Հայաստանի մոբայլ օգտատերերի 0,51%-ը 2018թ. բախվել է բանկային տրոյական ծրագրերի գրոհների՝ այն դեպքում, երբ 2017թ. նրանց բաժինը կազմել է միայն 0,12%։ Ինչպես նշել են «Կասպերսկի Լաբորատորիա»-ի Հայաստանի ներկայացուցչությունում, Ադրբեջանում 2018թ. նման գրոհների ենթարկվել է մոբայլ օգտատերերի 0,43%-ը՝ 2017թ. 0,14%-ի փոխարեն, իսկ Վրաստանում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 0,42% եւ 0,05%։«Մոբայլ բանկային տրոյացիները գողանում են բանկային քարտերի եւ հավելվածների տվյալները։ Դրանցից շատերը կարողանում են բանկային հավելվածի ինտերֆեյսի վրայից ցույց տալ իրենց ինտերֆեյսն այնպես, որ օգտատիրոջը թվում է, թե ինքը տվյալները մուտքագրում է բանկային հավելված, իսկ իրականում դրանք տալիս է տրոյացուն, որի տերերը գողացած տվյալները կօգտագործեն օգտատիրոջ հաշվից գումար դուրս բերելու համար։ Մոբայլ բանկային տրոյացիները նաեւ հաճախ գրավում են բանկերի հաստատման ծածկագիր կամ միջոցների դուրս գրման տեղեկատվություն պարունակող SMS-ները։ Որոշ վնասաբեր ծրագրեր էլ ստեղծում են այն հավելվածների պատուհանները, որոնք կարող են պահանջել օգտատիրոջ բանկային քարտի տվյալները, այդ թվում՝ քարտի դարձերեսին գտնվող CVV-ծածկագիրը։ Այնուհետեւ ծրագիրը գրավում է բանկի SMS-ը եւ ուղարկում իր տերերին, որպեսզի նրանք կարողանան զոհ դարձած օգտատիրոջ անունից գործարքներ կատարել իրենց սարքից»,- նշված է հաղորդագրությունում:Բանկային եւ այլ մոբայլ տրոյացիներից պաշտպանվելու համար փորձագետները խորհուրդ են տալիս հավելվածներ ներբեռնել միայն պաշտոնական այնպիսի խանութներից, ինչպիսին է Google Play-ը. դա անվտանգության լիարժեք երաշխիք չի տա, սակայն այնտեղ տրոյացիները շատ ավելի քիչ են, քան պաշտոնական հարթակներից դուրս։ Նաեւ խորհուրդ է տրվում սարքի կարգավորումներում ընդհանրապես արգելել կողմնակի աղբյուրներից ծրագրային ապահովման տեղադրումը։ «Պետք է նաեւ չմոռանալ համակարգի եւ հավելվածների թարմացումների տեղադրման մասին. դրանցով մշակողները վերացնում են խոցելիությունները, որոնցից կարող են օգտվել հանցագործները։ Նաեւ անհրաժեշտ է լավ մտածել մինչեւ նամակի կամ SMS-ի ինչ-որ կասկածելի հղումով անցնելը, եւ պետք է հավելվածներին տրամադրել միայն այն թույլտվությունները, որոնք իսկապես անհրաժեշտ են դրանց աշխատանքի համար։ Հարկավոր է մոբայլ սարքում կիրառել հուսալի հակավիրուս եւ կանոնավոր կերպով ստուգել համակարգը. այն կհայտնաբերի եւ կվնասազերծի կասկածելի օբյեկտները, ինչպես նաեւ չի թողնի, որ օգտատերը մտնի վնասաբեր կայքեր»,- զգուշացնում են «Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետները։«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 21018