գտել՝ անգամ հաշվի առնելով այս ոլորտում աշխարհի լավագույն փորձի ուսումնասիրությունը, ուստի մեր սկզբունքներն, անշուշտ, կբարելավվեն՝ մարդկության կողմից համապատասխան լուծումներ գտնելուն զուգահեռ:

Հատուկ ուզում եմ նշել, որ սա «Սբեր»-ի սկզբունքներն են, եւ մենք դրանք ոչ մեկին չենք պարտադրում մեր խմբից դուրս, ավելին`մենք այդ սկզբունքները չենք համարում կատարյալ, եւ այլ ընկերություններին պարտադիր չէ օգտագործել դրանք իրենց գործունեության մեջ»,- ընդգծել է «Սբերբանկ»-ի նախագահ Գերման Գրեֆը:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 13909
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW