Կոնվերս Բանկը հայտարարում է «Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոնի («ԱՐԻՆՏԵՐԼԵՎ» ՓԲԸ) պարտատոմսերի տեղաբաշխման վաղաժամկետ ավարտի մասին:Բանկից հայտնել են, որ հաշված օրերի ընթացքում տեղաբաշխվել է 1 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմս՝ 12% արժեկտրոնի եկամտաբերությամբ եւ 36 ամիս ժամկետով:«Ուրախությամբ հայտնում ենք «Վարդանանց» ՆԲԿ պարտատոմսերի տեղաբաշխման վաղաժամկետ ավարտի մասին, ինչը վկայում է կենտրոնի նկատմամբ ներդրողների վստահության եւ Կոնվերս Բանկի ծառայությունների նկատմամբ բարձր պահանջարկի մասին: Ցանկանում ենք շեշտել նաեւ, որ պարտատոմսերում ներդրումներ են կատարել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք, այդ թվում՝ ՀՀ-ում գործող պարտադիր կենսաթոշակային ֆոնդերը: Շնորհիվ Բանկի թվային ու տեխնոլոգիական ենթակառուցվածքների, մեծ թվով գործարքներ են կատարվել հենց մոբայլ հավելվածով՝ ապահովելով գործարքների արագությունն ու հարմարավետությունը: Converse Mobile-ով ներդրումներին է նախապատվություն տվել ֆիզիկական անձ ներդրողների 88 տոկոսը»,-ասել են Կոնվերս Բանկում։«Շատ կարճ ժամանակահատվածում՝ 11 օրվա ընթացքում, հաջողությամբ ավարտեցինք մեր կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխումը։ Սա ոչ միայն ֆինանսական կարեւոր նվաճում է, այլեւ՝ մեր բրենդի, մեր երկարաժամկետ տեսլականի ու ռազմավարական ուղղության հանդեպ շուկայի վստահության հստակ ապացույց»,- ասել է «Վարդանանց»-ի գլխավոր տնօրեն Լեւոն Ալթունյանը:Երկրորդային շուկայում շրջանառվելու համար պարտատոմսերը կներկայացվեն ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսա:Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 1481