World Retail Banking Report. Հարթակային մոդելներն անհրաժեշտություն են

26.06.2020 | 16:43 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#World Retail Banking Report 2020
Համաձայն World Retail Banking Report 2020 զեկույցի տվյալների՝ համավարակի ընթացքում հաճախորդների կեսից ավելին (57%) նախընտրում է ինտերնետ բանկինգը, այն դեպքում, երբ մինչ COVID-19-ը այդ ցուցանիշը կազմում էր 49%։

Բանկային մոբայլ հավելվածներին նախապատվություն է տալիս օգտատերերի 55%-ը, իսկ նախահամավարակային շրջանում այդ ցուցանիշը կազմում էր 47%։

Capgemini միջազգային խորհրդատվական ընկերության եւ Efma միջազգային բանկային ասոցիացիայի կողմից պատրաստված զեկույցում նշվում է բանկերի հարթակային մոդելներին անցում կատարելու անհրաժեշտության մասին՝ աճն ու նորարարությունները խթանելու համար, ինչն անհրաժեշտ է մրցունակության պահպանման համար։ Եվ այս համատեքստում Open X մոդելի (բաց հարթակ, որի տարբեր չափերի ու ոլորտների մասնակիցներն աշխատում են միասին) օգտագործումը որոշիչ նշանակություն կունենա երկարատեւ հաջողության համար։



«Սպառողներն իրենց ֆինանսական մատակարարներից անթերի թվային փորձ են ակնկալում, քանի որ կյանքի այլ ոլորտներում իրենք արդեն սովորել են BigTech ընկերությունների ծառայություններին։ Ավանդական բանկերը բախվում են այդ սպասումներն արդարացնելու անհրաժեշտությանը։ Այն բանկերը, որոնք այսօր միջոցներ են ներդնում իրենց հիմնական տեխնոլոգիայի արդիականացման մեջ եւ վերածում են այն հարթակային մոդելի, կուրախացնեն իրենց հաճախորդներին եւ, միաժամանակ, շահույթ կապահովեն»,- նշել է Capgemini-ի ֆինանսական ծառայությունների գծով գլխավոր տնօրեն Անիրբան Բոզեն։

Իր հերթին, Efma-ի գլխավոր տնօրեն Ջոն Բերին ընդգծել է, որ հնացած համակարգերի արդիականացումը պետք է առաջնային խնդիր հանդիսանա այն բանկերի համար, որոնք ցանկանում են արագացնել իրենց աճը, «քանի որ հաճախորդների սպասումներն աճում են, իսկ նրանք, որոնք արհամարհում են այս հանգամանքը, հետ են մնում»։



«Երկարաժամկետ կայունության փոխարեն առաջնահերթությունը տալով կարճաժամկետ շահույթին՝ որոշ բանկեր ժառանգել են հնացած համակարգեր։ Այս իրավիճակում դժվար է ինտեգրել նոր տեխնոլոգիաներ, ինչն ազդում է սպասարկման եւ աշխատանքի որակի վրա։ Այնուամենայնիվ, չնայած այս խնդիրներին, բանկերը դժվարությամբ են գնում փոփոխությունների՝ պայմանավորված նոր համակարգերի անարդյունավետ ներդրման ռիսկով»,- նշված է զեկույցում։

Բանկերի ղեկավարները գիտակցում են այն խոչընդոտները, որոնք կարող են ի հայտ գալ հարթակային մոդելին անցնելու ճանապարհին։ Այսպես, ղեկավարների 80%-ը նշել է կիբերանվտանգության եւ գաղտնիության հետ կապված խնդիրները, 68%-ը՝ տվյալների հնացած կառավարումը, իսկ 73%-ը առանձնացրել է «ճիշտ» գործընկերների ընտրության խնդիրը։

Զեկույցում նշվում է, թե ինչպես բանկերը կարող են հաղթահարել իրենց խնդիրները եւ մոտենալ բանկային հիմնական փոխակերպմանը՝ ռազմավարական, ինտեգրված եւ համատեղ համակարգման միջոցով։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ առաջադեմ արդիականացումը հանդիսանում է էվոլյուցիայի նախընտրելի եղանակ բանկերի ղեկավարների 54%-ի մոտ. սա հնարավորություն է տալիս բանկերին թարմացնել առավել կարեւոր գործառույթները եւ աստիճանաբար վերափոխել հնացած համակարգերը։



Գործընկերությունը եւս հանդիսանում է բանկերի հաջողության գրավական։ Մասնավորապես, բանկերի ղեկավարների 66%-ը հայտարարել է, որ նորարարությունների միայնակ ներդրման եւ գործարկման համար պահանջվում է 1-2 տարի։ 58%-ը նշել է, որ ծառայության գործարկումը FinTech/BigTech գործընկերների հետ համագործակցությամբ կպահանջի մեկ տարուց էլ քիչ ժամանակ։

Այնուամենայնիվ, նորմատիվ իրավական համապատասխանության հարցերը (72%) եւ ՏՏ-ի հետ վատ համատեղելիությունը (72%) բնութագրվել են որպես խոչընդոտներ արդյունավետ համագործակցության համար։  

«Open X մոդելը օգնում է բանկերին նվազեցնել գործառնական ծախսերը եւ անցում կատարել ՏՏ ոլորտում խոշոր ներդրումներից դեպի ծախսերի ավելի տնտեսող եւ ճկուն մոդելի, որն իր մեջ ներառում է էկոհամակարգի մասնագիտացած մասնակիցների։

Հարթակային մոդելներ օգտագործող բանկերը կարող են ընդլայնել շուկայի սահմանները, բարձրացնել գործառնական արդյունավետությունը, բիզնեսի շահութաբերությունը եւ առաջարկել դիվերսիֆիկացված, անհատականացված ծառայություններ»,- նշված է զեկույցում։

Զեկույցը կազմվել է տարբեր տարածաշրջաններում առաջատար բանկերի 80 ղեկավարների հարցազրույցների եւ հարցումների հիման վրա։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 12569
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW