Հայտնի է Եվրոպայի ամենաթանկարժեք ֆինտեխ ընկերությունը

16.09.2020 | 12:05 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Klarna #Սեբաստիան Սեմյատկովսկի

Շվեդական Klarna ստարտափը $650 մլն է ներգրավել եւ դարձել ամենաթանկարժեք ֆինտեխ ընկերությունը Եվրոպայում. ներդրողներն այն գնահատել են $10,6 մլրդ:

Ինչպես հաղորդում է СNBC-ն, ներդրումային փուլին մասնակցել են Silver Lake Partners վենչուրային ֆոնդը, Սինգապուրյան բարեկեցության սուվերեն հիմնադրամն ու այլ ներդրողներ:

Klarna-ն սկսել է գործել 2005-ից որպես վճարումների առցանց ծառայություն, իսկ բանկային լիցենզիա ստացել է միայն 2017-ին: Klarna-ի համահիմնադիր Սեբաստիան Սեմյատկովսկին նշում է, որ բիզնեսի հիմքում ընկած է առցանց խանութի եւ գնորդի միջեւ եղած անվստահության խնդրի լուծումը:



2000-ականների սկզբին e-commerce հատվածը շատ երկրներում դեռ նոր էր զարգանում, գնորդները վախենում էին օնլայն վճարումներ կատարել, իսկ ինտերնետ խանութները՝ ուղարկել ապրանքն առանց կանխավճարի: Այս պայմաններում Klarna-ն հանդես եկավ միջնորդի դերում՝ աշխատելով փաստացի ֆակտորինգային մոդելի սկզբունքով՝ հարմարեցնելով այն e-commerce-ին:

Ներկայումս Klarna հավելվածն ամսական ավելի քան 12 մլն ակտիվ օգտատեր ունի, իսկ ներբեռնումների օրական թիվը կազմում է 55 հազ., ինչը, ընկերության հավաստմամբ, գրեթե երեք անգամ գերազանցում է իր մոտակա մրցակցի ներբեռնումների ցուցանիշը:  

«Մենք գտնվում ենք բեկումնային փուլում՝ ինչպես մանրածախ առեւտրի, այնպես էլ ֆինանսների ոլորտներում: Անցումը դեպի առցանց մանրածախ առեւտուր այսօր արագացել է, եւ սպառողների վարքագծում տեղի են ունենում զգալի փոփոխություններ. նրանք փնտրում են ծառայություններ, որոնք հարմարավետություն եւ ճկունություն են ապահովում, ինչպես նաեւ վերահսկողություն են սահմանում իրենց վճարումների նկատմամբ»,- նշել է  Սեբաստիան Սեմյատկովսկին:

Klarna-ի բիզնեսը մեծ արագությամբ զարգանում է ԱՄՆ-ում, որտեղ կորոնավիրուսի համավարակի հետեւանքով զգալիորեն արագացել է անցումն առցանց վաճառքներին եւ փոփոխություններ են տեղի ունեցել սպառողների նախասիրություններում: Որպես հետեւանք՝ 2020թ. առաջին կեսում ավելի քանի 35 000 մանրածախ ընկերություն միացել է Klarna-ի ցանցին, որն ավելի քան 200 000 մանրածախ գործընկեր ունի, ներառյալ՝  Sephora-ն, Groupon-ը и RalphLauren-ը:

McKinsey-ի վերջերս իրականացրած հարցման համաձայն՝ սպառողների ավելի քան 75%-ը համավարակի ընթացքում փորձել է նոր բրենդեր, խանութներ կամ գնում կատարելու մեթոդներ: Դրանից բացի, սպառողների 82%-ը, որը շոփինգի համար օգտագործել է էլեկտրոնային մեթոդը, նախատեսում է օգտվել դրանով նաեւ համավարակից հետո: Դա հանգեցրեց նրան, որ Klarna-ի ծավալներն ու եկամուտը 2020թ. առաջին կիսամյակում աճեցին 44%-ով, իսկ տարեկան կտրվածքով՝ 36%-ով` կազմելով համապատասխանաբար $22 մլրդ եւ $466 մլն:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 

Դիտում՝ 14696
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW