G20-ի ֆինանսիստները հրաժարվել են «կրիպտոարժույթ» եզրից

21.03.2018 | 09:54 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#G20 #կրիպտոարժույթ
Կրիպտոակտիվները չեն հանդիսանում արժույթ՝ բառի բուն իմաստով, չունեն արժույթների ստանդարտ գործառույթներ եւ արժեքի պահպանման տեսանկյունից վստահելի ակտիվ չեն:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս եզրահանգմանն են եկել մարտի 19-20-ը Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում կայացած G20 երկրների ֆինանսների նախարարների եւ Կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպման մասնակիցները։

«Այնպես ստացվեց, որ G20-ի ամբողջ օրակարգը հագեցած էր կրիպտոարժույթներին կամ, ավելի շուտ, կրիպտոակտիվներին նվիրված հարցերով։ Ամփոփիչ փաստաթղթի տեքստում կրիպտոարժույթի վրա հղում կատարելու փորձը չհաջողվեց, այդ իսկ պատճառով ամենուրեք օգտագործվեց «կրիպտոակտիվներ» (cryptoassets) եզրը»,- ասել է ՌԴ ֆինանսների նախարարի տեղակալ, ռուսաստանյան պատվիրակության ղեկավար Սերգեյ Ստորչակը:

Ամփոփիչ փաստաթղթում արձանագրված է, որ G20 երկրները նշել են կրիպտոակտիվների հետ կապված իրավիճակի մշտադիտարկման անհրաժեշտության մասին, որոնք, ըստ նրանց, դեռեւս վտանգ չեն հանդիսանում համաշխարհային ֆինանսական կայունության համար։ Միաժամանակ, շատ երկրներ ընդգծել են կարգավորման ընդհանուր սկզբունքների մշակման անհրաժեշտությունը։


«Չնայած այն հանգամանքին, որ սա դեռեւս չի հանդիսանում ֆինանսական կայունության հարց (այնուամենայնիվ, որոշ ելույթ ունեցողները կարծում էին, որ իրավիճակը կարող է արագ փոխվել), բոլորն ընդունեցին, որ այն ուրիշ ռիսկեր է պարունակում. սպառողների եւ ներդրողների իրավունքների պաշտպանություն, հարկերից խուսափում եւ եկամուտների լվացում: Ուստի, բոլորը կողմ էին իրավիճակի մշտադիտարկմանը»,- ասել է ՌԴ Կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալ Քսենիա Յուդաեւան:  

Փաստաթղթում նաեւ նշվում է, որ կրիպտոակտիվների հարցում անհրաժեշտ է ներդնել FATF-ի ստանդարտները (Փողերի լվացման/ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համաշխարհային ստանդարտներ, ՓԼ/ԱՖ - խմբ.):

«Մենք պարտավորվում ենք կիրառել FATF-ի ստանդարտներն այն մասով, որով դրանք կիրառելի են կրիպտոակտիվների համար, ինչպես նաեւ առաջարկում ենք FATF-ին ուսումնասիրել այդ ստանդարտները եւ կոչ ենք անում վերջինիս նպաստել դրանց գլոբալ կիրառմանը»,- նշված է փաստաթղթում:


Արգենտինայի ֆինանսների նախարար Նիկոլաս Դուխովնեն ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտնել է, որ G20 երկրների ֆինանսական ոլորտի ներկայացուցիչները կարող են արդեն այս տարվա հուլիսին ներկայացնել առաջին առաջարկությունները՝ ուղղված կրիպտոակտիվների հատվածի կարգավորմանը:

G20 երկրների ֆինանսների նախարարների եւ կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպումը կազմակերպվել էր «Մեծ քսանյակի» գագաթաժողովին նախապատրաստման շրջանակում: Այս տարի այն կանցկացվի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը Բուենոս Այրեսում:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 18454
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW