Ֆինտեխ աշխարհում նոր միլիարդատեր է հայտնվել

15.01.2021 | 10:26 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Affirm #Մաքս Լեւչին

Affirm ֆինտեխ ընկերության բաժնետոմսերի կտրուկ աճը առիթ է հանդիսացել աշխարհում նոր միլիարդատերի ի հայտ գալուն, հայտնում է RBC-ն՝ վկայակոչելով Forbes-ը։

Affirm-ը տեղակայվել է NASDAQ-ում հունվարի 12-ին։ Ցուցակման շրջանակում ընկերությունը վաճառել է 24,6 մլն բաժնետոմս՝ յուրաքանչյուրը $49-ով, որի արդյունքում Affirm-ի կապիտալիզացիան կազմել է $11,9 մլրդ։ Աճուրդի ավարտին՝ հունվարի 13-ին, ընկերության բաժնետոմսերի արժեքն աճել է մինչեւ $97,24 (98,45%-ով), իսկ կապիտալիզացիան՝ մինչեւ $23,6 մլրդ։

Նման սրընթաց աճի արդյունքում ընկերության հիմնադիրներից մեկի՝ Մաքս Լեւչինի կարողությունը, ում պատկանում է Affirm-ի բաժնետոմսերի 11%-ը, աճել է մինչեւ $2,7 մլրդ։

«Այսպիսով, նա դառնում է ֆինտեխ ոլորտի ամենանոր միլիարդատերը»,- նշում է Forbes-ը։  

Լեւչինը ծնվել եւ մեծացել է Կիեւում, իսկ 16 տարեկան հասակում տեղափոխվել ԱՄՆ: Նա PayPal էլեկտրոնային վճարային համակարգի հիմնադիրներից է։ PayPal-ի պատմությունը սկսվել է Լեւչինի եւ Փիթեր Թիելի (PayPal-ի նախկին ղեկավար) ծանոթությունից։ Ընկերները հիմնում են Confinity ընկերությունը, որը հնարավոր դարձրեց գումար ուղարկել էլեկտրոնային փոստով եւ գրեթե անմիջապես սկսեց աշխատել էլեկտրոնային աճուրդների, մասնավորապես՝ eBay- ի հետ: Confinity-ն աճեց եւ միացավ X.com ֆինանսական ընկերությանը, որը պատկանում էր այն ժամանակ դեռեւս անհայտ Իլոն Մասկին: Միաձուլված ընկերությունը ստացավ PayPal անվանումը:

2012-ին Լեւչինը որոշեց գլխավորել նորաստեղծ Affirm ընկերությունը, քանի որ տեսնում էր նախագծի մեծ հեռանկարները: Փորձարկման արդեն վաղ փուլում ծառայությունն արձանագրեց գործարքների թվի մեծ աճ: Ըստ Լեւչինի՝ անձնակազմի հետ միասին նրանք ցանկանում էին «ստեղծել ֆինանսական պրոդուկտներ, որոնք պարզ ու հասկանալի կլինեին, թափանցիկ եւ ազնիվ գնագոյացման մեխանիզմներով»:

Affirm-ը հնարավորություն է ընձեռում կարճաժամկետ սպառողական վարկերի համակարգի միջոցով հետաձգված վճարմամբ առցանց գնումներ կատարել: Ընկերությունում նշում են, որ ուշացումների համար տուգանքներ չեն գանձվում, իսկ վճարումների ժամանակացույցն օգտատերը կարող է ընտրել իր հայեցողությամբ։

Ընկերությունն արդեն ինը ֆինանսավորման փուլ է անցկացրել, որի արդյունքում ստացել է $1.5 միլիարդի ներդրումներ: Ընդհանուր առմամբ Affirm-ի ներդրողների կազմում 23 ընկերություն կա:

Ներկայումս Affirm-ի հարթակն օգտագործում են տարբեր ապրանքների ավելի քան 6,5 հազ․ վաճառող, այդ թվում՝ Nike-ը, Adidas-ը, Dyson-ը, Walmart-ը, Target-ը, Best Buy-ը, Peloton-ը եւ այլն։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 

Դիտում՝ 21633
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW