Сheckout.com-ը դարձել է Եվրոպայի ամենաթանկարժեք ֆինտեխ ընկերությունը
12.01.2021 | 15:15 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ https://europeanbusinessmagazine.com/

Առցանց վճարումների մշակման համար լուծումներ առաջարկող բրիտանական Сheckout.com ստարտափը դարձել է Եվրոպայի ամենաթանկարժեք ֆինտեխ ընկերությունը:
Ինչպես հաղորդում է Bloomchain.ru-ն՝ վկայակոչելով CNBC-ն, ընկերությունը առաջատար է դարձել լրացուցիչ $450 մլն ներգրավելուց հետո. ներդրումային փուլը գլխավորել է Tiger Global Management-ը:
Նոր ներդրումներ ներգրավելու ֆոնին Checkout.com պրոցեսինգային հարթակի արժեքը հասել է $15 մլրդ-ի, ինչը հնարավորություն է տվել ստարտափին տեղակայվել Եվրոպայի միլիարդատեր ֆինտեխ ընկերությունների վարկանիշի առաջին հորիզոնականում: Համաշխարհային կտրվածքով ստարտափը դարձել է իր չափով չորրորդ մասնավոր ֆինտեխ բիզնեսը:
Համեմատության համար՝ դեռեւս յոթ ամիս առաջ՝ ֆինանսավորման նախորդ փուլի անցկացման ժամանակ, նախագծի արժեքը երեք անգամ ցածր էր՝ $5,5 մլրդ:
Ցուցանիշների ակտիվ աճի ֆոնին Checkout.com-ի ներկայացուցիչները չեն բացառել IPO-ի դուրս գալու հնարավորությունը: Checkout.com-ի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Գիյոմ Պոուզի խոսքով՝ սա միակ ճիշտ քայլն է, «հաշվի առնելով ընկերության չափը»:
Ավելի վաղ Եվրոպայի ֆինտեխ նախագծերի ամենակապիտալիզացված ցուցակի առաջին տեղում գտնվում էր շվեդական Klarna-ն: 2020թ. սեպտեմբերի դրությամբ այն գնահատվում էր $10,6 մլրդ:
Checkout.com-ը հիմնադրվել է 2012թ. Մեծ Բրիտանիայում, մասնագիտանում է վճարային տեխնոլոգիաների ոլորտում: Իր լուծումները հնարավորություն են տալիս ընդունել առցանց վճարումներ համաշխարհային 150 արժույթներով՝ միջազգային բոլոր քարտերի եւ տարատեսակ վճարային գործիքների (էլեկտրոնային դրամապանակներ եւ այլն) օգնությամբ: Այն նաեւ պաշտպանում է առցանց վաճառողներին խարդախությունից եւ տրամադրում հաշվետվություններ վճարումների մասին:
Ստարտափն աշխատում է այնպիսի խոշոր ընկերությունների հետ, ինչպիսիք են Samsung-ը, Adidas-ը, Virgin Active-ը եւ այլն: Checkout.com-ը գործունեություն է ծավալում ԱՄՆ-ում, Եվրոպայում, Մերձավոր Արեւելքում եւ մասամբ Ասիայում:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
29.04.2025 | 10:20 Նորություններ
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: